ԴԱՍԵՐ G-20-Ի ԼՈՆԴՈՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ

«Հայոց Աշխարհ», 8 -10. VI. 2009:

Հոդվածով հանդես գալ ինձ դրդեցին մամուլում տեղ գտած այն բազում հրապարակումները, զանազան հեռուստաբանավեճերը, «կլոր սեղանները», որտեղ, ցավոք, հիմնականում տրվում էին մակերեսային, հաճախ էլ սխալ գնահատականներ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` հասարակության մեջ ձևավորելով թյուր, իրականության հետ կապ չունեցող եզրահանգումներ: Ակամայից դրանք հիշեցնում են անեկդոտ դարձած հայտնի երկխոսությունը. «Խանութի դռանը բազմամարդ հերթին շնչակտուր մոտենում է մի տղամարդ և վերջում կանգնածին դիմում հարցով. «Ինչի՞ համար է հերթը»: «Սարտրի համար», - պատասխանում են նրան: Տղամարդը խնդրում է պարզաբանեն` արդյո՞ք Սարտրը Կրեմպլինից ավելի պինդ է: Ինչին ստանում է հերթի կանգնածի համոզիչ պատասխանը. «Չգիտեմ, չեմ խմել ոչ մեկը, ոչ էլ մյուսը»:

Եվ, այսպես, ապրիլի 2-ին Լոնդոնում հավաքվել էին աշխարհի հզորագույն էկոնոմիկա ունեցող 21 երկրների ղեկավարներ, նաև Չեխիայի, որի «պաշտոնաթող» վարչապետ Տոպոլանեկը գագաթաժողովին մասնակցում էր որպես Եվրամիությունում նախագահող երկրի ղեկավար, ինչպես և միջազգային ֆինանսական ու տնտեսական 8 խոշոր կազմակերպությունների ղեկավարները: Ուշագրավ էր և այն, որ Լոնդոն էր ժամանել նաև Իսպանիայի վարչապետ Սապատերոն: Հիշենք` 2008 թ. նոյեմբերին Վաշինգտոնում կայացած G-20 գագաթաժողովին Իսպանիայի վարչապետին Ջորջ Բուշը հրավեր չէր ուղարկել, չներելով նրան, որ Սապատերոն, պաշտոնին անցնելուն պես, Իրաքից հետ կանչեց իսպանական ռազմական բոլոր ուժերը:

Լոնդոնյան գագաթաժողովի ընդունած բանաձևի նշանակությունը, դրա հնարավոր ազդեցությունը համաշխարհային ֆինանսների և էկոնոմիկայի վրա համակողմանի գնահատելու համար անհրաժեշտ է համառոտ վերլուծել այդ իրադարձությանը նախորդած գործառույթները:

Աշխարհը ճարակած ֆինանսատնտեսական ճգնաժամի խորությունը պատկերացնելու համար նշենք, որ 1929 թ. սկիզբ առած Ամերիկյան Մեծ դեպրեսիայի ժամանակ ֆոնդային բորսաներում շրջանառվող ակցիաների գնանշումների (կոտիրովկաների) ծավալը գերազանցում էր ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքն ընդամենը 20%-ով:

Համեմատության համար հիշեցնեմ, որ ներկայիս գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեկնարկին ֆոնդային գնանշումները գնահատվում էին 1600 տրլն դոլար կամ ԱՄՆ համախառն ներքին արդյունքը (որը 2008 թ. կազմել էր շուրջ 15 տրլն դոլար) գերազանցում էին ավելի քան 106,6 անգամ, համաշխարհային ՀՆԱ-ին էլ ավելի քան 26 անգամ: Ուրեմն` 1929 թվականին ֆոնդային բորսաներում ներկայացված կապիտալը կազմել էր Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի 120%-ը, իսկ 2008 թ. ավելի քան 10660%-ը, համաշխարհային ՀՆԱ-ի էլ ավելի քան 2660%-ը:

Այս աննախադեպ բարձր տոկոսները փաստում են այն իրողությունը, որ ֆոնդային բորսաներում հայտագրված ակցիաների հիմքում բացակայում է նյութականացված համարժեք կապիտալը: Ինչպես պատկերավոր արտահայտվել էր ճանաչված փորձագետներից մեկը, համաշխարհային 60 տրլն ՀՆԱ-ի վրա կառուցվել էր 1600 տրլն դոլարանոց «Բաբելոնյան աշտարակ»՝ հիմնված ֆինանսական շուկաների ածանցյալ գործիքների (ֆյուչերսներ, ֆորվարդներ, օպցիոններ, սվոպեր), այսպես կոչված, դերիվատիվների վրա: Բնական է, որ նյութական հիմքեր չունեցող ֆինանսական այդ պղպջակները վաղ թե ուշ պետք է պայթեին: Ինչն էլ տեղի ունեցավ, և վառոդի դեր կատարեցին ամերիկյան հիպոթեկային հայտնի բանկերը` «Freddie Mac»-ը և «Fannie Mae»-ը, որոնք պայթեցին դեռ 2007 թ. ամռանը: Դրանից հետո բանկերի սնանկացման գործընթացն օրըստօրե ահագնացավ և, թերևս, հասավ իր գագաթնակետին, երբ սնանկ ճանաչվեց Wall Street-ի ամերիկյան ֆինանսական կայսրության այնպիսի հսկան, ինչպիսին է «Lehman Brothers»-ը:

 

Գլոբալացված աշխարհի բոլոր մայրցամաքներում սկիզբ առան և բուռն զարգացում ունեցան ֆինանսական ու տնտեսական ճգնաժամին ներհատուկ գործընթացներ: Այստեղ ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս ունեցած իր ելույթներում հրապարակավ ընդունել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառներից է վերջին տարիներին Wall Street-ում փչված ֆինանսական պղպջակների գերիշխանությունը համաշխարհային ֆինանսական շուկայում:

Այստեղ, կարծում եմ, ավելորդ չէր լինի շեշտել, որ ֆինանսական նման պղպջակների առկայության համար պարարտ հող ստեղծվեց 20-րդ դարի 70-80-ական թվականներին: Մասնավորապես, 1971թ. ԱՄՆ-ը (երբ ԱՄՆ-ի նախագահն էր Ռիչարդ Նիքսոնը) միակողմանի հայտարարեց, որ հրաժարվում է 1944 թ. Նյու Հեմփշիր նահանգի Բրետտոն Վուդս քաղաքում ընդունված պայմանավորվածություններից: Դրանց համաձայն` ԱՄՆ-ի դոլարը ճանաչվել էր միջազգային պահուստային արժույթ, որը երաշխավորում էր ապահովել դոլարի փոխարինելիություն ոսկով` սահմանելով 35 դոլար ոսկու 1 ունցիայի դիմաց: 1971 թ. ընդունված այդ որոշումը 5 տարի անց 1976 թ. վավերացվեց Յամայկայում կայացած լիազոր միջազգային համաժողովի կողմից:

Ազատվելով դոլարը ոսկով երաշխավորված փոխարինելի լինելու պարտավորությունից` ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը (ԴՊՀ) (Федеральная Резервная Система) որդեգրեց ֆինանսական այնպիսի քաղաքականություն, որ տպավորություն էր ստեղծվում, թե հետին պլան են մղվել ԱՄՆ դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ լինելու փաստից բխող պարտավորությունները: Սակայն դա ամենևին չէր խանգարում ամերիկացիներին լիարժեքորեն օգտագործել դոլարի այդ կարգավիճակից բխող առավելությունները:

Այսպես, 1981թ. սկսած, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Հանրապետական կուսակցության առաջնորդ Ռոնալդ Ռեյգանը, ԴՊՀ-ը գործի դրեց ՙփող տպող՚ հաստոցը: Մինչև 2008 թ. ներառյալ ԱՄՆ-ի բյուջեն փակվում էր շատ մեծ պակասուրդով` բյուջեի ծախսային մասը զգալիորեն գերազանցում էր բյուջեի եկամտային մասին: ԱՄՆ բյուջեն, թերևս, պրոֆիցիտային էր միայն Բիլ Քլինթոնի նախագահության վերջին շրջանում` 1998-2000 թթ., իսկ 2001 թ., երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Ջորջ Բուշ Կրտսերը և մինչև նրա պաշտոնավարման ավարտը, ԱՄՆ-ի բյուջեն կազմվել է մեծ պակասուրդով:

Այլ կերպ ասած` սկսած 1981 թվականից ամերիկացիները ծախսում էին շատ ավելի, քան ստեղծում: Ըստ էության, նրանք ապրում էին պարտքով, այն բանի շնորհիվ, որ բյուջեի պակասուրդի ծածկման յուրահատուկ ձև էին գտել, այսպես կոչված, ամերիկյան տրեժերիսների միջոցով: Տրեժերիս ասածը ամերիկյան կառավարության թողարկած գանձապետական երկարաժամկետ և կարճաժամկետ պարտատոմսեր են (Treasury bonds and notes): Դրանք էլ վաճառքի հանելով` նրանք հաստատեցին համայն աշխարհում յուրահատուկ, իր նմանը չունեցող մի կարգավիճակ: Այդ կարգավիճակի եզակիությունն այն է, որ աշխարհի թիվ 1 էկոնոմիկա ունեցող երկիրը, որի տարեկան համախառն ներքին արդյունքը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը, տարիներ շարունակ հնարավորություն էր ստացել սպառել համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 40%-ը:

Սեփական ՀՆԱ-ն գերազանցող ավելցուկ սպառման ծախսերը, ըստ էության, կատարում էին ԱՄՆ գանձապետական պարտատոմսեր ձեռք բերած երկրները, որոնք, փաստորեն, հայտնվեցին ԱՄՆ-ին վարկավորողների դերում: Դրանց շարքում են, առավելապես, Չինաստանը, որը, ի դեպ, միայն 2008 թ. իր ներդրումներն ամերիկյան գանձապետական պարտատոմսերի` տրեժերիսների մեջ ավելացրեց 46%-ով, տնօրինած տրեժերիսների արժեքը հասցնելով 740 մլրդ դոլարի, որը կազմում է դրանց ընդհանուր արժեքի 22%-ը: Երկրորդ երկիրը (այդ ցուցանիշով) Ճապոնիան է, որտեղ բաշխված է ԱՄՆ տրեժերիսների 20%-ը, երրորդը` Պարսից ծոցի երկրներն են, որոնք իրենց բազմամիլիարդ նավթադոլարները գերադասում են պահել ամերիկյան կառավարության պարտատոմսերում` տրեժերիսներում, նրանց բաժին է ընկնում բաշխված տրեժերիսների 10%-ը:

Հարկ է նաև նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջերս նույնպես 150 մլրդ դոլարից ավելի տեղադրեց ԱՄՆ գանձապետական այդ պարտատոմսերում` ճիշտ այդ նույն տրեժերիսները ձեռքբերելով: Ասեմ, որ Չինաստանի և Ռուսաստանի օրինակներն ամենևին էլ պատահական չեմ բերում: Միաժամանակ, ընթերցողի մոտ թող հանկարծ թյուր կարծիք չստեղծվի, թե ճգնաժամի պատճառները հիմնականում պայմանավորված էին համաշխարհային ֆինանսական շուկայում հիշատակածս տրեժերիսների շրջանառությամբ: Դրանք պարզապես ֆինանսական այն գործիքներն են, որոնք կիրառելով Միացյալ Նահանգների կառավարությունը ֆինանսավորում է երկրի բյուջեի պակասուրդը:

Համաշխարհային ֆինանսական շուկաներում լուրջ լարվածութուն առաջացավ, երբ ֆոնդային բորսաներում ներկայացված ընկերությունների թողարկած ակցիաներից զատ, հատկապես վերջին տասնամյակում սկսեցին մեծապես շրջանառվել, կրկնեմ, ածանցյալ ֆինանսական գործիքները, դերիվատիվները, որոնք, իբր, կոչված էին ապահովագրել բորսայում իրականացվող գործարքների ռիսկերը: Իրականում, ինչպես ցույց տվեցին անցած 1-2 տարիների զարգացումները, դրանք հիմնականում ոչ այլ ինչ էին, քան լրացուցիչ, սպեկուլյատիվ շահույթներ կորզելու միջոցներ:

Այստեղ ուշագրավն այն է, որ դերիվատիվները նյութական ու առաջնային բուն ֆինանսական ակտիվների առքուվաճառքի հետ ուղղակի և ոչ մի կապ չունեն: Եվ, ինչպես արդեն ասվեց, դրանք ավելի քան 10660 տոկոսով գերազանցում էին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն: Այստեղ, թերևս, ավելորդ չեմ համարում մեկ տվյալ էլ ներկայացնել: Այսօր համաշխարհային բանկային համակարգի հետ հանգուցված պարտքերը կազմում են շուրջ 90 տրլն դոլար, դա էլ այն դեպքում, երբ դրանց հիմնական կապիտալը չի գերազանցում 4 տրլն դոլարը: Ահա սրանք էին ամերիկյան ծագում ունեցող գլոբալ ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառները:

Դրանց գումարվեցին նաև Եվրամիության երկրների ֆոնդային բորսաներում առկա գրեթե նույնաբովանդակ, սակայն ավելի փոքր ծավալներ ունեցող, անհամաչափությունները ևս: Եվրոպական ֆոնդային բորսաներում ներգրավված ֆինանսական գործիքների գնանշումները գերազանցում էին Եվրամիության անդամ երկրների սեփական կապիտալը ոչ ավելի, քան 40-ից 60%-ով: Ուստիև ֆինանսական գլոբալ ճգնաժամի հետևանքները այդ աստիճանի ցավագին չեղան եվրոպական երկրների համար: Ահա այս իրողությունների խորապատկերի վրա, համաշխարհային տնտեսության շոշափելի անկման պայմաններում էլ ապրիլի 2-ին Լոնդոնում գումարվեց G-20 գագաթաժողովը:

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ այս գագաթաժողովի գումարմանը աշխարհի հզորները մոտեցել էին ամենայն պատասխանատվությամբ, նախօրոք արտահայտելով իրենց երկրների սկզբունքային մոտեցումները ճգնաժամի պատճառների վերաբերյալ, կատարել ճգնաժամի հաղթահարմանն ուղղված առարկայական առաջարկություններ:

Փոքր-ինչ մանրամասնենք դրանք: Այսպես, Ռուսաստանի Դաշնությունը Լոնդոնի G-20 գագաթաժողովից երկու շաբաթ առաջ հանդես եկավ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու իր առաջարկություններով: Հատկանշականն այն է, որ այդ փաստաթղթում ուղղակիորեն ասվում է, որ ընթացող գլոբալ տնտեսական ճգնաժամը ձևավորված ֆինանսական համակարգի փլուզման արդյունք է: Ռուսաստանի պաշտոնական տեսակետի համաձայն` դա էլ իր հերթին ֆինանսական շուկաների ցածրորակ կարգավորման հետևանք է, որի պատճառով հսկայական ռիսկեր դուրս էին մնացել անհրաժեշտ վերահսկողությունից:

Այդ փաստաթղթում պաշտոնական Մոսկվան մատնանշում է, որ ֆինանսական կարգավորման հարցերով զբաղվող համաշխարհային ինստիտուտները վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացներին համարժեք քայլերով չեն հակազդել` հոգալու համար ժամանակակից բազմաբևեռ աշխարհի կարիքները: Դրա հետևանքով աշխարհը դեմ առավ, բախվեց տնտեսական լուրջ ցնցումների, որոնք տանում են աճող գլոբալ սոցիալական անկայունության:

Եվ տրամաբանական էր, որ Ռուսաստանի առաջարկների առանցքն էին կազմում` մակրոտնտեսական և բյուջետային կարգավորման, ճգնաժամի ժամանակաշրջանում ներքին պահանջարկի խթանմանը, միջազգային պահուստային արժույթների, վերազգային բնույթի կարգավորման գործիքների ազգային բնույթ ունեցող կարգավորիչ գործիքների հակասությունների հարթեցմանն ուղղված առաջարկությունները: Ինչպես նաև` միջազգային ֆինանսաարժութային համակարգի ռեֆորմը, միջազգային ֆինանսական ինստիտուտների (կառույցների) բարեփոխումները և այլն:

Իսկ ինչպիսի՞ քաղաքականություն էր որդեգրել Եվրոպան:

Հետաքրքիր է, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները, չհաշված նրանց երկկողմանի պարբերական շփումները, նեղ կազմով` արևմտաեվրոպական, այսպես կոչված, «հին» Եվրոպայի լիդերները մարտի 1-ին հավաքվել էին Բրյուսելում որոշելու Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրենց մարտավարությունը թե՛ ԵՄ ներսում, թե՛ արտաքին աշխարհում:

Այստեղ ավելորդ չէ նշել, որ այդ հանդիպման ժամանակ «հին» Եվրոպայի ղեկավարները մերժեցին արևելաեվրոպական երկրներին հատկացնել 190 մլրդ եվրո օգնություն, մինչդեռ վերջիններս ակնկալում էին ստանալ 300 մլրդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն: Ստեղծված իրավիճակը ամբողջությամբ ներկայացնելու համար ասենք, որ արևելաեվրոպական երկրները պարտք են իրենց արևմտյան հարևաններին ավելի քան 1,25 տրլն դոլար: Խորհրդանշական է նաև այն, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը այդ ժամանակ խորհուրդ է տվել Եվրամիության նոր անդամ երկրներին ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով դիմել Արժույթի Միջազգային Հիմնադրամին, այլ կերպ ասած` ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՀ-ում որոշիչ է վերջինիս խոսքը: Միացյալ Նահանգները, տնօրինելով ձայների ընդամենը 17%-ը, ունի ցանկացած որոշման վրա վետո դնելու արտոնություն:

Պարզաբանման համար հիշատակեմ` համաձայն Բրետտոն Վուդսի համաձայնագրի, յուրաքանչյուր որոշում ընդունելու համար ձայների 50%-ից ավելի ունեն ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ճապոնիան միասին: Ի դեպ, նշենք, որ Հունգարիան և Լատվիան ԱՄՀ-ից արդեն իսկ ստացել էին համապատասխանաբար 14,5 և 1,5 մլրդ դոլարի օգնություն:

Բրյուսելյան հանդիպմանը հաջորդեց մարտի 21-22-ին Բեռլինում կայացած Եվրամիության անդամ բոլոր երկրների առաջնորդների մասնակցությամբ լիագումար գագաթաժողովը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ասես թե, ընդհանրացրեց եվրոպացիների կարծիքը` հայտարարելով. «Անհրաժեշտ է վերստին կառուցել կապիտալիզմը զրոյից, դարձնելով այն ավելի բարոյական»:

Կարծում եմ, հասկանալի է, թե ինչ նկատի ուներ Ֆրանսիայի նախագահը: Թե՛ Ֆրանսիան, թե՛ Դաշնային Գերմանիան քանիցս հայտնել են իրենց դժգոհությունն ամերիկյան ֆինանսական իշխանություններից: Վերջիններս, օգտվելով այն հանգամանքից, որ ամերիկյան դոլարը լինելով ազգային արժույթ, միաժամանակ նաև համաշխարհային պահուստային արժույթ է, արդեն տևական ժամանակ է, ինչ այդ հանգամանքը ծառայեցնում են ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական համակարգի խոցելի կողմերը չեզոքացնելու համար: Ամերիկյան էկոնոմիկան շահեկան դիրքերում պահելու համար պահանջվող հարյուրավոր միլիարդների հասնող ծախսերը (շնորհիվ դոլարի յուրահատուկ կարգավիճակի) ամերիկացիները բարդում էին համայն աշխարհի պետությունների վրա: Դա հնարավորություն էր ընձեռում ամերիկացիների համար ստեղծել մրցակցային ավելի բարենպաստ պայմաններ այլ պետությունների, հատկապես Եվրամիության անդամ երկրների նկատմամբ:

Հիշենք, որ վերջին տարիների ընթացքում արևմտաեվրոպացիները գերադասում էին ապրանքավորվել, գնումներ կատարել ԱՄՆ-ում` այնտեղի գների շոշափելիորեն ավելի էժան լինելու պատճառով: Անգամ իսկ Եվրոպա-ԱՄՆ-Եվրոպա ճանապարհածախսը հաշվի առնելով էլ ԱՄՆ-ում գնումներ կատարելը ձեռնտու էր եվրոպացիներին: Կրկնեմ, որ ԱՄՆ-ն արտադրելով համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը իր երկրի ներսում սպառում էր դրա 40%-ի չափով: Այնպես որ, ամենևին էլ պատահական չէր, որ թե՛ Լոնդոնի G-20-ի նախօրեին և թե՛ բուն գագաթաժողովի ժամանակ առավել կոշտ դիրքորոշումներով հանդես էին գալիս Եվրամիության էկոնոմիկայի առաջատար երկրների ղեկավարները, այն է` Դաշնային Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Ավելին, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները սեփական դիրքորոշումները առավել հստակ ներկայացնելու նպատակով ապրիլի 1-ին Լոնդոնում անցկացրեցին համատեղ ասուլիս, որտեղ հայտարարվեց. «Ֆրանսիան ու Գերմանիան գագաթաժողովին խոսելու են միասնական ձայնով»: Մասնավորապես, Ա. Մերկելը շեշտել է, որ գագաթաժողովը պարտավոր է որոշել համաշխարհային ֆինանսական շուկայի նոր ճարտարապետության շրջանակները: Միաժամանակ կարևորել է ֆինանսական կառույցների գործունեության վերանայման անհրաժեշտությունը` խնդիր ունենալով ուժեղացնել դրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը: Մերկելը անհրաժեշտ է համարել նաև հստակեցնել ու կոշտացնել խեդժ-ֆոնդերի (ինվեստիցիոն կազմակերպություններ, որոնք զբաղվում են ֆիրմաների արժեթղթերի առքուվաճառքով) գործունեության կանոնները, ինչպեսև ապահովել դրանց աշխատանքի թափանցիկությունը, լուծումներ տալ օֆշորային գոտիներում, այսպես կոչված, հարկային օազիսներում գործող ֆինանսական կենտրոնների նկատմամբ աշխատունակ ֆինանսական վերահսկողության համակարգի ստեղծմանն ուղղված խնդիրներին:

Անգելա Մերկելն իր վրա է վերցրել պատասխանատվություն` քննադատել պաշտոնական Վաշինգտոնին, ասելով, որ ամերիկյան իշխանություններն անգամ իսկ փորձ էլ չեն անում վերջ դնել միակողմանի իրականացվող հովանավորչությանը, վերանայել ֆինանսական ինստիտուտների գործունեությունը, և, ընդհանրապես, անհրաժեշտ է համարել փոխել այն միտվածությունը, երբ կողմերը չեն զբաղվում վերը հիշատակված խնդիրներով` գտնել ճգնաժամի գլխավոր պրոբլեմները, դեռ ավելին` չեն էլ կատարում նախկինում ստանձնած պարտավորությունները:

Ամփոփելով վերն ասվածը` արձանագրենք. Լոնդոնի գագաթաժողովում Ֆրանսիայի և Գերմանիայի լիդերները կատարեցին իրենց խոստումը` հանդես էին գալիս միասնական դիրքերից: Հասկանալի է, որ նման դիրքորոշումը բխում է ԵՄ քաղաքական և ռազմավարական շահերից` հնարավորինս վերահսկելի դարձնել ԱՄՆ-ի տնտեսական հզորության հնարավոր բացասական ազդեցությունը իրենց երկրների վրա, միաժամանակ չհայտնվել «ամերիկյան մուրճի և չինական մանգաղի արանքում»:

Անշուշտ, Լոնդոնի G-20 գագաթաժողովում շատ կարևոր էր նաև Չինաստանի դիրքորոշումը: Այսպես, դեռ մարտի 21-ին Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի «Համաշխարհային արտարժութային համակարգի ռեֆորմը» վերտառությամբ մեկուկես էջանոց հրապարակումը, ըստ էության, «նոր էպոխայի սկզբի» հռչակագիր էր: Այդ փաստաթղթի հիմնական առանցքն այն էր, որ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ փոխարինել պահուստային այլ արժույթով, որը կիրառվում է Արժույթի Միջազգային Հիմնադրամի շրջանակում:

Համաշխարհային պահուստային նոր արժույթին անցնելու մասին մարտի 21-ի Չինաստանի առաջարկությունը հաջորդ իսկ օրը պաշտպանություն էր գտել Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ում արձագանքը միարժեք չեղավ: Նախագահ Բարաք Օբաման, Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն և ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները մերժեցին Չինաստանի այդ գաղափարը ու վերահաստատեցին, որ դոլարը նախկինի պես ամուր է: Սակայն այդ հայտարարություններն արվեցին այն բանից հետո, երբ Թ. Գայթներն արդեն իսկ հայտարարել էր, որ նա «միանգամայն բաց է» Չժոու Սյաոչուանի առաջարկությունները քննարկելու համար:

Ինչո՞ւ է անհրաժեշտ հատկապես կարևորել Չինաստանի հիշատակածս առաջարկությունը. նախ, այս երկիրը ԱՄՆ-ի ամենախոշոր առևտրային գործընկերն է և, երկրորդ, Չինաստանը, ունենալով շուրջ 2 տրլն դոլարին համարժեք միջազգային պահուստներ, դրանց երկու երրորդը (տարբեր գնահատականներով 1,2-1,7 տրլն դոլար) պահում է դոլարներով կամ դոլարով արտահայտված ամերիկյան գանձապետական արժեթղթերի տեսքով:

Եվ, վերջապես, դիտարկենք, թե լոնդոնյան գագաթաժողովի նախօրեին և հենց G-20-ի ընթացքում ինչպիսի՞ն էր ԱՄՆ-ի դիրքորոշումը, որո՞նք էին նրանց առաջարկությունները: Ամերիկացիները գտնում են, որ G-20-ի գլխավոր խնդիրը պետք է լինի համերաշխ գործելու պատրաստակամությունը: Նրանք գտնում են, որ ներկայումս անհրաժեշտ է առաջնային կարգով պահպանել դոլարի ամրությունն ու կայունությունը, որպես համաշխարհային պահուստային արժույթ, իսկ ֆինանսական հոսքերի վրա հսկողության սահմանումը, դրա մեխանիզմների մշակումը ամերիկացիները համարում են հետագայում լուծվելիք խնդիրներ: Միացյալ Նահանգների իշխանությունների տրամաբանությունը պարզ է. անհրաժեշտ է խոշորածավալ դոլարային ներարկումներ կատարել թե՛ ԱՄՆ-ի տնտեսությունում և թե՝ աշխարհով մեկ՝ խնդիր ունենալով հաղթահարել ճգնաժամը տնտեսագիտությանը հայտնի երկու մոտեցումների միաժամանակյա կիրառմամբ:

Առաջին` այդ դոլարային ներարկումներն անհրաժեշտ է ծառայեցնել համախառն պահանջարկի խթանմանը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ այլ երկրներում:

Երկրորդ` ֆինանսական միջոցների մի մասն էլ հարկ է ուղղել ներդրումների ակտիվացմանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, իսկ դա էլ իր հերթին կբերի համախառն սպառողական պահանջարկի խթանմանը: Ըստ ամերիկացիների, այդ երկու միջոցների կիրառումը կհանգեցնի նրան, որ ներարկվող ֆինանսների մի մասը կծախսվի ապրանքների ներմուծման նպատակով, որն էլ կօգնի ոչ միայն ներմուծող երկրներին, այլև արտահանում իրականացնող նրանց արտասահմանյան առևտրային գործընկերներին: Նման մոտեցում որդեգրելու պայմաններում, ըստ ամերիկացիների, եթե երկրները գործեն կոորդինացված, ապա, նրանք համոզված են, դա կտա առավելագույն արդյունք Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման գործում:

ԱՄՆ-ի այս դիրքորոշումը, որը վերստին հնչեցվեց Լոնդոնում, միահամուռ հավանության արժանացավ բրիտանացիների և ճապոնացիների պատվիրակությունների կողմից: Հարկ է նշել, որ ըստ հեղինակավոր վերլուծաբան-տնտեսագետների, այդ թվում և ամերիկյան, Բարաք Օբաման կրկնում է իր նախորդի` Ջորջ Բուշի վարած տնտեսական քաղաքականության սխալը, այն է` խթանել էկոնոմիկան պետական ծախսերի աճի և արտաքին պարտքի զգալի ավելացմամբ: Եվ, փաստորեն, ԱՄՆ գործող վարչակարգը փորձում է իր որդեգրած նման քաղաքականության ռիսկայնությունը բաժանել այլ երկրների վրա նույնպես, երբ կոչ է անում հետևել իր առաջարկած հակաճգնաժամային քաղաքականությանը:

Ինքնին հասկանալի է, որ եթե խոշոր երկրները հետևեն ԱՄՆ-ի խորհրդին, ապա նրանք նույնպես կկուտակեն մեծ պարտքեր: Արդյունքում, մասնավորապես, եվրոպացիները հասկանում են, որ այդ պարագայում նրանց էկոնոմիկաները կդառնան սակավ գրավիչ ներդրողների համար, որոնք չեն շտապի «փախչել» ԱՄՆ-ից:

Կարծիք կար, թե երբ G-20-ի հիմնական խաղացողներից` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան մի կողմից, Չինաստանը մյուս կողմից, իրենց առաջարկությունների հիմքում դրել էին սկզբունքորեն տարբերվող մոտեցումներ հատկապես ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի մոտեցումներից, ապա գագաթաժողովը պետք է որ չկարողանար ընդունել միասնական փաստաթուղթ:

Բարեբախտաբար, աշխարհի խոշոր երկրների լիդերները գտնվեցին անհրաժեշտ բարձրության վրա` խորապես գիտակցելով, որ համայն աշխարհը, առանց չափազանցության, կանգնած է լինել-չլինելու ընտրության առաջ: Արդյունքում` ընդունվեց 29 հոդվածներից բաղկացած կոմյունիկե: Դրանում հաշվի են առնվել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջարկություններից շատերը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն նույնպես բավարարված է, քանի որ ԱՄՆ դոլարը շարունակելու է մնալ համաշխարհային պահուստային արժույթ. այս հանգամանքը ամերիկացիների համար, թերևս, ամենակարևորն է: Առաջիկայում կկարևորվի Արժույթի Միջազգային Հիմնադրամի և նրա ակտիվության տարածությունում շրջանառվող SDR-ը (Special drawing rights. Փոխառության հատուկ իրավունք` ՓՀԻ), որը պայմանական հաշվարկային միավոր է ոչ բանկնոտային կամ մետաղադրամի տեսքով: Փոխառության հատուկ իրավունքի (SDR), որի էմիսիան իրականացնում է ԱՄՀ-ը, գնանշումում այսօր 44%-ը բաժին է ընկնում ԱՄՆ դոլարին, 32%-ը՝ եվրոյին, 11%-ը՝ ճապոնական իենին, 11%-ը՝ բրիտանական ֆունտ ստեռլինգին:

Նշենք, որ G-20-ի ընդունած կոմյունիկեով նախատեսված է ճգնաժամից առավել տուժած երկրներին օգնելու նպատակով հատկացնել հավելյալ 1 տրլն 100 մլրդ դոլար: Հատկացվող այդ գումարից 500 մլրդ դոլարը տրամադրվելու է ԱՄՀ-ին: Դրա չափի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար ասենք, որ ԱՄՀ-ի ներկայիս ռեսուրսները կազմում են 328 մլրդ դոլար:

Ասվածից փորձենք անել որոշ հետևություններ:

Առաջին. այսօր համաշխարհային ֆինանսական շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի դոլարը դարձել է իրար հակասող նպատակների պատանդը: Մի կողմից, եթե նա որպես համաշխարհային հիմնական պահուստային արժույթ սկսի բավարարել համաշխարհային էկոնոմիկայի պահանջները, ապա ԱՄՆ-ի իշխանությունները սեփական երկրի ներսում կարող են կորցնել սղաճի նկատմամբ գործնական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը:

Միաժամանակ ԱՄՆ-ի դոլարը, իրականացնելով ազգային արժույթ լինելու իր գործառույթը, երկրի ներսում առաջացնում է այլ բնույթի խնդիրներ, ինչի ականատեսն ենք մեր օրերում: Այսպես, 2009 թ. ֆինանսական տարում (2008 թ. հոկտեմբեր - 2009 թ. հոկտեմբեր) խնդիր դնելով խթանել համախառն ներքին պահանջարկը, ԱՄՆ-ում նախատեսել են պետական պարտքի շեշտակի ավելացում` հաստատելով բյուջե, որի պակասուրդը կազմում է 1 տրլն 150 մլրդ դոլար: Այդ պակասուրդը լրացնելու են, ըստ էության, այն բոլոր երկրները, որոնք ստեղծված համաշխարհային ֆինանսական համակարգի պայմաններում, երբ դոլարը միջազգային պահուստների եզակի արժութային միջոցն է, իրենց երկրների ազգային արժույթները պահուստի վերածելու նպատակով հարկադրված կլինեն գնել կամ դոլար, կամ ամերիկյան գանձապետական արժեթղթերը` տրեժերիսները:

Այլ կերպ ասած` դոլարն այսօր այլոց համար խնդիրներ առաջացնելով է դեռ կարողանում միաժամանակ իրականացնել ազգային արժույթի և համաշխարհային պահուստային արժույթի (շատ դեպքերում իրար հակասող) ֆունկցիաները: Այդ երկու գործառույթների միաժամանակյա իրականացումը երկարաժամկետ հեռանկարում կարող է աշխատեցնել Տրիֆֆինի, այսպես կոչված, պարադոքսը` աշխարհում ինչքան շատ է դոլարը տարածվում որպես համաշխարհային պահուստային արժույթ, այդքան ԱՄՆ-ին դժվար է լինելու վերահսկել սեփական արժույթի փոխարժեքը: Սպորտային լեզվով ասած` միշտ չէ, որ խաղացող դատավորը օգտակար է իր թիմի համար:

Ահա այս ամենը հաշվի առնելով էր, որ Լոնդոնի գագաթաժողովի նախօրեին արվեցին (Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի կողմից) վերազգային արժույթի անցնելու առաջարկություններ: Ահա սրանով էր պայմանավորված համաշխարհային ֆինանսական շուկայում Փոխառության հատուկ իրավունքի (SDR) դերակատարությունը բարձրացնելուն ուղղված առաջարկները:

Երկրորդ. ԱՄՆ-ի գործող իշխանություններն այսօր փորձում են ճգնաժամի առաջն առնել պետական ծախսերի աննախադեպ ավելացմամբ, ըստ որում, լայնորեն կիրառելով դոլարային էմիսիա, որը, ի վերջո, բերում է արտաքին պարտքի ավելացում: Ինչպես արդեն վերն ասացի, նման քաղաքականություն կիրառվել էր դեռ 1981 թվականից և արդեն իսկ հանգեցրել է Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի: Տրամաբանությունը հուշում է, որ այդ քաղաքականությունը շարունակելու դեպքում, անգամ իսկ հաղթահարելով ներկայիս ճգնաժամը, մենք ստեղծում ենք նախադրյալներ արդեն իսկ ապագայում նոր ճգնաժամի մեջ հայտնվելու համար:

Այդ տեսակետից հաստատվում է այն թեզը, որ կապիտալիստական համակարգին ներհատուկ են ցիկլիկ ճգնաժամեր: Դրանում աշխարհը համոզվեց 1929-1933 թթ. Մեծ դեպրեսիայի (որը ճարակեց ԱՄՆ-ն, Կանադան և Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրները), 1997-1998 թթ. Արևելյան Ասիայի, Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի և ներկայիս ճգնաժամի օրինակով:

Սակայն մյուս կողմից էլ պետք է արձանագրենք, որ ճգնաժամը հաղթահարելու դեղամիջոց է առաջարկվում ճիշտ այն նույն քաղաքականության իրականացմամբ, որն անզոր գտնվեց կանխել այսօրվա ֆինանսական ճգնաժամը: Այլ կերպ ասած` գործող կապիտալիստական համակարգն ի զորու չէ իր զինանոցից առաջարկել իր իսկ ներսում ծագած ֆինանսատնտեսական ճգնաժամերը կանխարգելող միջոցներ: Կնշանակի, որ մենք գործ ունենք նաև կապիտալիզմի համակարգային ճգնաժամի հետ: Եվ ամենևին էլ պատահական չէր, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ինչպես ասվեց, հայտարարել էր. «Անհրաժեշտ է վերստին կառուցել կապիտալիզմը զրոյից, դարձնելով այն ավելի բարոյական»:

Երրորդ ուշագրավ հետևությունն էլ, ըստ իս, այն է, որ G-20-ի գագաթաժողովը, ընդունելով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի լիդերների առաջարկությունները` ուղղված ֆինանսական շուկաների գործունեության կարգավորմանը, ֆինանսական հոսքերի վերահսկելիության ապահովմանը, պետությունների դերակատարության բարձրացմանն առևտրի և հետճգնաժամային էկոնոմիկաների վերականգման գործում, ըստ էության, վերջ դրեցին ազատական կապիտալիզմի անգլո-սաքսոնական մոդելին, որը գործում էր առնվազն 1980-ական թվականներից: Անգլո-սաքսոնական մոդելին ներհատուկ էր ազատ շուկաների ինքնակարգավորիչ դերի բացարձակացումը, բիզնեսի ազատ գործելու առաջնայնության ապահովումը:

Նկատենք, որ G-20-ի կողմից ընդունված վերը նշված առաջարկները հիմնականում բնորոշ են էկոնոմիկայում հայտնի, այսպես կոչված, «Հռենոսի մոդելին», որն առավել ուժեղ կիրառում գտավ Գերմանիայում 1949 թվականից հետո: Դրան ներհատուկ է բանվորների և կապիտալիստների համագործակցությունը, պետության կարգավորիչ դերի կարևորումը, ինչը նպաստում է կապիտալիզմին բնորոշ հակասությունների մեղմմանը:

Չորրորդ. G-20-ի շրջանակում արդեն իսկ հստակ առանձնացան սկզբունքորեն տարբեր երկու հիմնական դիրքորոշում: Մի կողմից` ամերիկա-բրիտանա-ճապոնականը, որի առանցքն է` այսուհետ էլ դոլարն ընդունել որպես համաշխարհային պահուստային արժույթ: Մյուս կողմից` Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումը, որը թեպետ չդարձավ G-20-ի օրակարգային հարց, սակայն դրա մասին արդեն իսկ այդ երկրները պաշտոնապես արտահայտվել են:

Այստեղ հարկ է փաստել, որ Չինաստանի նյութական բարեկեցությունն այսօր մեծապես պայմանավորված է ԱՄՆ դոլարի ամրությամբ, քանի որ, ինչպես վերը ասվեց, նրա միջազգային պահուստներում դոլարին բաժին է ընկնում երկու երրորդը: Այնպես որ, մինչև գագաթաժողովը բարձրացնելով վերազգային արժույթի մասին հարցադրումները, իրենց ձայնը լսելի դարձրեցին մեկ այլ հարցում. Չինաստանի հատուկ ադմինիստրատիվ շրջանները` Հոնկոնգը և Մաքաոն չընդգրկվեցին օֆշորային գոտիների «սև ցուցակում», ինչը նրանց հնարավորություն կտա շարունակել օգտվել հարկային դաշտի արտոնություններից: Խոսքը վերաբերում է համաշխարհային վերազգային նոր արժույթին անցնելու գաղափարին:

Այստեղ հետաքրքրական էր Գերմանիա - Ֆրանսիա տանդեմի դիրքորոշումը. նրանք չբարձրաձայնեցին նոր համաշխարհային պահուստային արժույթին անցնելու անհրաժեշտության գաղափարը, սակայն իրենց առաջարկներով, որոնք մասամբ ընդունվեցին, փորձեցին սահմանափակել դոլարի այսօրվա «միահեծան» համաշխարհային պահուստային արժույթ լինելու առաքելությունը, և դրա միջոցով ԱՄՆ-ին վերապահված համաշխարհային հեգեմոնի դերակատարությունը:

Ահա նման հետաքրքիր ժամանակում ենք մենք ապրում: Ժամանակ, որը հրամայական է դարձնում որդեգրել համաշխարհային մարտահրավերները դիմակայելու և ապագային միտված զարգացման համազգային ծրագրի մշակման անհրաժեշտությունը:

Последние видеоматериалы

Новые книги