«Պետք է սահմանվի մի կարգավիճակ, որը թույլ կտա ներկայացնել Ղրիմի բնակչության որոշակի հատվածին»

21.02.2015, Panorama.am

«ԵԱՀԿ-ն միտված է Վանկուվերից մինչև Վլադիվաստոկ ընկած տարածքում համագործակցության և անվտանգության ապահովմանը: Մոտենում է Հելիսնկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Դա պահանջում է ուժերի գերլարում և համախմբում, որպեսզի որոշ ժամանակ անց կարողանանք հպարտությամբ նշել, որ մենք մեր ավագ սերունդերի սկսած մեծ գործի շարունակողն ենք»,- Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի իր ելույթում այս մասին նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Բանախոսի խոսքերով` Հելսինկյան հանդիպման վերջնարդյունքի հանդեպ պատասխանատվությունը կախված է նաև ԵԱՀԿ-ի Խորհրդարանական ասամբլեայի գլխավոր քարտուղարի անհատական որակներից:

«Ես կարծում եմ, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք աշխատեցինք միասին, հայկական պատվիրակությանը հնարավորություն է տալիս շատ ուշադիր և բարեկամաբար վերաբերվելու Ձեր առաջարկությանը, մանավանդ, որ պարոն Սպենսեր Օլիվերը, որին ես մոտ 15 տարի ճանաչում եմ, միշտ եղել է բարձրության վրա և բաց է եղել անկեղծ երկխոսության համար»,- նշել է Ա. Գեղամյանը:

Ելույթում Արտաշես Գեղամյանը նաև անդրադարձել է Ղրիմի ներկայացուցիչ ունենալու խնդրին` կարևորելով այն հանգամանքը, որ ի վերջո պետք է սահմանվի մի կարգավիճակ, որը թույլ կտա ներկայացնել Ղրիմի բնակչության որոշակի հատվածին:

«Ես ողջունում եմ պարոն Դիմիյովի երեկվա ելույթը, բայց մեզ պետք է նաև այլընտրանք, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվ կարծիք ձևավորել և սա բխում է անմիջականորեն ԵԱՀԿ-ի կանոնադրությունից: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեան իր հիմնադրման 40-ամյակին կարողանա կոնսոլիդացվել, ընդ որում` մեզնից յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին: Հենց դրանում է կայանում մեր կազմակերպության ամբողջ հմայքը»,- ընդգծել է Ա. Գեղամյանը:

Последние видеоматериалы

Новые книги