ԵԼՈՒՅԹ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

(Վիեննա, 19 փետրվարի 2004 թ.)

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական հերթական ընտրություններ, որոնց ընթացքում, ցավոք, կոպտորեն խախտվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի և ՀՀ Սահմանադրության դրույթները, որի արդյունքում իշխանությունը զավթեց պարոն Ռոբերտ Քոչարյանը: Նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումները խստորեն դատապարտվեցին թե´ ԵԱՀԿ դիտորդական առաքելության, թե´ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից: Ավելին, ընդդիմադիր թեկնածուներին խորհուրդ տրվեց դիմել ՍԴ, ինչին և հետևեցինք մենք: 2003 թվականին Հայաստանի սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ նախագահական ընտրությունները զուգորդվել են խախտումներով, արձանագրեց, որ դրանց արդյունքում երկրում վստահության ճգնաժամ է առաջացել, և քաղաքական ուժերին հորդորեց` մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել Սահմանադրության դրույթներին և Հայաստանում անցկացնել նախագահի վստահության հանրաքվե: Իսկ առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և ԵԱՀԿ-ն ու ԱՄՆ պետդեպարտամենտը ՀՀ իշխանություններին հորդորեցին այդ ընտրությունների ընթացքում խստորեն պահպանել ընտրությունների ժողովրդավարությունը, նաև` ԸՕ-ի ոգին և պահանջները: Պարոն Քոչարյանը և նախագահական ընտրությունները կեղծած իրեն սատարող ուժերը, ըստ էության, արհամարհեցին թե´ ԵԱՀԿ դիտորդական առաքելության, թե´ ԱՄՆ պետդեպարտամենտի հորդորները և այս անգամ ևս կոպտորեն կեղծեցին ԱԺ ընտրությունները: Խորհրդարանական ընդդիմության երկու թևերն էլ սկզբնական շրջանում բոյկոտեցին անօրինական ճանապարհով ընտրված ԱԺ-ի անդրանիկ նստաշրջանը:

Սակայն, կրկին հետևելով թե´ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, թե´ ԵԽ և ԱՄՆ պետդեպարտամենտի խորհուրդներին վերադարձան ԱԺ` խնդիր ունենալով իրականացնելու սահմանադրական դատարանի որոշումը, նաև` նպաստելու մինչև 2004 թվականի ապրիլի 16-ը ՀՀ-ում նախագահի վստահության հանրաքվեի կազմակերպմանն ու անցկացմանը: Սակայն ոչ լեգիտիմ նախագահին սատարող ԱԺ ոչ լեգիտիմ մեծամասնությունը սույն թվականի առաջին իսկ նստաշրջանում դրժեց ՍԴ պահանջը` օրակարգից և ընդհանրապես քննարկումից հանելով Հանրաքվեի մասին օրենքը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը: Այս պայմաններում ԱԺ-ում քաղաքական ընդդիմությանն այլ բան չէր մնում, քան բոյկոտել Սահմանադրության պահանջները կոպտորեն խախտող ԱԺ աշխատանքները, ինչը և արվեց: Իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց ղեկավարումը հանգեցրել է ՀՀ-ում քաղաքական և սոցիալական խորը ճգնաժամի, փոխանակ իրենց սատարող ուժերին վերադարձնեն սահմանադրական քննարկումների ոլորտ, փաստորեն, այսօր օգտագործում են ԱԺ ամբիոնը` սպառնալիքներ հղելու համար թե´ ընդդիմությանը, թե´ մեր երկրի այն քաղաքացիներին, ովքեր, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պահանջում են սահմանադրական կարգերի վերահաստատում Հայաստանում:

ՀՀ-ում առկա քաղաքական, պառլամենտական և սոցիալական ճգնաժամը հաղթահարելու նպատակով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ Էդինբուրգում հուլիսին կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում քննարկման առարկա դառնան ՀՀ-ում սահմանադրական կարգի վերահաստատման հարցերը, քանի որ ՀՀ իշխանությունը բռնազավթած նախագահը և ԱԺ ոչ լեգիտիմ մեծամասնությունն իրենց գործողություններով, ըստ էության, դրժում են այն բոլոր պայմանավորվածությունները, որը ստանձնել է ՀՀ-ն` անդամակցելով ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին:

Երկրորդ կարևորագույն հարցը, որի մասին կցանկանայի խոսել, հայ ժողովրդի ձգտումն է ինտեգրվել եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին` հավատարիմ մնալով իր բոլոր դաշնակցային պայմանագրերին այլ երկրների հետ: Սա էր պատճառը, որ մենք հետևողական մասնակցում ենք ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրերի իրականացմանը, սակայն դա ծայրաստիճան հիվանդագին է ընդունվում հարևան Ադրբեջանի կողմից: Դրա ապացույցն էր այն, որ վերջերս Ադրբեջանը հայ սպաներին թույլ չտվեց մասնակցել «Լավագույն ջանք-2004» զորավարժությունների նախնական պլանավորման հավաքին, որ տեղի ունեցավ Բաքվում: Դրա հետ մեկտեղ, երեկ տեղի է ունեցել միջազգային ահաբեկչության ծայրահեղ դրսևորում ադրբեջանցի սպայի կողմից, որը գիշերը կացնահարել և սպանել է հայ սպայի` Բուդապեշտ քաղաքում: Ուզում եմ ասել, որ հայ սպան և ադրբեջանցի սպան այնտեղ էին գտնվում «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին: Մենք այդ սպանությունը դիտարկում ենք ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների հետևանք: Մեզ խիստ մտահոգում է նաև, որ ադրբեջանական իշխանություններն ի չիք են ուզում դարձնել այն վիթխարի աշխատանքը, որ ԼՂ հարցի կարգավորման գործում իրականացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները: Կարծում եմ, Ադրբեջանի դրսևորած միջազգային ահաբեկչության դեպքերը և ԼՂ հարցում նրա ունեցած դիրքորոշումը, այն է` ուժային մեթոդով լուծել ԼՂ հարցը, նույնպես պետք է դառնա Էդինբուրգյան վեհաժողովի քննարկման առարկա: