ՀԱՏՈՒԿ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.03.2015, Հայոց աշխարհ

Երեկ կառավարության առաջարկությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված ամենաուշագրավ հարցը թերեւս «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն էր, որով առաջարկվում է բարելավել պաշտոնաթող նախագահների կենսաթոշակային, բնակարանային եւ գրասենյակային ապահովության պայմանները

Կառավարության օրենսդրական փոփոխությունների ամենայուրօրինակ մեկնաբանության հեղինակային իրավունքը, սակայն, վստահաբար կարելի է շնորհել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ, որի կարծիքով՝ «սա բացառիկ լուրջ քաղաքական նշանակություն ունեցող նախագիծ է։ Հանրապետական կուսակցությունը, կառավարությունը, ըստ այդմ, աշխարհով մեկ հայտարարում են. բավական է շահարկել Հայաստանում իբր գերլարված թշնամական մթնոլորտը։ Հակառակը՝ իշխող ուժը աշխարհով մեկ հայտարարում է, որ առաջին եւ երկրորդ նախագահներն այսօր էլ խիստ պահանջված են մեր հասարակական, քաղաքական կյանքում:

Մնացած բոլոր հարցադրումները գոյության իրավունք ունեն, բայց սա է այս նախագծի մեխը՝ հայոց պետականությունը թեւակոխել է մի փուլ, երբ անձնական հարաբերությունները, փոխադարձ կշտամբանքները, մեղադրանքները մղվում են հետին պլան, քանի որ խոսքը վերաբերում է պետության արժեհամակարգին եւ պետականությանը ընդհանրապես»։