ԼԻՆԵԼ ԱՆԶԻՋՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

 25.09.2015, Հայոց աշխարհ

Ահա արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկվում է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցը։ Հարցազրույցի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների և արձագանքների հեղինակներն իրենց ուշադրությունը հատկապես սևեռում են դեսպանի այն արտահայտությունների վրա, թե կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր է խաղում երկրի ամենօրյա կյանքում։ «Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերություններում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա։ Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին»,- ասել է Ռիչարդ Միլսը։

Թե արտասովոր ինչ են տեսել դեսպանի այս խոսքերում՝ դժվարանում եմ հասկանալ։ Չէ՞ որ, ըստ էության, նա կրկնում է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մտահոգությունը, որը նա արտահայտել է ս.թ. հուլիսի 1-ին, Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանի դատախազական ծառայության 97-ամյակի առիթով իր շնորհավորական ուղերձում։ Մեր նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջև ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը... Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսևորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ և աննկուն աշխատանքի»։

Այսպիսով, ամերիկյան դեսպանի հայտարարության մեջ հարկ է տեսնել յուրատեսակ աջակցություն Հայաստանի նախագահի՝ կոռուպցիայի դեմ անշեղ պայքարի ուղեգծին։ Այս պնդման օգտին է վկայում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սեպտեմբերի 21-ի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առիթով, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը»։

Կարծում եմ, որ ԱՄՆ հարգարժան դեսպանին կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին արտահայտվել մղող շարժառիթներից են եղել իր երկրի աղմկալի կոռուպցիոն սկանդալները ֆինանսական ոլորտում, քաղաքական գործիչների և դաշնային պաշտոնյաների շրջանում, դատական համակարգում, կրթության և առողջապահության, անգամ ռազմական ոլորտներում։ Ամերիկացիները շատ բաներում ուժեղ են նաև նրանով, որ անհարմար զգալով երկրում առկա կոռուպցիայից՝ չեն թաքցնում այն, ավելին՝ անթաքույց քննարկում են զանգվածային լրատվամիջոցներում, ԱՄՆ Կոնգրեսում։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ընդամենը մի քանի փաստ ներկայացնեմ։ ԱՄՆ պետքարտուղար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Քերին 2014թ. ապրիլին հայտարարեց, որ բյուջեից 6 մլրդ դոլար է անհետացել։ Աուդիտորները չկարողացան որևէ փաստաթուղթ գտնել 2 մլրդ դոլար բյուջետային փողերի վերաբերյալ, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտը ծախսել էր Իրաքում ($6 Billion Goes Missing at State Department, www. Thefiscaltimes.com/Articles/2014/04/04/6 – Billion-Goes-Missing-State-Department):

Այն մասին, որ ԱՄՆ-ում, ըստ իս, հետևողական պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, վկայում է նաև այն փաստը, որ միայն 2013թ. հունվար-նոյեմբերին հետաքննության մեջ են հայտնվել դաշնային, նահանգային և քաղաքային գերատեսչությունների 2320 աշխատակից և ղեկավար։ Կոռուպցիոներներ են բացահայտվել կաշառակերության, բնակության իրավունք տվող փաստաթղթերի ապօրինի ձևակերպման, հանցագործությունը հովանավորելու՝ «տանիք կանգնելու», կենսագրության տվյալների շտեմարանից քրեական դրվագները ջնջելու, ապօրինի կարգով վկայականներ և արտոնագրեր տրամադրելու մեջ։ Օրինակ, 2012թ. Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խոշոր խարդախություն բացահայտեց. Դիքսոն քաղաքի (Իլինոյսի նահանգ) ֆինանսական ծառայության ղեկավար Ռիտա Կրանդվելը յոթ տարի շարունակ քաղաքի բյուջեից տարեկան գողացել է դրա 9%-ը, արդյունքում՝ 30 մլն դոլար է հափշտակել։ Նա դատապարվել է 22 տարվա ազատազրկման։

Ուշագրավ է նաև, որ խոշոր չափերի կոռուպցիա կա նաև ԱՄՆ կրթության ոլորտում։ Անհետացավ դժվար դաստիարակվող դեռահասների ուսուցման 125 կենտրոններին տրամադրված 100 մլն դոլարը։ Այժմ, փողի պակասուրդի պատճառով, այդ ուսուցման ողջ ծրագիրը հայտնվել է դադարեցվելու ապառնալիքի առջև (Lawmakers investigate $100M Shortfall in Job Corps program, www.Foxnews.com/politics/2013/02/15/ lawmakers-nvestigate-100m-Shortfall-in-job-corps-program):

Խոշոր չափերի կոռուպցիան չի շրջանցել նաև Նյու Յորքի ոստիկանությանն ու հրշեջ ծառայությանը։ Նյու Յորքի ոստիկանները և հրշեջները ձևացրել են, թե հոգեկան խանգարումներ ունեն, որպեսզի ազատվեն ծառայությունից և տարեկան 30-50 հազար դոլար թոշակ ստանան։ Այս մեքենայության կազմակերպիչների թվում են եղել մեկ նախկին դատախազ և ՀԴԲ գործակալ։ Հանցավոր շղթան գործել է 26 տարի, դրան մասնակցել է առնվազն 1000 մարդ։ 2014թ. հունվարին այս գործով անսպասելիորեն ձերբակալվել են 80 հրշեջ և ոստիկան, պատրաստվում են ձերբակալել մի քանի տասնյակ այլ խարդախների (The New York Times, Charges for 106 in Huge Froud Over Disability, Jan., 7. 2014):

ԱՄՆ իշխանությունների բացահայտած խոշոր կոռուպցիոն սկանդալների այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Բայց կարևորն այլ բան է, այն, որ այդ երկիրը բացահայտ պայքարում է կոռուպցիայի դեմ՝ այն հիրավի համարելով դաժան պատուհաս, որը վնասում է ԱՄՆ հեղինակությանը։

Հնարավոր է, որ ԱՄՆ հարգարժան դեսպանը, լավ տեղեկացված լինելով իր երկրում կոռուպցիայի բազմաթիվ փաստերի մասին, իմանալով այդ հիվանդության ողջ վտանգավորությունը բնականոն գործող յուրաքանչյուր պետության, նրա զարգացման և բարգավաճման համար, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայտարարությամբ իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի նախագահին։ Այլ բան է, որ որոշ անբարյացակամներ Ռիչարդ Միլսի խոսքերում բռնի իշխանափոխության յուրատեսակ ազդանշան են գտել՝ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո։

Կարծում եմ, որ ամերիկյան դեսպանի խոսքերն այս համատեքստում մեկնաբանող որոշակի ուժերն իրենց ցանկությունը մատուցում են որպես իրականություն։

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

«Ազգային միաբանություն»

կուսակցության նախագահ