Եթե երիտասարդը երրորդ անգամ դատվի, ապա մեղավորը ես չեմ լինի. Արտաշես Գեղամյան` Նիկոլ Փաշինյանի հետ բախման մասին

 

17.10.2017, Armlur.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է «Ելք» խմբակցության կողմից՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը պետք է ուսումնասիրի օրեր առաջ խորհրդարանում գրանցված Գեղամյան-Փաշինյան միջադեպը: ArmLur.am-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ ուսումնասիրության ընթացքում պարզ կդառնա, որ քաղաքական բանավեճից Նիկոլ Փաշինյանը խուսափել է՝ խնդիր ունենալով խեղաթյուրել, խնդիր ունենալով վիրավորել: «Եթե այդ ամենը բացահայտվի, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք սովորական սադրիչի հետ, որը դրանից հետո ինքն իր նախաձեռնությամբ գրել է, թե կոշիկներ է փայլացրել իմ հագուստի վրա: Այդ ամենի համար պետք է քաղաքական գնահատական տրվի: Եթե դա չտրվեց, ապա ակնհայտ կլինի այս կամ այն պատգամավորի կողմնակալ լինելու փաստը», – նշեց նա: