ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

25.08.2015, Հայոց աշխարհ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության անայլընտրանքայնությունը հաստատվում է հատկապես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների աշխատանքի ժամանակ։

Օրինակները քիչ չեն։ Այս տարի, օրինակ, Հելսինկիում, հուլիսի 5-9-ը տեղի ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը։ Այն մեծ նշանակություն ուներ ոչ միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության վերաբերյալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 40-ամյակի տարեթվին։ Նստաշրջանին հատուկ նշանակություն էր հաղորդում նաեւ այն, որ խորհրդաժողովը գումարվել էր միջազգային հարաբերությունների լարվածության աննախադեպ աճի, դրա աշխատանքներին ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության մասնակցությունը մերժելու, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների հրահրած եւ չդադարող մարտական գործողությունների, Իրաքի հյուսիսում եւ թուրք-սիրիական սահմանին քրդական զինված կազմավորումների եւ թուրքական զինված ուժերի բախումների պայմաններում։

Մի խոսքով խորհրդաժողովն անցնում էր ԵԱՀԿ ամբողջ տարածքում եւ նրա շուրջ իրավիճակի խիստ սրման պայմաններում։

Մեզ լրջորեն մտահոգում եւ տագնապեցնում է ռազմավարական գործընկերոջ եւ մերձավոր դաշնակցի՝ Ռուսաստանի եւ Եվրամիության երկրների ու ԱՄՆ-ի (որոնց հետ Հայաստանն ունի ավանդական բարեկամական հարաբերություններ, իսկ Ֆրանսիայի հետ հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա) փոխհարաբերությունների լարվածությունը։

Ուշադրություն է գրավում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին, որն ուղեկցվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած լկտի տեղեկատվական պատերազմով։

Միջազգային կյանքում ստեղծված նման իրողությունների պայմաններում, կարծում ենք, կարեւոր է պատասխանատու կերպով օգտագործել միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոնները՝ միջազգային ասպարեզում արժանավայել ներկայացնելու համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը համաշխարհային զարգացման այս բուռն եւ վտանգավոր տարիներին ցույց տվեց եւ ցույց է տալիս իր անայլընտրանքայնությունը։

Հելսինկիի ամենամյա խորհրդաժողովի նախօրեին, արդեն ստեղծված ավանդույթի համաձայն, ամենայն ուշադրությամբ վերընթերցեցի ինչպես համաշխարհային առաջնորդների, այնպես էլ ճանաչված միջազգայնագետ-վերլուծաբանների բազմաթիվ վերլուծական զեկույցներ, հոդվածներ եւ հարցազրույցներ։ Շատ կարեւոր էր գտնել նրանց մոտեցումների ընդհանրությունը միջազգային կյանքի օրախնդիր հարցերի հանդեպ (որոնք միանգամայն հրատապ են Հայաստանի համար) եւ միայն դրանից հետո համադրել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենշային այն խնդիրների հետ, որոնք նշված են նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում եւ հարցազրույցներում։

Այս հարցում չափազանց տեղին է հնչում նախագահի ելույթը 2015թ. մարտի 18-ին, «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում։ Մեջբերում կատարեմ այդ ելույթից. «Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը:

Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել եւ զարգացնում ՌԴ-ի հետ: Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են մեր ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը մեր անվտանգության, տնտեսական զարգացման եւ կայունության կարեւոր բաղադրիչներից է...

Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է նաեւ ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության, Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդմանը:

Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում...»։

Այստեղ տեղին եմ համարում ներկայացնել որոշ փաստաթղթեր, որոնք ինքնին խոսուն են։

Եվ այսպես, վերջերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի նախագահ, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը, թվում է, թե ի հաստատումն մեր նախագահի խոսքերի՝ նամակ է հասցեագրել ձեր խոնարհ ծառային, որը ներկայացնում եմ ընթերցողների ուշադրությանը.

 

   ՌՈՋԵՐ Ֆ. ՈՒԻՔԵՐ

   ՄԻՍԻՍԻՊԻ

   Ամերիկայի Միացյալ Նահանգներ

   ՎԱՇԻՆԳՏՈՆ (Կոլումբիայի շրջան), 20510

   21 հուլիսի 2015թ.

   Արտաշես Գեղամյան

   Հայաստանի Հանրապետության

   Ազգային ժողով

   Մարշալ Բաղրամյան պողոտա 19

   0095, Երեւան, Հայաստան

 

Թանկագին Արտաշես

Ուրախ էի տեսնել Ձեզ վերջերս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հելսինկիում կայացած ամենամյա խորհրդաժողովում։

Անհամբերությամբ սպասում եմ մեր աշխատանքի շարունակությանը ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջմղման ուղղությամբ։ Հույս ունեմ՝ մեր ուղիները շուտով նորից կխաչվեն։ Միեւնույն ժամանակ, խնդրեմ, առանց տատանվելու կապ հաստատեք ինձ հետ, եթե կարող եմ աջակցություն ցուցաբերել։

   Լավագույն ցանկություններով եւ հարգանքով՝ Ռոջեր Ուիքեր։

 

   Հ.Գ. Հույս ունեմ Ձեզ կրկին տեսնել գալիք խորհրդաժողովում։

   

Կարեւոր եմ համարում ընթերցողներին ծանոթացնել նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կ.Ի. Կոսաչովի եւ Դաշնային խորհրդի անդամ Ն.Վ. Վլասենկոյի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նորընտիր Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի նամակներին.

 

   ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ  ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎ

   ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

    103426, Մոսկվա, Բ.Դմիտրովկա, 26                                                    

   29 հուլիսի 2015թ.  N 3.4-40/973

   

   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր,

   ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

   մշտական պատվիրակության ղեկավար

   Պարոն Ա.Մ. Գեղամյանին

   

Հարգելի՛ Արտաշես Մամիկոնի

Շնորհակալ եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հելսինկիի խորհրդաժողովի տեսանյութերն ինձ ուղարկելու համար, ինչպես նաեւ առանձին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պատվիրակությանը կշռադատված եւ կառուցողական դիրքորոշման համար։

Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Դաշնության խորհրդում մեծ նշանակություն են տալիս միջազգային խորհրդարանական կազմակերպություններում մեր համատեղ աշխատանքին՝ նախեւառաջ միավորիչ միջազգային օրակարգ ձեւավորելու նպատակով։

   Հարգանքով՝

   Կոմիտեի նախագահ  Կ.Ի. Կոսաչով

 

   ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

   ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

   

   103426, Մոսկվա, Բ.Դմիտրովկա, 26                      

   Հեռ./ֆաքս 8 (495) 986 61 51

    28 հուլիսի 2015թ.  N 43-113 / HB

   Ha Ga-053-560, 13.07.2015թ.

 

   Հայաստանի Հանրապետական կուսակցությունից

   Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի

   Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար

   Ա.Մ. ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

 

   Հայաստանի Հանրապետություն,

   ք. Երեւան, 0095,

   Մարշալ Բաղրամյան պող. 19,

   Հայաստանի Հանրապետության

   Ազգային ժողով

   

Հարգելի՛ Արտաշես Մամիկոնի

Շնորհակալ եմ հուլիսի 5-9-ը Ֆինլանդիայում, Հելսինկի քաղաքում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում ունեցած Ձեր ելույթների ձայնագրությունն ինձ ուղարկելու համար։

Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել Հելսինկիում ԵԱՀԿ ԽՎ Հոբելյանական խորհրդաժողովին։ Ֆիննական իշխանությունները, խախտելով ընդունված միջազգային պայմանավորվածությունները, որոշում կայացրին արգելել ռուսաստանցի 6 խորհրդարանականների մուտքը երկիր՝ ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովին մասնակցելու համար։ Բնականաբար, մենք որոշում կայացրինք, որ ամբողջ պատվիրակությունը չմասնակցի այդ խորհրդաժողովին։

Ուստի, ես հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ լսեցի Ձեր ուղարկած նյութը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հելսինկյան խորհրդաժողովում հակառուսական բանաձեւի օգտին քվեարկությունից հրաժարվելու Ձեր անձնական դիրքորոշումը եւ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության դիրքորոշումն արժանի են անկեղծ հարգանքի։ Դուք մեկ անգամ եւս հաստատեցիք մեր ընդհանուր տեսակետը, որ ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է հարթակ հանդիսանա Վեհաժողովի բոլոր 56 երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ երկխոսության եւ օբյեկտիվ բանավեճերի, քաղաքացիական հասարակությունների երկխոսության համար։

   Հարգանքով՝ Ն.Վ. ՎԼԱՍԵՆԿՈ

 

   Subject: Thank you and good summer holiday

   From: "Roberto Montella"

    Date: Wed, August 5, 2015 12:58 pm

   To: Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

 

   Dear Artashes,

   I am now back to Vienna after my summer holiday in Italy immediately after the Helsinki Annual Session.

   I just wanted to say to you and to your delegation and staff THANK YOU for your support on 5 July and for all the good things you did for me and the Assembly during the past years.

   Thank you in particular for your great words of support during the Standing Committee Session before the vote took place. What you said was really moving and I really appreciated the points you made.

   I look forward to our cooperation in the future and I know I can always count on your support and advice in the coming years. I wish you a great summer holiday and see you in Ulan Bator, I hope.

   All the best,

   Roberto

 

   Roberto Montella

   Director of Presidential Administration

   OSCE Parliamentary Assembly

 

   Թանկագին Արտաշես

   Հելսինկիի ամենամյա խորհրդաժողովից անմիջապես հետո Իտալիայում ամառային հանգիստս անցկացնելով՝ այժմ վերադարձել եմ Վիեննա։

   Ես Ձեզ եւ ձեր պատվիրակությանը հենց ցանկացա ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հուլիսի 5-ին ինձ սատարելու եւ բոլոր լավ գործերի համար, որ Դուք արել եք ինձ եւ որհրդաժողովի համար վերջին տարիների ընթացքում։

   Շնորհակալություն, մասնավորապես, մինչեւ քվեարկությունն սկսվելը, Մշտական կոմիտեի (խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների նիստ- խմբ.) ժամանակ աջակցության Ձեր հիանալի խոսքերի համար։ Այն, ինչ Դուք ասացիք, հիրավի, հուզիչ էր, եւ ես իսկապես գնահատում եմ Ձեր արածը։

   Ես անհամբեր սպասում եմ ապագայում մեր համագործակցությանը եւ գիտեմ, որ կարող եմ մշտապես ակնկալել Ձեր աջակցությունը եւ խորհուրդներն առաջիկա տարիներին։

   Ցանկանում եմ Ձեզ հիանալի ամառային հանգիստ եւ հույս ունեմ տեսնել Ձեզ Ուլան Բատորում։

   Լավագույն ցանկություններով՝

   Ռոբերտո

 

   Ռոբերտո Մոնտելա

   ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի

   նախագահի աշխատակազմի տնօրեն

 

Կարծում եմ, որ ծանոթանալով ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հասցեին ուղարկված այս փաստաթղթերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գծի (որն իրականացվում է այդ թվում՝ նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների համաժողովներում)՝ անգամ իրենց քթից այն կողմ չտեսնող ընդդիմախոսները, իրենք իրենց վրա ուժ գործադրելով, կվկայեն դրա փայլուն հաջողության ու անայլընտրանքայնության, ինչպես նաեւ այս աշխատանքը սեւացնելու իրենց կանխակալ նկրտումների ձախողման մասին։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ