Ալեքսան Կարապետյանի ելույթը

Ազգային Ժողովի եռօրյան նիստերի հայտարարությունների ժամանակ

24.05.2005թ.

Պարարվեստի մեծ գիտակ Ռ.Քոչարյանը քաջատեղյակ է լավ պարելու նախապայմանին, ուստի վստահ ենք, որ մինչև շուրջպարի հայտարարված օրը կվերացվեն պարողներին խանգարող հիմնական հանգամանքները: Իսկ փաստն այն է, որ նա` ձեր նախագահը, իրեն սատարողների հետ, արդեն ութ տարի է այդ «Գյովնդին» պարում է «մի քայլ առաջ, մի քայլ ետ»` դոփելով տեղում, թոզ է փչում ժողովրդի և արտասահմանյան երկրների աչքերին:

Հիմա էլ տղերքն ասում են միասնություն պարի ենք բռնվելու: Բայց ինչպե՞ս կարող է միասնություն և համերաշխություն լինել` կրիմինալ օլիգարխների ու հալածված, թալանված, վիրավորված և արհամարհված ժողովրդի միջև: Ես շատ կուզենայի հասկանալ շուրջպարի մասնակից այն մարդկանց հոգեբանությունը ում հարևան-բարեկամին ծեծուջարդի ենթարկեցին ապրիլի 5-ին և 12-ին: Ես շատ կուզենայի, տարրական իրավուքներից զրկված, շուրջպարի բռնված այն քաղաքացիների մտքերը կարդալ, ում իրավունքները չինովնիկները և շուրջպարի մի շարք կազմակերպիչներ ամեն քայլափոխի ոտնահարում ու արհամարհում են: Ի՞նչ գիտակցությամբ եք դուք մասնակցելու այդ շուրջպարին: Եթե չսթափվեք, չսպանեք ձեր մեջ արթնացող ստրկամտությունը, ապա այսպիսի հոգեբանությամբ առաջնորդվող ժողովուրդը 21-րդ դարում պետականության կորուստ է արձանագրելու, որովհետև այդ տոհմային և համայնքային մտածողությամբ 21-րդ դարը շեմ չունի նման ժողովրդի համար: Ժողովրդավարության ու քաղաքակրթության փոխարեն մեզ տարբեր «հայրենակցականների» անվան տակ մղում են դեպի քարանձավներն ու միջնադար: Այ սա է խնդիրը: Խնդիրը շուրջպարի մեջ չէ: Հոկտեմբերի 27-ին նույն Նաիրին իր «մաուզերով» պարեցրեց Ազգային ժողովը: Նա ստիպեց, որ պատգամավորները և կառավարությունը «Գյովնդի» պարեն` պառկեին, նստեին, պառկեին, կանգնեին: Հիմա էլ դուք, տապալված իշխանավորներ և պնակալեզներ, ստիպում եք, որ պարեն ձեր դուդուկի տակ 160 հազար մարդ: Լավ ուտելուց հետո Ձեզ պետք են տեսարաններ: Չէ որ նույն Ներոնը հրդեհեց Հռոմը, որ մուսան գա տեղը: Սրանք էլ են մուսա ուզում, ավելի շատ լափելու, կողոպտելու և ժողովրդին ճնշելու համար: Շուրջպարին մասնակից դարձնելով էլ` հանցագործ կլաններին երաշխիքներ են տալիս, որ ձեր պարով, ձեր իսկ կատարած հանցանքները կմոռացվեն: Իզուր տեղը չի, որ այս հեթանոսական միջոցառման բոլոր ֆինանսավորողները` հազարապետներն ու որոշակի իքսապետերը, հիմնականում օլիգարխներ են, ապրիլի 5-ի և 12-ի «հերոսները»:

Չի կարելի մի ամբողջ ազգի թմրամոլացնել «աբորիգեն շամանների» նման շուրջպարերով` նրանք խարույկների, իսկ մերոնք սարերի շուրջը: Ի՞նչ առիթով, ո՞ր ուրախության, ո՞ր հաջողության համար ենք պարում: Ղարաբաղի հա՞րցն է ազգանպաստ լուծվել, ցեղասպանությո՞ւնն են թուրքերը ճանաչել, շրջափակո՞ւմն է վերացել, արտագա՞ղթն է կասեցվել, թե՞ մեր գիտնականները, մշակույթի գործիչները, մանկավարժները և թոշակառուները, մեղա քեզ տեր աստված, սկսել են կուշտ փորով հաց ուտել: Միթե՞ համազգային խելագարություն չէ ձեր այս նախաձեռնությունը: Ավետիք Իսահակյանը զգուշացնում էր. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ…»: