Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը

04.08.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/3027876.html

04.08.2020, Իրավունք

https://iravunk.com/news/117968

Անոտացիա

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ Ալիևը, ոչ Փաշինյանն այսուհետ ի վիճակի չեն գալ որևէ խաղաղ պայմանավորվածության, ինչը, Թուրքիայի հրահրմամբ, կվերածվի արյունահեղ պատերազմի, որը կընդգրկի ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը, այլև ողջ Անդրկովկասը։ Հարավային Կովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը։ Եվ սա անվիճելի ճշմարտություն է։

 

Եվ այսպես, 2020թ. հուլիսի 29-ին սկսվեցին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, որոնք կավարտվեն ս.թ. օգոստոսի 10-ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Ռազմական համագործակցության համաձայնագրին համապատասխան կանցկացվեն մարտավարական զորավարժություններ մարտական հրաձգությամբ, երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Զորավարժությունները կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։ Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան ս.թ. օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Կարելի էր առանձնապես չշեշտադրել ադրբեջանա-թուրքական զինվորականության զորավարժությունների անցկացման այս փաստը՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ սույն հանգամանքը չափից ավելի սովորական երևույթ է դարձել։ Սակայն, դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, չէր կարելի չնկատել, որ թուրքական և ափշերոնյան սուլթանություններում պատերազմի ջատագովներն ավելի նենգաբարո են դարձնում հմտությունները, որպեսզի միջազգային հետաքրքրություն արթնացնեն այդ զորավարժությունների հանդեպ։ Բավական է նայել  ադրբեջանական առաջատար ԶԼՄ-ների հոդվածների վերնագրերը, որոնք ես հատուկ չեմ նշի, որպեսզի չգովազդեմ դրանք՝ որոշակի հետևություններ անելու համար, դիցուք՝ ափշերոնյան սուլթանը և նրա կամակատարները շատ ցավագին են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշ-Թովուզի հատվածում իրենց ռազմական ագրեսիայում կրած բացահայտ ձախողումը (2020թ. հուլիսի 12-15); հրապարակումների այլ նպատակների շարքում դրված է ափշերոնյան սուլթանության քաղաքացիների ուշադրությունը ոչ միայն ռազմական ոլորտի ձախողումից շեղելու, այլ նաև ինչ-որ կերպ իրենց երկրի քաղաքացիների կոտրված ոգին բարձրացնելու խնդիրը, որոնք խիստ հիասթափված են իշխանության բարձրագույն էշելոններում տիրող կոռուպցիայից, ինչպես նաև օրեցօր վատթարացող սոցիալական դրությունից։ Բնական է, որ այս իրավիճակում միանգամայն սպասելի էր, որ ափշերոնյան սուլթանն էլ ավելի է կոշտացնելու իր ագրեսիվ, ռազմաշունչ հռետորաբանությունը։ Այսպես, ս.թ. հուլիսի 30-ին, ելույթ ունենալով Բալաքենում ASAN տարածաշրջանային կենտրոնի բացման ժամանակ՝ Ալիևը հայտարարեց. «Քանի դեռ ուշ չէ, հայկական զինված ուժերը պետք է հեռանան մեր հողերից։

Դա են պահանջում միջազգային իրավունքը, ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը։ Հայկական զինված ուժերը պետք է առանց նախապայմանների հեռանան ադրբեջանական հողերից։ Դա է պահանջում պատմական ճշմարտությունը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղը մեր պատմական հողն է» (haqqin.az/news/185184)։ Դե ինչ, ափշերոնյան սուլթանի հղումը պատմական ճշմարտության վերականգնման անհրաժեշտությանը իրականում համապատասխան պարզաբանումներ է պահանջում։ Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը ըմբռնումով կընկալի իմ հղումները հին հույն և հին հռոմեացի աշխարհագրագետներին, պատմաբաններին ու վստահության արժանի այլ աղբյուրներին։

Եվ ահա, հին հույն և հին հռոմեացի աշխարհագրագետների, փիլիսոփաների, պատմաբանների, խորագիտակ գրողների, մի խոսքով՝ նշանավոր մտածողներ Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Կլավդիոս Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլ հեղինակների աշխատություններում (չեմ բացառում՝ լիովին անծանոթ ափշերոնյան սուլթանությունում պատմությունը բացահայտ խեղաթյուրողներին) նշվում է, որ Հայաստանի սահմանը հարևան Աղվանքի՝ հնագույն պետության հետ, որը տարալեզու լեռնական ցեղերի կոնգլոմերատ էր, անցնում էր Քուռ գետով։ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև  Հայաստանի բաժանումից հետո (մ.թ. 387թ.) Արևելյան Անդրկովկասի (ներառյալ Արցախը) տարածքն անցնում է Պարսկաստանին, ինչը մինչև ուշ Միջնադար գործնականում չի անդրադարձել տարածաշրջանի էթնիկ կազմի վրա։ Հատկապես ընդգծենք, որ Քռի աջափնյակը Արցախի հետ միասին շարունակում էր մնալ լիովին հայաբնակ։ Հանուն արդարության նշենք, որ միայն XVIII դարակեսին Ղարաբաղի հյուսիսային շրջաններում սկսվեց թյուրքական քոչվոր ցեղերի ներթափանցման գործընթացը, ինչը հետագայում հայկական մելիքությունների հետ թյուրքական քոչվոր ցեղերի բազմամյա պատերազմների պատճառ դարձավ, սակայն, շնորհիվ Լեռնային Ղարաբաղի մելիքությունների բնիկ ժողովրդի, որոնց առաջնորդում էին տոհմիկ մելիքները, անձնուրացության և հերոսության շնորհիվ նրանք կարողացան պահպանել փաստացի անկախությունը։ Էական եմ համարում նշել այն փաստը, որ դարեր շարունակ, հետ մղելով Օսմանյան կայսրության զորքերի արշավանքները, քոչվոր թյուրքական ցեղերի ու հարևան խանությունների զորքերի ասպատակությունները, Արցախի մելիքությունները մշտապես պայքարել են այլադավան նվաճողների իշխանությունից ազատագրվելու համար։ Դեռևս XVII-XVIIIդդ. Ղարաբաղի մելիքները նամակագրություն ունեին ռուս ինքնակալների, դիցուք՝ Պետրոս I-ի, Եկատերինա II-ի և Պավել I-ի հետ։ Բազմադարյա պայքարի արդյունքում 1805թ. պատմական Արցախի, Ղարաբաղի խանության տարածքը, Արևելյան Անդրկովկասի ընդարձակ շրջանների հետ միասին, «առհավետ» անցավ քրիստոնեական Ռուսական կայսրությանը, ինչն իր հաստատումն ստացավ Գյուլիստանի պայմանագրով (1813թ.) և հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828թ.) Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, և մնաց Ռուսական կայսրության կազմում ընդհուպ մինչև 1917թ. իր անկումը։ 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղը դարձավ դաժան պատերազմների թատերաբեմ անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետության և 1918թ. թուրքական ինտերվենցիայի արդյունքում ստեղծված և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն անունն ստացած առաջին պետական կազմավորման միջև։ Ըստ էության, այդ ժամանակվանից էլ սկսվում է ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության պատմությունը։ Տողերիս հեղինակն արդեն քանիցս գրել է այն մասին, որ 1921թ. հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Հայաստանի անքակտելի մաս։ Հետագայում Ստալինի անմիջական ճնշմամբ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի պլենումն ընդունում է որոշում.

ա) Ղարաբաղը թողնել Ադրբեջանի սահմաններում։ «Կողմ» են քվեարկում՝ Նարիմանովը, Մախարաձեն, Նազարեթյանը, «դեմ» են քվեարկում՝ «Օրջոնիկիձեն, Մյասնիկովը (յանը), Կիրովը, Ֆիգատները,

բ) հանրաքվեն անցկացնել ամբողջ Ղարաբաղում՝ հայերի և մուսուլմանների ամբողջ բնակչության մասնակցությամբ,

գ) Ղարաբաղի լեռնային մասը ներառել Հայաստանի կազմում։ «Կողմ» են քվեարկում՝ Օրջոնիկիձեն, Մյասնիկովը, Ֆիգատները, Կիրովը։

Որոշվեց. Լեռնային Ղարաբաղը ներառել Հայկական ԽՍՀ կազմում, հանրաքվեն անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում։

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ Խորհրդային Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Նարիմանովը՝ հարցի վերջնական լուծումը ՌԿԿ Կենտկոմ տեղափոխելու առաջարկությամբ։ 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովբյուրոյի նոր որոշմամբ Լեռնային Ղարաբաղը թողնվում է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում (https://vstrokax.net/istoriya/reshenie-kavbyuro-po-karabahu/)։ Նշենք նաև, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանի Հեղկոմը «վիճելի տարածքները»՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչում է Հայաստանի անքակտելի մասեր, ընդ որում՝ ընդգծենք, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ հավակնություններից հրաժարվելու պահին Զանգեզուրը և Նախիջևանը չէին մտնում Ադրբեջանական Հանրապետության մեջ։ Ընթերցողներին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթադատությանը հանձնելու մասին կուսակցական մարմնի որոշման լիակատար իրավաբանական չկայացածությունը բացահայտող հետագա մանրամասներով չհոգնեցնելու համար նշենք, որ այդ պատմական անարդարությունը չեղարկվեց 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական դեպուտատների խորհրդի համատեղ նիստում, որտեղ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում։ 1991թ. նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք ԼՂԻՄ-ը լուծարելու մասին, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող։ Իսկ արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ և ԽՍՀՄ գործող օրենքներին լիովին համապատասխանությամբ տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89%-ը, արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախության օգտին։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության «անքակտելի» մասը։

Կարծում եմ, որ հարգելի ընթերցողների մեջ այլևս չպետք է առաջանա պատմական ճշմարտության հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատկանելության մասին, ինչին կոչում է ափշերոնյան սուլթանը։ Միևնույն ժամանակ, կարևոր է հասկանալ, թե ինչով է պայմանավորված ադրբեջանա-թուրքական տանդեմի ցուցադրական ագրեսիվությունը հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հանդեպ։ Որո՞նք են ադրբեջանա-թուրքական բազեների՝ Անդրկովկասի տարածաշրջանում, Ռուսաստանի հարավային մատույցներում ինչ գնով էլ լինի անկայունության իրադրություն ստեղծելու դրդապատճառները։

Ուշադիր վերլուծելով թուրքական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և թուրք ու ադրբեջանցի սուլթանների կողմից պատվիրված կանխակալ հոդվածները ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ներում՝ բավական հետաքրքիր քաղաքական պատկեր է ուրվագծվում։ Բոլոր հրապարակումների միջով կարմիր թելի պես անցնում է միտքը Ադրբեջանի և հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պատերազմի անխուսափելիության մասին։ Այնուհետև ընդգծվում է այդ պատերազմին Թուրքիայի պարտադիր մասնակցությունը, բնականաբար՝ Ադրբեջանի կողմում։ Ընդ որում՝ նշված հրապարակումներն ուղեկցվում են, հանկարծ պատերազմ սկսվելու դեպքում, Ռուսաստանի դիրքորոշման մասին տասնյակ հոդվածներով։ Ավելին, ռուսաստանցիների հանրային կարծիքի հարցումներ են արծարծվում, թե ում պետք է Ռուսաստանն աջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտում։ Կամ էլ՝ արժե՞ արդյոք, որ Ռուսաստանը միջամտի Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը։ Մեդիա-քիլերները հատկապես վարպետորեն են վերնագրում իրենց հոդվածները, դիցուք՝ Duvar (Թուրքիա). Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հրահրել է Ռուսաստա՞նը։ Հոդվածի նախաբանում (Մյուհդան Սաղլամ, Mühdan Sağlam) օգտագործվում է ծեծված հնարքը։ Այսպես, տեքստի սկզբում արծարծվում է բացահայտ սադրիչ սուտ, իսկ հետո այդ սուտը հերքվում է։ Ահա թե ինչ ենք կարդում անոտացիայում. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասության սրման մեջ շատերը տեսել են «Կրեմլի ձեռքը» (ովքե՞ր են այդ շատերը՝ սուլթան Էրդողանի կամ ափշերոնյան սուլթան Ալիևի թիմի վերլուծաբաննե՞րը։ Իսկ գուցե տեղեկատվական պատերազմի անդրօվկիանոսյան ստրատեգնե՞րը, որն արդեն ոչ մեկ տասնամյակ վարվում է Ռուսաստանի դեմ։ Այս և նման այլ հարցեր հանելուկ են մնում – Ա.Գ.)։ Սակայն հեղինակը փորձել է տարհամոզել ընթերցողներին՝ բացատրելով, թե ինչու Մոսկվայի համար շահեկան չեն հակամարտությունները նախկին խորհրդային հանրապետությունների միջև» (նորից լռության է մատնվում, հանելուկ է մնում այն, թե ովքեր են այդ ընթերցողները, որոնց պետք է տարհամոզել, որպեսզի նրանք հայ-ադրբեջանական հակամարտությունում «Կրեմլի ձեռքը» չփնտրեն – Ա.Գ.)։ Այս տափակ սուտը, որ տարածում է ադրբեջանա-թուրքական քարոզչությունը, նոր չէ։ Բավական է հիշել, որ ապրիլյան քառօրյա (2016թ.) պատերազմից հետո, որը սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ, հակազգային ողջ սորոսյան տականքը Հայաստանում հայտարարեց այն մասին, որ Ադրբեջանը պատերազմը սանձազերծել է Ռուսաստանի հավանությամբ։ Ապատեղեկատվություն տարածողների այդ ճամբարում փայլեց նաև Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրեցյալը։ Եվ ահա, հիմա  Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի Տավուշ-Թովուզի տեղամասում ադրբեջանա-թուրքական ագրեսիային (2020թ. հուլիսի 12-15) Ռուսաստանի արհեստական ներգրավման վերաբերյալ տեղեկատվական ֆոնի ստեղծման առաջադրանքը ադրբեջանա-թուրքական մաս-մեդիան ստացել է այդ նույն անդրօվկիանոսյան տիկնիկավարներից։ Ընդ որում՝ Ռուսաստանի և Հայաստանի դեմ նշված տեղեկատվական պատերազմն արդեն խիստ պահանջված է Թուրքիայի և նաև Ադրբեջանի կողմից (չէ՞ որ այդ ֆոնին ափշերոնյան սուլթանը քաղաքական սակարկությունների մեջ մտնելու բան կունենա, որը հասարակ ժողովրդի մեջ պնակալեզություն է անվանվում)։

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ո՞րն է Ադրբեջանի դեմ պատերազմում Հայաստանին սադրողի դերում Ռուսաստանը ներկայացնելու Թուրքիայի շահագրգռվածությունը։ Եվ ընթերցողը միանգամայն իրավացի կլինի։ REGNUM տեղեկատվական գործակալությունում 2020թ. հուլիսի 17-ին հրապարակված «Հայաստանի հակազգային իշխանությունների հատուցման ժամը մոտ է» հոդվածում ես արդեն գրել եմ հակառուսական գործիչների՝ հայ-ադրբեջանական սահմանի հենց Տավուշ-Թովուզի հատվածում Հայաստանի ռազմական գործողություններում Մոսկվայի հետաքրքրվածությունը բացատրելու նսեմ փորձերի մասին՝ իրենց փաստարկներն այս հաշվով պատճառաբանելով հայկական ԶՈւ-ի կողմից ականանետերից ու հաուբիցներից գնդակոծության հնարավորությամբ և հետո Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու-Սուփսա նավթատարը շարքից հանելով։ Այնուհետև  ադրբեջանա-թուրքական տեղեկատվական խառնամբոխի արկածախնդիրները վտանգավոր եզրահանգում են անում այն մասին, որ Ադրբեջանի նավթա- և գազատարները շարքից հանելը նպաստավոր պայմաններ կստեղծի ռուսական գազատարների՝ «Թուրքական հոսք-1-ի և 2-ի», «Երկնագույն հոսքի» նախագծային հզորություններին աստիճանական անցման համար։ Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ռուսական գազի արտահանումը Թուրքիա կրճատվել էր 35%-ով՝ մինչև 15,5 մլրդ խոր. մետր, իսկ 2020թ. հունվար-ապրիլին վառելիքի մատակարարումները (անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) նվազել էին ևս 29,5%-ով։ Նշենք նաև, որ ս.թ. հուլիսի 27-ից մինչև ս.թ. օգոստոսի 13-ը «Թուրքական հոսքի» թուրքական հատվածը կանգնեցվել է պրոֆիլակտիկ նորոգման, և այդ ընթացքում ռուսական գազի մատակարարումները լիովին կդադարեցվեն։ Այսինքն՝ բավականաչափ չտեղեկացված ընթերցողների և գործին ոչ քաջատեղյակ քաղաքական գործիչների համար կանոնավոր կերպով արտանետվող սուտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության թեժացման հարցում ռուսական կողմի հետաքրքրվածության մասին կարող է միանգամայն ճշմարտանման թվալ։

Այսպես, ի՞նչ նպատակներ են հետապնդում թուրք-ադրբեջանական քարոզչությունն ու նրանց տեղեկատվական առումով աջակցող գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգները։ Հանձն չեմ առնի պնդել, որ թուրքական, ինչպես և ադրբեջանական քարոզչության դրդապատճառների իմ հետագա տեսլականը սպառիչ է։ Բայց որ այն գոյություն ունի, կարծում եմ, հետագա շարադրանքը կարդալուց հետո կհամաձայնի նաև ընթերցողը։

Մի փոքր անդրադարձ պատմությանը։ Այսպես, 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և ՌԽՖՍՀ կառավարության ներկայացուցիչները ստորագրեցին Բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագիրը։ Մոսկվայի պայմանագրի արդյունքում Թուրքիային անցան 30 հազ. քառ. կիլոմետր ընդհանուր մակերեսով հայկական տարածքներ։ Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի հետևանքով, որն ավարտվեց այդ պայմանագրի ստորագրումից ընդամենը երեքուկես ամիս առաջ։ Այսինքն՝  Մոսկվայի պայմանագիրը Թուրքիային հանձնեց զավթված հայկական տարածքները։ Ավելին, III հոդվածը փաստորեն կանխորոշեց Նախիջևանի մարզի ճակատագիրը, որը ոչ մի առնչություն չուներ ոչ Թուրքիայի, ոչ էլ բոլշևիկյան Ռուսաստանի հետ, այն է. Պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի (С) հավելվածում նշված սահմաններում կազմավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքո, պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի սույն պրոտեկտորատը ոչ մի երրորդ պետության (https://ru-history.livejournal.com/4622490.html)։ Սրան հաջորդած՝ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի եզրակացությունը՝ Մոսկվայի պայմանագրին իդենտիկ, որը Թուրքիայի հետ ստորագրել էին անդրկովկասյան հանրապետությունները (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան), ավարտեց միջպետական սահմանների իրավաբանական ձևակերպումը, որոնք գոյություն ունեն առայսօր։ Հատկապես նշենք, որ Հայաստանը չի վավերացրել Կարսի պայմանագիրն առայսօր և չի ճանաչում Թուրքիայի հետ սահմանները։ Ընթերցողներին հիշեցնենք Տատյանա Բայկովայի հոդվածը՝ հրապարակված 2016թ. փետրվարի 8-ին «Известия» թերթում, «Պատգամավորներն առաջարկեցին չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը» վերնագրով, որում, մասնավորապես, կարդում ենք. «Պետդումայում պատրաստել են դիմում 1921թ. բարեկամության և եղբայրության Մոսկվայի պայմանագրի խզման մասին։ Պատգամավորներն առաջարկում են չեղյալ հայտարարել բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը՝ ստորագրված 1921թ. մարտի 16-ին ՌԽՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության կողմից։ Այսպիսի առաջարկությամբ ՌԴ Կոմկուսի Կենտկոմի փոխնախագահ Վալերի Ռաշկինը և ՌԴ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին։ Իրենց նամակում (կա «Известия»-ի տնօրինության տակ) նրանք նշում են  Անկարայի ագրեսիվ պահվածքի հետևողական գիծը Մոսկվայի հանդեպ։ «Կարծում ենք, որ այժմ, թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ շահավետ (Հայաստանի համար կործանարար – Ա.Գ.) ռուս-թուրքական բոլոր համաձայնագրերի վերանայման հնարավորությունը։ Անկարան պետք է հասկանա, թե ինչի կարող է վերածվել մեզ համար հակամարտության թեժացումը։ Միայն դա կարող է սթափեցնել և զսպել նրան նոր սադրանքներից»,- «Известия»-ին ասել է Ս.Օբուխովը։ Իրենց գործընկերների նախաձեռնությունը  պաշտպանում են նաև «Справедливая Россия»-ում։ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով՝ Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է ի վնաս Ռուսաստանի շահերի. «Թուրքերն առաջադրել են շատ ծանր պայմաններ պայմանագրում, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ստեղծման մասին կետը։ Բայց թուրքերին պետք է դաստիարակել, ամեն ինչ այս աշխարհում հավերժ չէ լուսնի տակ։ Եվ եթե դուք (թուրքերը – խմբ.)  այսօր նորից սկսում եք կանգնել սադրիչ դիրքորոշման վրա, ապա բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի չեղարկման հարցը նորմալ միջոց է։ Եվ այս հարցում մեզ կաջակցի Հայաստանը։ Արդյո՞ք այդ խզումը կունենա իրավաբանական ուժ՝ հայտնի չէ, բայց մեր տարածքային հավակնություններն այն մասին, որ մենք համաձայն չենք, դա ճիշտ է»։ ...Վ.Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ագրեսիան (խոսքը 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում թուրքական ՌՕՈւ F-16 կործանիչների կողմից խփված ռուսական ՍՈւ-24 կործանիչի մասին է – Ա.Գ.) բնութագրեց որպես «հարված թիկունքին ահաբեկիչների հանցակիցների կողմից»։ Այստեղ պետք է նշել, որ Թուրքիան քանիցս խախտել է Մոսկվայի պայմանագիրը։ Այսպես, հոդված VIII-ն ասում է. «Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքում կազմակերպությունների կամ խմբերի կազմավորում կամ ժամանում, որոնք հավակնում են մյուս կողմի կառավարության դերին կամ տարածքի մի մասին, ինչպես և խմբերի ժամանում, որոնք նպատակ ունեն պայքարել այլ պետությունների դեմ։ Ռուսաստանը և Թուրքիան հանձն են առնում նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի խորհրդային հանրապետությունների նկատմամբ, փոխադարձության պայմանով»։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Անատոլևիչ Նադեին-Ռաևսկին խիստ համոզիչ կերպով նշել է թուրքական կողմից Մոսկվայի պայմանագրի VIII հոդվածի կոպտագույն խախտումները։ «Առաջին կոպտագույն խախտումները եղել են դեռևս մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նրանք (Թուրքիան) իրենց մոտ ապաստան տվեցին քաղաքական այն տականքներին, որոնք ծրագրում էին ստեղծել Մեծ Թուրանը՝ հսկայական կայսրություն Ադրիատիկից մինչև Խաղաղ օվկիանոս, որտեղ կտիրեին թուրքերը։ Գումարած պանթյուրքական կազմակերպությունները, որոնք սկսեցին բացահայտ քարոզել պատերազմի սկիզբն ու կայսրության ընդլայնումը։ Նման կազմակերպությունների մեջ էին «Ազգայնական շարժում» կուսակցությունը և նրա երիտասարդական թևը՝ «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ Այս բոլոր տարիներին Թուրքիան չի հրաժարվել Մեծ Թուրանի գաղափարից, ինչը պայմանագրի կոպիտ խախտում էր (tvzvezda.ru/news/forces/content/201602090837-es9e.html)։ Այնուհետև Վ.Նադեին-Ռաևսկին նշում է, որ պայմանագրի նորմերից հեռացում էր նաև օգնությունը, որը Թուրքիան բացահայտ ցուցաբերում էր չեչեն գրոհայիններին 1990-2000-ական թթ.։ Հայտնի է, որ հենց այդ երկրում է ապրել և հակառուսական քարոզչությամբ զբաղվել այսպես կոչված իչկեր նախարար Մովլադի Ուդուգովը։ Հենց թուրքական մզկիթներում է հավաքվել փողը զենք գնելու և Չեչնիայում գրոհայիններին աջակցելու համար։ «Թուրք էմիսարները Ռուսաստանի տարածքում կռվում էին Իչկերիայի դրոշների ներքո, նրանք հարյուրներով ոչնչացվել են այստեղ,- գրում է Վ.Նադեին-Ռաևսկին։- Թուրքական կողմից վարվել է նաև ակտիվ իսլամիստական քարոզչություն։ Այսինքն՝ փաստորեն պայմանագրի այդ հոդվածը (խոսքը Մոսկվայի պայմանագրի VIII հոդվածի մասին է – Ա.Գ.) բավական հաճախ է խախտվել, այդ թվում վերջին ժամանակներս»։ Դե ինչ, հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը կհամաձայնի, որ ներկայում տառացիորեն յուրաքանչյուր քայլափոխի մենք դառնում ենք Մոսկվայի պայմանագրի III և VIII հոդվածների նորմերի նոր կոպտագույն խախտումների ականատեսները։ Մանավանդ որ թուրք սուլթան Ռեջեփի գործողությունների արտաքին քաղաքական ողջ ուղղվածությունը ենթարկված է Մեծ Թուրանի գաղափարի կենսագործմանը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ պանթյուրքիզմի, Մեծ Թուրանի գաղափարի առաջին հանրահռչակողներից մեկը եղել է հրապարակախոս Իսմայիլ բեկ Գասպրինսկին, որը 1883թ. Բախչիսարայում (Ղրիմ) սկսեց հրապարակել «Թերջիման» (Թարգմանիչ) թերթը։ Ըստ երևույթին, այս պատմական իրողությունը ևս պակաս կարևոր դեր չի խաղում այն հարցում, որ սուլթան Ռեջեփը ագրեսիվորեն չի ընդունում Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի պատկանելության փաստը։

                Բնավ պատահական չէ, որ այսքան մանրամասն կանգ առա մեր ոչ այնքան հեռավոր պատմության փաստերի վրա։ Կարծում եմ, որ  ռուս-թուրքական հարաբերությունների վերջին 100 տարիների պատմության որոշ մանրամասների իմացությունն ամենայն համոզչությամբ թույլ կտա անելու հետևյալ եզրահանգումը. սուլթան Ռեջեփը, տարված Մեծ Թուրանի գաղափարով, իր որքան վտանգավոր, նույնքան էլ զառանցական գաղափարին հասնելու միակ պատնեշ տեսնում է առաջին հերթին Ռուսաստանն ու անձամբ նրա նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Եվ սա միանգամայն օրինաչափ է, քանի որ Վլադիմիր Պուտինը, ինչպես ասում են, լրիվ պարզել է իր թուրք վիզավիի էությունը։ Ինչպես և վայել է մեծ տերության առաջնորդին, նախագահ Վ.Պուտինը ժամանակ առ ժամանակ կոկիկ տալիս է սուլթան Ռեջեփի քթին, հենց որ ճայթող բազեն անցնում է կարմիր գիծն ու հանդես գալիս հերթական սադրիչ, ռազմաշունչ, ագրեսիվ գաղափարով։ Ընդամենը մի մեջբերում կատարեմ Էրդողանի ռազմաշունչ հռետորաբանությունից, դիցուք. «Թուրքիան վճռականորեն դատապարտում է Հայաստանի գրոհները բարեկամական և եղբայրական Ադրբեջանի դեմ։ Այդ հարձակումը իրադարձություն է, որը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից» (սա Հայաստանի դեմ ս.թ. հուլիսի 12-15-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ինտերնացիոնալացման անթաքույց սադրանք է՝ նպատակ ունենալով դրանում ներգրավել Ռուսաստանը – Ա.Գ.)։ Այստեղ կցանկանայի հատուկ նշել, որ Էրդողանի ողջ երկերեսանիությունը որպես քաղաքական գործչի դեռևս 2009թ. մերկացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի։ Այսպես, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման համարյա թե առաջին օրվանից հավաքական Արևմուտքը անդադրում փորձում էր հասնել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիան, գտնվելով Եվրամիության նախաբաղնիսում, ամեն կերպ փորձում էր ներկայանալ միջազգային հարաբերությունների մի ինչ-որ խաղաղասեր սուբյեկտի դերում, որը փափագում է եվրոպական արժեքները սերմանել թուրքական հասարակությունում։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախանձախնդիրն էր։ Այսպես, Media Max ինտերնետ-պարբերականի 2011թ. հունիսի 23-ի հարցազրույցում ՀՀ նախկին նախագահը նշել էր, որ մինչև 1992թ. Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ էին. «Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Պատրաստ էր անգամ արձանագրության նախագիծը, մնում էր մեկ-երկու հարց լուծել։ Այստեղ սկսվեցին մարտերը Քելբաջարի շրջանում, և թուրքերը պարզապես կանգնեցրին այդ գործընթացը՝ ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ։ Նրանք պատռեցին այդ համաձայնագրերը և փակեցին սահմանները... Նրանք ադրբեջանցիներին ներշնչում էին, թե Թուրքիան դաշնակից է, որ նա նրանց թիկունքին է, և ադրբեջանիցները կարող են լինել անզիջում ղարաբաղյան հարցում» (mediamax.am/ru/news/armeniaturkey/1490/)։ Նման բան կարդալով՝ ակամա հարց ես տալիս. մի՞թե  Թուրքիան պետք է ներշնչեր ադրբեջանցիներին, որ կանգնած է նրանց թիկունքին։ Ի՞նչ է սա՝ նախկին նախագահի միամտությո՞ւն։ Չեմ կարծում։ Ավելի շուտ՝ ցանկություն նորից վկայելու Թուրքիայի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր սրտահույզ վերաբերմունքի մասին, որը խրախուսվում էր արտասահմանից։ Լ.Տեր-Պետրոսյանին փոխարինած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը սկզբից ևեթ ոչ մի պատրանք չուներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, չնայած ՀՀ արտաքին քաղաքականությունում Ռ.Քոչարյանը որդեգրել էր կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը։ Ռ.Քոչարյանի նման դիրքորոշումը, բնականաբար, չէր կարող դուր գալ հավաքական Արևմուտքին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, հիանալի տեղեկացված լինելով իր նախորդների կառավարման տարիներին տեղի ունեցող հայ-թուրքական հարաբերությունների տարաբնույթ փոփոխությունների, այդ հարցին ԱՄՆ-ի և Եվրամիության շահագրգիռ վերաբերմունքի մասին, ըստ իս, բավական հեռատես վարվեց՝ համաձայնելով դրական վերաբերվել հավաքական Արևմուտքի չդադարող առաջարկություններին՝ ստորագրել հայ-թուրքական համատեղ արձանագրությունները։ Այսպես, 2009թ. հոկտեմբերի 10-ին Թուրքիայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։ Ընթերցողներին հիշեցնենք, որ արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցում էին ՌԴ, Ֆրանսիայի, և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Սամուել Ժբոգարը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև  ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։ Նման քայլի գնալով՝ Սերժ Ազատովիչն, անկասկած, գիտեր, թե իմիջի ինչ կորուստների հետ էր կապված Հայկական սփյուռքում, և Հայաստանում նույնպես, նրա այդ որոշումը։ Սակայն Ս.Սարգսյանի կանխատեսումներն այն մասին, որ Թուրքիան չի վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, արդարացան տառացիորեն մեկ ամսվա ընթացքում, որը հաջորդեց արձանագրությունների ստորագրմանը, երբ սուլթան Ռեջեփը այդ փաստաթղթերի վավերացումը շաղկապեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ մոտ երկու տարի հետո՝ 2011թ. օգոստոսին, 2009թ. Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունները հանվեցին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգից։ Ինչպես այս առնչությամբ տեղեկացրին թուրքական ԶԼՄ-ները, ամերիկյան կողմը պնդում էր, որպեսզի Անկարան առանձնացնի Ցյուրիխյան գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից։ Այդ ժամանակ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն սրտնեղել էր լրագրողների մոտ. «Ես աղաչում էի հայկական կողմին Ադրբեջանին վերադարձնել գոնե մեկ շրջան՝ խոստանալով համոզել Իլհամ Ալիևին ստորագրել Հայաստանի հետ պատերազմի վիճակի դադարեցման և երկու երկրների միջև սահմանների բացման պայմանագիր։ Թուրքերի և սերբերի միջև հակամարտությունը տևեց 1000 տարի, իսկ հայերի հետ մեր խնդիրները գոյություն ունեն մոտ հարյուր տարի։ Եթե մենք կարողացանք լուծել խնդիրները Բալկաններում Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի հետ, ինչո՞ւ չենք կարող նույնն անել նաև Հայերի հետ»։ Դե ինչ, չկարողացան, ինչով հայ ղեկավարությանն ազատեցին հավաքական Արևմուտքի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին կանոնավորապես  հնչող խրատները լսելուց՝ Հայաստանն իր ռազմավարական դաշնակցից՝ եղբայրական Ռուսաստանից հեռացնելու հեռահար նշանակետով։ Իսկ ամենագլխավորն այս գործընթացում եզրափակիչ ակորդն է։ Այսպես, 2017թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Նյու Յորքի կենտրոնակայանում Հայաստանի նախագահը հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ խորհրդաժողովում։ Իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը (խոսքը 2009թ. հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունների մասին է – Ա.Գ.): Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»։ Այսինքն՝ ՄԱԿ ԳԱ բարձր ամբիոնից ՀՀ նախագահը բավական ապացուցելի ձևով հայտարարեց թուրքական ղեկավարության երկերեսանի և ապակառուցողական քաղաքականության, Էրդողանի ռեժիմի կողմից սույն հարցում ԱՄՆ և Եվրամիության դիրքորոշումը լիովին արհամարհելու մասին՝ ի տարբերություն պաշտոնական Երևանի կառուցողական քաղաքականության։

                Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերի օրինակների մասին գրվել է շատ և համոզիչ։ Ցավոք, բավականաչափ ուշադրություն չի դարձվում Անդրկովկասում ուղղակի արյունահեղ պատերազմի վերածվելու պատրաստ՝ սուլթան Ռեջեփի քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ արյունահեղության առիթ կարող է դառնալ Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Իսկ մեր տարածաշրջանում ռազմական ագրեսիայի սանձազերծման տեղեկատվական ֆոնը աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի հմուտ և համակարգված։ Բարիք է, որ Ռուսաստանը խիստ տեղին նախաձեռնեց Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների զորքերի հանկարծակի ստուգումը, ինչպես նաև հուրախություն և ի հանդարտեցում թուրք-ադրբեջանական զինվորականության՝ Ինգուշիայում կատարեց մեծ հզորության հրետանու ստորաբաժանումների տեղակայում, այդ թվում 240 մմ-անոց ինքնագնաց «Տյուլպան» ականանետեր, որոնց ռազմամթերքի զինանոցի մեջ մտնում են ջերմամիջուկային ականներ՝ երկու կիլոտոննա հզորությամբ։

                Հարգելի ընթերցողն, ըստ երևույթին, անհամբեր սպասում և ոչ մի լուր չի ստանում մեր «ժողվարչապետի»՝ իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչի մասին։ Այս անգամ ես ստիպված եմ գովել Նիկոլ Վովաևիչին, և այս դավադիր մտքին ինձ մղում է ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի կարեկից վերաբերմունքը Հայաստանի ճակատագրի հանդեպ։  Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի՝ ասելով Հայաստանի ճակատագրի հանդեպ։ Այսպես, ս.թ. հուլիսի 29-ին Բալաքենում վերը նշված ASAN xidmət տարածաշրջանային կենտրոնի բացման ժամանակ Իլհամ Ալիևն ասաց. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը կազմված է մարդկանցից, որոնք գտնվում են Սորոսի հիմնադրամի ազդեցության տակ։ Բավական է նայել նրանց կենսագրությունները։ Շատ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում, դատական իշխանությունում, պատասխանատու այլ պաշտոններում, Սորոսի հիմնադրամի և նրան մոտ կազմակերպությունների աշխատակիցներ են եղել։ Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Սորոսի ու նրան մերձ շրջանակների հերթական սադրանքն էր։ ...Մեզ հայտնի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ծածուկ փող է ստանում Սորոսի հիմնադրամից, նրա գործակալն է, կատարում է նրանց պատվերները (Ալիևի այս հայտնությունն անձամբ ինձ ոգևորում է, ըստ երևույթին նա կարդում է REGNUM տեղեկատվական գործակալության նյութերը, որտեղ բացահայտ այդ մասին գրվում է վերջին երկու տարիներին)։ Ուստի, այսօր Սորոսի հիմնադրամը բացահայտ Հայաստանին զոհաբերել է 600 հազար դոլար։ Արդյո՞ք այդ մասին պետք է մտածեին ՀԱՊԿ անդամ երկրները։ Իհարկե, պետք է մտածեին։ Եվ թող Հայաստանը, վախից կառչելով ՀԱՊԿ փեշից, հիշի, թե ինչպես էր վարկաբեկում նրան, ձերբակալեց կազմակերպության գլխավոր քարտուղարին (մուալիմ Իլհամին այս պասաժում կարելի է հասկանալ, նա հիշել է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, որին հետ կանչեց փաշինյանական ռեժիմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և նրա դեմ հորինված քրեական գործ հարուցեց։ Իսկ Ի.Ալիևը հենց այնպես չի հիշել այս մասին, որպեսզի նման զարտուղի ճանապարհով շնորհակալություն հայտնի Յու.Խաչատուրովի որդուն՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Յուրիի Խաչատուրովին այն բանի համար, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզի հատվածում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում III բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, քրիստոնեական գթասրտություն ցուցաբերելով, հողին չհավասարեցրեց սահմանամերձ ողջ ենթակառուցվածքն ու հակառակորդի կենդանի ուժը սահմանի այդ հատվածում)։ Հետագայում ճնշման տակ ազատ արձակեց նրան։ Բայց քրեական գործը չի փակվել։ Մեկ տարվա ընթացքում թույլ չտվեց ՀԱՊԿ-ին նշանակել նոր գլխավոր քարտուղար»։ Քիչ է մնում բացականչես. սաղօլ (կեցցե՛ս), մուալիմ Իլհամ, չոք սաղօլ, յոլդաշ (ընկեր) Ալիև։ Մի խոսքով՝ Իլհամ Հեյդարովիչը տառացիորեն բառ առ բառ կրկնեց նիկոլվովաևիչյան իշխանություններին Հայաստանի առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչների տված գնահատականները։ Ի՞նչ կարող էր նշանակել սա։ Նիկոլվովաևիչյան քարոզչամեքենայի քողարկված աջակցությո՞ւն, որը, որդեգրելով ափշերոնյան սուլթանի խոսքերը, կսկսի ուռճացնել առասպելը Հայաստանում իբր հինգերորդ շարասյան մասին, որը գործում է Ադրբեջանի ղեկավարության հետ համահունչ։ Գուցե  Ալիևը ցանկանում է իր սրտացավությունը հայտնել ՀԱՊԿ ճակատագրի մասին, որին փորձում էր վարկաբեկել Ն.Փաշինյանը, մանավանդ որ այդ նույն ելույթում նա այլ բան էլ է հայտարարել. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կազմակերպության վեց անդամից չորսը աջակցել է Ադրբեջանին միջազգային կազմակերպություններում սույն հարցի վերաբերյալ ընդունված հայտարարություններով։ Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամներ են։ Ղազախստանը և Ղրղզստանը միաժամանակ ՀԱՊԿ անդամներ են։ Ուրեմն, ՀԱՊԿ երկու անդամներն աջակցում են Ադրբեջանին այդ կազմակերպության միջոցով։ Բելառուսը Չմիանալու շարժման անդամ է։ Չմիանալու շարժման հայտարարությունն արտացոլում է այդ թվում նաև Բելառուսի դիրքորոշումը։ Տաջիկստանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, բացահայտ դիրքորոշում է արտահայտել սահմանամերձ այս հակամարտության վերաբերյալ։ Այսինքն՝ չորս երկրներ արդեն Ադրբեջանի կողքին են։ Իսկ ո՞վ պաշտպանեց Հայաստանին։ Ես չեմ տեսել, չեմ նկատել։ Միևնույն ժամանակ, ինչպե՞ս կարող են ՀԱՊԿ անդամները աջակցել Հայաստանի ներկայիս ղեկավարությանը»։ Ուրեմն, ի՞նչ է այս ամենը նշանակում, հարգելի ընթերցող։ Հարցի պատասխանը, որ գլխումս պտտվում է, կարող է փոքր-ինչ ցինիկ թվալ, բայց այն, հույս ունեմ, ճիշտ է։ Նիկոլ Վովայի Փաշինյանը, պարզապես երևանյան սլենգով ասած՝ ամենախայտառակ ձևով քցել, շպրտել է Իլհամ Հեյդարովիչին, որը բոլորովին էլ անմասն չի եղել Սորոսի ֆինանսավորման մեջ 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում պետական հեղաշրջման իրականացման գործում։ Հետագայում հովվերգական բանակցությունները Դուշանբեում, վերելակի մեջ, Դոնալդ Թրամփի բազմախոստում շնորհավորանքները ափշերոնյան սուլթանին՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում բեկման կանխատեսմամբ և շատ այլ փաստեր պերճախոս կերպով վկայում էին այն մասին, որ Փաշինյանն անշեղորեն հետևում է անդրօվկիանոսյան տիկնիկավարների կողմնորոշիչներին։ Սակայն հայ-ադրբեջանական պետական սահմանին սահմանամերձ հակամարտությունում ադրբեջանա-թուրքական զինվորականության ձախողումից հետո Փաշինյանի միջոցով իրենց նախագծերը գործնականում իրականացնելու բոլոր հույսերը սին դուրս եկան։ Դե ահա բարկանում է մուալիմ Իլհամը և՛ Նիկոլի, և՛ քեռի Ջորջի վրա, որն անձամբ հայտնի է որպես ֆինանսական ֆիլանտրոպ, որը շռայլորեն վճարում է գունավոր հեղափոխությունները ԱՊՀ երկրներում, Ռուսաստանի Դաշնության սահմանների ողջ պարագծով։

Ամփոփենք. Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ Ալիևը, ոչ Փաշինյանն այսուհետ ի վիճակի չեն գալ որևէ խաղաղ պայմանավորվածության, ինչը, Թուրքիայի հրահրմամբ, կվերածվի արյունահեղ պատերազմի, որը կընդգրկի ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը, այլև ողջ Անդրկովկասը։ Հարավային Կովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը։ Եվ սա անվիճելի ճշմարտություն է։            

 

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ