Նայում էի Գլազևի հոդվածը, իսկ Վոլոչկովան, ավաղ, իմ ճաշակով չէ. Արտաշես Գեղամյանը՝ ԱԺ նիստին այլ կայքեր մուտք գործելու մասին

15.01.2018, tert.am

Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ դիտելիս է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի կայքը, ոչ թե Վոլոչկովային: Մեկնաբանելով այսօր տարածված լուսանկարը` Tert.am-ին այս մասին հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորին այսօր տեսախցիկը ֆիքսել էր ԱԺ նիստի ժամանակ այլ կայք դիտելիս, որտեղ երևում էր նաև բալետի պարուհի Վոլոչկովայի լուսանկարը:

«Դա էժանագին մոնտաժ է, որովհետև ես նայում եմ Worldcrisis.ru, Еurasiadaily.com, Tert.am News.am և Գլազևի անհատական կայքը: Ուրիշ բան, որ էդ կայքի լրջագույն հոդվածները դիտելիս ու  վերլուծելիս կարող են մխրճվել հեղինակների լուսանկարներ: Բայց դա բերել, մոնտաժ անել, էժանագին հնարք է», -ասաց Արտաշես Գեղամյանը՝ հաստատելով, որ ՌԴ նախագահի խորհրդականի հոդվածն ուսումնասիրելիս է եղել ԱԺ նիստի ժամանակ, որովհետև հենց այդ ժամանակ հարկային առնչակից հարցեր են քննարկվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Վոլոչկովայի լուսանկարին, ապա Արտաշես Գեղամյանը մեկնաբանեց՝ ավաղ, Վոլոչկովան իր ճաշակով չէ:

«Համակրանք չունեմ իր նկատմամբ: Մինչդեռ այնտեղ գովազդվող ինչ-որ կանանց նկատմամբ ինչ-որ համակրանք ունեմ, բայց դա քննարկման հարց չէ ԱԺ–ում, այն էլ նիստի ժամանակ»,-ամփոփեց Արտաշես Գեղամյանը: