ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԻ 13-ԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՆԵՑԱԾ ԶՐՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թերևս հարկ չէր լինի հատուկ անդրադառնալ վարչապետի մարտի 13-ի հարցազրույցին, եթե Հայաստանի Հանրապետությունը հայտնված չլիներ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Դա հրամայական է դարձնում ճգնաժամի պատճառների ճշգրիտ ախտորոշումը և համարժեք գործողությունների իրականացումը: Ներկայումս հրատապ խնդիր է մշակել և գործի դնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը կմեղմի թե՛ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեր երկրում և թե՛ կբացահայտի այն արատները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայում, սակայն, ավա˜ղ, դրանք դիմագրավելու, առաջն առնելու գործառույթները մինչև օրս իսպառ բացակայում են:

Եթե խնդրո առարկային մոտենանք այս դիտանկյունից, ապա լրագրողի տված հենց առաջին հարցին վարչապետի տված պատասխանի ամենախոցելի տեղն այն է, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը նա ամբողջովին պայմանավորում և կապում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Մինչդեռ ընդամենը 3-4 ամիս առաջ, միմյանց հերթ չտալով, թե՛ վարչապետը, թե՛ Կենտրոնական բանկի նախագահը, թե՛ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները մամուլով և էլեկտրոնային լրատվամիջոցներով եռանդագին հայտարարում էին, որ ճգնաժամի առաջին ալիքը հաղթահարել ենք, ՀՀ-ն խաղաղ նավահանգիստ է, ունենք ուժեղ գործիքներ ճգնաժամին դիմակայելու համար և անում նմանատիպ անհիմն այլ պնդումներ: Գնահատելով այսօր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, հարկ է նշել, որ այն խիստ մտահոգիչ է: Դրա վկայությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալներն են: Մասնավորապես, 2009 թ. հունվար  ամսին 2008 թ. դեկտեմբերի համեմատ ՀՆԱ-ն կազմել է 37,2%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 32,1%, շինարարության ծավալը 13,7%, մանրածախ առևտրի շրջանառությունը 36,47%, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունվարին կազմել է նախորդ տարվա դեկտեմբերի աշխատավարձի ընդամենը 78,3%-ը: Թվում էր,  թե վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետք է առարկայական վերլուծություն կատարեր` վեր հանելով տնտեսության անկման պատճառները, մատնանշելով դրանց հաղթահարման ուղիները: Ավա˜ղ, դա տեղի չունեցավ: Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը և Կենտրոնական բանկը մակերեսորեն են տիրապետում մեր երկրի տնտեսական վիճակին, չեն դրսևորում այն համարժեք գնահատելու ունակություն: Այս ամենի արդյունքում կորսվում է հնարավոր հեռանկարային զարգացման տեսլականը, բացակայում է հնարավոր զարգացումների հիմնավոր կանխատեսումներ անելու պահանջված գործառույթը: Առավել վտանգավոր է, որ երկրի տնտեսական վիճակի կանխանկատվող հետագա վատթարացումը ամբողջությամբ և բացառապես պայմանավորում են համաշխարհային ճգնաժամով` անտեսելով էկոնոմիկայի վրա ոչ պակաս բացասական ազդեցություն ունեցող ներքին բազում տնտեսության առաջընթաց զարգացումն արգելակող գործոնները: Այս պայմաններում էկոնոմիկայում առկա տագնապահարույց միտումները ամբողջովին պայմանավորել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, նախ, տնտեսագիտորեն հիմնավոր չէ, երկրորդ, հղի է չարդարացված հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ և դրա արդյունքում տնտեսության փլուզման վտանգով: Այլ կերպ ասած` կառավարությունը, վարչապետը վարվող տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները գնահատելու փոխարեն, ըստ էության, ընտրել են համաշխարհային ճգնաժամի թիկունքում թաքնվելու մարտավարություն: Մինչդեռ նշենք, որ պատասխանատվությունից խուսափելու այս դրսևորումը կարող է սոցիալ-տնտեսական ծայրահեղ հետևանքներ ունենալ մեր երկրի և  պետականության համար:

Անհրաժեշտ է, որ օր առաջ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը մեր տնտեսության համար բացասական հետևանքները, որոնք պայմանավորված են համաշխարհային ճգնաժամով, պարզորոշ սահմանազատեն մեր էկոնոմիկային ներհատուկ այն գործոններից, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում զարգացման վրա և պայմանավորված են հենց նույն` երկրում վարվող անհեռանկար տնտեսական քաղաքականությամբ: Մասնավորապես, ՀՀ կենսագոյության համար առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում ստեղծված է մենաշնորհային գերիշխանություն, որը արգելակում է ազատ գնագոյացումը ու մրցակցությունը: Բացի այդ, առկա է տնտեսվարող  սուբյեկտների վրա հարկային բեռի խիստ անհավասար բաժանում: Մենք ականատեսն ենք, երբ հարկային բեռի անհամաչափ և անարդարացի մեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում փոքր և միջին բիզնեսին, ինչն էլ վկայում է փոքր և միջին բիզնեսի պաշտպանված չլինելու մասին: Ավելին, վերջերս մենք ականատեսը դարձանք, երբ պետական օրենսդրական  ակտերի և որոշումների հիման վրա (որոնց կիրառումը ոչ ճգնաժամային պայմաններում միգուցե արդարացված լիներ), ըստ էության, արգելակում է փոքր բիզնեսի կայացումը և վերջինս, փաստորեն, դադարեցնում է իր գործունեությունը` լինեն դրանք տաքսու վարորդներ, տոնավաճառի վաճառողներ և այլոք: Դրա հետ մեկտեղ տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունն ամբողջությամբ ձեռքերը լվացել է գյուղացիական մենատնտեսություներից, ֆերմերներին համակարգված օգնություն ցույց տալու մարտավարությունից:

Մինչ օրս, կրկնեմ, չեն սահմանազատվել գլոբալ ճգնաժամով  պայմանավորված մեր տնտեսության վրա բացասաբար ներգործած հետևանքները էկոնոմիկայում ներքին արատներով պայմանավորված իրողություններից: Արդյունքում, չկան տարբերակված հակաճգնաժամային ծրագրեր, որոնք իրենց ամբողջականությամբ հիմք կհանդիսանային հակաճգնաժամային համալիր ծրագրի համար: Համալիր ծրագիր, որտեղ կմատնանշվեին միջոցառումներ` ուղղված համաշխարհային ճգնաժամի թողած բացասական հետևանքների մինիմալացմանը ՀՀ-ի էկոնոմիկայի վրա, դրա հետ մեկտեղ կմշակվեր ծրագիր` երկրի զարգացմանը խանգարող ներքին գործոնների  հաղթահարման ուղղությամբ:

Հետևություն. պատասխանելով լրագրողի առաջին իսկ հարցին, ուր մասնավորապես ասված էր` «Պարոն վարչապետ, կառավարության նիստում Դուք հայտարարեցիք` այսօր որևէ կազմակերպություն չի կարող ապագայի վերաբերյալ հստակ կանխատեսումներ անել, անորոշություններն այս պահին չափազանց մեծ են… Դուք անցած ամիսների ընթացքում` անգամ ենթադրելով, որ մեր տնտեսությունն ավելի հրապուրիչ կարող է դառնալ ներդրումների համար, անգամ 9% աճ էիք կանխատեսել», վարչապետը դրսևորեց, մեղմ ասած, ոչ լիարժեք իրազեկություն կամ, քողարկելով իր գլխավորած կառավարության անօգնականությունը, պարզապես տվեց խուսափողական պատասխան: Վարչապետի պարզաբանումները ավելի շատ ուղղված էին տնտեսագիտական տարրական գիտելիքներից զուրկ մարդկանց ուշադրությունը շեղելուն` երկրում վարվող տնտեսական քաղաքականության ձախողումները բարդելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա:

Երկրորդ. այս հարցին վարչապետի տված պատասխանը, թերևս, հուշում է, որ անգամ իսկ հայտնվելով խորը ճգնաժամում, այդպես էլ բացակայում է այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ առկա ճգնաժամը հիմնականում արդյունք է երկրում շարունակ իրականացվող «վայրի ազատականության» կիրառման: Տնտեսական այնպիսի քաղաքականություն, երբ պետությանը հատկացվել էր «գիշերային պահակի» դերակատարություն: Պահակություն կատարել, որ չնչին գումարներով սեփականաշնորհված ձեռնարկությունները գիշերային ժամերին չկողոպտվեն ընչազուրկ դարձած նախկին աշխատակիցների, բանվորության կողմից: Անհրաժեշտ է հստակ գիտակցել ու բարձրաձայնել, որ երկրում առկա ֆինանսատնտեսական արատավոր համակարգի պայմաններում (որի ստեղծման համահեղինակներից մեկն էլ ճիշտ ինքը` ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանն է) չէր կարող ձևավորվել օրենսդրական այնպիսի դաշտ, որով հնարավոր լիներ մեր էկոնոմիկայում լայնորեն արմատավորել սոցիալապես պարտավորեցնող մասնավոր սեփականություն: Մասնավոր սեփականության այն ձևը, որը կիրառվելով հետպատերազմյան Գերմանիայում Լյուդվիգ Էրհարդի կառավարության օրոք հնարավոր դարձրեց շատ կարճ ժամանակում այդ երկրի քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնել, նաև շնորհիվ ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտի: Ցավոք, մեզանում բացակայում է օրենսդրական այն դաշտը, որը կնպաստեր հատկապես խոշոր սեփականատերերին առաջնային համարել սոցիալապես առաջընթաց ապահովող գործառույթների իրականացումը: Նման պայմաններում հարկ չէր լինի այսօր ներկրողներին կամայական գներ սահմանելու համար ադմինիստրատիվ մեթոդների կիրառմամբ սպառնալ, դա էլ այն դեպքում, երբ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է սոցիալական, իրավական պետություն, ուր երաշխավորված են տնտեսական գործունեության ազատականությունն ու տնտեսական ազատ մրցակցությունը, ազատ շուկայական գնագոյացումը:

Սոցիալական շուկայական տնտեսության հիմնում` ահա սա է մեր երկրի համար ամենացանկալի ուղին, հանգամանք, որի ձևավորման անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնում է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»:

Լրագրողի երկրորդ հարցին («Հարցս վերաբերում է խոշոր ձեռնարկություններին, որոնց 99%-ը սեփականաշնորհված է, և ցավոք սրտի, այսօրվա դրությամբ դրանք կամ կիսով չափ են աշխատում, կամ չեն աշխատում…») վարչապետը նախ պատասխանում է` «Պետական ձեռնարկությունների գերակշիռ մասը սեփականաշնորհվեցին 1990-1995 թթ.», հետո էլ արդարանում է. «Մենք չունեինք գիտելիքներ` ինչպես կազմակերպել  այդ ձեռնարկությունների աշխատանքը»: Ակամայից ուզում ես բարեկամաբար ասել` ա˜յ, տնաշեն, այդ ժամանակներից արդեն անցել է 15 տարի, դեռ չսովորեցի՞նք ինչպես աշխատել, բա մեր հարևան գործընկեր պետությունները մեր մասին ի՞նչ կմտածեն…

Առնվազն տարօրինակ է, որ փոխանակ, ըստ էության, խոսվի ՀՀ-ում գործող խոշոր արտադրությունների տարիներ շարունակ թերբեռնված կամ պարապուրդի մատնված գործարանների վերակենդանացման, վերագործարկման մասին, պատմում են ինչ-որ անհասկանալի ուղղվածության պատմություններ: Ասած ռուսի` «Ни уму, ни сердцу».

Արդյոք զավեշտ չէ՞, որ  Խորհրդային Միության փլուզումից 18 տարի անց, այսօրվա արդյունաբերության կաթվածահար վիճակը դեռ շարունակում են պայմանավորել միասնական սովետական տնտեսական համակարգի փլուզմամբ: Կարծում եմ, ավելի արդարացի կլիներ, եթե վարչապետն ազնվաբար խոստովաներ, որ անցած 18 տարիների ընթացքում երկրում այդպես էլ չի մշակվել և իրականացվել տնտեսական այնպիսի քաղաքականություն, որը կնպաստեր մեր երկրում մրցունակ արդյունաբերություն և գյուղատնտեսություն հիմնելու գործին: Իսկ առավել արդարացի կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը խոստովաներ, որ ԿԲ նախագահի պաշտոնում շուրջ 10 տարի շարունակ իրականացրել է դրամավարկային այնպիսի քաղաքականությունն, որն ուղղված է եղել (իր փաստացի հետևանքներով) տեղական արդյունաբերության կազմալուծմանը, հատկապես արտահանող ճյուղերի ձեռնարկությունների սնանկացմանը` ի շահ խոշոր ներկրողների և առևտրային բանկերի, էլ չենք խոսում ներմուծումից երկրի վտանգավոր կախվածության մասին: Ըստ որում, քանիցս թմբկահարվում է բանկային համակարգի կայացման մասին, ինչը, մեղմ ասած, չափազանցություն է: Բերեմ ընդամենը երկու թիվ. այսպես, 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի կողմից տնտեսությանը և անհատներին տրված վարկերի ծավալը կազմել է 634 մլրդ 495 մլն դրամ կամ 2008 թ. ՀՆԱ-ի 17,38%-ը, իսկ բանկերի ակտիվները կազմել են ընդամենը 1 տրլն 24 մլրդ 232 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 28,06%-ը: Այս կարգի թվերը նույնիսկ ոչ առաջատար երկրների առանձին վերցրած առևտրային բանկերի համար են շատ համեստ: Եթե նշենք, որ հատկացված վարկերի զգալի մասը կազմում են առևտրային վարկերը, ապա կարելի է պնդել, որ ՀՀ բանկային համակարգը, իշխանությունների ջանքերով հայտնվելով անհամեմատ շահութաբեր վիճակում, քան տնտեսության իրական հատվածը, այդպես էլ չի դարձել այն արյունատար անոթը, որը կոչված էին սնուցել երկրի տնտեսության նյութական արտադրությունը, հատկապես արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները: Եվ, վերջապես, խորհենք վարչապետի մեկ այլ պատասխանի շուրջ: Նա ասում է, որ այսօր կառավարությունը «նոր հայեցակարգ է առաջ քաշել` պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգը, որը ենթադրում է` պետությունը այդ ձեռնարկությունները ոչ թե նորից դարձնի պետական, այլ` համագործակցելով մասնավոր սեփականատերերի հետ, պետք է մշակի երկարաժամկետ և արդյունավետ ծրագրեր: Որտեղ պետությունը կարող է աջակցել` պետք է աջակցի, իսկ որտեղ սեփականատերերը պետք է ռիսկերը վերցնեն իրենց վրա և ներդրումներ կատարեն, պետք է դա անեն»: Գնահատելով վարչապետի այս խոսքը, ասել կուզի, թե նա հրապարակավ հրաժարվում է արդեն իսկ մեկուկես տասնամյակ ՀՀ-ում իրականացվող մոնետարիստական քաղաքականությունից, մոնետարիզմից, որի հիմքում դրված է եղել պետության կառավարման այնպիսի հայեցակարգ, համաձայն որի տնտեսական գործունեության պրոցեսներում, տնտեսվարության մեջ որոշիչ դեր է հատկացվում շրջանառության մեջ առկա փողի զանգվածին, որը անմիջական ազդեցություն է թողնում ապրանքների գնագոյացման, արտադրության ծավալի և զբաղվածության վրա: Մոնետարիստները կարևորում են նաև ազգային փոխարժեքի, վարկային տոկոսադրույքների, հարկերի և մաքսատուրքերի կարգավորումը: Սակայն վարչապետի վերը հռչակած նոր մոտեցումներն էլ գործնականում գալիս են ապացուցելու, որ նա կամ անկեղծ չէ, կամ էլ չի ուզում խոստովանել, որ, ըստ էության, թե՛ գործող կառավարությունը, և թե՛ Կենտրոնական բանկն այսօր էլ իրենց պրակտիկ գործունեությամբ շարունակում են իրականացնել մոնետարիզմին բնորոշ գործառույթներ: Այն է` էկոնոմիկայի վրա գերազդող գործոններ են շարունակում մնալ դրամական զանգվածի դրամայնացման գործակցի սեղմման քաղաքականության շարունակականությունը: Բավական է նշել, որ 2008 թ. դրամայնացման գործակիցը կազմել է աննախադեպ ցածր` 14,7%, դա, այսպես կոչված, «коэффициент монетизации»-ին է, որը դրամական զանգվածի M2-ի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն է. այդ ցուցանիշը ՌԴ-ում 2008 թ. կազմել է 33%, զարգացած տնտեսություններում` 80-120%, ԱՄՆ-ում 60%, իսկ Չինաստանում` 180%: Երկրորդ` տնտեսության վրա ներազդող մյուս կարևոր գործիք է շարունակում մնալ արտարժույթի փոխարժեքի կարգավորման միջոցով գործելը, ինչպես նաև բանկային տոկոսադրույքների, հարկային և մաքսային  տոկոսադրույքների միջոցով իրականացվող քաղաքականությունը: Ստացվում է այնպես, որ Տիգրան Սարգսյանը հռչակելով, որ պետությունը ստանձնում է նոր դերակատարություն, այն է` բարձրացնում է կառավարության պատրաստակամությունը տեղական արտադրողներին աջակցելու գործում, դրա հետ մեկտեղ գործնականում իրականացնում է կոշտ մոնետարիստական քաղաքականություն, որի կիրառումը համաշխարհային ճգնաժամի պարագայում, մեղմ ասած, անհեթեթություն է: Հանգամանք, որի վերաբերյալ ամենախիստ ձևակերպումներն իր հրապարակային ելույթներում տվել է ազատական տնտեսություն ունեցող այնպիսի երկրի ղեկավար, ինչպիսին է Մեծ Բրիտանիայի նախկին ֆիննախարար, ներկայիս վարչապետ Գորդոն Բրաունը: Տնտեսագիտական լեզվով ասած` մեր վարչապետը իր տված հարցազրույցում խոսքով հռչակում է էկոնոմիկայի զարգացման գործում պետության կարգավորիչ դերակատարության մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը (այդ քաղաքականությունը տնտեսագիտության մեջ հայտնի է որպես Քեյնսի տեսություն), իսկ գործնականում շարունակում է մոնետարիզմին ներհատուկ քաղաքականության կիրառումը, որի հիմնադիր Միլտոն Ֆրիդմանը Ջոն Մեյնարդ Քեյնսի տեսության մոլեռանդ հակառակորդն էր: Արդյունքում կվիժեցվի մեր օրերում խիստ պահանջված` պետության կողմից տնտեսությանը աջակցելու քաղաքականությունը: Այս դեպքում ակնհայտ է, որ գործ ունենք հերթական տնտեսագիտական նոնսենսի, անհամատեղելիության հետ:

Այստեղ հարկ է անդրադառնալ տագնապահարույց ևս մեկ հարցի: Երբ վարչապետն ասում է, որ  «Այս համատեղ համագործակցությունը մասնավոր սեփականատերերին երաշխավորում է, որ այդ ծրագրերը համահունչ են կառավարության ծրագրերին, և օրենսդրական դաշտը ապագայում խոչընդոտ  չի լինի  այդ բիզնեսի զարգացման համար», կնշանակի, որ նա ընդունում է, որ այսօր գործող օրենքները խոչընդոտ են արտադրության ոլորտում գործունեություն ծավալած մասնավոր սեփականատերերի համար: Այս քննադատությունը կարելի էր կառուցողական համարել, եթե դրա մասին խոսեր ոչ թե գործադիր իշխանության ղեկավարը, որը Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կազմող կոալիցիայի կողմից երաշխավորված վարչապետ է, այլ ընդդիմադիր գործիչ: Գործիչ, որը զուրկ է մասնավոր ձեռներեցների բիզնեսին խոչընդոտող օրենսդրական դրույթները փոխելու հնարավորությունից` Ազգային ժողովում չունենալով համապատասխան լծակներ:

Պատասխանելով լրագրողի տված երրորդ հարցին («Մարտի 3-ի երեկոյան առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում` ձեթ, շաքարավազ, ալյուր, ստեղծվեց խուճապային իրավիճակ… Որքանո՞վ է դա կապված առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի մենաշնորհային իրավիճակի հետ, և արդյոք հնարավո՞ր է ինչ-որ բան անել` մենաշնորհային վիճակը փոխելու համար»)` վարչապետը ինքն իրեն հակասում է: Այսպես, մինչ այդ նա խոսում էր նոր տնտեսական քաղաքականություն իրականացնելու, այն է` պետություն-սեփականատեր, պետություն-մասնավոր համագործակցության հայեցակարգի մշակման մասին, համաձայն որի պետությունը պետք է աջակցի սեփականատերերին: Իսկ ահա արտաքին առևտրում մենաշնորհների առկայության խիստ բացասական դերակատարության փաստը, որով էլ պայմանավորված է գնագոյացման մրցակցային դաշտի բացակայությունը, ասես թե, փորձում է արդարացնել: «Միակ ճանապարհը, - ասում է վարչապետը, - որով կարողանում ենք ապրանքների ներմուծում և արտահանում իրականացնել Վրաստանով է, որտեղ կան լուրջ խնդիրներ ապրանքների տեղափոխման հետ: … Ապրանքներն աշխարհի ցանկացած տեղից հասցնել Փոթի նավահանգիստ կամ Բաթումի շատ ավելի հեշտ է և ավել էժան, քան այնտեղից տեղափոխել Հայաստան: Սա ստեղծում է լուրջ խոչընդոտներ փոքր և միջին բիզնեսի համար: Փոքր և միջին ձեռնարկատերերը չեն կարող  հաղթահարել այդ բարդությունները: Այդ խնդիրը կարողանում է լուծել խոշոր բիզնեսը` ապագայում ձեռք բերելով հարաբերական առավելություն ներքին շուկայում և իր առավելությունը չարաշահում է»: Նախ նշենք, որ 1999 թ. առ 2008 թ. ներառյալ արտաքին առևտրաշրջանառությունն  ավելացել է ավելի քան 5 անգամ, ըստ որում ներմուծումը` ավելի քան 5,5 անգամ: Միայն 2008 թ. առևտրաշրջանառության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմել է 123,46%, իսկ ներմուծման աճի տեմպը` 135%, այն էլ գերակշիռ մասը նույն Փոթիի և Բաթումի նավահանգիստներից:

Իսկ ո՞վ է խանգարում կառավարությանը արտաքին առևտրում աջակցել ոչ միայն մենաշնորհային դիրք ունեցող խոշոր ներկրողներին, այլ նաև այդ ոլորտում զբաղված փոքր և միջին բիզնեսին: Չէ՞ որ վերջիններիս աջակցելու մասին արդեն առաջին տարին չէ, որ խոսում են իրար հաջորդող կառավարությունները: Վարչապետը խոսում է բոլորի նկատմամբ հավասար պայմանների ստեղծման, օրենքի հավասար կիրառման մասին: Տրամաբանական հարց է առաջանում` իսկ ո՞վ է խոչընդոտում այսօրվա կառավարությանը (այս հարցադրումը բխում է վարչապետի խոսքի ենթատեքստից) այդ պայմանները կիրառելու համար` Ազգային ժողովը, թե՞ ՀՀ Նախագահի աշխատակազմը: Եթե նման խոչընդոտներ չկան, ապա սեփական անվճռականությունը անորոշ, ոչ մի բան չասող պատասխաններով հարկ չէ քողարկել: Միգուցե ճիշտ նման պատասխաններն են հիմք ծառայում տերպետրոսյանական  լրատվամիջոցներին հետևողականորեն խփել նույն նշանակետին` ասելով, որ վարչապետի փոփոխությամբ և ոչ մի հասունացած խնդիր երկրում չի լուծվի, ուստի և նրանց պնդմամբ «անհրաժեշտ է երկրի նախագահի փոփոխություն», «ավազակապետության» կազմաքանդում:

Եվ, վերջապես, պետք չէ կառավարության անսկզբունք և հարմարվողական քաղաքականության արդյունքում տնտեսությունում առկա լուրջ արատները` մրցակցային դաշտի բացակայություն, արտաքին առևտրաշրջանառությունում գերիշխող մենաշնորհների կամայականությունների առաջն առնելը, պատասխանատվությունը չփորձել բարդել ուրիշների վրա, սին փորձեր չկատարել` դա պայմանավորելով Տնտեսական մրցակցության հանձնաժողովի դերի և նշանակության բարձրացմամբ: Այո, մենք դրան դեմ չենք, սակայն մինչ «հիվանդության» հետևանքները վերացնելը, ճիշտ կլիներ, որ արմատախիլ արվեին այդ հիվանդությունը ծնող պատճառները: Ի դեպ, հենց այդ հարցերին լուծում տալը պետք է լիներ Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարության կարևորագույն գործերից մեկը:

Ամփոփելով այս հարցին վարչապետի տված պատասխանը, նկատենք. առաջին, վարչապետի կողմից հռչակված նոր մոտեցումները` օգնել փոքր  և միջին բիզնեսին, ամենևին չեն տարածվում արտաքին ապրանքաշրջանառության ոլորտ փոքր և միջին բիզնեսի մուտքին, մրցակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այս ոլորտում առկա մենաշնորհների կազմալուծմանը: Երկրորդ` խոսելով Տնտեսական մրցակցության հանձնաժողովի դերի բարձրացման անհրաժեշտության մասին, ինչն անշուշտ չէր խանգարի, վարչապետը, ըստ էության, «ձեռքերը» լվանում է արտաքին առևտրում մրցակցային դաշտի գործնականում ստեղծման գաղափարից, ոչ մի առաջարկ չի անում փոքր և միջին բիզնեսին աջակցելու ուղղությամբ: Տվյալ պարագայում նա միայն սահմանափակվում է հավասար հարկային պայմաններ ստեղծելու կարգախոսով:

Անդրադառնալով լրագրողի հարցին` «… ինչո՞ւ մինչև ավելի լավ ժամանակներ չհետաձգել այն ծրագրերը, որոնք կապված են, օրինակ, մանր առևտրականների, տաքսիստների, կոշկակարների, անհատ գորգագործների հետ, այսինքն` հանգիստ թողնել այն խավերին, որոնք քիչ թե շատ ապահովում են իրենց, պետությունից աշխատատեղեր չեն ուզում: Ո՞րն է տրամաբանությունը», վարչապետը մասնավորապես նշում է, որ « … ՀԴՄ-ների կիրառումն առաջին հերթին նպատակ ունի խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ… Այսինքն` մենք ձևավորում ենք նոր ինստիտուտներ, որոնք, իհարկե, որոշակի դժվարություններով են ներդրվում, բայց ես համոզված եմ, որ դրանք անխուսափելիորեն մեծ արդյունք են տալու: Այսօր արդեն իսկ հարկերի հավաքագրման ոլորտում այդ արդյունքն էական է»: Վարչապետի նման բացատրություններն առնվազն տարօրինակ են: Հետևելով նրա տրամաբանությանը, ստացվում է այնպես, որ կառավարությունն անզոր է ուղղակիորեն հարկային դաշտ բերել 20-30 խոշոր ներկրողների և այդ խնդիրը փորձում է լուծել փոքր ու միջին բիզնեսի միջոցով, այն է` այս հարցի լուծման պատասխանատվությունը բարդելով տասնյակ հազարավոր մարդկանց վրա: Իսկ այն, որ խոշոր ներկրողը կարող է մանրածախ առևտրով զբաղվողներին վաճառել, ընդունենք, 500 կգ կարագ, իսկ դրա դիմաց տրամադրել միայն 250 կգ կարագի հաշիվ-անդորրագիր, այդ դեպքում ի՞նչ պետք է անի փոքր բիզնեսով զբաղվող մեր անպաշտպան քաղաքացին: Եթե կասեք` թող փաստաթուղթ պահանջի, ապա ես էլ ձեզ եմ հանդիպակաց հարց տալիս` ինչո՞ւ դուք` կառավարություն, ինքներդ չեք պահանջում խոշոր ներկրողներից ներմուծված ապրանքների համար սպառիչ պատասխաններ պարունակող համապատասխան փաստաթղթեր: Չէ՞ որ փոքր ձեռներեցը հարկադրված է լինելու հետագայում էլ արդեն մանրածախ առևտուր իրականացնելիս մեկումեջ ՀԴՄ-ների կտրոններ չտալ, որ տեղավորվի իր ձեռքի տակ եղած փաստաթղթերում նշված ապրանքների ծավալների մեջ: Այստեղ է, որ հարկային տեսուչը կգա և կտուգանի այնպես, որ մի երկու ամսվա ապրուստի միջոցից կզրկի նրան: Ահա սա է մեր դառը իրականությունը: Կառավարություն եք, ուրեմն բարի եղեք գտնել այն մեխանիզմը, որը խոշոր ներմուծողներին կպարտադրի մանրածախ առևտուր իրականացնողներին տրամադրել փաստացի այնպիսի հաշիվ-անդորրագրեր, որտեղ նշված թվերը ճշգրիտ համապատասխանում են բաց թողնված ապրանքի ծավալին: Այդ դեպքում ՀԴՄ-ների համատարած կիրառումը չի ընդունվի այդ աստիճանի սրությամբ:

Եվ, վերջապես, ժամանակը չէ՞, որ վարչապետը իր բոլոր հրապարակային ելույթներում պարբերաբար կրկնելով «մենք ընդունել ենք բազմաթիվ օրենքներ, որոնք էապես թեթևացրել են բեռը առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի համար», գեթ մեկ անգամ վերլուծի ընդունված այդ օենքների փաստացի արդյունքները: Եթե այդ վերլուծությունը չի արվել, ապա օգնեմ: Այսպես, բերեմ օրինակ` 300 խոշոր հարկատուների 2008 թ. մուծած հարկերի մասին: Վարչապետի արդեն իսկ քանիցս կրկնվող այն պնդումները, որ կառավարությունը հարկային քաղաքականության մեջ շեշտը դնում է հարկային բեռը հիմնականում տեղափոխել խոշոր բիզնեսի վրա, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, 2008 թ.  300 խոշոր հարկատուների հարկային մուծումները 2007 թ. նկատմամբ արձանագրել են շուրջ 114,4% աճի տեմպ, մինչդեռ այդ նույն ժամանակաշրջանում հարկային մուտքերի աճի տեմպը կազմել է 120%: Ինքնին հասկանալի է, որ այդ աճի տեմպը առավելապես պայմանավորված է փոքր և միջին բիզնեսի կողմից հարկային մուտքերի առաջանցիկ (խոշոր բիզնեսի համեմատ) աճի տեմպերով: Ավելին, առաջին 10 խոշոր հարկատուները 2008 թ. շուրջ 12,5 մլրդ դրամ պակաս են հարկեր մուծել, քան 2007 թ., դրանով իսկ արձանագրելով, որ իրենք ավելի քան 9%-ով նվազեցրել են սեփական հարկային մուծումները: Ասենք նաև, որ այդ նույն ժամանակաշրջանում շուրջ 2%-ով էլ նվազել են առաջին 20 խոշոր հարկատուների վճարած հարկերը:

Վերլուծելով վարչապետին տրված վերը նշված հարցի պատասխանը, գալիս ենք հետևյալ եզրակացության. այսօրվա կառավարությունը, նրա վարչապետն իրենց գործն են համարում երկրում առկա խիստ վտանգավոր դրսևորումներին բացատրություններ տալը, ինչպես նաև հեռահար ծրագրերի մասին խոսելը, փոխանակ զեկուցելու, հաշվետու լինելու, թե գործնական, առարկայական ի՞նչ միջոցառումներ են իրականացվել երկրում  ստեղծված ճգնաժամային վիճակը հաղթահարելու համար:

Իսկ այն ոգևորությունը, որ արտահայտվեց վարչապետի կողմից` պայմանավորված ՀԴՄ-ների կիրառմամբ, այն է` 2009 թ. հունվարին 7-8 անգամ ապրանքաշրջանառությունն ավելացել է 2008 թ. դեկտեմբերի համեմատ, ապա արդարության առաջ չմեղանչելու համար կարելի էր դրան զուգահեռ ասել նաև, որ 2009 թ. հունվարին մանրածախ առևտրի շրջանառությունը  2008 թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 36,47%, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 66,44%: Կարծում եմ, այս թվերը նույնպես արժեր հիշատակել, որ պատկերը ամբողջական լիներ:

Կարելի էր նաև վերլուծել լրագրողների հետ վարչապետի ունեցած զրույցի մյուս պատասխանները նույնպես: Սակայն, կարծում եմ, ասվածից էլ դժվար չէ գալ այն եզրակացության, որ մարդիկ հոգնել են ընդհանուր դատողություններ լսելուց, մարդիկ իրենց հուզող հարցերի հասկանալի և ճշգրիտ պատասխաններն են ակնկալում ստանալ կառավարությունից: Ճգնաժամային այս մութ թունելի վերջում ժողովուրդը լույս է ուզում տեսնել, լույս է փնտրում: Չդրդենք նրանց, որ կրկին ու կրկին կանգնեն նույն փոցխի վրա և ճարահատյալ իրենք էլ վանկարկեն` պայքար, պայքար, պայքար մինչև վերջ…

«Հայոց Աշխարհ», 18-20.III.2009, «Փակագիծ», 20. III. 2009: