Գեղամյանը քննադատում է վարչապետին,

բայց չի պահանջում նրա հրաժարականը

20.01.2014, slaq.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը:

Slaq.am-ի լրագրողը Արտաշես Գեղամյանի հետ հեռախոսազրույցում նրանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ նա պահանջում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

-Ես իմ գնահատականները հնչեցրել եմ հաղորդաշարում: Հեռուստադիտողն արդեն թող ինքը որոշի, ես գնահատականներ եմ հնչեցրել: Հարցը որոշողը՝ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն է և Հանրապետական կուսակցությունը՝ իր պատգամավորական խմբակցությամբ հանդերձ:

 

-Այսինքն՝ Ձեր գնահատականներից ելնելով՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Դուք պահանջում եք Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

- Ցանկացած կարծիքի ես հարգանքով եմ վերաբերվում: Եթե ես մի բան պահանջում եմ, բարձրաձայնում եմ այդ մասին, իսկ երեկ հաղորդման ընթացքում նման գնահատական և կարծիք չեմ հայտնել: Խնդրում եմ՝ Ձեր կարծիքը մի վերագրեք ինձ:

-Եթե սխալ եք համարում Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը, ապա ինչու՞ չեք պահանջում նրա հրաժարականը:

-Սխալ ու ճիշտ չէ: Ես գնահատականները տվել եմ, բացատրել եմ, Դուք արդեն իրավասու եք Ձեր գնահատականն ունենալ, բայց իրավասու չեք դա փաթաթել իմ վզով: Խորին հարգանքով Ձեզ և Մենուա Հարությունյանին՝ հաջողություն եմ ցանկանում:

Այսքանով Արտաշես Գեղամյանը եզրափակեց զրույցն ու անջատեց լսափողը: