ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

21.05.2006թ.

Սիրելի ժողովուրդ, արդեն տասը օր է, ինչ Հայաստանը ականատեսն է պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի տրագիկոմեդիային: Այն է` Ազգային ժողովի իբր ճգնաժամին: Ի՞նչ խնդիրներ կան մեջտեղում: Պաշտոնապես հայտարարում եմ` պարոն Արթուր Բաղդասարյան, տղամարդավարի կանգնեք ու ասեք, որ սեփականաշնորհման քողի ներքո 2001-2003 թթ. հանցավոր ալան-թալանը տեղի չէր ունենա, եթե պարոն Քոչարյանը ինքն անձամբ չհովանավորեր այդ պրոցեսը, որովհետև կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում միայն նրա ստորագրությունից հետո: Տղամարդավարի կանգնեք և ասեք, որ 2003 թ. նախագահական ընտրությունները կեղծվեցին պաշտպանության նախարար, նույն ինքը` Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի անմիջական ղեկավարության ներքո: Տղամարդկայնորեն կանգնեք, ասեք, որ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեն կեղծվեց ճիշտ այդ նույն մարդկանց կողմից, ինչպես նաև կոալիցիայի մասնակցությամբ: Եվ, վերջապես, կանգնեք ձեր իսկ թասիբին: Բացարձակապես և ոչ մի հրաժարական մի տվեք: Տեսնենք` ո՞վ կհամարձակվի այդ պարագայում ձեզ պաշտոնից հանել, քաղաքական ո՞ր ուժը:

Սիրելի ժողովուրդ, իշխանությունները հերթական անգամ հեռու գնացող խաղ են խաղում: Տապալել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացը, երկրի ներսում արհեստականորեն ճգնաժամ են ստեղծում, որ ժամանակ շահեն, որ խուսափեն պատասխանատվությունից: Հանկարծ չխաբվեք, սիրելի ժողովուրդ:

Եվ եթե իրապես ուզում եք իմանալ` նորաստեղծ ո՞ր կուսակցությունը կամ քաղաքական ուժն է դիմադիր, թե ընդդիմադիր, ընդամենը մեկ հարց տվեք նրանց. ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին, երկուսին իրար հետ, որովհետև նրանք նույն մարդն են: Եթե սկսեն ծամածռություններ անել, լոլոներ կարդալ, հեքիաթներ պատմել, իմացեք` նրանց դրածոներն են: Եթե կանգնեցին ու տղամարդավարի ասացին, որ հայաստանյան ողբերգական այս վիճակը պայմանավորված է այդ երկուսի գործունեությամբ և հիմնավոր փաստարկներով էլ ապացուցեցին ասածները, նոր եզրակացրեք,որ նրանք, իրոք, ընդիմադիր են:

Պարոն Քոչարյան, դուք Մեյերհոլդը չեք, խոստովանեք, թատերական այս բեմականացումը ձեզ մոտ չստացվեց: