ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի նիստում

28.02.2006թ.

Սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել պարոններ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Ազգային ժողովի այսօրվա նիստում ընթացող այս հիանալի բեմականացման համար, որի սցենարի հեղինակները հենց իրենք են: Ուշագրավ է, որ թատերական արվեստում մինչ օրս չի բեմականացվել գեթ մեկ ներկայացում, երբ արտիստները դեր են կատարում` չիմանալով, թե ո՞րն է սցենարով նախատեսված իրենց իսկ բուն դերակատարությունը: Պարզեցնեմ միտքս: Ի՞նչ, պատահականություն էր, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրները` հիմքում ունենալով ատոմային էներգետիկայի զարգացումը, քննարկվում են հենց այս օրերին, երբ լրահոս եղավ, որ Ազգային անվտանգության հայեցակարգի առաջին տարբերակը ուղարկվելու է փորձագիտական քննության Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ռուսաստանի Դաշնություն: Նման պատահականություններ չեն լինում, որովհետև տրամաբանությունը գալիս է հուշելու, որ հայեցակարգի մասին եզրակացությունները կստացվեին, որից հետո միայն այդ հարցը կդրվեր Ազգային ժողովի քննարկմանը ու համապատասխան օրենքի ընդունմանը:

Վերլուծենք, իսկ որո՞նք են մեր առջև ծառացած հեռահար խնդիրներն ու նպատակները: Ատոմակայանի և միջուկային էներգետիկայի զարգացման հարցերը Հայաստանից բացի շատ և շատ հետաքրքրում ու հուզում են Թուրքիային, ինչու չէ Ադրբեջանին: Այս ամենին որոշակի և շատ լուրջ նշանակություն արդեն կտրվի Իրանի հայտնի դեպքերի առնչությամբ: Հիշեցման համար ասեմ նաև այն, որ նույն Բուշերի ատոմային էլեկտրակայանը, որը կառուցվում է Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ և շահագործվելու է Իրանում այս տարվա վերջին, մի պայմանով է աշխատելու, որ ինչպես պահանջել է ՄԱԳԱՏԵՆ, օգտագործված, կրկնում եմ, օգտագործված միջուկային վառելիքը հետ վերադարձվի մատակարարողին` Ռուսաստանին:

Ի դեպ, նշենք, որ ի սկզբանե Եվրամիությունը բացասական դիրքորոշում ուներ Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման գործում, անգամ իսկ լուրջ կասկածներ էր հայտնել մեր երկրում գործող ատոմակայանի հետագա շահագործման վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնությունն առկա խնդիրների շուրջ առայժմ հստակ կարծիք չի հայտնել, որովհետև դրա անհրաժեշտությունը չի տեսնում այն պարզ պատճառով, քանզի ատոմակայանը վստահելի կառավարման է հանձնված հենց իրեն, ավելին, Հրազդանի ՊՇԵԿ-ը և էներգետիկ այլ հզորությունների սեփականատերը նույն ինքը Ռուսաստանն է, էլ չասենք, որ դրանք աշխատում են ռուսական գազի և միջուկային վառելիքի օգտագործմամբ: Հեռանկարում ջերմաէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ այլընտրանքային վառելիքը լինելու է Իրանից ստացվող գազը:

Տարածաշրջանում տնտեսական խոշորածավալ ծրագրեր իրականացնելու պայմաններում, այն է` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթատարի և գազատարի անխափան շահագործման հրամայականից ելնելով, Ամերիկայի Միացյալ Նահանգները խիստ շահագրգռված են, որ Հարավային Կովկասում հաստատվի տևական, կայուն իրավիճակ: Այստեղ, ելույթ ունեցող հռետորներից Հրանտ Խաչատրյանը ճիշտ ասաց, որ տարաշրջանում ատոմային էլեկտրակայան ունենալը, փոքր ինչ է, որ զիջում է միջուկային զենք ունենալուն: Համենայն դեպս, միջազգային հանրության և փորձագետների կողմից այդպես էլ ընկալվում և ընդունվում է այդ հանգամանքը այն պարզ պատճառով, որովհետև պայթյունավտանգ մեր տարածաշրջանում լուրջ փորձությունների առաջ կանգնած երկիրը հարկադրված է լինելու նույն խաղաղ օգտագործման էներգիա արտադրող ատոմակայանով ինքնապաշտպանվել:

Հիմա, այս իրավիճակում, Ազգային ժողովի քննարկմանն են բերել մի օրինագիծ, որի էությունը և հեռահար նպատակները չհասկանալով քննարկումներ են անում` գործող և կառուցվելիք ատոմակայանները մասնավորին տան, թե որ գրող ու ցավին: Ակնհայտ է, որ այս քննարկումները ոչ այլ ինչ են, քան զավեշտ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այստեղ, ի դեպ, դրական գնահատեմ նրանց հնարամտությունը, սեփական իսկ գործերում մանևրելու հնարավորություններ են ստեղծում: Ակնհայտ է, որ այն լուծումները, որոնք պարտադրվում կամ առաջարկվում են Լեռնային Ղարաբաղի հետ կապված` անընդունելի են նաև Իրանի համար, երկիր, որի գործոնը թերագնահատելը, թերևս, սխալ կլիներ: Բա, լավ, մի բանով պետք է չէ՞, որ խաղաղեցնեն մեր հարավային հարևանին: Վարագույրի հետևում, հավանաբար, խոստանում են, որ «գյոզերով» Արաքսի վրայով օգտագործված միջուկային վառելիքը կուղարկեն Իրան, իրենք էլ իրենց հարցերը կլուծեն: Բայց այս ամենն արվում է բոլորիս թիկունքում, մեզ էլ փորձում են դնել խամաճիկի` կոճակ սեղմողի տեղ: Ահա հենց այս տեսանկյունից է, որ հարցերը պետք է քննարկվեն:

Մեկ հարցի շուրջ ևս արտահայտվեմ: Իմ կողմից հարգված Թաթուլ Մանասերյանի բերած օրինակ-համեմատությունը, կարծում եմ, թերևս, անհիմն էր: Հայաստանի խնդրո առարկա մոտեցումները դուք ինչպե՞ս եք փորձում համեմատել Չինաստանի և Հնդկաստանի հետ` առաջարկելով նույնատիպ մոտեցումներ: Համեմատությունը գտնում եմ կոռեկտ չէ: Հիշեցնեմ, որ Ամերիկյան կոնգրեսին ուղղած հունվարի 31-ի իր ուղերձում Ջորջ Բուշը ուղղակիորեն նշեց. «Համաշխարհային էկոնոմիկան դինամիկ է և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ի հայտ են եկել այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը»:

Ի մի բերելով այս ամենը, ակնհայտ է դառնում, որ այս հարցն այսօր քննարկելը և օրենք ընդունելը մեր կողմից առնվազն ճակատագրական լուրջ սխալ է, որովհետև մեզ ստիպում և պարտադրում են եզրակացություններ, վերլուծություններ անել այն խնդիրների շուրջ, որոնց լուծումները, ավա՛ղ, Հայաստանում էլ չէ, որ գտնվելու են: Պարզից էլ պարզ է, որ դրանք ենթակա են կարգավորման Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև առկա հանգուցալուծումների արդյունքում: Այս պարագայում, կանգնել այստեղ, իրար համոզել, թե գործող կամ կառուցվելիք ատոմակայանը մասնավորին են տալու, թե պետական է լինելու, առնվազն անիմաստ և անհեռանկար զբաղմունք է: Այ մարդ, անհարմար է, միթե՞ դուք չեք հասկանում, որ բոլորիս են փորձում գործիք դարձնել, ինչ է, թե մի օր ավել մնան զավթած իրենց պաշտոններին: Գործիք են բոլորիս դարձրել, որ իրենց արտաքին քաղաքականության ձախողումները քողարկեն այսօրինակ օրինագծերի ընդունմամբ: Մոտեցում, որը շատ լավ փորձարկեցին սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո, երբ մեկ ամիս անց սկզբունքորեն նոր օրինագիծ բերեցին, ընդունեցին, դրանով իսկ շատ ծանր կացության մեջ դնելով կոալիցիային, որը մինչ այդ ջերմեռանդորեն քվեարկել էր հետագայում խոտանված օրինագծի օգտին: Կարելի էր շնորհավորել պարոններ Քոչարյանին և Սարգսյանին կոալիցիային հերթական անգամ անհեթեթ վիճակի մեջ գցելու համար: Սակայն զույգի հեռահար նպատակներ հետապնդող այս ճամարտակությունն արդեն իսկ բացահայտված է և հեղինակների կողմից սպասված դերը խաղալ չի կարող: Պարոնայք, ընդունեք, որ պարտվել եք: