ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

23.07.2015, Հայոց աշխարհ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որն իրականացվում է հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, մեր երկրի զարգացման ներկա փուլում, կարծում ենք, ավելի քան պահանջված է ու արդիական

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն օրերս ներկայացվեց հանրության դատին, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում է կառավարման ձեւի փոփոխություն, այն է` խորհրդարանական հանրապետության ինստիտուտի ձեւավորում:

Ո՞րն է տարբերությունը եւ նորամուծությունը:

Խորհրդարանական հանրապետությունը, ի տարբերություն նախագահական եւ կիսանախագահական մոդելների, որոնք նախատեսում են ավելի շուտ իշխանությունների տարանջատում եւ հակակշռում, ինչը որոշակի պայմաններում ու հանգամանքներում կարող է բերել, ինչու չէ, նաեւ առճակատման, այս դեպքում ենթադրում է իշխանությունների համագործակցություն։ Ժողովուրդը, ընտրելով օրենսդիր բարձրագույն իշխանություն, այդպիսով քարտ-բլանշ է տալիս նրան` ի դեմս իր քաղաքական մեծամասնության, ձեւավորելու գործադիր իշխանություն, որն էլ, իր հերթին փաստորեն ժողովրդի տված լիազորությամբ ու իրավազորությամբ, ինչը շատ կարեւոր է, իրականացնում է երկրի առաջ ծառացած օրախնդիր հարցերի լուծումը:

Այս պայմաններում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները արդեն ոչ թե առճակատման, այլ համագործակցության դաշտում են, ինչը շատ կարեւոր է մեր երկրի անվտանգության համար:

Այստեղ կարող է հարց առաջանալ. իսկ ո՞ւր մնացին քաղաքական ընդդիմությունը, տարակարծությունը, իշխանությունից տարբերվող տեսակետներն ու դիրքորոշումները, ի վերջո` քաղաքական բանավեճը: Սահմանադրության նախագիծը տալիս է այս հարցերի պատասխանները` ներկայացնելով կառավարման նոր ձեւի առավելությունները:

Այսուհետ ընդդիմությունն ունի շատ ավելի լայն հնարավորություններ ու գործիքներ` ներազդելու քաղաքական գործընթացների վրա: Որպես օրինակ նշենք Ազգային ժողովի մեկ փոխնախագահի պաշտոնը, որը նա ստանալու է: Հաջորդը` նոր ընդունվող օրենքներում, որոնք կունենան պետության ու հասարակության համար առավել կարեւոր նշանակություն եւ կկոչվեն օրգանական (սահմանադրական) օրենքներ, կպահանջվի խորհրդարանի ձայների որակյալ մեծամասնության հավանությունը՝ ի դեմս ձայների մի դեպքում 2/3-ի, մի այլ դեպքում՝ 3/5-ի, իսկ դա, իր հերթին, հնարավոր կլինի միայն ընդդիմության ձայների ու աջակցության շնորհիվ:

Մի այլ նոր հնարավորություն ընդդիմությունը ստանալու է ի դեմս քննիչ հանձնաժողովների ձեւավորման, որոնցում կարող է ունենալ որոշիչ նախաձեռնողական դերակատարություն: Եվ այսպես նաեւ այլ իրավունքներ ու հնարավորություններ, որոնց դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու:

Կարող ենք վստահաբար ասել, որ նոր սահմանադրությունը տալիս է օրենսդրական երաշխիքներ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների լիարժեք ապահովման համար, բացահայտում է տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակները, ներմուծում պետական կառավարման նոր համակարգը, որի արժանիքների մասին հակիրճ խոսեցինք:

 Բայց ամենակարեւորն ու ամենաանհրաժեշտը մեր պետության ու հասարակության համար այն է, որ նոր սահմանադրությունը.

   -ամրապնդում է մեր երկրի քաղաքական կայունությունը,

   -ապահովում է երկրի անվտանգությունը,

   -զերծ է պահում մեզ արտաքին ու ներքին ազդեցություններից եկող հնարավոր առճակատումներից,

   -լայն դաշտ է բացում քաղաքական երկխոսությունների, ինչու չէ` նաեւ կառուցողական բանավեճերի համար,

   -հնարավորություն է տալիս աշխարհաքաղաքական զարգացումներում հանդես գալու որպես առավել համերաշխ ու համախմբված հասարակություն,

   -այս հնարավորությունների իրագործման պարագայում էլ նախադրյալներ է ստեղծում մեր երկրի առավել կայուն տնտեսական զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցության համար:

   Կրկին արձանագրենք, որ կառավարման նոր համակարգը ենթադրում է՝ ոչ թե իշխանությունների առճակատում, այլ համագործակցություն:

ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ