ԻՐ ԼՌԱԿՅԱՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

07.05.2011, Ժողովուրդ

Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանդիպած Արտաշես Գեղամյանը երեկ, անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ երեք տարի հետո Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հանգեց իր` գեղամյանական քաղաքականությանը, որն ամենաարգասաբերն էր հայոց պետականության շահերի տեսանկյունից:

 

- Պարոն Գեղամյան, Ձեր սիրտը մղկտում է շատ բաների համար: Հիմա Դուք Ռուսաստանի դեսպանատանն եք, որի կառավարությունը կազմակերպում է հայկական գյուղը հայաթափող «Հայրենակիցներ» ծրագիրը:

- Ամեն ինչի համար, ամեն անարդարի համար է մղկտում: Ուրեմն, Ձեր հարցադրման մեջ հավանաբար վրիպում կար, ես երևում եմ բոլոր տեղերում, որտեղ պահանջված է երկրի շահերը անկաշկանդ պաշտպանել: Եվ ի պատիվ Հայաստանում հավատարմագրված դեսպանների, անկախ նրանից` նրանք բաժանո՞ւմ են, թե՞ ոչ իմ քաղաքական հայացքները, մշտապես իրենք ուշադրություն են դարձնում ինձ: Ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է ժամանակի կամ քաղաքում գտնվել-չգտնվելու բերումով մասնակցել այդ հրավերներին, բայց ուշադրության կենտրոնում ինչպես եղել եմ, կամ և կլինեմ այնքան ժամանակ, որքան ես աշխատում եմ իմ գիտելիքների վրա, որքան կկարողանամ այդ ամենը մատչելի կերպով մատուցել հա՛մ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին, հա՛մ մեր ժողովրդին: Եվ անցած երեք տարիների ընթացքում` իբր իմ «լռակյաց» լինելու պայմաններում, երկու ժողովածու է հրտարակվել, որոնց մեջ ներառված են 2008 թվականի փետրվարից մինչև 2011 թվականի հունվար ամիսը իմ բոլոր հրապարակային ելույթները: Եվ ի՞նչ եք կարծում` քանի էջանոց են այդ հրապարակումները` 960 էջ: Այսինքն` տեսակետը մշտապես հայտնվել է, ուրիշ բան, որ միշտ չէ, որ հայաստանյան մամուլը սրտացավ է գտնվել իմ հրապարակումների նկատմամբ, շատ և շատ հոդվածներ տպագրվել են Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալության կայքէջում, խոսքը «REGNUM» գործակալության մասին է: Այդ առումով խիղճս հանգիստ է, և ապագան ժպտալու է ինձ և իմ թիմակիցներին, քանզի մենք անկեղծ ենք եղել մեր ժողովրդի հանդեպ: Եվ այսօր պատահական չէ, որ մենք ներգրավված չենք իշխանությունների մեջ:

Դառնալով Ձեր բուն հարցին` կապված ՌԴ կողմից վարվող քաղաքականությանը, հակառակը, ես գտնում եմ, որ ՌԴ-ն իր միգրացիոն քաղաքականությամբ պարտադրում և ստիպում է բոլոր ԱՊՀ երկրներին երկրի ներսում վարել այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանում այսօր ծվարած, վերջին քսան տարիների ընթացքում արտագաղթած հայերը վերադառնան Հայաստան: Ուրիշ բան, որ մրցակցությանը պետք է գործնական քայլերով պատասխան տանք և ոչ թե մեղավոր գտնենք սեփական սխալները տնտեսական քաղաքականության մեջ քողարկելու համար:

- Դրա համար պատասխանատու է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Սակայն Դուք հանդես չեք գալիս Սերժ Սարգսյանի քննադատությամբ:

- Ես հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունների անսքող քննադատությամբ և դրանով իսկ կարծում եմ` ազդակ եմ ուղղում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին առ այն, որ ամբողջովին պաշտպանելով իր վարած արտաքին պետականամետ, հայանպաստ քաղաքականությունը, մատնանշում եմ այն խարխլող տնտեսական քաղաքականության արատները, որը կարծում եմ` յուրաքանչյուր հայրենասեր մարդու դիրքորոշում պետք է լինի:

- Ինչպե՞ս եք վերաբերվում Կոնգրեսի և իշխանությունների երկխոսությանը:

- Ես շատ դրական եմ վերաբերվում, եթե այդպիսի երկխոսություն կա: Իսկ որ կա, դա ակնհայտ է, և ես կարծում եմ, որ կարելի է շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա 2008 թվականի փետրվարից հետո` երեք տարիների ընթացքում, վերջապես եկավ այն համոզմունքին, ինչին ես եկել էի դեռ այն ժամանակ: Եվ նա հետևում է մեր քաղաքական գծին, այն է` նա շատ կառուցողական դիրքերում է, միաժամանակ ժխտելով, հերքելով և շատ արդարացի քննադատելով այն բացթողումները և արատները, որոնք ներհատուկ են մեր կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը: Սա ինձ համար բարձր գնահատական է, որովհետև բացարձակ պարտադիր չէ, որ նա միտինգի ամբիոնից ասի` կներես, Արտաշես Մամիկոնի Գեղամյան, մենք հիմա նոր հասկացանք, որ քո որդեգրած քաղաքականությունը ամենաարգասաբերն էր` հայոց պետականության շահերից ելնելով:

- Ձեր խոսքից կարելի է դատել, որ չեք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

- Ոչ միայն մասնակցելու ենք, այլև պարտադիր ենք մասնակցելու, և մեծ հաջողություններ ենք արձանագրելու, որովհետև ժամանակը ցույց է տալիս` մեր որդեգրած քաղաքականությունը այսօր ավելի քան արդիական է, պահանջված է: Եվ ցավը նրանում է, որ այդ ամենը շատ ավելի բարձր է գնահատվում և դասվում դրսում, քան Հայաստանի ներսում: Դրսում ասելով` նկատի ունեմ հետևյալը. մասնավորապես հունվարի 14-ին և վերջերս` մեկ ամիս առաջ, երկու ծավալուն հոդվածներ էին տպագրվել «REGNUM»-ի կողմից: Եվ ի՞նչ եք կարծում` քանի՞ հղում կա այդ հոդվածին` 117 հազար հղում: Թող ՀՀ ցանկացած քաղաքական գործիչ ցույց տա իր վերլուծությունը, որին հազար հղում կլինի: Իսկ ես արտահայտում եմ «Ազգային Միաբանություն կուսակցության» հավաքական միտքը, որն այսօր արդիական է ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանի, ԱՊՀ երկրների և ինչու չէ` համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից:

- Դուք ընդդիմադիր դաշտո՞ւմ եք լինելու:

- Եթե լուրջ վերլուծաբան լինի և ոչ թե զգացմունքայնությամբ առաջնորդվող լրատվամիջոց և ընդամենը ուշադիր վերլուծի իմ բոլոր վերլուծություններնն ու հրապարակումները, ապա կասի ՀՀ թիվ մեկ ընդդիմադիր ուժը, որն ընդդիմադիր ասելով հասկանում է` անել ամենը, որ ամրապնդվի հայոց պետականությունը, ապա թող անհամեստություն չլինի, այնտեղ կգրվի Արտաշես Գեղամյանի անունը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ

Последние видеоматериалы

Новые книги