ԱՐԱՅԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Հարգելի լսարանին ուզում եմ հարցնել. գիտեք, արդյոք, թե ինչո՞ւ է հայկական տարբերակում հայտնի բժիշկը կոչվում քիթ-կոկորդ-ականջի, իսկ ռուսական տարբերակում՝ “ականջ-կոկորդ-քիթ”: Որովհետև վերջիններս նախ լսում են, հետո՝ խոսում, վերջում՝ քիթը մտցնում, իսկ մերոնք սկզբում քթներն են խոթում, հետո՝ խոսում կամ գոռում և վերջում միայն՝ լսում:

Նույնպիսի անալոգիայով, եթե համեմատենք օրենսդրական բարձրագույն մարմնի անվանումը տարբեր ազգերի մոտ, ապա կտեսնենք, որ parliament բառն առաջացել է ֆրանսերեն parler բառից և նշանակում է խոսել, ու ենթադրում է այն տեղը, որտեղ հավաքվում են ժողովրդի ընտրյալներն ու խոսում նրա պրոբլեմներից, որոշումներ կայացնում: Ռուսաստանում նույնատիպ մարմինը կոչվում է Դումա, որն էլ առաջացել է մտածել բառից. սրանք էլ մտածում են իրենց ընտրած ժողովրդի մասին: Մեզ մոտ այն կոչվում է խորհրդարան. դուրս է գալիս, որ սրանք այստեղ հավաքվել են խորհուրդ տալու կամ, միգուցե, իրենց են խորհուրդ տալիս, մասնավորապես, թե ինչպես քվեարկեն: Մի խոսքով՝ ճառ ասողներ են, զանգ կախող չկա:

Աշխարհում չկա մի երկիր, որի կառավարման ձևը նախագահական կամ նույնիսկ կիսանախագահական հանրապետություն է և որի պառլամենտում ձևավորվի կոալիցիա: Կոալիցիան ձևավորվում է պառլամենտական հանրապետություններում, երբ պառլամենտում ոչ մի կուսակցություն մեծամասնություն րի կազմում և ի զորու չէ կառավարություն կազմել: Մեր դեպքում կոալիցիան կազմվել է զուտ իշխանություն ձևավորելու համար, և դժվար է պատկերացնել ավելի այլասերված կառույց, որտեղ գործում է՝ «Ով մեզ հետ չէ, թշնամի է» սկզբունքը: Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ մի կողմից իրենց ազգային պահպանողական հռչակած, մյուս կողմից՝ սոցիալիստական և երրորդ կողմից հայտնի չէ թե որ ուղղվածության կուսակցությունները:

Այսօրվա ճակատագրական այն մարտահրավերները, որոնք նետված են մեր ազգին ու պետությանը, պահանջում են ավելի քան պատասխանատու իշխանություն: Իսկ ո՞ւր է այն մեզ մոտ: Ոչ միայն չկա ռազմավարական, այլև մարտավարական ծրագրերի ընդհանրացման փորձ, ավելին, այդպիսինները իսպառ բացակայում են: Փոխարենն առատ են իրար կծոցներն ու վարկաբեկիչ ինֆորմացիայի արտահոսքը: Սա նրան արվամոլ է ասում, նա սրան՝ կաշառակեր, նա էլ նրան՝ դավաճան կամ աղանդավոր:

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. մեծ աղմուկ է բարձրացել, այսպես կոչված, «Եհովայի վկաների» պետական գրանցման շուրջ: Մեկը չկա, որ հավանություն տա այս աղանդի գրանցմանը: Իրարից բարձրախոսը խլելով՝ դատապարտում են սրանց ազգակործան ու քայքայիչ գործունեությունը, մատնանշում ագրեսիվ քարոզչությունն ու մարդու անձնական կյանքին միջամտելու համառ փորձերը, որոնք շատ հաճախ հաջողությամբ են պսակվում: Միաժամանակ տրտնջում են, թե ի՞նչ անենք, Եվրոպայի առջև պարտավորություն ենք վերցրել: Ի՞նչ է, պարտավորություն ենք վերցրել քայքայել մեր ընտանիքներն ու պետությունը, որի պաշտպանությունից ուղղակիորեն հրաժարվում են վերոհիշյալ «վկաները»: Մինչդեռ, ցանկության դեպքում, կարելի էր շատ հանգիստ մերժել դրանց գրանցումը, քանի որ խախտվում են ՀՀ Սահմանադրության միանգամից մի քանի հոդված. այսպես, հոդված 17՝ կյանքի իրավունք, հոդված 47՝ մասնավոր կյանքի պաշտպանվածություն, հոդված 23՝ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Մինչդեռ ագրեսիվ քարոզ է կատարվում դավանափոխության նպատակով: Կամ հոդված 44. «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»: Եվ այսքանից հետո, ի վերջո, ինչո՞ւ գրանցեցին «վկաներին», թե՞ այդ «պարտավորություն» հորջորջվողը վեր է մեր Սահմանադրությունից: Ոչ, պատասխանը շատ պարզ է: Միգուցե փողը առան՝ գրանցեցին. իզուր չէ, որ այդքան խոսվում է «Եհովայի վկաների» անհամրելի հարստությունների մասին: Դե, պայքարե՛ք կոռուպցիայի դեմ: Ինչպես ասում են՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Միթե՞ չենք հասկանում, որ առջևում անդունդ է, հեռանկարի բացակայությունը կործանում է ազգը: Մինչդեռ «Ազգային Միաբանությունը» դեռևս 2 ու կես տարի առաջ է հանրության դատին ներկայացրել իր Հակաճգնաժամային ծրագիրը, որտեղ կետ առ կետ տրված են երկրի հեռանկարներն ու դրանց հասնելու ուղիները: Կուսակցության ընդերքում է ստեղծվել Ազգային անվտանգության հայեցակարգը, ուր լրջորեն ներկայացված ու վերլուծված են այն բոլոր մարտահրավերներն ու արգելքները, որոնք խանգարում են մեր ազգի ու պետականության գոյությանն ու զարգացմանը, նշված են դրանց հաղթահարման ուղիները: Հայեցակարգ, որ մինչև հիմա չունի մեր պետությունը և որի ստեղծման վրա, իբր թե, աշխատում են տասնյակ ու հարյուրավոր ձրիակերներ, իսկ ո՞ւր է արդյունքը: Բայց եկեք չծանրանանք իրենց արդեն իսկ լիովին սպառած իրողությունների վրա:

Մենք առաջ ենք քաշել Հայրենասիրության դոկտրինան, որն ենթադրում է Հայաստանի բոլոր շրջանների և հատկապես սահմանամերձ բնակավայրերի ակտիվ բնակեցում և ժողովրդի արմատավորում: Հայրենիքն ու պետությունն իր ներսում ապրող մարդկանցով է հզոր, որոնք այնտեղ տուն են կառուցել, ծառ տնկել և զավակ ունեցել:

Էլ չեմ խոսում կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի ավելի քան բեղմնավոր գործունեության մասին եվրոպական ատյաններում, որտեղ նա բոլորովին վերջերս քաղաքագիտական ու բարոյագիտական դաս տվեց ինչպես մեր հակառակերդներին, այնպես էլ լսելի դարձրեց եվրապատգամավորների համար մեր դիրքորոշումներն ու հստակ կեցվածքը միջազգային ահաբեկչության դեմ: Նա առաջինն էր, որ Եվրախորհրդի առջև բարձրացրեց քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությունը, քանզի դա է միակ ճանապարհը միջազգային հարաբերություններում էսկալացիայի հաջորդ, ավելի սպառնալից շրջապտույտից խուսափելու համար: Մինչդեռ մենք գտնվում ենք քաղաքակրթությունների հնարավոր բախման հենց կիզակետում և թե ինչ աղետալի հետևանքներ կարող է դա մեզ բերել, չի կարելի անգամ պատկերացնել: Իսկ մեր իշխանությունները զբաղված են միկրոինտրիգներով ու «ժամանակ չունեն» այսպիսի մանր հարցերի մասին մտածելու...

Ուզում եմ հատուկ ընդգծել. «Ազգային Միաբանությունը» հստակ գիտակցում է իր առաքելությունը, իր պարտքը՝ պաշտպանելու ազգային շահը և ստանձնելու պատասխանատվությունը: «Ազգային Միաբանությունը» ներկայացրել է ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարելավված տարբերակներ: Ո՞ւր է քաղաքական բանավեճը, կարծիքների բախումը, որից սկիզբ է առնում ճշմարտությունը: Քար լռություն: Միայն ինտրիգներ, վարկաբեկում և կոմպրոմատներ, ձևական կոչեր ընդդիմությանը՝ խորհրդարան վերադառնալու: Այս պառլամենտը, որն իրեն սպառել էր դեռ ստեղծման պահից, երբեք չի կարող ադեկվատ պատասխանել այսօրվա մարտահրավերներին, այն ձևավորվել է սոսկ յուրայիններին պաշտոններ ու «մարշրուտնու» գծեր բաժանելու համար:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր կա այն կուսակցությունը, որն իր մտավոր, ինտելեկտուալ, կազմակերպչական կարողություններով, իր հզոր ներուժով ու բազմահազար համակիրներով ի զորու է ստանձնել հայրենի երկրի իշխանությունը և գործել միմիայն ազգային շահի առաջնայնությունից ելնելով: Մենք քաջ գիտակցում ենք ազգային շահը: Վերջինս էլ հենց այն հրամայականն է, որը մեզ առաջնորդում է, առաջնորդելու է միշտ և այդ շահից է բխում նախ և առաջ ազգային առողջ բոլոր ուժերի միաբանությունը: Ուզում եմ հատուկ ընդգծել. հասարակության առողջ ուժերի համախմբումն ու միաբանումն ի փառս զարգացման և մարտահրավերների դիմակայման՝ ահա առաջընթացի ելքն ու ուղին: Եվ հակառակը. հասարակությանն ու ժողովրդին պառակտելը Հայրենիքի դավաճանություն է: