ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ՀԵՇՏ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ

Եթե թերագնահատվի վերածնվող նեոօսմանիզմի վտանգը

01.12.2015, Հայոց աշխարհ

01.12.2015, Իրավունք

Սիրիայի երկնքում թուրքական ՌՕՈՒ-ի կողմից ուխտադրժորեն խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում նեոօսմանիզմի հիմնարար իդեոլոգեմի եւ ռազմավարության իրականացումը գործնականում։

Դեռեւս 2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր նպատակն է բոլոր երկրների հետ ապրել խաղաղության մեջ եւ ներկայիս Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը։ Կարծում եմ, որ այս խնդիրը մենք կիրականացնենք»։

Երկու ամիս անց, «Թաքվիմ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (այսուհետ՝ ԱԶԿ) անդամների առջեւ, խոստովանեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն. «Կա Օսմանյան կայսրությունից մեզ մնացած ժառանգությունը։ Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նոր օսմաններ» ենք։ Մենք հարկադրված ենք զբաղվել հարեւան երկրներով։ Եվ անգամ գնում ենք Աֆրիկա։

Մեծ տերությունները շփոթված հետեւում են դրան։ Նախեւառաջ Ֆրանսիան է փորձում հասկանալ, թե ինչու ենք մենք աշխատում Աֆրիկայում։ Ես արդեն հանձնարարություն եմ տվել. որ երկիր էլ գնալու լինի Սարկոզին, հարկավոր է, որ ամեն անգամ աչքերը բարձրացնելով՝ տեսնի թուրքական դեսպանության շենքը, թուրքական դրոշը։ Ես ցուցում եմ տվել վարձակալել դեսպանություններ ամենալավ տեղերում»։

Նորահայտ նեոօսմանների բուռն գործունեության արգասիքն իրեն երկար սպասել չտվեց։ Մեր օրերում Աֆրիկան դարձել է միջազգային իսլամիստական ահաբեկչության գլխավոր ասպարեզներից մեկը։ Ամեն օր արմատական այնպիսի խմբավորումների ահաբեկչական գրոհներից, ինչպիսիք են «Իսլամական Մաղրիբի Ալ-Քաիդան», որն «Ալ-Քաիդայի»՝ Աֆրիկայի հյուսիսում տեղակայված բաժանմունքն է, Սոմալիում ակտիվորեն գործող, Քենիայից ավազակային հարձակումներ գործող «Աշ-Շաբաբ» իսլամիստական կազմակերպությունը, Նիգերիայի հյուսիս-արեւելքում արյունալի ահաբեկչություններ եւ հարձակումներ գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությունը, հարյուրավոր մարդիկ են զոհվում։

Էլ չեմ ասում ամենադաժան ահաբեկչական խմբավորումներից մեկի՝ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետության (այսուհետ՝ ԻԼԻՊ) մասին, որը գործում է Իրաքի, Սիրիայի, Պաղեստինի եւ Միջին Արեւելքի տարածքների մեծ մասում։ Այս ծայրահեղական սուննիական խմբավորումը կազմված է մի քանի կազմակերպություններից, որոնք գործում են Հարավային Ասիայում, Նիգերիայում եւ Լիբիայում։ Չեմ պնդի, թե միջազգային այդ ահաբեկչական ինտերնացիոնալի թիկունքում կանգնած է «չափավոր իսլամիստական» Թուրքիան։ Ոչ, դա մի փոքր պարզեցված մոտեցում կլինի այն մահացու վտանգի հանդեպ, որ սպառնում է իսլամական, հուդայական եւ քրիստոնեական քաղաքակրթություններին։

Այո, իսլամական քաղաքակրթությունն է առաջին հերթին ենթարկվում կա՛մ լիակատար ոչնչացման, կա՛մ աղետալի կործանման վտանգին՝ ԻԼԻՊ-ի հետ միասին։ Անվիճելի է միայն այն, որ մի ինչ-որ «պատահականությամբ» «Իսլամական պետության» եւ դրա համախոհների բոլոր գործողություններն ուղղված են այդ տարածաշրջանի բոլոր երկրների պետականության փլուզմանը, որոնց մեծ մասը ժամանակին Օսմանյան կայսրության կազմում է եղել։

Ճիշտ ժամանակն է հիշելու տաղանդավոր Ստանիսլավ Եժի Լեցի «Ամեն ինչ տնօրինում է դիպվածը։ Այ թե իմանայինք, թե ով է տնօրինում դիպվածը» ասույթը։

Եվ այսպես. որտեղի՞ց է Էրդողան-Դավութօղլու տանդեմը ուժ գտնում, ապավինում իր անպատժելիությանը, երբ հրաման է տալիս խփել ռուսական ինքնաթիռը, ո՞ւմ եւ ինչի՞ վրա է դնում հույսը։

Պարզ է, որ նեոօսմանցիների հաշվարկն այն է, որ ցանկացած գնով միմյանց դեմ հանեն Ռուսաստանը եւ ՀԱՊԿ նրա դաշնակիցներին ու ՆԱՏՕ-ին։ Ըստ նրանց ծրագրերի՝ այդ ժամանակ ո՛չ եվրոպացիները, ո՛չ Ռուսաստանը ժամանակ չեն ունենա հետաքրքրվելու ԻԼԻՊ-ի, առհասարակ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերի կոորդինացմամբ։

Այս նենգ մտահղացումը թուրք կառավարողների գլխում գուցե ծնվել է դեռեւս ս.թ. ապրիլի 25-ին, երբ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության ենթարկեց միջազգային հանրության առաջնորդների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին։

Այսպես, ապրիլի 25-ին Ստամբուլում, բիզնես-հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանն ասաց. «Ո՛չ Պուտինը, ո՛չ Օլանդը չպետք է գնային Հայաստան։ Լավ կլիներ, որ նրանք սկզբում մտածեին սեփական պատմության սեւ էջերի մասին... Վերջինները, ովքեր կարող են խոսել ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան են։ Հենց Գերմանիան սանձազերծեց երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրին անհամար դժբախտությունների»։

Ավելին, Էրդողանն այն ժամանակ կեղծավորության մեջ մեղադրեց նաեւ Եվրամիությանը։ Հետո, հոկտեմբերի 31-ին, կրկին մի ինչ-որ «ճակատագրական» պատահականությամբ, Շարմ-էլ-Շեյխ - Սանկտ Պետերբուրգ 9268 չվերթը կատարող ռուսական ինքնաթիռը Սինայի թերակղզու երկնքում պայթեցվեց ռումբով, որը դրված էր եղել ինքնաթիռի բեռնահատվածում։ Զոհվեց 224 մարդ։ Կատարվեց դաժան ահաբեկչություն, որի պատասխանատվությունը ստանձնեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եգիպտական բաժանմունքը։

Այնուհետեւ, նոյեմբերի 13-ին, Փարիզում եւ նրա արվարձանում կատարվեց ահաբեկչությունների մի ամբողջ շարք։ Գրոհների զոհ դարձավ 130 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվեց։ Կատարվածի պատասխանատվությունն ստանձնեց «Իսլամական պետությունը»։ Հիշենք, որ Ֆրանսիան պատմական սերտ կապեր ունի Հյուսիսային Աֆրիկայի երկրների, առաջին հերթին՝ Ալժիրի, Թունիսի, Մարոկկոյի, Լիբիայի... հետ։

Ի՞նչն ստիպեց թուրքական ղեկավարությանը գնալ նման վտանգավոր, առաջին հայացքից՝ արկածախնդրության, ինչպիսին է ռուսական Սու-24 ռմբակոծչի ոչնչացումը։ Հիշենք վերջին օրերի որոշ նշանակալի իրադարձություններ հակաահաբեկչական այն գործողությունից, որն իրականացրել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը A 321 ուղեւորատար օդանավի աղետից հետո։ Ռուսաստանն էապես բարձրացրեց իր մասնակցության մակարդակն ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններում՝ ահաբեկիչների դեմ պայքարին ներգրավելով հեռահար օդուժը՝ Ձձ 160 եւ Ձձ 95mc ռազմավարական հրթիռակիրները, ինչպես նաեւ Ձձ 22m3 հեռահար ռմբակոծիչները։

Միաժամանակ, Սիրիայում թիրախների դեմ կատարվող թռիչքների ընդհանուր թիվն ավելացավ կրկնակի։ ԻԼԻՊ-ի նավթային ուղեկցորդներին ոչնչացնելուց առաջացած տնտեսական վնասները քանիցս ավելացան՝ օրական 30 հազ. բարելից հասնելով 50 հազ. բարելի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նավթամքերթների վերջին հանգրվանը Թուրքիան էր, այս փաստն արդեն ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում։ Ճիշտ նույն կերպ էլ արդեն կասկածից վեր է, որ ԻԼԻՊ-ի գողացած իրաքյան նավթը (Մոսուլի նավթահանքերից) գնելու բիզնեսի հետեւում կանգնած է Էրդողանի որդին՝ Բիլալը, որն ապահովում է ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող եւ ուղեկցվող նավթի արտահանումը։ Այս մասին բացահայտ խոսում են թուրք քաղաքական գործիչները։

Այսպես. ամերիկացի տնտեսագետ, գրող եւ քաղաքագետ Ուիլյամ Էնգդալը, որն ընթացիկ համաշխարհային տնտեսական իրավիճակի վերլուծության ոլորտում ամենաշատ մեջբերվող մասնագետներից է, ս.թ. սեպտեմբերի 28-ի «Էրդողանի կեղտոտ եւ վտանգավոր խաղերն ԻԼԻՊ-ի հետ» իր հոդվածում (տե՛ս https://celado.ru/articles/gryaznye-i-opasnye-igry-erdogana-s-igil/) գրում է. «Գյուրսել Թեքինը (GՖrsel Tekin)՝ Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահը, վերջերս թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է. «Նախագահ Էրդողանը պնդում է, որ միջազգային տրանսպորտային կոնվենցիաներին համապատասխան՝ Բիլալի գործունեության մեջ իրավախախտումներ չկան, եւ նրա որդին պարզապես գործեր է վարում գրանցված ճապոնական ընկերությունների հետ։ Բայց փաստացի Բիլալ Էրդողանը մինչեւ ականջները խրվել է ահաբեկչական գործունեության մեջ, սակայն քանի դեռ նրա հայրը զբաղեցնում է իր պաշտոնը, Բիլալը պաշտպանված կլինի ամեն տեսակ դատական հետապնդումներից»։

Հատկանշական է, որ Ուիլյամ Էնգդալն իր հոդվածն ավարտում է ուսանելի եզրահանգմամբ. «Պատերազմում երբեք հաղթողներ չեն լինում, եւ էրդողանի պատերազմը Սիրիայի նախագահ Ասադի դեմ դրա ցայտուն դրսեւորումն է։ Թուրքիան եւ ողջ աշխարհն ավելի լավին են արժանի։ Ահմեթ Դավութօղլուի հանրահայտ «Ոչ մի խնդիր հարեւանների հետ» հայտնի արտաքին քաղաքականությունը վերաճել է հսկայական խնդիրների բոլոր հարեւանների հետ՝ շնորհիվ Էրդողանի ու նրա թայֆայի հիմար նկրտումների»։

Այս խոսքերի համատեքստում միանգամայն նոր հնչողություն է ստանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ արված նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում. «Մենք պետք է վերացնենք ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն։ Մենք պետք է փակենք նրանց ֆինանսավորման աղբյուրները, գտնենք եւ վնասազերծենք նրանց առաջնորդներին, վերացնենք այդ հանցավոր կազմակերպության կառույցը... Բացի դրանից, խիստ անհրաժեշտ է փակել սահմանը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ, որպեսզի կանխենք ահաբեկիչների մուտքը Եվրոպա եւ այլ շրջաններ»։

Այսինքն՝ Ֆրանսիայի նախագահը հստակ մատնանշում է, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրները եւ Արեւմտյան Եվրոպային սպառնացող ահաբեկչական վտանգը, ըստ էության, բխում են Թուրքիայից եւ Թուրքիայի միջոցով։ Ըստ էության, Ֆրանսիայի նախագահը հաստատում է, որ ահաբեկիչների փաստացի ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է ի հաշիվ այն միջոցների, որոնք ստանում է Թուրքիան ԻԼԻՊ-ի գողացած իրաքյան նավթը վաճառելուց, եւ հենց նրա տարածքով է իրականացվում նավթի «արտահանումը» Եվրոպա։

Նեոօսմանիզմի քաղաքականության իրականացման ճանապարհին Էրդողանը, ընտանեկան բիզնեսի բարգավաճումից բացի, լուծում է նաեւ իր կարիերային հարցերը։ Այսպես. դիտավորյալ թեժացնելով իրավիճակը երկրում՝ նա ստեղծեց նախադրյալներ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այն բանից հետո, երբ 2015թ. հունիսյան ընտրությունների արդյունքներով խորհրդարանում նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, առաջին անգամ 13 տարվա մեջ, կորցրեց մեծամասնությունը, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, իբր, չկարողացավ ձեւավորել կառավարող կոալիցիա խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երեք կուսակցություններից ոչ մեկի հետ։

Նշենք, որ խորհրդարանը ցրելու եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրկնակի ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում մի շարք ահաբեկչություններ կատարվեցին. հարձակումներ խողովակաշարերի վրա, պայթեցված ոստիկանական տեղամասեր, պաշարման մեջ հայտնված եւ գնդակահարված ուժայիններ։ Եվ այս ամենն սկսվեց Սուրուչ քաղաքի ահաբեկչությունից հետո, որը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրեց իրեն քուրդ ակտիվիստների հանրահավաքի ժամանակ։

Թուրքիայում ահաբեկչական գործողությունների աճի վերաբերյալ փորձագիտական հանրույթը համակարծիք էր. ահաբեկչական գրոհները, Էրդողան-Դավութօղլու կառավարության իմիջի համար զգալի կորուստներ պարունակելով, մարտավարական առումով կարող են շատ շահավետ լինել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար։ Եվ այս եզրահանգումը հաստատվեց։ Այսպես, կրկնակի ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն ստացավ ձայների 49,9%-ը եւ 316 տեղ խորհրդարանում, ինչն ապահովեց նրա մեծամասնությունը եւ միակուսակցական կառավարություն ձեւավորելու հնարավորությունը։

Նշենք, որ այս տարվա հուլիսի 7-ին, հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԱԶԿ-ն ստացել էր 40,41% ձայն, ինչը, ինչպես վերը նշվեց, թույլ չտվեց միայնակ կառավարություն կազմավորել։

Թուրքիայի ներսում եւ նրա շուրջ լարվածության նպատակաուղղված թեժացումը թույլ տվեց Էրդողան-Դավութօղլու տանդեմին լուծել միանգամից մի քանի խնդիր։

Նախ՝ առաջ ընթանալ նեոօսմանյան կայսրության կազմավորման ճանապարհին։

Երկրորդ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելով՝ շեղել նրա ուշադրությունը եւ ռեսուրսները ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) շրջանակում գլոբալ աշխարհատնտեսական նախագծի իրականացումից։

Երրորդ՝ կարգավորելով Սիրիայից եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից դեպի Եվրամիության երկրներ միգրանտների եւ փախստականների հոսքերը, մի կողմից՝ խարխլել եվրոպական ինքնության հիմքերը եւ արժեզրկել եվրաարժեքները, մյուս կողմից՝ ԵՄ-ում ստեղծել Թուրքիայի հատուկ ծառայություններին ենթակա ահաբեկչական խմբավորումների ցանց, մի երրորդ կողմից՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ վտանգավոր դիմակայության մեջ ներքաշելու իրենց հեռահար գործողություններով ուժեղացնել Թուրքիայի դերը եւ նշանակալիությունը ՆԱՏՕ-ի համար Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ Եվրամիությունում։

Չորրորդ՝ Թուրքիայի գործողությունները Եվրամիության անդամ երկրների սահմաններին իրավիճակի ապակայունացման ուղղությամբ՝ իրենց ուզած ձեւով կարգավորելով փախստականների հոսքերը, այսպես թե այնպես պարտադիր պահանջ են դարձնում, որ Եվրամիությունն իր անվտանգությունն ապահովելու միջոցառումներ ձեռնարկի։

Բնական է, որ ռազմական ոլորտում ԵՄ անվտանգությունն ապահովվելու է ԵՄ երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության զգալի ուժեղացման միջոցով (ընդհուպ մինչեւ միջուկային զենքի տեղակայումը), միաժամանակ նաեւ կբարձրանա Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում։ Ասվածի ամենաթարմ վկայությունը Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկու՝ օրերս արած հայտարարությունն է։ Ինչպես տեղեկացնում է Defense News-ը, Լեհաստանը մտադիր է անվավեր ճանաչել 1997թ. Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ն մտադրություն եւ պատճառներ չունի միջուկային զենք տեղակայել դաշինքի նոր անդամների տարածքներում։

Նշենք նաեւ, որ ս.թ. նոյեմբերի 4-ին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 9 երկիր, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ (Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Սլովակիա, Բուլղարիա եւ Չեխիա), հռչակագիր են ընդունել, որում ասվում է, որ ՆԱՏՕ-ն «պետք է ամրապնդի իր արեւելյան թեւը, որովհետեւ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում եւ տարածաշրջանում խափանում են անվտանգության հենքը Եվրոպայում»։

Ինչ վերաբերում է աշխարհատնտեսական անվտանգության ապահովման հարցերին, ապա ԵՄ-ի համար ռազմական սպառնալիքների ուռճացման այս ֆոնին, թերեւս, նոր ազդակ կստանա նաեւ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի մասին վաղուց փայփայվող նախագիծը՝ Տրանսատլանտյան առեւտրային եւ ներդրումային գործընկերությունը (ՏԱԱՆԳ)։

   Կարելի է նաեւ այլ փաստարկներ էլ ներկայացնել հօգուտ այն բանի, որ Թուրքիայի ղեկավարությունը, նեոօսմանյան կայսրության վերածննդի գաղափարով տարված, միայն առաջին հայացքից է վարում անխոհեմ եւ արկածախնդրական քաղաքականություն։ Եվ օսմանականության (որը վերածնունդ ապրեց 1908թ. երիտթուրքական հեղափոխության ժամանակ, երբ իշխանության եկած երիտթուրքերն այն հռչակեցին իրենց պաշտոնական գաղափարախոսությունը) նենգ էության անբավարար իմացությունը կարող է մոլորության մեջ գցել անգիտակ քաղաքական գործիչներին։ Իսկ հետո, խոսելով կայսրության բոլոր ժողովուրդների՝ հեղափոխության արդյունքում ձեռք բերված հավասարության եւ միասնական օսմանյան ազգի ստեղծման մասին, երիտթուրք օսմաններն այդ նույն ժողովուրդներին՝ հայերին, հույներին, ասորիներին, ենթարկեցին ցեղասպանության։

Այստեղ կուզենայի մեջբերում կատարել Ուիլյամ Էնգդալի վերոնշյալ՝ «Էրդողանի կեղտոտ եւ վտանգավոր խաղերն ԻԼԻՊ-ի հետ» հոդվածից. «2014թ. հոկտեմբերին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակ ասաց, որ Էրդողանի ռեժիմն ԻԼԻՊ-ին աջակցել է հարյուր միլիոնավոր դոլարներով եւ հազարավոր տոննա զենքով...»։ ...Սակայն Էրդողանի կողմից ԻԼԻՊ-ին աջակցելու մասշտաբները մերկացման պահից անհամեմատ, անհամեմա՛տ շատ ավելի մեծ էին, քան ակնարկել է Ջո Բայդենը»,- պնդում է Ուիլյամ Էնգդալը։

Խիստ մտահոգիչ է, որ Թուրքիան իր այս վտանգավոր ծրագրերի իրագործման մեջ միայնակ չէ։ Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի գրեթե բոլոր ինտերնետ-պորտալները (haqqin.az, minval.az, Day.az, vesti.az եւ այլն) միաձայն աջակցություն են հայտնել թուրքական իշխանությունների գործողություններին, իսկ քաղաքական գործիչների, տարբեր տրամաչափի քաղաքագետների, հասարակական գործիչների արձագանքներն ավելի շուտ հեծեծանքի ու ներբողի են նման՝ ի պաշտպանություն «թուրքոման եղբայրների», որոնք անարգանքի ենթարկեցին սպանված ռուս օդաչուի մարմինը։

Մեդիաէյֆորիայի այս առաջին օրերից հետո ադրբեջանական ղեկավարությունում ինչ-որ մեկի գլխում մի պարզ միտք ծագեց. արդյոք ժամանակից շուտ չե՞ն ցույց տալիս իրենց հակառուսական, լավ քողարկված ռուսատյաց էությունը։

Եվ ահա, ուշքի գալով, հավանաբար «Հատուցում» գործողության ազդեցության տակ, որն իրականացնում են ռուսական օդատիեզերական ուժերը, ս.թ. նոյեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ադրբեջանական կողմը պատրաստ է օժանդակել լարվածության թուլացմանը եւ վերացմանը ռուս-թուրքական հարաբերություններում»։ Իսկ վերջին օրերին ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցներում տարածված ռուսատյաց հոդվածները, հակառուսական հիստերիան Ի.Ալիեւից չէ, որ բխում են, այլ «սատանան գիտի, թե ինչից»...

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Հ.Գ.- Ս.թ. նոյեմբերի 24-25-ը Բելգրադում տեղի ունեցավ «Յալթա-Պոտսդամ-Հելսինկի-Բելգրադ. անվտանգ աշխարհակարգի որոնումներում» միջազգային հասարակական-գիտական կոնֆերանսը, որը կազմակերպել էին Ազգային փառքի կենտրոնը, Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամը՝ սերբական «Հանուն իրավահավասարների աշխարհի բելգրադյան համաժողով» հասարակական կազմակերպության հետ համատեղ, Ռուսաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

Այս հիանալի կազմակերպված եւ բարձր մտավոր հագեցածություն ունեցող կոնֆերանսի բոլոր մասնակիցները միահամուռ դատապարտեցին Սիրիայի երկնքում թուրքական F 16 կործանիչների կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու գործողությունը։ Ելույթ ունենալով այդ ներկայացուցչական համաժողովում՝ ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դադիչն ասաց. «Իրավիճակի ցանկացած սրում աշխարհում, ինչպես ցույց տվեցին երեկվա իրադարձությունները, երբ Թուրքիայի կողմից խփվեց ռուսական ինքնաթիռը, այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է միգրացիոն ճգնաժամը, միայն հավելյալ բարդացնում են աշխարհը, որտեղ մենք ապրում ենք... Այդ աշխարհը հեշտ է ոչնչացնել, բայց որքան դժվար է պահպանել այն եւ պահպանել դրա սկզբունքները։ Սերբիան իր փորձով է զգացել միջազգային հանրության բոլոր սկզբունքների խախտումը»։

Լսելով Սերբիայի արտգործնախարարի այս սրտահույզ խոսքերը՝ ակամա մտածեցի մեկամյա վաղեմության իրադարձությունների մասին, երբ նոյեմբերի 12-ին, ցերեկը ադրբեջանական զինված ուժերը խոցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ոչ մարտական Մի-24 ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում, ընդ որում՝ չհատելով ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի սահմանազատման գիծը։ Ուղղաթիռի բեկորներն ընկան ճակատի գծից 500 մետր հեռու, զոհվեց անձնակազմը՝ երեք երիտասարդ օդաչու։ Եթե այդ ժամանակ միջադեպը համարժեք գնահատական ստանար գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, գուցե հաջողվեր խուսափել ռուսական Սու-24 ռմբակոծիչի դեմ ահաբեկչական հարձակումից։

Ավաղ, այս աշխարհը հեշտ է ոչնչացնել, եթե թերագնահատենք վերածնվող նեոօսմանիզմի ողջ վտանգը՝ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական պետության գազանային բաց երախը։