ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Ազգային ժողովի արտահերթ նիստում

01.06.2006թ.

Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի նախորդ նախագահի և տեղակալների թեկնածությունների քննարկմանը և նրանց ընտրությանը, ինչպես հիշում եք, «Ազգային Միաբանությունը» չի մասնակցել: Կարծիք կա այս անգամ նույնպես չմասնակցել, որովհետև նախօրոք կանխորոշված հարցերի ու դրանց պարտադրված լուծումների վավերացմանը, երբ մասնակցում ես, դրանով իսկ ասես թե լեգիտիմացնում ես դրանք: Սակայն այն տեղեկատվությունը, որին տիրապետում եմ ես և ոչ միայն ես, այլ համոզված եմ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունները, ստիպում և պարտադրում է այդ ամենի մասին Ձեզ հետ մտքեր փոխանակել: Եվ, այսպես, ս/թ ապրիլի 30-ից մայիսի 8-ը ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխարհահռչակ «Գելլապ» կազմակերպության (ըստ որում, աշխարհում գործում է համընդհանուր վստահություն վայելող հասարակական կարծիքի ուսումնասիրման նմանատիպ երկու կենտրոն` «Գելլապի» և «Խարիսի»), ինչպես նաև «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի», «Բալթիկ սերվիս» ՍՊԸ հետ USAID-ի պատվերով և ֆինանսավորմամբ լայնածավալ ուսումնասիրություններ էին կատարել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այս կազմակերպությունների հետազոտությունների հիմքում դրված են այնպիսի մոտեցումներ, որոնց արդյունքները կասկած չեն հարուցում և հնարավոր անճշտությունները չեն կարող գերազանցել 3%-ը` ավել կամ պակաս:

Եվ երբ տեղյակ ես այդ ուսումնասիրությունների արդյունքներին ու դրանից հետո ունկնդրում ես Ազգային ժողովի այս ամբիոնից հնչած ելույթները, ակամայից գալիս ես շատ տխուր եզրահանգման: Պարզապես ստացվում է այնպես, որ մենք չենք գիտակցում վերահաս այն վտանգների լրջությունը և սրությունը, որոնք ծառացած են հայոց պետականության, ժողովրդի և քաղաքական ուժերի առջև` լինի դա դիմություն, թե ընդդիմություն: Համաձայն այդ ուսումնասիրությունների, ՀՀ բոլոր մարզերում 1200 հարցվածների 55%-ը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է սխալ ուղիով: Այսինքն` մարդիկ գիտակցում են, որ երկիրը շարժվում է սխալ ճանապարհով: Ասենք, որ դա էլ հնարավոր դարձավ մարդկանց լռակյաց հանդուրժողականության պայմաններում, ինչը պայմանավորված է նաև օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցների խոշորածավալ դրամական օգնությամբ` ուղղված հայրենիքում մնացած իրենց հարազատներին: Սրա հետ մեկտեղ այն հանգամանքը, որ հայությունը հարկադրված է մնալ երկրում և հաշտվել իր թշվառ գոյության հետ, փաստում է, որ հայ մարդը, կարծես թե, իր մեջ ուժ չի գտնում և վճռականություն չունի Հանրապետությունում վիճակը շտկելու համար: Դա է վկայում նաև այն, որ հարցվածների 74%-ը գտնում է, որ անցած մեկ տարվա ընթացքում, ավա՛ղ, երկրի վիճակը մնացել է կամ նույնը, կամ էլ էլ ավելի է վատթարացել: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել երկրում բարոյաքաղաքական առումով: Մարդկանց 50%-ը չի վստահում և ոչ մի կուսակցության, 12 %-ն ընդհանրապես անտարբեր է կուսակցությունների հանդեպ ու պարզապես կարծիք չունի դրանց մասին: Հարցման մասնակիցների 70%-ի համոզմամբ Հայաստանում մեծ խնդիր է քաղաքական լիդերների և իշխանավորների կոռումպացված լինելու հանգամանքը: Իշխանությունները, իրենք իսկ մինչև ականջները թաղված լինելով կոռուպցիայի մեջ, ջանք ու եռանդ չեն խնայում գեբելսյան քարոզչությանը ներհատուկ միջոցներով ազգաբնակչության մեջ ձևավորել թյուր կարծիք, որ Հայաստանում բոլորն են կոռումպացված: Հեռու գնացող ճիզվիտական քաղաքականություն, որն ուղղված է ամեն գնով պառակտել մարդկանց, խոչընդոտել ժողովրդի միաբանությունը քաղաքական կուսակցությունների շուրջ` չթույլատրել հասարակության ամենալայն շրջաններում հավաքական կամքի ձևավորումը: Իշխանավորները քաջ գիտակցում են, որ միայն պառակտված հասարակությունը այսչափ երկար կհանդուրժեր իրենց աղաղակող անօրինակություններն ու հանցագործությունները:

 

Մտահոգիչ է իրավիճակը հասարակություն-իշխանություն հարաբերությունների ոլորտում: Այսպես, հարցվածների 67%-ը բացասական գնահատական է տվել բոլորիս. մեր ժողովուրդը չի վստահում պառլամենտին` Ազգային ժողովին, 64%-ը չի վստահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հարցվածների 60%-ն էլ չի վստահում նախագահական կառույցներին: Սեփական հայրենիքում մարդիկ իրենց անպաշտպան են զգում. արդյունքում հարցվածների 59%-ը չի վստահում ոստիկանությանը, 53%-ը` կրթական համակարգին: Այսինքն` մարդիկ գիտեն, որ իրենց երեխաները գնալով դպրոց կամ համալսարան` չեն ստանալու այն, ինչ անհրաժեշտ ու պահանջված է լինելու թե՜ մատաղ սերնդի, թե՜ երկրի և թե նրա ապագայի համար:

Սրանք երկրում ստեղծված ողբերգական իրավիճակը բնութագրող թվեր են, և գաղտնիք չեն: Ու եթե ես և Դուք դրանց տիրապետում ենք, համոզված եղեք, որ այդ բաց ուսումնասիրությունների արդյունքներին ծանոթ են նաև այն երկրները, որոնք Հայաստանին տարիներ շարունակ ցույց են տվել հումանիտար, նյութական և բարոյական աջակցություն: Ավելին, փորձել են առարկայորեն օգնել ժողովրդավարության խորացման գործում: Խոսքս, հատկապես, այն երկրների մասին է, որոնք Հայաստանում հավատարմագրված դեսպանություններ ունեն: Կասկածից վեր է և այն, որ ուսումնասիրությունների արդյունքներին տիրապետում են նաև այն երկրները, ում հետ մենք հակամարտության մեջ ենք և չլուծված խնդիրներ ունենք:

Մի կարևոր փաստի մասին ևս խոսեմ: Այսպես, հարցվածների 61%-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատշաճ աշխատանք չի կատարում, որ առաջիկա ԱԺ և նախագահական ընտրություններն անցնեն ազատ ու արդար: Թերևս, դա է պատճառը, որ մարդկանց 74% էլ համարում է, որ գալիք ընտրությունների արդյունքները նույնպես կեղծվելու են: Հուսահատությունը, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ այն աստիճանի է արմատացած մարդկանց գիտակցության մեջ, որ նրանց 79%-ը կարծում է, որ դեռ շատ ժամանակ կպահանջվի երկրում ստեղծված ծանր վիճակը բարելավելու համար: Եվ ցավն այն է, որ Հայաստանում համընդհանուր խորը ճգնաժամը բնութագրող այս թվերը իրականում էլ ավելի ծանր կլինեին` հաշվի առնելով այն, որ, համաձայն վերոհիշյալ ուսումնասիրությունների, ազգաբնակչության 79%-ը վախենում է արտահայտել իր կարծիքը և իր քաղաքական տեսակետները: Ահա այսպիսի հասարակություն է ստեղծվել պարոն Քոչարյանի և նրան սատարող քաղաքական ուժերի իշխանավարության օրոք: Ահա ունենք հասարակություն, որը խեղդվում է անօրինականությունների ճիրաններում, ապրում ենք մի երկրում, ուր չի գործում օրենքն ու արդարադատությունը, ուր անգամ իսկ դատարանների կողմից ընդունված որոշումները երբեք ու երբեք չեն կատարվում: Ասածս մերկապարանոց չլինելու համար, բերեմ ընդամենը մեկ օրինակ: Անցած երեք տարիների ընթացքում ՀՀ դատարանների կողմից գանձման ենթակա չվերականգնված մնացորդ գումարը կազմել է 138 միլիարդ դրամ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, սոցիալական ապահովագրության հիմնադրամը այդպես էլ չստացան այդ գումարները:

Երբ համադրում ես բերված թվերն ու փաստերը, գալիս ես տխուր հետևության. մենք ունենք ծայր աստիճան հիվանդ հասարակություն և թուլացած պետականություն: Մենք ունենք ժողովուրդ, որը ոչ մեկիս չի վստահում` լինի դա պատգամավոր, թե նախարար, նախագահ, թե ոստիկան, դատավոր, թե ուսուցիչ: Այն, որ մեզ` պատգամավորներիս չի վստահում, դա դեռ չարյաց փոքրագույնն է: Դժբախտություն է, որ ժողովուրդը իր իսկ ապագային չի վստահում, հետն էլ իր ապագան մեր երկրի հետ չէ, որ կապում է: Ունենալով նման իրավիճակում հայտնված հասարակություն, ակամայից հարց ես տալիս քեզ` մեր ժողովուրդն ինչպե՞ս պետք է լուծի հայրենիքի առաջ ծառացած առկա բարդ ու վտանգավոր խնդիրները: Պառակտված, հուսահատված, հուսալքված հասարակությանը մենք ի՞նչ ենք հրամցնում, առաջարկում. պարտադրված սկանդալներ, պարտադրված բանսարկություններ, որոնք ղեկավարվում են մի կենտրոնից և տեղավորվում են «բաժանիր, որ տիրես» կարգախոսի մեջ: Ահա սա է վիճակը:

Եվ, թերևս, կարծում եմ, որ այսօր ԱԺ նախագահի թեկնածուի հատկանիշները քննարկելիս ելույթ ունեցողներին, հատկապես տղամարդկանց պետք չէ իրար սեր բացատրել: Հարկ է խնդիրների մասին պարզորոշ ասել և սեփական պատասխանատվությունը դրանց կատարման մեջ տեսնել: Տագնապ հարուցող վերոհիշյալ իրողությունները ես մեծապես վերագրում եմ կոալիցիայի վատ աշխատանքին, սակայն դրա հետ մեկտեղ դա վերագրում եմ նաև մեզ, կոնկրետ «Ազգային Միաբանությանը»: Խոստովանենք, որ մենք էլ մեր հերթին չենք կարողացել անել այն ամենը, որ կանխեինք ժողովրդավարության ուղուց երկրի տագնապահարույց հետընթացը:

Անդրադառնալով պարոն Տիգրան Թորոսյանի խոսքում բերված հարցադրումներին, ասեմ, որ ես նույնպես կարևորում եմ դրանք: Սակայն այդ խնդիրներն ածանցյալ են այն մայր հիմնահարցերից, որոնք արծարծված են, կրկնում եմ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի, «Գելլապի» կազմակերպության, «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի», ինչպես նաև «Բալթիկ սերվիս» ՍՊԸ-ի ուսումնասիրություններում: Ահա այս հարցերի մասին է, որ պետք է խորհենք: Եվ ամենակարևորը, կարծում եմ, մենք պետք է ինքներս խոստովանենք, որ Ազգային ժողովի այս կազմը, ավա՛ղ, չի կարող լուծել երկրի առջև ծառացած այս հիմնարար խնդիրները: Մեր կողմից կլիներ ազնիվ, կլիներ, իրոք, մտահոգ քաղաքական ուժի դրսևորում, եթե մենք բոլորս այսօր հայցեինք ժողովրդի ներողամտությունը և վայր դնելով մեր պատգամավորական լիազորությունները հայտարարեինք Ազգային ժողովի ինքնալուծարման մասին: Կրկնում եմ, մեր երկիրը հայտնվել է կործանարար զարգացումների ծիրում: Գիտակցել դա և չառնել դրա առաջը` նշանակում է ինքներս մեզ դատապարտենք սերունդների արհամարհանքին և մոռացությանը: