ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԲԱՆԱԼԻ

26.08.2015, Հայոց աշխարհ

Անվիճելի է, որ գործող սահմանադրությունը, որպես սոցիալական երկրի սահմանադրություն, անհրաժեշտ երաշխիքներ չի պարունակում սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների եւ ազատությունների, քաղաքացիների արժանապատվության, խոսքի ազատության, հասարակության բարոյահոգեբանական իրավիճակի առողջացման առումով: Մարդը շարունակում է մնալ չպաշտպանված, հասարակության գիտական ու մտավոր պոտենցիալը արդյունավետորեն չի ներդրվում երկրի զարգացման գործում:

Կամ ինչ իրավական պետության մասին է խոսքը, երբ հստակորեն չեն սահմանազատվում իշխանության երեք թեւերը, երբ քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժը սերտաճում են իրար մեջ:

Ինչ խոսք, անվիճելի է, որ ամենակատարյալ սահմանադրությունն ունենալու դեպքում անգամ ցանկալի արդյունք չի կարելի ակնկալել, եթե գործող օրենքները չեն բխում մայր օրենքից եւ կյանքում օրենքը չի ընդունվում որպես գերակա արժեք:

Առաջարկվող բարեփոխումները կարեւոր են նաեւ նրանով, որ մեխանիզմներ են մշակված` մեղմելու օլիգարխիկ համակարգի այն անհավասարությունները, որոնք ծնունդ են շուկայական բիրտ հարաբերությունների, որ այն ոչ միայն հռչակում է մարդու իրավունքներն ու ազատությունները, այլեւ տալիս է դրանց իրացման երաշխիքներ:

Երբ կիսանախագահականը փոխարինվում է խորհրդարանական համակարգով, սա լուրջ համակարգային անցում է, որ նոր հեռանկարներ կբացի ժողովրդավարության, մարդու իրավունքների, արժանապատվության երաշխիքների առումով: Այն որոշակի հիմք կստեղծի նաեւ սահմանադրական հետագա էվոլյուցիոն, դինամիկ զարգացումների համար, կբացառի քաղաքական ճգնաժամն ու առճակատումը:

Մենք մշակութային ժողովուրդ ենք, ուստի հասարակության մեջ կարեւոր դեմք պետք է դառնա մտավորականը իր ազգային-հոգեւոր կերտվածքով, նրանք, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են Հայրենիքի ազատությանը, ովքեր անձնվիրաբար ծառայում են պետությանն ու ժողովրդին, հայրենիքին, կանգնած են նրա պաշտպանության, առաջավոր գիտությամբ ու փորձով երկրի տնտեսությունը առաջ տանելու դիրքերում, իսկ բարոյականության ընդունելի նորմերին համապատասխանող ապրելաձեւը սահմանված է սահմանադրությամբ եւ նրանից բխող օրենքներով:

Անժխտելի ճշմարտություն է, որ մշակութային ժողովրդի համար ժողովրդավարությունը այլընտրանք չունի:

Ինձ միշտ անհանգստացնում է այն իրավիճակը, որ ունենում ենք նախագահական ընտրություններից առաջ եւ հետո: Երբ հասարակությունը միաբանվելու, ուժեղանալու փոխարեն կիսվում է, ջլատում իր ուժերը՝ երբեմն տեղիք տալով թշնամանքի, անգամ` արյունահեղության: Խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում կբացառվեն նման երեւույթները, դեռ ավելին` կբարձրանա խորհրդարանի, ԱԺ պատգամավորի դերը, այս դեպքում միայն կարելի կլինի խոսել Ազգային ժողովը իրավամբ պրոֆեսիոնալ դարձնելու մասին:

Երկու խոսք ավելորդ ժողովրդավար երեւալու վտանգավորության մասին:

Վերջերս գործուն քայլեր են ձեռնարկվում համայնքների խոշորացման ուղղությամբ, որը, ինչ խոսք, ունի իր դրական եւ բացասական կողմերը: Ես համոզվել եմ, որ Հանրային խորհրդում այս հարցի բոլոր քննարկումների ժամանակ մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ավելի ծավալուն խոշորացմանը, այն է` խորհրդային համայնավարության շրջանն ընդունելով որպես մեկ համայնք: Այս դեպքում շուրջ 900 գյուղական համայնքների փոխարեն կունենանք 36 համայնք: Նման կառուցվածքի ընդունումը տեղական ինքնակառավարումը կազատի ավելորդ օղակներից, սակավաբնակ համայնքները թուլացնող, մարդկանց նույնիսկ թշնամացնող ընտրություններից:

Նման կառուցվածքի դեպքում ավելի զգայուն ու արդյունավետ կդառնա նաեւ տեղական ինքնակառավարումը: Հատկապես որ գյուղական շատ համայնքներ սահմանամերձ են, ուստի` նաեւ սահմանապահ:

  

   ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

   Բանաստեղծ,

   ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

   Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ,

   «Ազգային Միաբանություն կուսակցության» անդամ