ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

17.02.2006թ.

Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ օմբուդսմենի ընտրության հարցի քննարկմանը մոտենալ փոքր-ինչ այլ տեսանկյունից: Այսօր Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, երբ պաշտպանված չէ անգամ Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնողը: Եթե պաշտպանված չէ երկրի ի պաշտոնե առաջին դեմքը, ապա սովորական քաղաքացիների ի՞նչ պաշտպանվածության մասին կարելի է խոսել. իհարկե, ոչ մի:

Հիմնավորեմ ասածս, թե ինչո՞ւ է անպաշտպան Ռոբերտ Քոչարյանը: Նա պաշտպանված չէ այն պարզ պատճառով, որովհետև նրան պարզապես ստիպում են անօրինականություններ, օրինացանզություններ անել: Թերևս առաջին տպավորությունն այդպիսին է: Կարծում եմ, որ պարոն Քոչարյանին ստիպեցին, պարտադրեցին և շատ ծանր կացության մեջ դրեցին, պարզապես ապակողմնորոշեցին, երբ նա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ բաց քվեարկեց: Միթե՞ կարելի էր այդ աստիճան ստոր վարվել երկրի Նախագահի պաշտոնում հայտնված մարդու հետ: Միթե՞ չէր կարելի նրան հուշել, որ դեռևս 2001 թ. մարտ ամսին Վարշավայում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և Մարդու իրավունքների բյուրոյի կողմից հատուկ որոշում է ընդունվել, ուր «Քվեարկության կարգը» 12-րդ պարագրաֆում, ուղղակիորեն նշված է. «Գաղտնի քվեարկությունը ընտրողի համար հանդիսանում է ոչ միայն իրավունք, այլև նրա բացարձակ պարտականությունն է»: Լավ, սուֆլյորները այդ չէին կարդացել, հասկացանք, ԵԱՀԿ-ի հանդեպ սեր չունեին, բա լավ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությունները կարդային գոնե: Չէ, որ վերջերս Վենետիկի հանձնաժողովի ասածները հլու-հնազանդ ընդունում եք իբրև սրբի, մարգարեի խոսք: Ճիշտ այդ նույն Վենետիկի հանձնաժողովի մշակած և Եվրախորհրդի կողմից 2002 թ. հոկտեմբերի 30-ին վավերացված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք» ձեռնարկի 4-րդ կետի «ա» ենթակետում սևը սպիտակի վրա գրված է. «Քվեարկողի համար քվեարկման գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն…»: Միթե՞ սեփական անիրազեկության պատճառով կարե՞լի էր այդքան հարվածել այդ մարդուն և աշխարհով մեկ խայտառակ անել:

Ավելին, Քոչարյանն իր անպաշտպան լինելը ի հայտ բերեց նաև «Ազգային Միաբանություն կուսակցության» պարագայում, երբ, խախտելով «Ընտրական օրենսգրքի» 35,36,38-րդ հոդվածների պահանջները, դեկտեմբերի 5-ից այդպես էլ հրաժարվում և մինչև օրս չի հրամանագրում «Ազգային Միաբանություն կուսակցության» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին: Լավ չի գիտակցում, որ դրանով իսկ արդեն փորձ է կատարվում բացել ճանապարհ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքների համար: Կամ էլ պրն Քոչարյանի մտքով չի՞ անցնում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չունենալով լիազոր ներկայացուցիչը խոչընդոտվում է «Ազգային Միաբանություն կուսակցության» տարածքային, տեղամասային հանձնաժողովների բնականոն աշխատանքը: Առավել ևս, որ այս օրերին սկսված է հանձնաժողովների անդամների ուսման գործընթացը: Իսկ եթե մտքով անցել է և չի հրամանագրում, ապա նենգության ավելի համոզիչ օրինակ դժվար է պատկերացնել: Եվ այս ամենի գիտակցումով դիմում եմ ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Էվանսին. ամերիկացի հարկատուների 7 միլիոն դոլարը, որ ամերիկյան կառավարությունը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում 2007-2008 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններն ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ անցկացնելու համար, այս իշխանավորները քամուն են տալու, որովհետև ընտրակեղծիքների համար պարարտ հող է ստեղծվում հենց այս օրերին, հենց այս ժամանակ, այն էլ` բացահայտ:

Կամ էլ` ինչպե՞ս կարելի էր ապակողմնորոշել պարոն Քոչարյանին, որ Ռամբուեից շնչակտուր գալով (գիտակցելով սեփական անձի հույժ կարևորությունը հայ-ադրբեջանական բանակցությունները տապալելու գործում) անհապաղ հավաքեց խորհրդարանական կոալիցիային և իր իսկ գովերգած փոփոխված Սահմանադրության 83-րդ հոդվածի կետ 1-ը հրապարակավ խախտեց, ուր ուղղակիորեն գրված և նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն Ազգային ժողովի մենաշնորհը և պարտավորությունն է: Բա որ ընդդիմությունն Ազգային ժողովի այս ամբիոնից ասում էր` այս իշխանությունների օրոք ի՞նչ տարբերություն հին Սահմանադրությունն է գործելու, թե փոփոխվածը, միևնույն է խախտելու են, հենց նաև նման դեպքերն ի նկատի ունեինք: Պարոն Քոչարյան` Ձեզ ո՞վ է իրավունք տվել Սահմանադրությունը խախտել: Միգուցե, կեղծիքներով ընդունված լինելու հանգամանքն է քաջալերում: Բա կոալիցիա. էլ ի՞նչ մնաց Ձեր կողմից թմբկահարվող Ազգային ժողովի դերի, դերակատարության բարձրացումից, ինքնուրույնությունից: Սահմանադրական փոփոխությունները գեշով-լավով, խախտումներով անամոթաբար անցկացրեցիք, դե գոնե հիմա տղամարդ եղեք ու մի ոտնահարեք դա: Սահմանադրական պահանջները ինչո՞ւ չեք կատարում, վախենո՞ւմ եք:

Պարոն Քոչարյանն անպաշտպան է նաև իր ապարատի կողմից: Տեսեք, վարկաբեկիչ ի՞նչ մեկնաբանություններ արեցին, երբ նա Ռամբուեից վերադարձավ: Հայ-ադրբեջանական ընդհատված բանակցություններին վերաբերող «Մեդիամաքսին» տված հայտնի հարցազրույցում տարան բերեցին ու ասացին. պարոն Քոչարյանը պարապ մարդ չէ, նա թանկ է գնահատում իր ժամանակը և բանակցությունների իմիտացիային չի մասնակցում: Մալադեց: Հալալա Ձեզ: Բա որ հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը կանգնեն ու հակադարձեն. էդ չհասկացանք` Ստիվեն Մանը, Բեռնար Ֆասյեն, Յուրի Մերզլյակովը կարող է պարա՞պ էին, որ այնտեղ մնացին: Թե՞ Ժակ Շիրակն էր պարապ: Բա որ դրանից հետո էլ «հանդգնեն» ու շարունակեն` էդ ձեր Քոչարյանի արած գործն ի՞նչ է, կարող է նրա զբաղմունքը Ծաղկաձորի Քաչալ սարից դահուկով վեր ու վար սլանալը չէ՞ կամ էլ «բուրան» քշելը չէ՞: Բա դրա տակից ո՞նց եք դուրս գալու:

Եվ այս պարագայում, գիտակցելով իր այդչափ անպաշտպան լինելը (հակառակ դեպքում միայն օրինազանց լինելու մասին են խոսում բերված փաստերը), արդեն իսկ թվում է թե հասկանալի է դառնում, ինչու է նա ամեն գնով ուզում, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր ներկայացուցիչը, իր մարդը լինի: Բայց ահա այստեղ է, որ ուզում եմ նրան հուշել. պրն Քոչարյան ամենևին էլ պարտադիր չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը լինի ձեր յուրայինը: Չէ՞ որ դուք անպաշտպան եք առաջին հերթին հենց ձեր շրջապատից, և այդ շրջապատից մեկը չի կարողանա պաշտպանել Ձեզ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պատահական չէ, որ «Ազգային Միաբանություն» խմբակցությունը որոշում է կայացրել ձայները տալ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Հրանտ Խաչատրյանին, որը հասարակական, պետական հայտնի գործիչ է: Ես առանձնահատուկ եմ սա շեշտում, որովհետև նրա համար բացարձակապես նշանակություն չի ունենալու, թե նա պաշտպանելու է դիմության, թե ընդդիմության շահերը: Մենք համոզված ենք, Հրանտ Խաչատրյանը պաշտպանելու է օրենքները, պաշտպանելու է Հայաստանի քաղաքացիներին անօրեն իշխանությունների կամայականություններից, պաշտպանելու է, ինչու չէ, նաև պարոն Քոչարյանին: Որովհետև նրան իր իսկ շրջապատը այսօրվա դրությամբ հանրությանը ներկայանալի է դարձնում իբրև անտեղյակ մի մարդու, էլ չենք ասում` որպես օրինազանցի: