ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

հայտարարությունը Ազգային ժողովում

28.02.2006թ.

Հանրահայտ զվարճասեր բարոն Մյունհաուզենյան ախտանիշը քաղաքականության, հատկապես պետական կառավարման մեջ, երկրի համար միշտ էլ հղի է անկանխանտեսելի հետևանքներով: Հիշենք նաև Եզոպոսին, որն ասում էր. «Անհագուրդ փառասիրությունն ու ինքնահավանությունը մթագնում են մարդու ուղեղը, և նա չի նկատում սպառնացող վտանգները», վտանգներ, որոնց մասին մեկ անգամ չէ զգուշացրել «Ազգային Միաբանություն կուսակցությունը» և նրա ղեկավար Արտաշես Գեղամյանը: Վտանգներ, որոնք դամոկլյան սրի պես ճոճում են մեր հանրապետության գլխին: Ինչ արժեք ունեն իշխանությունների և նրանց կամակատար լրատվամիջոցների ճամարտակությունները երկնիշ տնտեսական աճի մասին, երբ մարդկանց վիճակը գնալով էլ ավելի է վատթարանում: Հանրապետությունում մեկ շնչին ընկնող եկամուտը կրկնակի անգամ պակաս է սպառողական նվազագույն զամբյուղից: Հասարակությունը գնալով ծերանում է, 3 բնակչից մեկը կամ կենսաթոշակառու է կամ` նպաստառու, նույնն է, թե` քաղցած է: Գնալով պակասում է ծնունդը: Ամուսնալուծությունները 2005 թ. 99-ի նկատմամբ ավելացել են 14,8%-ով: Իսկ ազգաբնակչության բնական աճը նվազել է 9,5%-ով: Շատ տեղերում մահվան ցուցանիշը գերազանցում է ծնունդը: Այսպես շարունակվելու դեպքում 5-10 տարի հետո ինչպե՞ս ենք համալրելու մեր բանակը: Այս պայմաններում պարոնայք Ռ.Քոչարյան և Ս.Սարգսյան, ինչքան կարելի է թմբկահարել երկրի անվտանգության, տարածաշրջանի ամենահզոր բանակի առասպելը: 12 տարի է զինադադար է, և եթե ամեն տարի ճոխ ամառանոցների, հյուրանոցների ու կազինոների փոխարեն թեկուզ հիսուն բնակարան կառուցվեր, պատերազմի մասնակից 600 կարիքավոր ընտանիքներ գոնե բնակարան կունենային: Մի խթան, որն անհամատեղելի է մեդալներ բաժանելու հետ: Ինչ անվտանգության մասին է խոսքը, երբ ստրատեգիական կարևորագույն օբյեկտները չնչին գներով կամ վաճառել եք օտարին կամ բաժանել եք իրար մեջ: Հայտարարում եք, թե աղետի գոտին դարձրել եք զարգացման գոտի, երբ միայն Գյումրի քաղաքում 4000 ընտանիքներ մինչև օրս անօթևան են: Աչքակապությունը հասել է այնտեղ, որ առանձին պաշտոնյաներ հայտարարում են դրամի աննախադեպ արժևորման, գնաճի կանխման մասին, երբ վիճակը լրիվ հակառակն է: Պարոնայք իշխանավորներ, ինչպե՞ս է պատահում, որ հաղթանակած ու իբր զարգացող երկրից վերջին մարդահամարից հետո ավելի քան 600 հազար մարդ է արտագաղթել: Զարգացող երկրում իշխանավորների նկատմամբ միթե՞ մարդիկ ատելությամբ են լցվում կամ էլ փախչում երկրից:

Արտաքին մարտահրավերների այս ծանր պահին անգամ Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգը զբաղված է քաղաքական ուժերը իրար դեմ լարելով, պառակտելով թե քաղաքական ընտրանին, թե նրանց թիկունքում կանգնած ժողովրդին:

Պարզ է, թալանվածը, հանցագործություններն ու օրինազանցությունները ավելի դյուրին է կոծկել կազմալուծված, խոր հիասթափություն ապրող հասարակություն ունեցող երկրում:

Մեզ, սիրելի ժողովուրդ, այսօր առավել քան պետք է համախմբվել, գոտեպնդվել ու դրսևորել մեծ կամք այս ապօրինի իշխանություններից փրկելու համար մեր երկրի ապագան: Եվ մենք դա Ձեզ հետ միասին կանենք: