Արտաշես Գեղամյան. ՌԴ դեսպան Վոլինկինի խոսքի ենթատեքստը այլ իմաստ ունի

07.05.2014, tert.am

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանը ընդգծեց, որ դեսպանի կողմից ասվածի ենթատեքստը բոլորովին այլ իմաստ ունի: Նա ընդգծեց, որ «իրականում դեսպանը իր հարցազրույցում սրտացավություն է դրսևորել բոլոր այն իրավիճակների նկատմամբ, ինչպիսին որ ականատես ենք լինում այսօր Ուկրաինայում»:

«Ենթատեքստը դա է, նա ասել է, որ երբեք ու երբեք չի կարելի գործը հասցնել այն վիճակին, որ ունենանք նման պատկեր, և պետք է կանխել բոլոր այն ուժերի ոտնձգությունները, որոնց գործողությունների արդյունքում երկիրը քաոսի կարող է վերածվել: Նրա խոսքը կա´մ միտումնավոր են աղավաղում, կա´մ ենթատեքստից կտրում են»,-ասաց նա և հորդորեց ընթերցել բուն հարցազրույցը:

Նշենք, որ դեսպանը հարցազրույցը տվել է Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին: