ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ                

07.11.215, Հայոց շխարհ

Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։

Ուշադիր ծանոթանալով սահմանադրական բարեփոխումների ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների դիրքորոշումներին՝ ակամա տրվում ես բանավիճողների եզրահանգումներում թույլ փաստարկներ որոնելու գայթակղությանը։ Եվ ահա հենց այստեղ էլ, ինքդ էլ այդ մասին չիմանալով, հայտնվում ես նախապես անշահեկան վիճակում, եւ ահա թե ինչու։

Հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ ցանկացած երկրում եւ ցանկացած ռեժիմի դեպքում, մանավանդ դեմոկրատական պետություններում, ազգային անվտանգության ապահովման խնդիրն այլընտրանք չունի։ Իսրայելցի հայտնի քաղաքագետ, իսրայելական պառլամենտարիզմի պատմության առաջատար մասնագետ Բենիամին Նոյբերգերն իր «Ազգային անվտանգություն եւ դեմոկրատիա. հակամարտություններ եւ երկընտրանքներ. Իսրայելը համեմատական հեռանկարում» հոդվածում համոզիչ կերպով գալիս է այն եզրակացության, որ պատերազմի վիճակում կամ ռազմական սպառնալիքի ներգործության տակ գտնվող դեմոկրատական պետությունը ընդհանուր քիչ բան ունի պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, դիվերսիաներ չիմացող դեմոկրատիայի հետ։

Ցավոք, արդի Հայաստանը հայտնվել է հենց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման, Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացման մշտական սպառնալիքի վիճակում։ Ուստի հայկական պետության հետագա դեմոկրատացման հարցերը, ուզում ենք մենք թե ոչ, կարող են ակնհայտ հակասության մեջ մտնել ազգային անվտանգության ապահովման հարցերի հետ։

Սակայն, միաժամանակ, կարեւոր է հասնել այնպիսի իրավիճակի, որ դրա պատճառով հանուն պետական անվտանգության ապահովման՝ կառավարման դեմոկրատական նորմերի հնարավոր խախտումները սպառնալիքի առջեւ չկանգնեցնեն կառավարման դեմոկրատական ձեւի գոյությունը։ Եթե հայկական հանրությունը վերջին 10-15 տարիներին առանձնապես չի էլ զգացել այդ հակասությունները, ապա բնավ ոչ այն պատճառով, որ երկրում գործող սահմանադրությունը որպես իր գլխավոր գերակայություններից մեկն ունեցել է, առաջին հերթին, ազգային անվտանգության ապահովումը եւ սահմանադրական մյուս նորմերի եւ կանոնների հարաբերակցումն այս գլխավոր գերակայությանը։

Էլ չեմ ասում մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես ընդունված է ասել՝ դեմոկրատական պետությունների լավագույն ավանդույթներով պաշտպանելու խնդիրների հանդեպ այս հարցի առաջնահերթության մասին։

Այս պնդումը, իհարկե, չի կարող դաժան քննադատության ենթարկվել նրանց կողմից, ովքեր բացարձակացնում են անվանի ամերիկացու՝ մեծ մտածող եւ քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի ցասումնալի նախազգուշացումը, որը դեռեւս XVIII դարում՝ Միացյալ Նահանգների ստեղծման արշալույսին, ասել է. «Նրանք, ում համար անվտանգությունն ավելի կարեւոր է ազատությունից, արժանի չեն ո՛չ ազատության, ո՛չ անվտանգության»։

Ի արդարացումն ասվածի՝ կարող եմ միայն հիշեցնել, որ ոչ այնքան հեռավոր այդ տարիներին նոր սաղմնավորված ամերիկյան պետությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Օսմանյան կայսրությունից ավելի քան 15 հազար մղոն հեռավորության վրա էր գտնվում, եւ այդ ժամանակներում Ադրբեջան անունը կրող պետությունն առհասարակ չկար աշխարհի քաղաքական քարտեզին։

Եվ ահա, անցած տասը տարիներին (Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանադրության գործողության ժամանակը) մեր պետության անվտանգությունը կարող էր ենթարկվել լրջագույն փորձությունների, եւ ո՛չ մեկ անգամ։ Հայաստանում իրավիճակի ապակայունացման համար բավական կլիներ, եթե նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովում մեծամասնություն ունենար։ Տեսականորեն այդպիսի բան հնարավոր էր։ Բավական է հիշել, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո՝ 2013թ. փետրվարի 18-ին, նախագահական ընտրությունների ժամանակ այդ կուսակցության առաջնորդը ստացավ ընտրողների 539670 ձայն (36.75%)։ Ինձ կարող են առարկել, թե՝ ինչ անենք։

Եվ ահա, «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը Ազգային ժողովի ամեն մի նիստի նախանձելի հետեւողականությամբ եւ համառությամբ, որն ավելի լավ կիրառության էր արժանի, բարձրացնում է ԼՂՀ անկախության ճանաչման հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ խորհրդարանականներին, եւ որ շատ կարեւոր է՝ Հայաստանի ու ԼՂՀ քաղաքացիներին իր առաջարկությունն օրակարգում հաստատելու խորհրդարանական մեծամասնության մերժումը մատուցվում է ոչ այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին։

Ոչ մի իրավագետ նրա գործողությունները հակասահմանադրական համարել չի կարող՝ նկատի ունենալով գործող սահմանադրությունը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Հայաստանի գործող նախագահը չունենար խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։

Եթե նման բան պատահեր, Հայաստանի Հանրապետությունը, նրա քաղաքական էլիտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից կընկալվեին որպես արկածախնդիրներ։ Չէ՞ որ անցած տարիներին համանախագահող երկրների նախագահները հինգ անգամ հայտարարություններ են ընդունել խելամիտ փոխզիջման հիման վրա Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որը հիմնված կլիներ Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։

Այսինքն՝ գործող սահմանադրության պայմաններում, եթե երկրի նախագահն Ազգային ժողովում մեծամասնություն չունի, ապա դա կարող է պետության համար Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման վտանգի վերածվել, ընդ որում՝ բավական պատեհ պատրվակով. իբր, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը փաստորեն դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից՝ դրանով իսկ արհամարհելով համանախագահող պետությունների բազմամյա ջանքերը։

Այդ դեպքում, իհարկե, համաշխարհային հանրային կարծիքը կթեքվեր բնավ ոչ դեպի հայկական երկու պետությունների կողմը։ Պետք է կարծել, որ իրադարձությունների զարգացման նման ընթացքի հնարավորությունն է նախադրյալ հանդիսացել գործող սահմանադրության բարեփոխման համար։

Կարծում եմ, որ հենց այդ պատճառով է նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո առաջարկել այն ժամանակ իր գլխավոր ընդդիմախոսին, որը զբաղեցնում էր երկրորդ տեղը նախագահական ընտրարշավում, ստանձնել սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովի ղեկավարությունը։

Այս ոչ մեծ անդրադարձը վերջին մի քանի տարիների անցուդարձին արվեց նրա համար, որպեսզի պատասխանենք գուցե ամենահրատապ հարցին, այն է՝ ո՞րն է սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների գլխավոր իմաստը։ Հայաստանի Հանրապետության կյանքում անցած տարիներին ձեռք բերված դեմոկրատական փոփոխությունները չեն կարող ոչ միայն շարունակվել, այլեւ պահպանվել, եթե կա ազգային անվտանգության հիմքերի խափանման վտանգ։

Եվ այս իմաստով դժվար է չհամաձայնել պրոֆեսոր Բենիամին Նոյբերգերի հետ, որն իր վերոնշյալ հոդվածում իրավացիորեն նկատել է. «Դեմոկրատիան, որի վրա կախվում է պատերազմի շարունակական սպառնալիքը, ստիպված է անվտանգության ապահովումը դիտարկել որպես բարձրագույն նպատակ, եւ այդ իրավիճակում՝ հանուն երկրի պաշտպանունակության ապահովման «սրբազան խնդրի», երբեմն հարկադրյալ ոտնահարվում են քաղաքացիների անհատական իրավունքները»։

Կարծում եմ, որ նման հարցադրման իրավաչափությունը կասկածի տակ չի դնի եւ ոչ մի առողջ դատող հայ՝ լինի Հայաստանի, Արցախի քաղաքացի թե բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքի ներկայացուցիչ։

Եվ եթե ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները դիտարկվեն հենց այս տեսանկյունից, ապա միանգամայն այլ պատկերացում կկազմվի առաջարկվող բարեփոխումների մասին։ Եվ ընդդիմախոսների հիմնական առարկությունները, առաջարկվող փոփոխությունների առանձին դրույթների նրանց մեկնաբանությունը, որոնք, իբր, ի չիք են դարձնում սահմանադրության նոր խմբագրության մեջ դեմոկրատիայի խորացման վերաբերյալ հոդվածները, միանգամայն այլ լույսով կներկայանան։

Մասնավորապես դեմոկրատիայի մեր նրբաքիմք նախանձախնդիրների տագնապն է հարուցում դրույթն այն մասին, որ Ազգային ժողովում պետք է ապահովված լինի մեծամասնության առկայությունը։ Կարծում եմ, եթե ելնելու լինենք ազգային անվտանգության ապահովման գերակայությունից, ապա ընդդիմախոսների առարկությունները ոչ մի քննադատության չեն դիմանա։

Ավելին՝ սահմանադրության նոր խմբագրման ուժեղ կողմերից մեկը հանրապետության նախագահին, կառավարության առաջարկով, բանակցություններ վարելու եւ միջազգային պայմանագրեր կնքելու (այդ թվում եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ) լիազորություններով օժտելն է։

Իսկ ո՞րն է այս նոր դրույթի ուժեղ կողմը։ Այն, որ նախագահը կարող է բանակցություններ վարել բացառապես կառավարության կողմից իրեն պատվիրակված լիազորությունների շրջանակում (գործող սահմանադրությունում նախագահն այս հարցում սահմանափակված չէ կառավարության համաձայնությունն ունենալով), ինչը նրան ապահովագրում է անընդունելի պայմանագրեր կնքելու հնարավորությունից՝ բանակցությունների ընթացքում արտաքո կարգի հարցերի ծագման պարագայում, որոնք նախապես քննարկված չեն եղել։

Նման դեպքերում նախագահը կարող է արտահայտել իր դիրքորոշումը, որը հետագայում կարող է եւ մեր պետության պաշտոնական դիրքորոշումը չհամարվել՝ հնարավոր իրավաբանական հետեւանքներով հանդերձ։ Հետագայում երկրի դիրքորոշումը կմշակվի եւ կհաստատվի կառավարության կողմից՝ հաշվի առնելով բացասական այն արձագանքը, որը եղել էր նախագահի գործողության հանդեպ արտառոց բանակցային իրավիճակում։ Այսինքն՝ կրկին ազգային անվտանգության տեսակետից սահմանադրության նման փոփոխությունները նույնպես արդարացված են։

Այսինքն՝ ստեղծված իրողություններում առաջարկվող սահմանադրական վերափոխումները լիովին կարելի է արտահայտել մի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար եղած Աբբա Էվենի կարգախոսով. Էվենը 1962թ. իր վերաբերմունքը ազգային անվտանգության եւ դեմոկրատիայի հարցերի հարաբերակցությանը ձեւակերպել է, ըստ իս, շատ իմաստուն ձեւով. «Դեմոկրատական ռեժիմը դրդվում է երկու բնազդով՝ անվտանգության ապահովման բնազդով եւ ազատության բնազդով»։

Կասկած չի հարուցում, որ Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները, մշակելով սահմանադրության նոր խմբագրությունը, գործել են իսրայելցի պետական գործչի այս դատողությունների հունով։

Միաժամանակ նշենք, որ սահմանադրության նոր խմբագրությունն ըստ էության անհնար է դարձնում այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ ազգային անվտանգության նկատառումների գերակայությունը կարող է պատրվակ դառնալ քաղաքացիների հիմնարար իրավունքների ոտնահարման համար։ Դրանք սահմանադրության նոր խմբագրությունում իրավամբ բավական պրոֆեսիոնալ կերպով են ներկայացված եւ, ազգային անվտանգության հարցերի կողքին, արտացոլում են նաեւ այդ փաստաթղթի կարեւորագույն գերակայությունը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխություններում առավելագույնս նախատեսված է այնպիսի իրավիճակի բացառումը, երբ պետական անվտանգության շահերը կարող են հակասության մեջ մտնել մարդու իրավունքների եւ քաղաքացիների ազատությունների հետ։

Դեմոկրատիայի մոլի ջատագովների քննադատության կրակի տակ չհայտնվելու համար, որոնք ՀՀ գործող սահմանադրության ցանկացած նոր մեկնաբանություն դիտարկում են զուտ «սրբազան դեմոկրատական սկզբունքների» պահպանման տեսակետից, նրանց հիշեցնենք, որ դա միշտ չէ, որ արդարացված է։ Կարծում եմ, որ նրանցից եւ ոչ մեկը կասկածի տակ չի դնի Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, որտեղ հստակ նշված է մարդու իրավունքների, անձի ազատության սահմանափակման հնարավորությունը, եթե դա պահանջում է ազգային անվտանգությունը։

Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 15.1 հոդվածում ասվում է. «Պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ, որն սպառնում է ազգի կյանքին, պայմանավորվող բարձր կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն կոնվենցիայի իր պարտավորություններից նահանջելու միջոցներ ձեռնարկել, այնքանով, որքանով դա պայմանավորված է հանգամանքների արտակարգությամբ...»։

Ադրբեջանական կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքների չդադարող հրետակոծությունները, ժամանակ առ ժամանակ դիվերսիոն ներխուժումների կազմակերպումը, էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի (որը գտնվում էր իր օդային տարածքում) վրա ահաբեկչական գրոհի մասին, սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսներին պետք է էլի ու էլի հուշեն նրա լուծելիք գլխավոր խնդիրներից մեկի մասին. Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության ապահովում երկրում ժողովրդավարական վերափոխումների հնարավորինս առավելագույն խորացմամբ։

Ընդլայնելու համար այն երկրների աշխարհագրությունը, որոնց սահմանադրություններում հստակ ձեւակերպված է պետական անվտանգության ապահովման գերակա նշանակությունը, բերենք ԳԴՀ սահմանադրության օրինակը։ Ի գիտություն մեր դեմոկրատների՝ ասենք, որ Գերմանիայի Հիմնական օրենքը սահմանափակում է քաղաքական կազմակերպությունների ազատությունը՝ թույլ տալով կուսակցությունն օրենքից դուրս հայտարարել այն դեպքում, եթե այն փորձում է «վնաս հասցնել ազատ դեմոկրատական կարգի հիմքերին կամ վերացնել այն, կամ սպառնալիքի տակ դնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության գոյությունը» (Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենք, հոդված 21.2։ Ընդ որում՝ կուսակցությունների արգելքի մասին հարցը, Հիմնական օրենքին դրանց անհամապատասխանության պատճառով, լուծում է ԳԴՀ Սահմանադրական դատարանը)։

Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է պնդել, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով լուծվում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության գերակա դերի սահմանադրական ապահովման հարցը՝ անվտանգության շահերի եւ մարդու իրավունքների ու քաղաքացիների ազատությունների պահպանման միջեւ առավելագույն հավասարակշռության ձեռքբերման հիման վրա։ Մնացած բոլոր ասեկոսեներն ու խոսակցությունները դիվական են։

Ամփոփենք ասվածը։ Հայաստանը դրդված է իր ազգային անվտանգության անայլընտրանքայնության գիտակցումից, բայց ոչ ի հաշիվ մարդու իրավունքների եւ քաղաքացիների ազատությունների։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր