ԵԱՀԿ-ի ԽՎ-ն նոր բանաձևով նշել է ռուսական զորքերի առկայությունը Ուկրաինայում. Հայաստանը հրաժարվել է քվեարկել

09.07.2015, tert.am

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը Հելսինկիում իր լիագումար նիստին աննախադեպ կոշտ բանաձև է ընդունել Ռուսաստանի առնչությամբ:

«Կոմերսանտի» փոխանցմամբ` այդ բանաձևով Ռուսաստանը դատապարտվում է «Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի գործողություների» համար: Բանաձևով ընդունվում է, որ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զինված ուժեր կան, իսկ Մոսկվային կոչ է արվում դադարեցնել Ուկրաինայի արևելք զենքի ու զորքի ուղարկումը:

Այս բանաձևը հեղինակել էին Ուկրաինան և Կանադան: Նույն բանաձևի ընդունման առիթով «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ «հակառուսկան բանաձևին» կողմ քվեարկելուց զերծ է մնացել միայն 3 երկիր` Հայաստանը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Նշված երկրների ներկայացուցիչներն առհասարակ հրաժարվել են քվեարկել` դա պատճառաբանելով հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակության բացակայությունով:

Իսկ առհասարակ այս բանաձևին կողմ է քվեարկել 96 մասնակից, 7-ը քվեարկել է դեմ, 32-ը ձեռնպահ է մնացել: