ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

խոսքը

Թերևս ամենադժվար ելույթն է, որ պետք է ունենամ, որովհետև խիստ անսովոր լսարան է: Սովորաբար լինում է հակառակ պատկերը, այն է` դահլիճում գերիշխողը տղամարդիկ են և, ցավոք սրտի, սակավ թվով կանայք: Անգամ այդ պայմաններում սակավ թվով կանայք, ասես, ստիպում և պարտավորեցնում են, որ զգոն լինես, զգույշ լինես այն արտահայտությունների մեջ, որոնք գալիս են մտքիդ, լեզվիդ, բայց, ավա՜ղ, խեղդում և ճնշում ես: Հիմա պատկերացրեք իմ վիճակը, այն էլ այն խոսքերից հետո, այն ճշմարտացի քննադատությունից հետո, այն մտահոգություններից հետո, որոնք բոլորս Ձեզ հետ այսօր ունկնդրեցինք: Բնականաբար, մտածում էի՝ ինչպես կառուցեմ ելույթս, հիշե՞մ համաշխարհային քաղաքակրթության անվանի կանանց՝ սկսած Հին կտակարանից, Հուդիթին հիշե՞մ, որ կարողացավ անձնազոհության ճանապարհով փրկել իր ազգին՝ հրեաներին, գլխատելով իր սիրած էակին՝ Օլոֆերնին՝ Ասորեստանի Նավուխոդոնոսոր արքայի անվանի զորապետին, միգուցե Կլեոպատրային հիշե՞մ, որն իր աննման գեղեցկությամբ ու խելքով գերեց Հուլիոս Կեսարին, որի շնորհիվ էլ դաժանորեն պատժեց իր բոլոր հակառակորդներին և միանձյա գերիշխանություն հաստատեց Եգիպտոսում: Իսկ միգուցե հիշե՞նք պաշարված Կարթագենի կանանց սխրանքը, որոնց հռոմեացիները մեծահոգաբար հորդորել էին այրվող քաղաքից դուրս բերել իրենց ամենաթանկ էակներին, և զարմանքով տեսան, որ պաշարվող և այրվող Կարթագենի դարպասներից կանայք կքված՝ իրենց մեջքերի վրա դուրս էին բերում ոչ թե սեփական երեխաներին, այլ վիրավոր զինվորներին: Թե հիշե՞մ մեր դյուցազնավեպի հերոսուհիներին՝ Ծովինարին, Խանդութին: Եվ ի՞նչ զուգահեռներ տանեմ այսօրվա մեր կյանքի, այսօրվա մեր իրողությունների հետ: Ակամայից մտաբերեցի այն հանդիպումները, որոնք ունեցել եմ իմ գործընկերների հետ Հայաստանի ամենատարբեր մարզերում: Առավել տպավորվել էր Վարդանի Ձոր գյուղում ունեցածս հանդիպումը: Մեղրու շրջանում, լեռնային հատվածում անտառների մեջ կորած մի գյուղ էր: Հանդիպմանը, ասես, ամենաուշադիրը տարեց մի կին էր, որ արցունքն աչքերին ունկնդրում, գրեթե որսում էր իմ ամեն մի խոսքը: Այդ պահին ինձ համար հասկանալի չէր, թե ի՞նչն էր այս կլանվածության պատճառը: Հանդիպումից հետո ասաց՝ տղա ջան, անպայման պետք է գնանք մեր տուն: Պատասխանեցի՝ սիրով, բայց ի՞նչն է խնդիրը: Հոգոց քաշեց՝ ազատամարտիկ է որդիս, ամուսինս էլ է ազատամարտիկ եղել, նա զոհվել է, իսկ որդիս անկողնային հիվանդ է՝ ողնաշարի հատվածում փամփուշտ կա, գամված է անկողնուն: Ասացի՝ շատ լավ, սիրով: Ընկերներիս հետ հուզված մտանք տուն: Հայկական չքավոր մտավորականի տուն էր. կիսակոտրված պահարան՝ գրքերով լեցուն, անկողնուն գամված երիտասարդ: Կինն ընդամենը մի բան խնդրեց, հորդորեց՝ որդուս ասա, որ դու կառավարության ներկայացուցիչ ես, իշխանությունների ներկայացուցիչ ես և հատուկ եկել ես գյուղ, որ տեսնես իրեն, որովհետև տաս տարուց ավել է գամված է անկողնուն և անուշադրության մատնված: Բացարձակապես ոչ մի իշխանավոր չի հետաքրքրվել նրա կյանքով ու առօրյայով, անգամ սալյակ չունի: Ասացի՝ ախր, մայրիկ ջան, ես ճիշտ հակառակը՝ ընդդիմադիր եմ, ինչպե՞ս խոսեմ: Պատասխանեց՝ դու դրանով կփրկես կամ կերկարաձգես նրա կյանքը: Գնացինք, ներկայացանք, իբրև կառավարության անդամներ. տղան անկողնու մեջ նստեց, մայրը՝ հուզվեց: Ակամայից գրականությունից հիշեցի Օ’Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: Երբ թոքերի բորբոքումով մահամերձ աղջնակը հույսը դրել էր պատուհանից երևացող ծառի վրայի եղած տերևների վրա և ինքն իրեն ներշնչել էր, որ երբ ծառի վրայի վերջին տերևն ընկնի, այդ ժամանակ իր կյանքի թելը կկտրվի: Եվ այդ վերջին տերևը, ինչքան էլ փոթորիկ ու քամի է լինում, այդպես էլ չի ընկնում: Երեխան ապաքինվում է: Երբ ապաքինվում է, մայրն ասում է, իսկ դու, բալաս, ուշադրություն չդարձրեցիր, որ անգամ այդ ահեղ քամիների դեպքում էլ տերևը նույնիսկ չշարժվեց: Աղջնակը զարմացած հայացքը հառեց մորը: Մայրն էլ պատասխանեց, թե դա հռչակավոր գեղանկարիչ Գերմանի վերջին աշխատանքն էր, նա էր ուշ գիշերով, երբ քամին գցել էր վերջին տերևը, այն նկարել: Աղջնակը փրկվեց, իսկ գիշերով քամուն, անձրևին ու ցրտին այդ տերևը նկարելով, ինքը՝ նկարիչը, հիվանդացավ և թոքաբորբից մահացավ՝ սեփական կյանքի գնով փրկելով աղջնակին: Սա է զուգահեռը. ազատամարտիկի մայրն ասում է՝ եկեք, թեկուզ խաբեության գնով փրկեք որդուս կյանքը, որ նա ապրի, փոխարենը թող ես մահանամ, որ ստով եմ կյանքը փրկում: Ահա, այսպիսին է հայ կնոջ պատկերը:

Մեկ ուրիշ դրվագ, որը նույնպես մխրճվել է սրտիս մեջ և արյունը մինչ օրս էլ ծորում է: Այսօր էլ, երբ տեսնում եմ կանանց թշվառ վիճակը, ասես, աչքիս առաջ են գալիս նրանց հոգու վեհությունը բնութագրող դրվագները: Բյուրականից գալիս էինք, կանայք սև հագուստով մեքենայի ճանապարհը կտրեցին: Ճանապարհը կտրեցին, անշուշտ, իջանք՝ հարցնելով, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել: Ստիպեցին, որ անպայման գնանք իրենց տուն: Ասացինք՝ ախր, դատարկ ձեռքով առաջին անգամ օջախ ո՞նց մտնենք: Պատասխանեցին՝ ոչինչ, մտեք: Մտանք օջախը՝ տունը գրեթե դատարկ էր, մահճակալ էր, պատին զոհված ազատամարտիկի պատկեր, կիսակոտրված աթոռներ, սեղան: Հարցրեցինք՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել: Պատասխանեցին՝ մի կես ժամ առաջ այստեղ էին դատական հարկադիր կատարածուները, եկել էին գույքագրեին տան եղած-չեղածը, որ չմուծված ջրի վարձի դիմաց օտարեին այն: Հարկադիր կատարածուները 14.000 պարտքի դիմաց բարեխղճորեն եկել են զոհված ազատամարտիկի մոր տան եղած-չեղածը տանելու: Երիտասարդ այրին պատասխանել էր՝ ինչ տանում եք տարեք, միայն թե ամուսնուս նկարը չտանեք, որովհետև տանս ամենաթանկը դա է: Կատարածուները խիղճ են ունեցել, լացել են, ասել են՝ հարամ լինի էն հացը, որ մենք ուտում ենք: Միամիտս կարծեցի, որ այդ հարկադիր կատարածուների ազգանունները պետք է տար, որ ես հետագայում ամբիոնից նրանց ուղարկողներին անարգանքի սյունին գամեմ: Բայց, ոչ, տանտիրուհին ասաց, որ հերվան կովը ծնել է, կաթը յուղալի է, Դուք էլ ճամփի վրա եք, ուզում եմ թան խմեք նոր գնաք: Էս է հայ կինը:

Եվ ակամայից մտածեցի. իսկ որտեղից է իր հոգևոր սնունդը ստանում հայ կինը, ակունքները որտե՞ղ են: Բնականաբար, ակունքները մեր դյուցազնավեպում են, «Սասունցի Դավթում» են: Բոլորս հիշում ենք, թե ինչպես Խանդութը պահեց իրեն՝ հեռակա սիրահարված լինելով Դավթին: Երբ Դավիթը երկու-երեք օր ռազմի դաշտից չի վերադառնում, Խանդութի սիրտը տագնապով է լցվում, չլինի՞ թե վիրավորել կամ սպանել են Դավթին: Գնում է Դավթի հետևից, որ դին կարողանա թշնամուց վերցնել, բերել հողին հանձնել և լալ: Ճանապարհին տեսնում է, որ Դավթի ձիու վրա դյուցազուն է գալիս: Հեծյալի դեմքը կարմիր լաթով ծածկված է լինում և ձայնն էլ, թվում է, թե ուրիշ է: Հարցնում է, ո՞ւր ես գնում: Գնում եմ Դավթին տեսնեմ: Ասում է՝ Դավթին ես սպանել եմ, և խուրջինի մեջ էլ նրա գլուխն է: Խանդութն ըմբոստանում է, գոտկակռվի է բռնվում հետը: Երբ Դավիթը ծնկի է բերում Խանդութին, վերջինս հարկադրված ասում է, որ ինքը կին է: Այդ ժամանակ էլ հեծյալը ծիծաղում է, Խանդութն էլ հասկանում է, որ նա Դավիթն է: Այնուհետև նրանք ամուսնանում են: Սիրահարված կինը գնում է դեռ իր ամուսին չդառած ընտրյալի հետևից, մարտի դաշտից դին բերելու: Արդյոք նույնը չէի՞ն անում մեր քույրերը Արցախի ազատամարտի ժամանակ, երբ, ինչպես պատմում էր Արցախի հերոս Սամվել Բաբայանը, մնում էինք զարմացած բուժքույրերի սխրանքից՝ ծանր վիրավոր ազատամարտիկներին ռազմի դաշտում պայթող ռումբերից պաշտպանում էին իրենց մարմնով: Բա մեր կանանց այս օրը պետք է գցեին, բա չգիտակցեի՞ն, չհասկանայի՞ն՝ ով է հայ կինը, բա չհասկանայի՞ն, ով է Ծովինարը, որը հարկադրված էր մի ամբողջ երկիր փրկելու համար գնալ Բաղդատի խալիֆայի կինը դառնալ. Ծովինարը, հղիանալով բուռուկես ջրից, այդպես էլ չտրվեց խալիֆային: Բա հիմա Ծովինարի պատկերը հիշենք, թե այսօրվա վայ իշխանավորների պատկերը, որոնց ղեկավարած երկրից փախչում են մեր կանայք նույն այդ խալիֆաների մոտ, Թուրքիա: Իսկ ինչո՞ւ է այդպես: Այսօրվա իշխանավորները չգիտեն մեր հողուջրի, մեր ժողովրդի պատմությունը: Անտեղյակ են հայ մարդու կերպարից, եթե տեղյակ լինեին՝ միթե՞ կթողնեին, որ այս վիճակում հայտնվեր հայ կինը: Միթե՞ կարելի կլիներ անգամ իսկ կանանց տոնը նշելու համար զրկել «Ազգային Միաբանություն կուսակցությանը» ավելի մեծ դահլիճում հանդիպում ունենալու հնարավորությունից: Կարելի է նորանոր պատմություններ հիշել հայ կնոջ անվեհերության, տոկունության դրսևորումների մասին, բայց, թերևս, ամենաճիշտը կլինի այն, որ մենք այսօր՝ սակավաթիվ տղամարդիկ, կարողանանք խոստովանել, որ մենք անասելի պարտք ունենք տալու մեր քույրերին, մեր մայրերին, մեր կանանց, մեր դուստրերին: Եվ այդ պարտքը մենք պետք է, այո, երդվենք, որ անպայման փոխհատուցելու ենք Ձեզ՝ Ձեր տանջանքների, տառապանքների համար, որ Դուք կրեցիք 1991-95 թթ., երբ ցուրտ ու մութ տարիներին ոչ միայն Ձեր ամուսիններին, Ձեր որդիներին էիք սիրտ տալիս, այլ նաև Ձեր ողջ կեցվածքով ստիպում, պարտադրում էիք, որ մենք էլ մեզ հպարտ զգանք, իմանալով, որ յուրաքանչյուրիս տանը Խանդութ կա, ամենքիս տանը Փառանձեմ կա, որն անգամ իսկ կյանքի գնով կարողացավ իր որդուն` Պապին փրկել, ուղարկել Հռոմ՝ ուսում ստանալու, Հայաստանի թագավոր կարգվելու: Էլ չենք խոսում, թե որքան բարձր պահեց նա իր ամուսնու՝ Արշակ թագավորի պատիվը: Ուրեմն, երիցս փառք հայ կնոջը: (Բուռն ծափահարություններ):

Որ չստացվի՝ խոսք էր ասացի, պետք է երդվենք: Ուզում եմ պատմությունս շարունակած լինեմ: Նույն մեր դյուցազնավեպի հերոսը՝ Սասունցի Դավիթը, երդմնազանց եղավ՝ Չմշկիկ սուլթանին խոստանալով վերադառնալ 7 օրից, բայց չկատարեց իր խոստումը, 7 տարի ուշացավ: Եվ երբ վերադառնում էր, սպանվեց թունավոր նետից, որն արձակել էր մի չքնաղ աղջնակ: Չմշկիկ սուլթանի աղջիկն էր նա, որը Դավթից էր: Դավիթն ասաց, որ իմ սերմն ինձ սպանեց: Ուրեմն, եթե այստեղ գտնվող տղամարդիկ, նրանց ընկերները չկարողանան կնոջը` հայ կնոջն այս վիճակից հանել, չկարողանան լուսավոր տաճարի ճանապարհ բացել, ուրեմն, թող Դավթի նման երդմնազանց համարվեն ու թող մեր սերմն էլ մեզ սպանի:

Սիրելի՛ կանայք, ախր, ինչքան ուզում եմ չլրջացնել, չի ստացվում, որովհետև երբ գիտես իրական վիճակը, չես կարող ուրախ պատմություններ պատմել, ուրախ դեպքեր մտաբերել: Թող միակ ոգևորիչն իմ խոսքում լինի այն, որ այսօր էլ Ձեր այստեղ գալը, համակ լռությամբ Ձեր գործընկերուհիներին լսելն ամենամեծ գրավականն է այն բանի, որ հայ կինը եղել է, կա ու հավերժ ապրելու է իր բնօրրանում` Հայաստանի Հանրապետությունում: (Որոտընդոստ ծափահարություններ):