Կորյուն Առաքելյանի ելույթը

Ազգային Ժողովի եռօրյան նիստերի հայտարարությունների ժամանակ

24.05.2005թ.

Փորձենք միասին հասկանալ, թե ինչ է կատարվում մեզանում: Երկրի տնտեսությունը, բառիս բուն իմաստով, կրախ է ապրում, սակայն իշխանություններն ու նրանց լրատվամիջոցներն ամպագոռգոռ հայտարարում են երկանիշ տնտեսական աճի մասին: Ժողովուրդը սովի է մատնված, կիլոմետրերով խաշլամահոտ ճոխ սեղաններ են բացում, իսկ կառավարության Աղքատության հաղթահարման ծրագրի վրա արդեն փոշի է նստած: Արցախի հիմնահարցը ձախողել են, տարածաշրջանում մեր ամենազոր բանակի լեգենդն են պտտեցնում: Թմբկահարում են, իբր, պայքարում են կոռուպցիայի դեմ, նույնիսկ կառույցներ են ստեղծել և այս ամենը նորից թաղում են կոռուպցիայի մեջ: Միայն դոլարի ու դրամի կուրսի վայրիվերումներից ավելի քան 200 միլիոն դոլար գրպանեցին ժողովրդից: Որպես մեղավոր մի քանի սլաքավարներ հայտնաբերեցին, փակեցին նրանց չենջերը և վերջ: Գործը հասել է այնտեղ, որ հուսահատությունից հարյուրավոր մարդիկ ինքնասպան են լինում և, որքան էլ ցավալի է, մեծ թվով նաև անչափահասներ: Սա է մեր իշխանությունների իրական դեմքը, սրանք են նրանց իշխանավարման պտուղները: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան դուետը վաղուց անելիք չունի Հայաստանում: Նրանց իշխանությունը հիշեցնում է Անդերսենի թագավորին, որը մերկ է, բոլորը տեսնում են, սակայն չտեսնելու են տալիս: Հիմա էլ նոր գործընթաց է սկսվել: Վարչակազմը, կոալիցիան Եվրոպային են փորձում գցել մոլորության մեջ` ձև անելով, թե իրականացնում են ժողովրդավարական բարեփոխումներ: Տասներեք պատգամավորով հապշտապ քննարկեցին Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և այլ նախագծեր: Հեռուստաեթերներ կազմակերպեցին, թմբկահարեցին գործ է արվում: Իսկ ի՞նչ է` այդ աստիճան միամիտի տեղ եք դրել մեր ժողովրդին և փորձում եք հավատացնել, որ Ռոբերտ Քոչարյանի պատվերով գրված «Սահմանադրական», «Ընտրական օրենսգրքի», «Երթեր, ցույցեր, ժողովներ, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքների կոսմետիկ փոփոխությունները Հայաստանում կհաստատեն ժողովրդավարություն, ազատ, արդար ընտրություններ: Մանավանդ, որ դրանց նախաձեռնողներ են դարձել մարդիկ, որոնց թեթև ձեռքով խայտառակ ձևով կեղծվեցին նախագահական, Ազգային ժողովի ընտրությունները, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կազմակերպեցին անզեն ժողովրդի ծեծուջարդը: Դուք էլ չեք հավատում, պարոնայք, այս ամենին, սակայն ձև եք անում, թե հավատում եք և անթաքույց նախապատրաստվում եք արտահերթ ընտրությունների: Իսկ ժողովուրդին ի՞նչ են տալիս այս աչքակապությունները. միայն հիասթափություն, միայն ատելություն և ցանկություն` օր առաջ քշել այս ապիկար իշխանություններին: Հիմա էլ ձև եք անում, թե ընդդիմության դարդն եք անում:

Սիրելի ժողովուրդ, «Ազգային Միաբանությունը» այսօր ավելի ուժեղ է, քան երբեք: Իշխանությունները գիտակցում և սարսափում են դրանից: Մենք ունենք և կամք, և վճռականություն, և փորձ և խարիզմատիկ առաջնորդ: Արտաշես Գեղամյանի հեռուստաելույթների վրա արգելք դնելը, պարոնայք, ձեզ չի փրկի: Ինչ վերաբերվում է ժողովրդի ծով համբերությանը, ապա մի մոռացեք, որ ժողովուրդն ունի նաև ծովի ուժ ու ցասում, որի դեմն արդեն իսկ առնել չեք կարող` կսրբի, կտանի: Օգտագործեք ձեր վերջին շանսը, ինքնակամ հեռացեք: