ԵԼՈՒՅԹ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Ստրասբուրգ, 20 հունիսի 2005 թ.)

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ.

Դժվար է գերագնահատել ԵԽԽՎ-ում քննարկվող «Լրատվամիջոցները և ահաբեկչությունը» հարցի նշանակությունը, որի կարևորությունը առավել մեծ է Հայաստանի համար:

«Զերկալո» օրաթերթ, 28 փետրվարի 2004թ., Ադրբեջան: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղվածք Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովայի հարցազրույցից. «Ռամիլ Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ դառնա Ադրբեջանի երիտասարդության համար»:

«Զերկալո» օրաթերթ, 6 մարտի 2004թ.: Քաղվածք Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի հարցազրույցից. «Թուրքիայում ծառայած մեր սպաներին ես միշտ ասել եմ. դուք մեզ պետք եք Ղարաբաղում: Նրանք` հայերը, պետք է սպանվեն Ղարաբաղում և ոչ թե այլ երկրներում»:

Բազմաթիվ նման օրինակներ կան, թե ինչպես են Ադրբեջանի քաղաքական գործիչները մամուլի միջոցով արձագանքել Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի բարբարոս սպանությանը: Գուրգեն Մարգարյանը գազանաբար կացնահարվել է առավոտյան 530-ին, քնած ժամանակ: Նա գտնվում էր Բուդապեշտում և, ինչպես Ռ.Սաֆարովը, ուսանում էր ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Կարդալով ադրբեջանական մամուլը` ակամայից հարց է առաջանում. ո՞վ է ավելի մեծ ահաբեկիչ` Ռամիլ Սաֆարովը, թե Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը կամ էլ Ադրբեջանի մարդու իրավունքերի պաշտպան` օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Իսկ արդյոք ահաբեկչությանը մասնակից չե՞ն ադրբեջանական այն թերթերի խմբագրությունները, որոնք մասսայականացնում են վերջիններիս մարդատյաց զառանցանքները: Ո՞վ է ավելի մեծ հանցագործ` ադրբեջանական բանակի զինակոչիկը, որն ընկնում է նշված «պետական գործիչների» սադրիչ ելույթների ազդեցության տակ և դառնում ահաբեկիչ, թե ահաբեկիչները հենց իրենք` սադրիչներն են: Ո՞վ է պատասխան տալու 18-20 տարեկան ադրբեջանցի զինվորների գործողությունների համար, որոնք, այսօր էլ կատարելով իրենց հրամանատարների հրամանները, Միլի Մեջլիսի պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի օրհնանքներով, նշանառու հեռահար կրակով սպանում են Ղարաբաղի մարտական գործողությունների զինադադարի գծում գտնվող իրենց հայ հասակակիցներին: Ի՞նչ են զգում սպանված Գուրգենի հարազատները և բարեկամները, մարդասպան Ռամիլի հարազատները, երբ այս օրերին էլ կարդում են հայերի նկատմամբ ատելությամբ լի ադրբեջանական և թուրքական թերթերի հոդվածները: Եվ, ի վերջո, ո՞րն է մեր և ձեր դերը XXI դարի այս չարիքի կանխարգելման գործում, ինչպիսի՞ն է մեր` ԵԽԽՎ-ի պատգամավորների պատասխանատվությունը, և երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի մարդու իրավունքների պաշտպանը հերոսացնում է դաժան մարդասպանին, արդյո՞ք դրանով մեզ` պատգամավորներիս, գնահատականը չի՞ տրվում:

Ինչո՞ւ մենք հարց չենք տալիս ինքներս մեզ` ովքե՞ր և որտե՞ղ են նրանք, ժամանակակից Եվրոպայի հումանիստները` մերօրյա Ֆրիտյոֆ Նանսենը և Անատոլ Ֆրանսը, Հովհաննես Պողոս Երկրորդը և Մայր Թերեզան: Ո՞րն է Ձեզ հետ մեր կոչումն այս գործում:

Հարգելի գործընկերներ. ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում 97 պատգամավոր կոչով դիմեց Հայաստանի ղեկավարությանը` ընդունելու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջարկությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի համատեղ ուսումնասիրություններ սկսելու մասին: Փաստաթուղթը ստորագրած պատգամավորները, երևի, հավատացել էին թուրք վարչապետի առաջարկի անկեղծությանը: Էրդողանի կոչին, հավանաբար, հավատացել էին նաև Ստամբուլում անցկացվելիք գիտական համաժողովի նախաձեռնողները: Այն պետք է տեղի ունենար մայիսի 25-27-ին Բոսֆորի համալսարանում` «Հայերը Օսմանյան կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն և ժողովրդավարության հարցեր» թեմայով: Մինչև համաժողովի սկսվելը թուրքական ազդեցիկ «Միլիեթ» օրաթերթը դատապարտեց գիտնականների համաժողովը` Բոսֆորի համալսարանը անվանելով այն տեղը, «որտեղ վերաքննության են ենթարկվում 1915 թ. դեպքերը և պետության պաշտոնական տեսակետը»: «Հուրիեթ», «Զաման», «Միլիեթ» և Թուրքիայի ազդեցիկ այլ թերթեր Գալաթասարայի համալսարանի պրոֆեսոր Իլբեր Օրթայլնի, Թուրքիայի պատմաբանների միության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Շյուկրու Էլեկդագի և «Արդարություն ու զարգացում կուսակցության» (որի առաջնորդը հենց ինքը` Էրդողանն է) անդամ-պատգամավոր Ռամազան Թոփրաքի շուրթերով դատափետեցին և փորձեցին օտարել հասարակությունից համաժողովի կազմակերպիչներին` նրանց հասցնելով անձնական վիրավորանքներ:

Հատկանշական է, որ, հանդես գալով Բոսֆորի համալսարանում Հայկական հարցով համաժողովի անցկացման դեմ, պատգամավոր Թոփրաքը կասկածի տակ վերցրեց ժողովրդավարության առկայությունը Շվեյցարիայում և Ֆրանսիայում` հայտարարելով. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում կազմակերպվեն գիտական համաժողովներ` թուրքական որևէ թեզ հաստատելու նպատակով»: Այս խոսքերը, հավանաբար, հասցեագրված էին Շվեյցարիայից ԵԽԽՎ-ի պատգամավոր տիկին Զափլ-Գելբինգ Ռոզմարիին` ի նշան շնորհակալության նրա այն ստորագրության համար, որ վերջինս դրել էր ԵԽԽՎ-ի 97 պատգամավորների վերոհիշյալ կոչի տակ:

Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմալ Չիչեքն այս հարցում ավելի հեռուն է գնացել և, ինչպես հրապարակվել էր 2005թ. մայիսի 25-ի «Զաման» և «Միլիեթ» թերթերում, Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել է. «Անհամբեր սպասում եմ` ինչպես է իր պարտքը կատարելու բարձրագույն կրթության խորհուրդը»: Համաժողովի կազմակերպիչներին հարկ է գամել անարգանքի սյունին, ըստ էության, այսպիսին էր թուրք նախարարի ելույթի առանցքը: Նույն օրը Բոսֆորի համալսարանի ռեկտորատը ստիպված եղավ հայտարարել համաժողովի` անորոշ ժամանակով հետաձգման մասին:

Կամ թե հիշենք ահաբեկչության հրահրման մեկ այլ դրսևորում ևս: Վերջերս ադրբեջանական թերթերը տարածեցին Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Հաջիյագ Նուրիևի հայտարարությունը, որում նա կոչ է անում «Հայաստանի դեմ սրբազան պատերազմ սկսել, հայտարարել ջիհադ…»: Եվ այդ նողկալի տեղեկատվությունն ադրբեջանական մամուլը մատուցում էր անթաքույց դրական երանգներով:

Այսօր ԵԽԽՎ-ն պետք է կամք դրսևորի և հանդես գա ահաբեկչություն հրահրող վերը նշված և ցանկացած այլ գործողությունների դատապարտման բանաձևով:

Հարգելի գործընկերներ, հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ խաբեբա ու խորամանկ քաղաքական գործիչները ծնում են անպատասխանատու մամուլ, որն էլ, իր հերթին, պարարտ հող է ստեղծում ժամանակակից ահաբեկչության համար:

Եվ հենց այստեղ` ԵԽ ԽՎ-ում, ինչպես և հազարամյակներ առաջ ավերված Կարթագենում, պետք է երեք անգամ հերկվի և աղի հաստ շերտով ծածկվի ահաբեկչությունը սնող հողը, որպեսզի մեր համաեվրոպական ընտանիքում, Եվրոպայի ցանկացած անկյունում մեկընդմիշտ արմատախիլ արվեն ահաբեկչությունն ու պատերազմը: Հենց դա է մեր պատմական առաքելությունը: