ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ Է

 

12.06.2020, Ռեգնում

https://regnum.ru/news/polit/2979720.html

12.06.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68382.html

 

Անոտացիա

Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, որոնք գիտակցում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանն սպառնացող մահացու վտանգը, անմիջական խնդիրը վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի գտնվելուց ազատվելն է, միավորվելը ոչ թե ընդդիմության առաջնորդի դերին հավակնող այս կամ այն քաղաքական գործչի, այլ մեր Հայրենիքի փրկությանն անհրաժեշտ միակ օրախնդիր գաղափարի շուրջ։

Դեռ ուսանողական նստարանից, տեղեկացված լինելով Օսմանյան կայսրության 36 թուրք սուլթանների, իսկ հետագայում՝ ներկայում կառավարող, ըստ էության, 37-րդի՝ թուրքական նոր սուլթանի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նենգության մասին, ես չէի կարող ուշադրություն չդարձնել ագրեսիվ նեոօսմանականության վտանգավոր դրսևորումներին, որոնք հատուկ են արդի փուլում նրանց վարած քաղաքականությանը։ Ասվածի հիմնավորվածության համար ընթերցողներին հիշեցնեմ ոչ վաղ անցյալի որոշ փաստեր։ Այսպես, 2015թ. դեկտեմբերի 2-ին հրապարակվեց ՏԱՍՍ-ի հաղորդումը (tass.ru/politika/2491873)՝ «ՌԴ պաշտպանության նախարարություն. Թուրքիայի ղեկավարությունը ներգրավված է ԻՊ-ից սիրիական նավթի ապօրինի ստացման մեջ» վերնագրով։ Հատկանշական է այդ հաղորդման ենթավերնագիրը՝ «Իսլամական պետությունը» (կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում – Ա.Գ.) տարեկան մոտ $2 մլրդ է վաստակում նավթի անլեգալ առևտրից, հայտարարել են գերատեսչությունում»։ Այնուհետև կարդում ենք. «Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված են սիրիական և իրաքյան նավթի ապօրինի արդյունահանման և Թուրքիա տեղափոխման մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

Օրինական տերերից՝ Սիրիայից և Իրաքից գողացված այդ նավթի հիմնական սպառողը Թուրքիան է։ Ստացվող տվյալներով՝ այդ հանցավոր բիզնեսի մեջ ներգրավված են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, նախագահ  Էրդողանն ու նրա ընտանիքը։ Մենք քանիցս խոսել ենք ահաբեկիչների հետ խաղեր տալու վտանգի մասին։ Տարածաշրջանում գործում է ավազակների և թուրքական էլիտաների միասնական թիմ հարևաններից նավթ գողանալու գծով»։ Նշենք նաև, որ դրանից մեկ շաբաթ առաջ՝ 2015թ. նոյեմբերի 24-ին, Ռուսաստանի Դաշնության ՕՏՈւ ՍՈւ-24 ռմբակոծիչը, որը մտնում էր Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի մեջ, սիրիա-թուրքական սահմանի մոտ խփվել էր Թուրքիայի ՌՕՈւ F-16С կործանիչի արձակած «օդ-օդ» հրթիռով։ Անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովը զոհվել էր պարաշյուտով վայրէջք կատարելիս՝ հակակառավարական զինված կազմավորումների գնդակոծման հետևանքով, իսկ շտուրման, կապիտան Կոնստանտին Մուրախտինը ողջ էր մնացել և փրկվել էր։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ Թուրքիայի ՌՕՈւ երկու օդաչուները, որոնք խփել էին ՍՈւ-24-ը, 2016թ. հուլիսի 19-ին ձերբակալվել են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցության պատճառով։ Եթե պարզ արտահայտվենք, պետք է նշենք, որ ինչպես այն ժամանակ Թուրքիայում գործող իշխանություններին, այնպես էլ դրանց գյուլենամետ ընդդիմությանը սազում է ռուսական «хрен редьки не слаще» (մեկը մյուսին արժե) սահմանումը։ Ընթերցողներին հիշեցնենք նաև Թուրքիայում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի նենգ սպանությունը, որը տեղի ունեցավ 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնում, իբր, Անկարայի ոստիկանության ստորաբաժանման նախկին ոստիկան, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշի կողմից։

Իսկ այժմ, հարգելի ընթերցող, անցնենք ավելի մոտ ժամանակների իրադարձություններին։ Եվ այսպես, ս.թ. փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական, հավի փետուրներով զարդարված նորահայտ քաղաքական սիրամարգ Մեսութ Հաքին, որը նաև միաժամանակ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ է, Թուրքիայի խոշոր հեռուստաալիքներից մեկի՝ А Навеr-ի ուղիղ եթերում ասաց. «Չմոռանանք, որ Ռուսաստանում ապրում է 25 մլն մուսուլման, դրա համար էլ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմասնատվի ներքին ուժերի կողմից... Անցյալում մենք մարտնչել ենք Ռուսաստանի դեմ 16 անգամ, մենք դա նորից կանենք, և մեր վրեժը սարսափելի կլինի»։ Իսկ ս.թ. մայիսի 14-ին թուրքական ազգային հեռուստատեսությունում ունեցած իր ելույթում Թուրքիայի թշնամիների շրջանակն ընդլայնեց նաև Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան կշարունակի մարտնչել ահաբեկչության և արտաքին թշնամիների դեմ, որոնց թվի մեջ մտան Հունաստանը, Հայաստանը և այն բոլոր երկրները, որոնք ցանկանում են ինչ-որ կերպ սահմանափակել Անկարային. «Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության և արտաքին թշնամիների դեմ՝ հայկական և հունական լոբբիի սատանայական ուժերից (որոնց, անշուշտ, եթե ինչ-որ մեկը պատկանում էլ է, ապա դա Էրդողանն ինքն է – Ա.Գ.) մինչև Պարսից ծոցի թշնամիները, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր, օգտագործելով արտասահմանյան ֆինանսական ինստիտուտները, փորձում են մեզ համար սահմանափակումներ ստեղծել»։ Էրդողանի այս խոսքերը հնչեցին այն բանից հետո, երբ Հունաստանը, Կիպրոսը, ԱՄԷ-ն, Ֆրանսիան և Եգիպտոսը հրապարակեցին համատեղ հայտարարություն Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում և Աֆրիկայում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության շարունակման անթույլատրելիության մասին, քաղաքականություն, որն արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը։ Թուրքիայի նման ագրեսիվ հռետորականությունն ու քաղաքականությունը, ինչը կարելի է լրացնել նաև թուրքական ղեկավարության այլ՝ ոչ պակաս անպատասխանատու հայտարարություններով, չէին կարող չոգևորել Մեծ Թուրանի համար պայքարում նրանց ադրբեջանցի եղբայրակիցներին։ Այսպես, ս.թ. մայիսի 10-ին ոչ անհայտ Թոֆիգա խանումը, նույն ինքը՝ Minval.az ինտերնետ-պարբերականի քաղաքական մեկնաբան Նուրանին, հանդես եկավ հոդվածով՝ «Էրդողանը ստիպում է Պուտինին հանձնել Հաֆթարին» (minval.az/news/123998575) վերնագրով։ Հիացած գովաբանելով Լիբիայում Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերի ռազմական հաջողությունները Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարի զորքերի հանդեպ՝ Թոֆիգա խանումը զմայլանքով գրում է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ և դրանց արդյունքների հիման վրա հայտարարել. այսօր մենք Թրամփի հետ քննարկել ենք իրադարձությունները տարածաշրջանում, առաջին հերթին՝ Լիբիայում, ԱՄՆ-ում մտահոգ են այդ հաշվով, մենք հաստատել ենք, որ այնտեղ այժմ ամեն ինչ հաջող է ընթանում, մանրամասն տեղեկացրինք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կարող է սկսվել նոր շրջան Լիբիայի վերաբերյալ։ Մենք հասել ենք որոշակի պայմանավորվածությունների։ Բայց պետք կլինի քննարկել  դա (ՌԴ հարգելի նախագահ) Վլադիմիր Պուտինի հետ։ Գուցե նրա հետ բանակցություններ լինեն»։ Կասկած չի հարուցում, հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուշմամբ կամ պնդմամբ էր Թուրքիայի նախագահը ս.թ. հունիսի 10-ի երեկոյան «հարգելի Վլադիմիր Պուտինի» հետ հեռախոսազրույցում, ինչպես տեղեկացնում է Kremlin.ru-ն, «...հանգամանալիորեն քննարկել իրավիճակը Լիբիայում՝ խոր մտահոգություն հայտնելով երկրում շարունակվող մասշտաբային մարտական բախումների առիթով, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և ավերածությունների։ Վլադիմիր Պուտինը նշել է շուտափույթ հրադադարի և միջլիբիական երկխոսության վերականգնման կարևորությունը՝ 2020թ. հունվարի 19-ի Բեռլինյան միջազգային կոնֆերանսի որոշումների (որոնք հավանության են արժանացել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2510 բանաձևով) և այլ նախաձեռնությունների հիման վրա՝ ուղղված հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»։ Հավանաբար, Կրեմլի այս պաշտոնական տեղեկությունը խիստ կհիասթափեցնի Թոֆիգա խանումին, որը նշյալ հեռախոսազրույցից ժամեր առաջ, այդ նույն հոդվածում գրում էր. «Ռազմական ջախջախումն այնքան ակնհայտ էր ու տպավորիչ, որ Մոսկվան այնքան էլ շատ հնարավորություններ չունի Անկարային աշխարհաքաղաքական սակարկություն պարտադրելու նաև ըստ «Մենք հեռանում ենք Լիբիայից, իսկ դուք փոխարենը...» սկզբունքի, պարզապես այն պատճառով, որ պայմաններ թելադրում է Թուրքիան, որը ոչ թե պարզապես դուրս է մղել Հաֆթարին Տրիպոլիից, իսկ այժմ ՝ Սիրթից և Թարխունից, այլ նաև ուժերի նոր դասավորություն է գծել տարածաշրջանում, որտեղ հիմա Անկարայի կարծիքը ձեռք է բերում շատ ավելի մեծ կշիռ։ Եվ հազիվ թե անհրաժեշտություն կա հիշեցնելու, որ Հարավային Կովկասը, Ադրբեջանը և ղարաբաղյան հակամարտության գոտին նույնպես այդ տարածաշրջանի մասն են, որը մտնում է մասշտաբային աշխարհաքաղաքական վերափոխման փուլ» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։

Պետք է կարծել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև Էրդողանի հետ հեռախոսային բանակցությունները տեղեկացրած չեն եղել այս հաշվով ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի կարծիքի մասին, որը հնչեցվել է այդ նույն անդադրում Թոֆիգա խանում-Նուրանիի կողմից Minval.az ինտերնետ-պարբերականում։ Սակայն կցանկանայի հարգելի ընթերցողների ուշադրությունը հրավիրել Թուրքիայի բացառիկ դերի մասին ուղղակի մատնանշմանն իբրև կատարված փաստի այն հարցերում, որոնք վերաբերում են «Հարավային Կովկասի, Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության գոտու» տարածաշրջանին։ Այսպիսով, ադրբեջանական կողմը ոչ միայն չի թաքցնում Թուրքիայի առաջատար դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այլև տարածում է այդ ի սկզբանե սուտ ուղերձը։ Ավելին, տարածում է ափշերոնյան սուլթանի և ադրբեջանական բազեների ռազմաշունչ կոչերը և հայտարարությունները՝ հանձին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի։ Մասնավորապես, նրա մայիսի 30-ի բացահայտ սադրիչ հայտարարությունը (որը սույն քաջարի գեներալ-գնդապետն արել է Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ, գեներալ-գնդապետ, որն իր ռազմական կարիերան սկսել է 1992-1994թթ. հանուն Արցախի անկախության ազգային-ազատագրական պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ջախջախիչ պարտությունից հետո) այն մասին, որ «հակառակորդը պետք է գիտակցի՝ միջոցները, որոնք ադրբեջանական բանակը կձեռնարկի այս անգամ, կտարբերվեն 2016թ. ապրիլյան իրադարձություններից, իսկ հարվածները, որոնք կհասցվեն, կհանգեցնեն նրա քաղաքական, տնտեսական և ռազմական կործանմանն առհասարակ»։ Այո, հարգելի ընթերցող, սրանք ընդամենը թուրք հովանավորների և տիկնիկավարների մտքերն են, որոնք հնչեցնում է Զաքիր Հասանովը, որը, բոլորին է հայտնի, բնավ ինքնուրույն չէ իր գործողություններում Հարավկովկասյան տարածաշրջանում։ Ի դեպ, հարգելի ընթերցող, հապճեպ եզրակացություններ չեմ անի, օրինակ, Հարավային Կովկասում ադրբեջանա-թուրքական զինվորականության գործողությունների անդրօվկիանոսյան հետքի մասին, այլ միայն մեջբերումներ կկատարեմ ադրբեջանական լրատվամիջոցների վերջին հրապարակումներից։ Այսպես, ս.թ. հունիսի 9-ին МОСКВА-БАКУ.RU ինտերնետ-պարբերականը հրապարակեց հոդված՝ «Փաշինյանը որպես երկրի ղեկավար բանի պետք չէ, նա պատահական մարդ է իշխանությունում։ Ռուսաստանցի փորձագետներ» վերնագրով, որում տրվում է տեղեկություն Հայաստանում անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին, դիցուք. «Օրերս միանգամից երկու ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են Հայաստանի խորհրդարանում՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը հրաժարական տալ... Բացի այդ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շնորհազրկված նախկին ղեկավար, օրերս ստեղծված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նույնպես կոչ է արել վարչապետին հրաժարական տալ։ «Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ երկրում տեղի ունեցողը աղետ է, որն օրեցօր կհանգեցնի էլ ավելի ծանր հետևանքների։ Պետությունը գտնվում է ծայրահեղ իրավիճակում»,- ասել է Վանեցյանը»։ Թվում է, թե ոչ մի արտասովոր բան չկա հրապարակման այս հատվածում, բայց այնուհետև հոդվածում մեջբերվում է ռուսաստանցի քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի կարծիքը, որը, մասնավորապես, ասում է. «Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար բանի պետք չէ։ Նա պարզապես տրիբուն է, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս ժողովրդի համար, երկրի համար։ Դա նրան, ըստ երևույթին, պետք չէ։ Դա պատահական մարդ է, որը հայտնվել է իշխանությունում և լուծում է ամերիկյան հատուկ ծառայությունների կոնկրետ խնդիր։ ԱՄՆ-ը խնդիր էր դրել հայ սփյուռքի առջև՝ հանել Հայաստանի ղեկավարությանը (նկատի ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին – Ա.Գ.), որն այս կամ այն չափով ավելի ռուսամետ էր, և ամերիկամետին դնել... Նիկոլ Փաշինյանը վատ հարաբերություններ է հաստատել Մոսկվայի հետ, դա ակնհայտ է, անգամ չնայած այն բանին, որ փորձում են այլ բան ցույց տալ... Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խաբել է Մոսկվային, ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ՝ ՀԱՊԿ աշխատանքի այդ նույն արգելափակմամբ՝ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով, որն այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր։ Փաշինյանն ասում էր, որ ինքը կապ չունի Քոչարյանի գործի հետ, իսկ արդյունքում, երբ մեջտեղ հանվեց գաղտնալսման արդյունքը, պարզվեց, որ նրա դեմ գործը հարուցվել է հենց Փաշինյանի հրամանով» (https://moscow-baku.ru/news/politics/narodnyy_premer_pashinyan_na_fone_koronavirusa_v_ocherednoy_raz_pokazal_chto_narod_emu_ne_nuzhen_emu/)։ Ես հատուկ այսքան մանրամասն ներկայացրի ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկովի գնահատականը, որը 2020թ. հունվարի 22-ի հոդվածում՝ «Սերգեյ Մարկով. «Նիկոլ Փաշինյանը, որը մի ժամանակ խոստանում էր «փռել ասֆալտին», կարող է դիմել արմատական մեթոդների, բռնության» վերնագրով (irevanaz.com/rus/index.php?newsid=6115), գրում էր. «Ղարաբաղում ընտրությունները Փաշինյանի համար  բացառիկ կարևոր հարց են, թիվ մեկ հարցը։ Ժողովրդի մեջ իր հեղինակությունը պահելու համար նա պետք է լավ տնտեսական ցուցանիշներ ցույց տա, տնտեսական աճ երկրում։ Իսկ որպեսզի տնտեսական աճ լինի, Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի և Թուրքիայի շրջափակումից։ Իսկ դա հնարավոր է միայն Ադրբեջանի հետ խաղաղ պայմանավորվածության դեպքում։ Փաշինյանն, ըստ իս, որոշ չափով պատրաստ է գնալու խաղաղ պայմանագրի Բաքվի հետ։ Բայց դրա համար նա պետք է ունենա Ղարաբաղի աջակցությունը, նշանակում է՝ այնտեղ իշխանությունը պետք է ստանան կամ հենց Փաշինյանի մարդիկ, կամ նրանք, ում հետ նա կկարողանա պայմանավորվել Ադրբեջանի հետ հարցի կարգավորման վերաբերյալ»։ Դե ինչ, ս.թ. մայիսի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո քանիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանին և КО-ին սատարելու մասին։ Հետո ավելի հետաքրքիր է։ Նիկոլ Վովաևիչը և Երևանի սորոսյան լափակերները հասան այն բանին, որ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվեց Մասիս Մայիլյանը, որը Արցախի Հարապետության 2020թ. նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկրորդն էր, ավելին՝ նրան ընտրարշավի ընթացքում բացահայտ աջակցում էր երևանյան արևմտամետ թիմը՝ հանձին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և КО-ի։

Ուրեմն, ի՞նչ է փոխվել Հարավկովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, Հայաստանում և Արցախում, ինչը «հիասթափեցրել» է ռուսաստանցի փորձագետին Նիկոլ Վովաևիչի հետ կապված հույսերի իրականացման հնարավորության հարցում, այն է. «Փաշինյանն, ըստ իս (նկատի ունենք Ս.Մարկովին – Ա.Գ.), որոշ չափով պատրաստ է գնալ խաղաղ պայմանագրի Բաքվի հետ»։ Կարծում ենք, որ ընթերցողների համար շատ բան պարզ կդառնա, եթե նրան ծանոթացնենք բավական հետաքրքիր դիտարկումների հետ, որոնք ներկայացված են АРМЯНЕ МИРА ինտերնետ-պարբերականում, ս.թ. հունիսի 10-ի «Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ծավալապաշտության խորապես մտածված և նախապատրաստված ծրագիր են ձեռնարկել» հոդվածում (https://arm-world.ru/news/novostnik/57918-turcija-i-azerbajdzhan-zapustili-gluboko-produmannuju-i-podgotovlennuju-programmu-jekspansii-v-regione.html)։ Որոշ մեջբերումներ կատարենք այդ հոդվածից. «Ահա արդեն որերորդ անգամ, գրեթե համաժամանակյա, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հանդես են գալիս մեղադրական հայտարարություններով թյուրքական այդ երկու հանրապետությունների հիմնադիր հայրերի հասցեին։ Էրդողանը մայիսի 8-ին նորից դիմեց 1923թ. Լոզանի պայմանագրի թեմային, որն ստորագրելով քեմալական Թուրքիան, նրա խոսքով, առանց անհրաժեշտության անձնատուր եղավ Արևմուտքի երկրներին և, մասնավորապես, Հունաստանին։ Իսկ Ալիևը դրանից մի քանի օր առաջ հերթական անգամ իր խոսքում անդրադարձավ 1918-ի մայիսի իրադարձություններին, երբ, իբր, մուսավաթական կուսակցության առաջնորդները անհեռատես որոշում կայացրին՝ «նվիրել ադրբեջանական Իրևանը» նոր ստեղծվող հայկական հանրապետությանը»։ Չեմ պսակազերծի ժամանակակից նեոօսմանյան Թուրքիայի՝ հանձին 37-րդ սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա քաղաքական (իհարկե՝ շատ ավելի փոքր տրամաչափի) նմանակի՝ հանձին ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի, նկրտումների ողջ անհեթեթությունը, այլ կսահմանափակվեմ միայն հոդվածի հեղինակի(ների) եզրահանգմամբ. «Պետք է կույր լինել՝ չտեսնելու համար թյուրքական երկու պետությունների կողմից խորապես մտածված և նախապատրաստված ծավալապաշտական ծրագիրը տարածաշրջանում (Հարավկովկասյան – Ա.Գ.) և իրենց վերցնելու այն, ինչը, թյուրքական տրամաբանության համաձայն, լավ չի դրված։ Աշխարհը հայտնվել է մեծ փոփոխությունների շեմին, և հազիվ թե Անկարան Բաքվի հետ միասին բաց թողնեն ի հաշիվ արագ չկողմնորոշվողների օգուտ քաղելու հնարավորությունը։ Լոզանը, Մոսկվայի պայմանագիրը, Մուսթաֆա Քեմալը... այս ամենը Անկարան Բաքվի հետ միասին, ինչպես իրենց է թվում, արդեն անցել են, և այդ ամենը պարտավորություններից ու կաշկանդող սահմանափակումներից նրանց համար վերածվել է իմաստ չունեցող ավելորդության։ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական օրակարգն այսօր պահանջում է այլ պայմանագրեր և այլ հերոսներ»։ Կարծում եմ, որ Հարավկովկասյան և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների մասին քիչ թե շատ տեղեկացված ոչ մի քաղաքական գործիչ չի կարող վիճարկել այս համոզիչ եզրակացությունը։ Այսինքն՝ նորահայտ սուլթանների մտահղացումը լիովին համապատասխանում է նեոօսմանների՝ Ջիբրալթարից Հյուսիսային Աֆրիկայով մինչև Չինաստանի Սինցզյան-ույղուրական շրջան թյուրք-իսլամական մեծ աղեղի ստեղծման բաղձալի երազանքին։ Եվ հենց այս նպատակին հասնելուն էլ ուղղված են Թուրքիայի ուղղակի ռազմական ագրեսիան Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Քրդստանում, պարբերաբար իրականացվող  սադրիչ զորավարժությունները Նախիջևանի և Հայաստանի Հանրապետության սահմանին, լարվածության թեժացումը անվտանգության գոտում, որը վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության 105 կիլոմետրանոց սահմանին՝ Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում։ Կասկած չի հարուցում, որ թուրք-ադրբեջանական բազեների մերձավոր խնդիրը իրավիճակի ապակայունացումն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնության հարավային մատույցներում՝ թիրախ ունենալով այն տեղափոխել ՌԴ Հյուսիսային Կովկասի հանրապետություններ։ Իսկ այնտեղից, մեկ էլ տեսար, ինչո՞ւ իրավիճակը չփորձել ապակայունացնել հենց Ռուսաստանի Դաշնության ներսում՝ ՌԴ-ում ապրող 25 մլն մուսուլմանների մասին Էրդողանի խորհրդական Մեսութ Հաքիի սպառնալիքներին լիովին համապատասխան, որոնք պատերազմի դեպքում «Ռուսաստանը կմասնատեն ներքին ուժերով»։

Եվ ահա, հարգելի ընթերցող, այս տագնապալի պայմաններում, որոնք ցանկացած պահի Ադրբեջանի կողմից կարող են վերաճել լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի  հայկական երկու պետությունների դեմ, զարմանքից ապշում ես, երբ պատկերացնում ես Հայաստանի քաղաքական դասի՝ լինի նիկոլվովաևիչյան խառնամբոխը, թե նրան դիմակայող ընդդիմությունը, այսօրվա օրակարգը։ Ընդ որում՝ ես հատուկ առայժմ չեմ հիշատակում բացահայտ հակահայկական քաղաքականության մասին, որն այժմ իր արտացոլումն է գտնում Եվրամիության ամենատարբեր կառույցների սեղանին գտնվող տարատեսակ փաստաթղթերում։ Նման դրությունն այլ կերպ, քան Ադրբեջանի սադրում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների սանձազերծման՝ չես բնութագրի։ Տողերիս հեղինակն արդեն գրել է այս մասին ս.թ. մայիսի 23-ի «Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ» հոդվածում, որը հրապարակվել է ռուսաստանյան հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պարբերականում։ Այնտեղ ներկայացված փաստարկները ԵՄ մեր եվրոպացի գործընկերների սադրիչ գործողությունների վերաբերյալ այսօր արդեն կարելի է լրացնել հակահայկական նոր գոհարներով։ Այսպես, 2020թ. հունիսի 11-ին  Ադրբեջանի տասնյակ ինտերնետ-պարբերականներ ոչ առանց հիացմունքի և զմայլանքի հրապարակեցին հոդվածներ (հիմնականում) նույն վերնագրով. «Եվրախորհրդարանը հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության»։ Դրանցում կարդում ենք. «Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներ Ժելենա Զավկոն, Հայաստանի վերաբերյալ՝ Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի գծով Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Մարիա Կալյուրանը առաջին անգամ ընդունել են համատեղ հայտարարություն՝ հղում կատարելով  հրապարակված փաստաթղթին։ Նշվում է, որ սա Եվրախորհրդարանի պաշտոնատար անձանց ընդունած՝ պատմության մեջ առաջին համատեղ փաստաթուղթն է Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական գործունեության մասին։ Ինչպես նշվում է, այս հայտարարությունն ընդունվել է «շուտով ճանապարհի շինարարության սկսվելու հետ կապված, որն ուղղակիորեն կկապի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը (ըստ երևույթին, եվրոպացի խորհրդարանականները ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեջ, դրա կործանարար հետևանքների հաղթահարման համար էլ նախատեսված է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը կապող ճանապարհը – Ա.Գ.) մի նախագծի շրջանակում, որի մասին հայտարարվել է անցած տարի... Բացի այդ, դա կարող է խորհրդանշական ձևով ամրագրել Լեռնային Ղարաբաղի  ու նրա հարակից տարածքների ապօրինի օկուպացիան։ Ուստի, մենք շատ մտահոգ ենք այդ նախաձեռնությամբ, քանի որ այն չի օժանդակում պայմանների ստեղծմանը, որոնք կնպաստեն վստահության, խաղաղության և հաշտեցման հաստատմանը»։«Վստահության, խաղաղության և հաշտեցման հաստատմանը նպաստող» պայմանների բավական տարօրինակ ընկալում։ Եթե Արցախը հայտնվեր  շրջափակման մեջ՝ զրկված իր բնակչությանը կենսականորեն անհրաժեշտ ապրանքներով մատակարարելու հնարավորությունից, միաժամանակ մնալով ափշերոնյան սուլթանի ողորմածության հույսին, ապա այդ դեպքում, այս հայատյաց հայտարարության հեղինակների տրամաբանությամբ, դա «կնպաստե՞ր վստահության, խաղաղության և հաշտեցման հաստատմանը»։ Սակայն տարակուսանք է առաջացնում նաև մեկ այլ փաստ, դիցուք. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների բոլոր հինգ հայտարարություններում որպես հակամարտության կարգավորման պարտադիր պայման հստակ կրկնվում է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ստեղծումը»։ Ուրեմն, ինչո՞ւ է այս հարցը հենց հիմա այդպես հուզել եվրոպացի խորհրդարանականներին, որոնք ավրալային ռեժիմով, այն պայմաններում, երբ Եվրոպական խորհրդարանի ս.թ. հունիսի 16-17-ի լիագումար նիստի ընթացքում (համաձայն Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի՝ նիստի օրակարգում նախատեսվում է քննարկել ԵՄ արտաքին գործերի կոմիտեի ընդունած «Եվրոպական խորհրդարանի հանձնարարականը» Խորհրդին, Հանձնաժողովին և Հանձնաժողովի  փոխնախագահին» (Արևելյան գործընկերության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Գերագույն ներկայացուցչին) բանաձևի նախագիծը 2020թ. հունիսի գագաթաժողովի առիթով) է նախատեսվում այդ հարցի քննարկումը։ Կարելի է ամենատարբեր եզրակացություններ ներկայացնել  ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նշված հակահայկական բանաձևերի ընդունման դրդապատճառների մասին։ Սակայն, իմ կարծիքով, կարևոր է այլ բան, այն է. Նիկոլ Վովաևիչի արևմտյան հովանավորները հստակ հասկանում են, որ Հայաստանի իշխանության ղեկին իրենց դրածոյի գտնվելու օրերը հաշված են։ Ուրեմն, բազմամիլիոնանոց դոլարային ներարկումները տարատեսակ սորոսյան լափակերներին, «Ստամբուլյան կոնվենցիայի» կամ «Լանզարոտի կոնվենցիայի» տիպի հակաքրիստոնեական բանաձևերի մոլի կողմնակիցներին, և որ ամենագլխավորն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովներին, ինչի հետևանքով ՆԱՏՕ խաղաղարար զորակազմ կմտցվի անվտանգության գոտի՝ Արցախի զինված ուժերի կողմից վերահսկվող՝ Իրանի հետ 105 կիլոմետրանոց սահմանին, ինչպես ասում են, ջուրը կընկնեն։ Այ, սրա համար էլ շտապում են մեր արևմտյան գործընկերները։

Հարգելի ընթերցող, այս հարցերն այսքան մանրամասն ներկայացնելը բնավ պատահական չէ, այլ հետապնդում է բավական կոնկրետ նպատակ, դիցուք. զգուշացնել Հայաստանի առողջ քաղաքական ուժերին, որոնք արդարացիորեն պահանջում են Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի հեռացումն իշխանությունից, այն փորձանքից, որպեսզի հանկարծ չդառնան գունավոր հեղափոխությունների հեղինակների՝ հայ հասարակության պառակտման, այդ հասարակությունն իրար միջև անհաշտ թշնամական քաղաքական ուժերի բաժանելու մանրակրկիտ մտածված սցենարի գործող անձինք։ Ուստի, չափազանց կարևոր է, որպեսզի մեր օրերում բոլորը, ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ճակատագիրը, գիտակցեն, որ հայ հասարակության պառակտման խորացման դեպքում մեծ է վտանգը, որ ընդդիմության առաջնորդ կոչվելու իրավունքի համար քաղաքական մրցակցության պոռթկման մեջ ՀՀ քաղաքական այրերը կարող են աչքաթող անել անդրօվկիանոսյան տիկնիկավարների նենգ մտահղացումը և դառնալ «ժողվարչապետի» ուղեվարների՝ արդեն ոչ առաջին տարին փայփայած պլանի մասնակիցները՝ խարխլել հայկական պետականության հիմքերը և դրանով իսկ ստեղծել ապակայունության գոտի մեր ռազմավարական դաշնակցի, եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարավային մատույցներում։ Իսկ այնուհետև  ՀՀ-ում իշխանության եկած ամեն տեսակի ռուսատյացները կփորձեն հասնել Հայաստանից (Գյումրիից) 102-րդ ռուսական ռազմակայանի, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի  ԱԴԾ Սահմանապահ վարչության սահմանապահ չորս ջոկատների (ադրբեջանա-թուրքական ներխուժման սպառնալիքի դեմ պետական սահմանի անվտանգության հուսալի երաշխավորի և անվտանգության հենարանի) և Երևանում Ռուսաստանի «Էրեբունի» ռազմաօդային բազայի դուրսբերմանը։ Մենք պետք է հենց այս դիտանկյունով դիտարկենք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի շուտափույթ փոխարինումը և միանգամայն պատասխանատու այդ պաշտոնին ոչ անհայտ ռուսատյաց-կոռուպցիոներ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (որը մերկացվեց հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, ինչը նիկոլվովաևիչյան խառնամբոխում այլ կերպ անվանվում է ծառայողական դիրքի չարաշահում) հոգևոր հետևորդ՝ 29-ամյա Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկայիս հակառուսական իշխանությունները տարված են Ռուսաստանի ԱԴԾ-ից սահմանապահ գործառույթները Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու գաղափարով։ Ընդ որում՝ նրանք իրենց ենթակա լրատվամիջոցներով արդեն հղումներ են կատարում այն բանին, թե, իբր, սպառվել է 1992թ. սեպտեմբերի 30-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց գործունեության պայմանների մասին պայմանագրի» ժամկետը։ Ռուսատյացների հաշվարկը որքան վտանգավոր, նույնքան էլ նենգ է։ Նիկոլ Վովաևիչի ուղեվարները չափից ավելի շատ են ցանկանում, որպեսզի Իրանի հետ Հայաստանի սահմանի Մեղրիի 47 կիլոմետրանոց տեղամասը պահպանեն, իբր, հայ սահմանապահները՝ հիանալի իմանալով, որ նրանց նորահայտ պետերը ցանկացած պահի ամենաբարեհունչ պատրվակներով կարող են խնդրել իրենց օտարերկրյա ուղեվարներին, օրինակ՝ ԱՄՆ-ին, օժանդակել իրենց ՆԱՏՕ ուժերի ներգրավման հարցում՝ ՀՀ պետական սահմանի պահպանությունն ուժեղացնելու նպատակով։ Ընդ որում, ըստ նրանց ըմբռնման, հայ-թուրքական սահմանը պաշտպանել բնավ պետք չէ, իզուր չէ, որ նրանց քարոզչությունում հետևողականորեն (աստիճանաբար) հայ քաղաքացուն ներշնչվել է գաղափարն այն մասին, որ  եթե նման հակապետական բան տեղի ունենա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ապա  ՀՀ իշխանավորներին և հենց Հայաստանն ակնթարթորեն կպաշտպանեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ գծով նրա դաշնակիցները, որոնք անհապաղ կհոգան հայ-թուրքական սահմանի անվտանգության մասին։ Գրում եմ այս տողերը և ոչ մի կերպ չեմ կարողանում կողմնորոշվել. ի՞նչն է դրդում տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ Նիկոլ Վովաևիչին, երբ ՀՀ ազգային անվտանգության անթաքույց սպառնալիքների պայմաններում նա գնում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը քայքայելու ճանապարհով։ Զբաղեցրած պաշտոնին լիակատար անհամարժեքությո՞ւնը, թե՞ ազգային շահերին բացահայտ դավաճանությունը։ Իսկ գուցե անդրօվկիանոսյան տերերի առջև անձնական վտանգի գիտակցությունը, որոնք էլ նրան իշխանության բերեցին հենց այդ հակահայկական և հակառուսական գործողություններն իրականացնելու նպատակով, ինչը նրան առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում։ Վերլուծելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների այս բոլոր տագնապալի դրդապատճառները՝ ավելի ու ավելի եմ հակվում այն եզրակացությանը, որ «ժողվարչապետի» գործողությունների վերը թվարկված շարժառիթները տեղի են ունենում միաժամանակ։ Ուստի, Հայաստանի բոլոր առողջ ուժերի, որոնք գիտակցում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գոյությանն սպառնացող մահացու վտանգը, անմիջական խնդիրը վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի գտնվելուց ազատվելն է, միավորվելը ոչ թե ընդդիմության առաջնորդի (ընդ որում՝ տրվելով դրսից պարտադրվող շտամպին, որը բաժանում է հայ ժողովրդին «սևերի» և «սպիտակների» կամ էլ գործող իշխանությունների ու ռևանշիստների՝ այսպես կոչված նախկին իշխանությունների, որոնք, այո, չնայած աշխատանքում ունեցած ցավալի բացթողումներին, Նիկոլ Վովաևիչին և КО-ին ինստիտուցիոնալ առումով կայացած այնպիսի Հայաստանի Հանրապետություն են թողել, որի հիմքերն ահա արդեն երկու տարի առանց հոգնելու, գիշերուզօր սասանում են, բայց ոչ մի կերպ չեն կարողանում խարխլել) դերին հավակնող այս կամ այն քաղաքական գործչի, այլ մեր Հայրենիքի փրկությանն անհրաժեշտ միակ օրախնդիր գաղափարի շուրջ։ Համոզված եմ, որ այս հիմքի վրա մեր հասարակության բոլոր առողջ ուժերի միավորումը աջակցություն կստանա Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կողմից։ Ավելին, համոզված եմ, որ այդպիսի միավորումը ըմբռնումով և հավանությամբ կընդունվի ժամանակի փորձությունն անցած մեր հուսալի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այս անվերապահ ճշմարտությունների գիտակցումը, դրանց իրագործմանն ուղղված կոնկրետ աշխատանքի իրականացումն անարյուն դիմակայության, ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման գրավականն են։ Ասվածի այլընտրանքը հայկական պետականության կորուստն է։ Եվ սա չափազանցություն չէ, և եթե այդ գործընթացը չկանգնեցվի, ապա հետագա իրադարձությունները կդառնան լոկ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման և  ամեն ինչ անսկզբունքայնորեն կործանողին՝ իր քաղաքական կարիերան տխուր ավարտող Նիկոլ Վովայի Փաշինյանին իշխանության բերելու տրամաբանական վերջաբանը։ Ուստի, մեր Հայրենիքի փրկության միակ օրախնդիր գաղափարը պետք է դառնա «Հայրենիքի փրկությունը Հայաստանի և Արցախի բոլոր առողջ ուժերի միավորման մեջ է» կոչը։       

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ