Արտաշես Գեղամյան. Փաշինյանն, ի զորու չլինելով հասնել կայուն վերափոխումների Հայաստանում, գլորվելու է դեպի պոպուլիզմ  

 

Որը հղի է հայոց պետականության կորստով և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի պատերազմի սանձազերծմամբ

27.05.2019, Shame.am

Եվ այսպես, 2018թ. մայիսի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին Արցախի Հանրապետության (նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։ Ժողդատավոր Դավիթ Գրիգորյանի այս «հանդուգն» անհնազանդությունը «թավշյա հեղափոխության» (նկատի է առնվում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը) առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի  կամքին  առաջ բերեց նրա «արդարացի» ցասումը։ Հաջորդ օրն իսկ Ն.Փաշինյանը կոչ արեց երկրի քաղաքացիներին ս.թ. մայիսի 20-ին վաղ առավոտյան փակել Հայաստանի դատարանների բոլոր մուտքերն ու ելքերը։ «Առավոտյան ժամը 08։30-ին փակում ենք հանրապետության դատարանների շենքերի բոլոր մուտքերն ու ելքերը, որպեսզի ոչ ոք չկարողանա ներս մտնել։ 12։00-ին ես ելույթ կունենամ իրական ժամանակի ռեժիմով»,- իր կողմնակիցներին դիմեց «ժողվարչապետը» Facebook-ի միջոցով։ Ընդ որում՝ նա, մեկնաբանելով դատարանի որոշումը կալանքից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին, ասաց, որ «երկրում հասունանում է հեղափոխության երկրորդ և ամենագլխավոր փուլը, որն ուղղված է դատական համակարգը փոխելուն և այդ ոլորտում ժողովրդական իշխանության հաստատմանը»։

Հատկանշական է, որ նման որոշման անհապաղ ընդունման հիմնավորման համար նա հղում է կատարել հետևյալին. «Կարող եմ բերել միայն մեկ օրինակ. որքանով կարելի է վստահ լինել այն բանում, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն վարել մարտի 1-ի այդ նույն գործով (նկատի ունի 2008թ. մարտի 1-ի ցուցարարների, որոնք համաձայն չէին 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների արդյունքներին, բախումն իրավակարգի ուժերի հետ, որի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվեց - Ա.Գ.), այն դեպքում, երբ գործադիր իշխանության տասնյակ հակաիրավական գործողությունները իրականացվեցին գործող դատական համակարգի թույլտվությամբ»։ Այսպիսով, մենք դարձանք Հայաստանում ծավալվող չափազանց վտանգավոր երևույթի վկաները։ Այսպես, արդեն մի ամբողջ տարի Ն.Փաշինյան և Ko-ն մոբիլիզացրել է իր ամբողջ տեղեկատվական ռեսուրսը (այդ թվում և սորոսյան հասարակական կազմակերպությունների կողմից շռայլորեն ֆինանսավորվող) և տասնյակ ինտերնետ պորտալների միջոցով տեղեկատվական ֆոն է ստեղծել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իբր բռնի տապալելու մասին։ Եվ հանկարծ, հարգելի ընթերցող, պատկերացնո՞ւմ եք, այնպես է պատահում, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ դադարեցվում է Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և 2008թ. ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի եւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի քրեական գործը և ուղարկվում Հայաստանի Սահմանադրական դատարան։ Իրադարձությունների նման շրջադարձը, երբ դատավորն ինքնուրույն վճիռ է կայացնում՝ ղեկավարվելով օրենքով, և չի դառնում քաղաքական վենդետայի, «ժողվարչապետի» անձնական վրեժի իրականացման բութ գործիք, սա զարմանք բան է անգամ «Նոր Հայաստանի», այսինքն՝ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո ստեղծված Հայաստանի պայմաններում։ Ինչպե՞ս կարող էր Նիկոլ Վովաևիչը սրանում չտեսնել անասելի հանդգնության, սրբապղծության դրսևորում, ուղղակի մարտահրավեր իր դեմոկրատական միանձնյա իշխանության հիմքերին։ Օ՜, խեղճ հայ ժողովուրդ, տես ո՞ւր հասանք։ «Ժողվարչապետի» վճռականությունը սահման չունի (բնականաբար, ոչ մարտադաշտում), և նրա արձագանքը սպասել չտվեց։ Նա անհապաղ հանդես եկավ ուղիղ եթերով՝ Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու իր կոչի պարզաբանումներով և ցասումնալից ասաց (դեմքի այնպիսի արտահայտությամբ, որը վա՞խ, թե՞ վճռականություն, իսկ ավելի ճիշտ՝ այս երկուսի համադրություն էր մատնանշում). «Հայ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես հին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ մշտապես հյուսվում և իրականացվում են դավադրություններ հասարակության դեմ»։ Նշենք, հարգելի ընթերցող, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, որոնք տեղի ունեցան 2018թ. դեկտեմբերի 9-ին, գրանցված 2 մլն 573 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցեց ընտրողների 48,99%-ը։ Ընդ որում՝ «Իմ քայլը» դաշինքին, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, իրենց ձայնն են տվել 884 հազար 456 ընտրողներ կամ ընտրողների ընդհանուր թվի 34,37%-ը։ Այս պայմաններում հանդես գալ ժողովրդի անունից, ընդ որում՝ անվերապահորեն, տեղի-անտեղի, կարծում եմ, թույլատրելի չէ անգամ «ժողվարչապետին»։

Հարգելի ընթերցող, չեմ թաքցնի, որ անցած շաբաթվա ընթացքում շատ ժամանակ եմ ծախսել՝ ծանոթանալու համար, հնարավորության սահմաններում, տեղեկատվության առավելագույն հնարավոր հոսքին, վերլուծական հոդվածների, հարցազրույցների Նիկոլ Փաշինյանի աննախադեպ գործողությունների վերաբերյալ, որոնց մասին ներկայացվեց վերը։ Հիշեցնեմ, որ նա արդեն մեկ տարի ՀՀ գործադիր իշխանության ղեկավարն է, ավելին՝ ձայների 70,43% ունի Ազգային ժողովում։ Այս հիշեցումը նրա համար է, որ Նիկոլ Վովաևիչը, իշխանական այսքան պատկառելի լծակներ ունենալով, եթե հանկարծ հրաժարվեր իրեն բնորոշ պոպուլիզմից և զբաղեցրած պաշտոնի հանդեպ փոքրիշատե համարժեքություն ունենար, կարող էր իրականացնել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, ընդունել ցանկացած օրենք դատական համակարգի բարեփոխման մասին։ Բնավ չսխալվեցի՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում, քանի որ Հայաստանի խորհրդարանի նախկին կազմը, որտեղ Ն.Փաշինյանը մեծամասնություն չուներ, պետական հեղաշրջումից հետո երբեք չի վիժեցրել որևէ օրինագիծ, որը ՀՀ ԱԺ քննարկմանն է ներկայացրել կեղծ հեղափոխականների «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդն էր Ն.Փաշինյանը։ Անկասկած, «Նոր Հայաստանի» իշխանավորներին ոչինչ չէր խանգարում կշռադատված մոտենալ դատական համակարգի բարեփոխմանը, որի կատարելագործումը միանգամայն օրինաչափ գործընթաց է ցանկացած պետության, առավել ևս՝ երիտասարդ դեմոկրատիայով երկրի համար։ Ուրեմն, ի՞նչն է դրդել «ժողվարչապետին» դիմելու այսքան հուսահատ, քրեորեն պատժելի քայլի, որն, անկասկած, քիչ թե շատ կայացած դատական համակարգ ունեցող պետությունում իր աշխատանքի դեբյուտը կդարձներ բաց դատավարությունը երկրի գործադիր իշխանության ղեկավարի հանդեպ, որը, համաքաղաքացիներին կոչ անելով փակել դատարանները, ըստ էության, կաթվածահար արեց դրանց աշխատանքը, խոչընդոտեց արդարադատության իրականացմանը, ինչը քրեորեն պատժելի հանցագործություն է։ Բայց սա այլ վերլուծության թեմա է։

Իսկ այժմ մտաբերենք ոչ վաղ անցյալի պատմությունը։ Այսպես, 2018թ. հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության նիստում, 2018թ. առաջին կիսամյակի գործունեության քննարկման ժամանակ ասաց, որ հայ ժողովուրդը կրկնում է իր խոսքերը, դիցուք. «Ես ասել եմ ՄԱԿ ամբիոնից, որ Հայաստանում եղել է կոռուպցիոն խունտայի ռեժիմ։ Հիմա դա կրկնում է հայ ժողովուրդը (ինչպես և Փաշինյանը, Ալիևը Նիկոլ Վովաևիչին նույնացնում է հայ ժողովրդի հետ, իրո՛ք համախոհներ են – Ա.Գ.)... Հայոց պետականությունն արդեն կործանվել է։ Միևնույն ժամանակ, արդարությունը հաղթանակել է, իշխող խունտան թողել է իշխանությունը։ Այստեղ եղել է նաև մեր դերը (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։ Չեմ ցանկանում հիմա դա ուռճացնել (չես վիճի՝ վեհանձն է համախոհին փուռը չտալը – Ա.Գ.)»։ Կարծում եմ, որ Ի.Ալիևը ժամանակին է կանգ առել, քանի որ բավական է ուշադիր վերլուծել Հայաստանի «ժողվարչապետի» ելույթից առանձին քաղվածքներ՝ հետևյալ եզրակացությանը հանգելու համար. կարդալով Ն.Փաշինյանի ելույթները՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրված են ափշերոնյան քաղաքական գործիչների կաբինետներում։ Այլապես չէինք դառնա վկաներն այն բանի, թե ինչպես են նրանք վայելում, օրինակ, ս.թ. մայիսի 20-ին Ն.Փաշինյանի՝ ժողովրդին դիմումի գոհարները։ Ակամա հարց է ծագում. ափշերոնյան քաղաքական գործիչների սրտին դուրեկան այդ ի՞նչ է ասել «ժողվարչապետն» իր այդ ելույթում։ «Ուսումնասիրելով բոլոր փաստերը՝ ես այս ամենի հետևում տեսնում եմ դավադրություն՝ նոր պատերազմ հրահրելու նպատակով և, հնարավոր է, անգամ հանձնել որոշ տարածքներ՝ պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա։ Այս գործունեության մեջ տեսնում եմ պետական դավաճանության նշաններ։ Որպես Հայաստանի վարչապետ, պատերազմական իրավիճակներում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար կդիմեմ ամենակոշտ միջոցների նման դավադրությունները կանխելու համար (այսինքն՝ նախադասության վերջում Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ ինքը չի էլ կասկածում «նման դավադրության» առկայությանը – Ա.Գ.)»,- ասել է «ժողվարչապետը»։ Պետք է ենթադրել, որ նա դավադրություն տեսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեսահոլովակում, որը ներկայացվել է ափշերոնյան սուլթանության մեդիա-տարածքում տասնյակ հեռուստաալիքներով և ինտերնետ պորտալներով լայնածավալ զորավարժությունների նախօրեին, որոնք մեկնարկել են ս.թ. մայիսի 20-ին (հավանաբար, սորոսյան գրանտակերները հուշել են Նիկոլ Վովաևիչին, որ այնտեղ երևում է հայկական հետք)։ Եվ ահա, տեսահոլովակում կադրեր են ադրբեջանցի զինվորներով, որոնք շարվել են՝ գրելով. «Մեր նպատակը Շուշին է, սպասեք մեզ»։ Համաձայնեք, որ այստեղ հայկական հետքն ակնհայտ է, միայն թե այս ամենին պետք է նայել սորոսյան գրանտակերների աչքերով։ Իսկ գուցե «ժողվարչապետը» «կոնկրետ ուժերի» դավադրություն է տեսել հենց Արցախի Հարապետությունում՝ «նոր պատերազմ հրահրելու նպատակով», ադրբեջանցի դերասան և ռեժիսոր Բահրամ Բաղիրզադեի օրերս հրապարակված նոր գրքի շնորհանդեսում, «Իրևանը երեխաների համար» «խաղաղասեր» վերնագրով։ Այդ գրքում մուալիմ Բահրամը բավական ինքնատիպ ձևով է արձագանքում Նիկոլ Փաշինյանի կոչին, որը հնչեցրել է ս.թ. ապրիլի 11-ին ոչ թե մի ինչ-որ տեղում, այլ ԵԽԽՎ ամբիոնից (իմացի՛ր մերոնց). «Չափազանց կարևոր է, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվեց սկսել կառուցողական երկխոսություն (պետք է ենթադրել՝ հենց այդ խոսակցության արդյունքներով է բացահայտվել որոշ, միայն իրեն ու Իլհամ Ալիևին հայտնի «կոնկրետ ուժերի» դավադրությունը – Ա.Գ.), բայց ես վստահ եմ, որ այն պետք է անցնի ոչ միայն ղեկավարների, այլ նաև հասարակությունների միջև։ Կարևոր է, որպեսզի մենք մեր հասարակությունները պատարստենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»։ Բահրամ Բաղիրզադեն չէր կարող չանսալ Նիկոլ Վովաևիչի կոչին և ս.թ. մայիսի 23-ին ներկայացրել է իր երկը, որից մի կտոր ներկայացնենք հարգելի ընթերցողի դատին. «Եկել է ժամանակը պատշաճը մատուցելու մեր նախնիներին և նրանց մեծ գործերի հանդեպ հարգանքով պատմել ճշմարիտ պատմությունը նրանց հայրենիքի՝ հնագույն քաղաք Իրևանի մասին, որն ստեղծվել է նրանց աշխատանքով ու տաղանդով»։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Երևան-Էրեբունու հիմնադրման տարեթիվը մ.թ.ա. 782 թվականն է, և Էրեբունին հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի 1-ինը։ Թե ինչպես կարող էր նա լինել Բահրամ Արիֆօղլիևիչի նախնին, նրա սրտին դուր եկած լեզվով ասած՝ շատ, շատ մեծ գաղտնիք է։ Բայց անվիճելի փաստ է, որ ամենավաղ տարիքից ադրբեջանցի երեխաներին ներարկում են թշնամանքի զգացում հայերի և Հայաստանի հանդեպ, նրանց գիտակցության մեջ ձևավորվում է հայի՝ որպես օկուպանտի և թշնամու կերպարը։ Ըստ էության, սրանում ոչ մի նոր բան չկա, առաջին տարին չէ, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է որպես պետական քաղաքականություն։ Բավական է հիշել, որ 2018թ. փետրվարին Իլհամ Ալիևը ելույթ ունենալով կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում՝ ասել է. «Իրևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր, դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք պետք է դրան աստիճանաբար մոտենանք»։ Ըստ երևույթին, ստրատեգ Ն.Փաշինյանը, ուսումնասիրելով ադրբեջանցի իր գործընկերոջ խոսքի այս փաստերը, դրանցում խորաթափանցորեն բացահայտել է դավադրությունը՝ հրահրելու նոր պատերազմ (բայց չգիտես ինչու ոչ թե Ադրբեջանի, այլ հայկական «դավադիրների» կողմից – Ա.Գ.), այդ գործունեության մեջ տեսել է «պետական դավաճանության» նշաններ Արցախի Հանրապետության «կոնկրետ ուժերի» կողմից։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Բացարձակ անհամարժեքություն ափշերոնյան սուլթանության ռազմատենչ բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից Հայաստանի և Արցախի ազգային անվտանգութան սպառնալիքի ընկալման հարցում։ Իսկ գուցե սա Արևմուտքի ռազմավարների կողմից մանրակրկիտ ծրագրված քաղաքականություն է, որն իրականացնում է Նիկոլ Վովաևիչը և Ko-ն՝ բաղկացած հիմնականում տարատեսակ սորոսյան լափակերներից և ազդեցության գործակալներից, որոնց վերջնական նպատակը հայոց պետականության հիմքերի խարխլումն է՝ հայկական երկու պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի միասնության և եղբայրության անսասան հիմքերի սասանմամբ։ Ավաղ, ասածս չափազանցություն չէ, ավելին՝ նման գնահատականները զուրկ չեն հիմքից։ Այսպես, 2019թ. մայիսի 17-ին News. Day.az ինտերնետ պորտալը հրապարակեց Զուլֆուղար Իբրահիմովի հոդվածը բավական պերճախոս վերնագրով՝ «Ղարաբաղյան կլանից Փաշինյանին կարող է փրկել միայն Ադրբեջանը»։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ վերնագիրն ինքը պերճախոս վկայում է ադրբեջանական իշխանությունների առանձնակի սրտացավ վերաբերմունքի մասին Նիկոլ Վովաևիչի անձի հանդեպ։ Չէ՞ որ հանրահայտ է, որ News.day.az-ը ալիևյան քարոզչության բազմաթիվ խոսափողներից մեկն է։ Այս ինչ հոգատարության դրսևորում է Հայաստանի «ժողվարչապետի» ճակատագրի հանդեպ, որին հանձն է առնում փրկել Ադրբեջանը։ Ահա թե ինչ է պատմում մեզ իր հոդվածում մուալիմ Զուլֆուղարը. «Ղարաբաղյան կլանն իրականում շատ ավելի ուժեղ է, քան մտածում էին վերջապես սեփական երկրում իշխանության հասած «երևանցիները»։ Որտեղի՞ց է հոդվածագրին հայտնի՝ ի՞նչ էին մտածում իշխանության հասած «երևանցիները», կարծում եմ՝ անտեղի հարց չէ։ Երկրորդ՝ նշենք, որ ադրբեջանական էլիտայի սրտին հարազատ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հալեպի ծնունդ է, իսկ Նիկոլ Փաշինյանը Երևանին մի փոքր մոտ է ծնվել՝ Իջևանում։ Ադրբեջանցի հեղինակի խոսքերը պարզապես անվնաս պասաժ չեն, քանի որ դա հետապնդում է միանգամայն կոնկրետ նպատակ՝ ընթերցողների ենթագիտակցության մեջ մտցնել «երկու հայ ժողովուրդ» հասկացությունը՝ վտանգավոր սահմանում, որն արծարծել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ս.թ. մայիսի 20-ի իր դիմումում՝ հայտարարելով. «Կան կոնկրետ ուժեր, որոնք փորձում են պառակտում մտցնել երկու հայ ժողովրդի միջև»։ Ուշադրություն դարձրեք նման սահմանմանը, որը փաստորեն տարբերություն է դնում, տարանջատում է միասնական հայ ժողովրդին։ Ընդ որում՝ սա պարզապես բանավոր խոսքի վրիպում չէ, քանի որ նրա ելույթը գրված էր թղթին։ Ընդ որում՝ դառնացնում է այն, որ վերոնշյալ հոդվածը News.day.az-ում, ոչ առանց հիմքի, սկսվում է սրա վերաբերյալ ծաղրով. «Հայտնի է ականջից ձգված «երկու հայկական պետությունների» հայեցակարգը։ Բայց այսօր առաջին անգամ լսեցինք այնպիսի անհեթեթություն, ինչպիսին է «երկու հայ ժողովուրդը»։ Ինչպես ասում են, հասանք այնտեղ, որ անգամ ադրբեջանցի լրագրողն է «երկու հայ ժողովուրդ» ձևակերպումն ընկալում որպես անհեթեթություն։

Որպեսզի Ն.Փաշինյանի վերջին գործողությունների մասին ադրբեջանական իշխանությունների արձագանքի պատկերն ամբողջական լինի, մեջբերում կատարենք արևելագետ Դմիտրի Վերխոտուրովի հարցազրույցից «Մոսկվա-Բաքու» ինտերնետ պորտալին 2019թ. մայիսի 22-ին, որը, ըստ իս, «ժողվարչապետի» հերոսական ջանքերի անկանխակալ ընկալումն է «թավշյա հեղափոխության» երկրորդ, գլխավոր փուլի իրականացման ճանապարհին։ Իսկ գլխավորն այն է, որ հարցազրույցն արտացոլում է արևելագետ-փորձագետի անկողմնակալ դիրքորոշումը։ Եվ այսպես, «Մոսկվա-Բաքու» պորտալի թղթակցի հարցին՝ «Չէ՞ որ Փաշինյանն արդեն մեկ տարի իշխանությունում է։ Ինչո՞ւ էր նա ստիպված գնալ նման միջոցների։ Ամբոխ հավաքել և դատավորներին չթողնել իրենց աշխատատեղեր։ Պետության ղեկավարն իրեն այնպես է պահում, ասես դեռ ընդդիմություն է», հետևել է այս պատասխանը. «Ըստ երևույթին, նրա հեղինակությունը սասանվել է։ Մի մոռացեք, որ Փաշինյանը պոպուլիստ է։ Նա իշխանության է եկել հենց պոպուլիզմի ալիքի վրա (չի բացառվում, որ նրան իշխանության են բերել հայ ժողովրդին «երկու հայ ժողովրդի» բաժանելու նպատակով, առաքելությամբ, իսկ պոպուլիզմն օգտագործվել է որպես իշխանության զավթման գործիք – Ա.Գ.)։ Եվ նրան մինչև հիմա պետք են հենց այդպիսի կոնֆլիկտներ, որոնց ընթացքում նա կարող է մոբիլիզացնել զանգվածների աջակցությունը, հանդես գալ առաջնորդի դերում։ Նա այդ կերպ ամրացնում է իր դիրքերը»։

Մտահոգում է նաև մեկ այլ հանգամանք՝ «ժողվարչապետի» և Ադրբեջանի իշխանությունների գնահատականների լիակատար համընկնումը։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, կոնկրետ օրինակ բերեմ։ Այսպես, ս.թ. մայիսի 20-ին ոչ անհայտ Minval.az ինտերնետ պորտալը, որը Ի.Ալիևի խոսափողն է, հրապարակեց քաղաքական մեկնաբան Թոֆիգախանում Ֆազիլ կզիի, որը հոդվածները ստորագրում է Նուրանի կեղծանունով, հոդվածը՝ «Փաշինյանը խուճապի մեջ է. Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի» վերնագրով։ Ահա թե ինչ է նա, մասնավորապես, գրում իր հոդվածում. «Բայց կյանքի իրավունք ունի նաև այն վարկածը, որ «ղարաբաղցիներն» իրոք կարող են սադրել ճակատի գծում «թեժ սցենար» (Ն.Փաշինյանը դա անվանում է «դավադրություն՝ նոր պատերազմ սադրելու նպատակով» - Ա.Գ.) , իսկ քանի որ ուժերի դասավորությունը (և սա դեռ մեղմ է ասված) հօգուտ Հայաստանի չէ, ապա այն կավարտվի հերթական կորուստներով Երևանի համար (համաձայն Ն.Փաշինյանի՝ «հնարավոր է, անգամ հանձնել որոշ տարածքներ՝ պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա» - Ա.Գ.)... Բայց և այնպես, ակնհայտ է, որ այսօր ճակատի գծում բարձր է սադրանքների ռիսկը։ Իսկ Հայաստանի քաղաքական դաշտում պարզապես չկան ընկալելի և ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց հետ կարելի է ոչ թե պարզապես հանդիպել և ձեռք սեղմել, այլև շանս լինի իսկապես առաջ մղելու բանակցությունները (վայ, վայ, ինչ դաժան ու անարդար է ասված, և ինչ սև երախտամոռություն – Ա.Գ.)։ Մի՞թե Թոֆիգախանումը չգիտի, որ 2018թ. հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանը գովել է նրա պատրոնին՝ նշելով. «Նա (Իլհամ Ալիևը – Ա.Գ.) կիրթ մարդու տպավորություն թողեց»։ Նիկոլ Վովաևիչը չէր կարող չիմանալ, որ այդ «կիրթ մարդը» հերոսացրել էր Ռամիլ Սաֆարովին, որը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, կամ զինվորական պարգևներ է շնորհել ադրբեջանցի զինվորականներին, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին, թե ինչպես են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորականները ծիծաղը դեմքներին ծանակում հայ զինվորի՝ ազգությամբ եզիդ Քարամ Սլոյանի անշունչ մարմինը, որի գլուխը կտրել էին և ֆոտոսեսիա էին կազմակերպել։ Հավանաբար, Նիկոլ Վովաևիչի համար կիրթ մարդու չափանիշները արմատապես տարբերվում են բոլորի կողմից ընդունվածներից։ Վերադառնալով Թոֆիգախանումի հոդվածին՝ ներկայացնենք, թե ինչ է ասել նա այնուհետև. «Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած շրջադարձի։ Այդ թվում և Ղարաբաղի ազատագրման «ակնթարթային գործողության»՝ թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային։ Քանի որ Երևանի համատարած քաղաքական անհամարժեքությունը պարզապես այլ ելք չի թողնում»։

Այո, դժվար է գիտակցել, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ-ադրբեջանական հարաբերությունների այսքան պայթյունավտանգ իրավիճակում, «Նոր Հայաստանի» ղեկավարությունը ազգի համախմբման փոխարեն դավադիրներ է փնտրում Արցախի Հանրապետությունում։ Ինչո՞վ սա համատարած քաղաքական անհամարժեքություն չէ, իհարկե՝ բնավ ոչ Թոֆիգախանումի ընկալմամբ։ Անհամարժեքություն, որը կարող է ադրբեջանցի բազեներին դրդել «Ղարաբաղի ազատագրման ակնթարթային գործողության անհրաժեշտության»։

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել. իսկ ինչպե՞ս արձագանքեցին Ն.Փաշինյանի կոչին ԵՄ և ԱՄՆ մեր գործընկերները։ Ուղղակի ասենք՝ բավական ինքնատիպ։ Ընդ որում՝ այնքան ինքնատիպ, որ նրանց գնահատականներից զարմացել էին անգամ Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ չեզոք մաս-մեդիաները։

Այսպես, գնահատելով «ժողվարչապետի» գործողություններին Արևմուտքի արձագանքը՝ շատ ԶԼՄ-ներ նշում են, որ «Արևմուտքի արձագանքը Ն.Փաշինյանի գործողություններին (խոսքը բոլոր դատարանների շենքերը փակելու նրա կոչի մասին է – Ա.Գ.) հակասական է։ Այսպես, նրանց հավաքական գնահատականով՝ Վաշինգտոնը և Բրյուսելը, ըստ էության, հանդես են եկել հավանությամբ. նրանք ուղղակի չեն գովել Ն.Փաշինյանին դատարանները փակելու համար, բայց լիակատար աջակցություն են հայտնել նրան «դատական բարեփոխում» իրականացնելու հարցում։ Նշվում է նաև, որ Փաշինյանին թեթևակի կշտամբել են միայն ԵԽԽՎ զեկուցողները և Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը։ Իմ կողմից կարևոր եմ համարում հատուկ ուշադրություն հրավիրել դատական համակարգի բարեփոխմանն իրենց աջակցությունը հայտնելու զարմանալի օպերատիվության վրա՝ Ն.Փաշինյանի կողմից այս հաշվով իր մտադրությունները հայտնելուց տառացիորեն հաշված ժամեր անց։ Այսպես, ս.թ. մայիսի 21-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ես այսօր կարող եմ հայտարարել, որ Եվրամիությունը պաշտոնապես պատրաստ է աջակցել դատական համակարգի խորքային և համապարփակ բարեփոխումներին՝ տեխնիկական և ֆինանսական օգնություն տրամադրելով։ Ես կբացեմ փակագծերը. խոսքն առարկայական ֆինանսական աջակցության մասին է։ Մենք վարչապետի երեկվա հայտարարությունն ընկալում ենք որպես շատ ուժեղ պարտավորություն, մենք ոչինչ չենք պարտադրում («ով էլ կասկածեր» – Ա.Գ.), բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ կարող է մեր օգնության հույսն ունենալ» (https://azatutyun.am/a.2995224.html, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոյի հայկական ծառայություն)։ Հատկանշական է նաև այն «համընկնումը», որ նույն օրը հրապարակվեց Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, 2018թ. հունիսից 2019թ. մայիս շրջանում, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանն ակտիվացրել է իր ջանքերը Եվրամիության հետ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ հետևողականորեն ընդունելով այն կարևոր դերը, որը ԵՄ-ը կարող է խաղալ երկրի բարեփոխումների օրակարգի սահուն իրագործման մեջ»։ Պետք է ենթադրել, որ «բարեփոխումների սահուն իրականացման» գլխավոր գործիքների շարքում էին 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի շրջափակումն ու զավթումը այն օրը, երբ ՀՀ ԱԺ-ն ընդունել էր լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում, լրացումներ, որոնք կբացառեին խորհրդարանի ցրումը նրա աշխատանքը վիժեցնելու պարագայում։ Նշենք, որ այդ օրենքում ընդունվելիք լրացումներին համապատասխան, եթե խորհրդարանի նիստը չի կարող տեղի ունենալ քվորումի բացակայության կամ այն դեպքում, երբ խոչընդոտներ են ստեղծվում դրան պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում էր դադարեցնել նիստը և այն շարունակել այդ խոչընդոտների վերացումից հետո։ Այսինքն՝ օրինագիծն ապահովում էր խորհրդարանի անխափան աշխատանքը վարչապետի հրաժարականի դեպքում՝ դրանով իսկ արգելակելով Նիկոլ Վովաևիչի ծրագրերը՝ անցկացնել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Չարժե կասկածել, որ «բարեփոխումների սահուն իրականացման» զինանոցում իր արժանի տեղն ուներ «ժողվարչապետի» կողմնակիցների սատանայական անտաշությունը, դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանության ինքնատիպ ընկալումները, որոնք Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության պատգամավորների ապրած շենքերի ճակատներին և փողոցներում մահապաստառներ էին կախում, որոնցով տեղեկացնում էին այս կամ այն պատգամավորի մահվան մասին։ Եվ այս սրբապղծությունը տեղի էր ունենում Ազգային ժողովի պատգամավորների երեխաների և ծնողների, դրկիցների աչքերի առջև։ Ահա Հայաստանում պետական հեղաշրջման պարագլուխների հոգևոր և քաղաքական տականքությունը, որոնց այդքան գորովալից պաշտպանում են մեր արևմտյան գործընկերները։

Այսպես, շարունակելով դատական համակարգի սպասվող բարեփոխման թեման՝ նշենք, որ «ժողվարչապետի» այս երկար սպասված մտահղացմանը անհամբերությամբ սպասում էին Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում, որը գտնվում է ԱՄՆ-ում։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, արդեն ս.թ. մայիսի 22-ին այդ ծառայության տնօրեն Աննա Միրիամ Ռոկատելոն բուռն լուսավորչական աշխատանք սկսեց անցումային արդարադատության հանրահռչակման ուղղությամբ։ Այսպես, իր հարցազրույցում նա հիշեցրեց այն մասին, որ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանության հաստատումից հետո (ասել է թե՝ Հայաստանի նախկին իշխանություններն անօրինական էին, այսինքն՝ անօրինական են եղել 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, և բնավ խնդիր չէ, որ դրանց օրինականությունը հաստատվել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի, էլ չեմ ասում հենց Նիկոլ Վովաևիչի մասին, որն իր ղեկավարած «Ելք» խմբակցության հետ միասին կարծես թե առարկություններ չէր հայտնել ՀՀ ԱԺ օրինականության հաշվով – Ա.Գ.) կամ պատերազմի ավարտից հետո դիմել նախկին հանցագործություններին։ Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել դեմոկրատիայի հիմքերը (մասնավորապես, դատարանների շենքերը փակելու, ՀՀ ԱԺ շենքը զավթելու, չարտոնված հանրահավաքների ժամանակ փողոցները փակելու միջոցով – Ա.Գ.) և բարեփոխել պետական համակարգը»։ Իրոք, զմայլանք է առաջացնում տիկին Ռոկատելոյի հոգատար, գորովալից վերաբերմունքը մեր Նիկոլ Վովաևիչի հանդեպ։ Ինքներդ դատեք. «Ես (տիկին Ռոկատելոն – Ա.Գ.) չեմ կարծում, որ Հայաստանն ուշացել է այս առումով (խոսքը անցումային արդարադատության ներդրման մասին է – Ա.Գ.)։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ժամանակավրեպ կլիներ սպասել դա վարչապետից անմիջապես իշխանափոխությունից հետո։ Նա պետք է սկզբում միավորեր կառավարությունը և հավաստիանար խորհրդարանի աջակցության հարցում (չի կարող չուրախացնել և չմտահոգել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հեգեմոնների անդրօվկիանոսյան փաստաբանի հայտնվելու փաստը – Ա.Գ.)։ Անգամ այսօր այդ խնդրի իրականացման համար լուրջ ջանքեր են պահանջվում՝ աշխատանք, տարիների աշխատանք»։

Շեֆուհուն աջակցել շտապեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարանսան, որը շտապ կարգով արդեն ժամանել է Երևան (կամ ճանապարհին է) ազնիվ առաքելությամբ՝ օգնել մշակելու անցումային արդարադատության ծրագրեր։ Իր օգնությունը նա ազդարարում է հայ հասարակությունը «սեւերի» և «սպիտակների» բաժանելով։ Այո, դեռևս կենսունակ է մարդկային հարաբերությունների ստոր կանոնը՝ «բաժանիր և տիրիր» սկզբունքը (լատ.՝ Dived et impera), որը, ըստ որոշ աղբյուրների, որդեգրել էր Ալեքսանդր Մակեդոնացու հայրը՝ Ֆիլիպ Մակեդոնացին, դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում, եթե հավատանք գերմանացի մեծ պոետ Հայնրիխ Հայնեի նամակի հավաստիությանը, որն այդ մասին պնդել է 1842թ. հունվարի 12-ին Փարիզից գրած իր նամակում։ Այնուհետև Կարանսան շարունակում է. «Առաջինը, որ պետք է անել, դատավորներից և դատախազներից ազատվելն է, որոնք կապված են կոռուպցիայի հետ։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել գործընթաց, որի արդարությունը և թափանցիկությունը կասկածներ չեն հարուցում»։ Հատուկ այսքան մանրամասն եմ ներկայացնում այս բնավ ոչ ինքնատիպ այբբենական ճշմարտությունները, որոնց չի կարող չհամաձայնել Հայաստանի յուրաքանչյուր առողջ դատող քաղաքացի, որպեսզի հերթական անգամ հաստատեմ հետևյալը. Հայաստանի՝ ամենօրյա հոգսի տակ կքած սովորական քաղաքացիների հիմարացման ամբողջ տեխնոլոգիան կառուցվում է պարզ մեխանիզմների հիման վրա, դիցուք. բնակչությանն անընդհատ ասում են անվիճելի ճշմարտություններ, որոնք համահունչ են նրանց ակնկալիքներին և պահանջմունքներին, պարզ ու բնական ցանկություններին։ Դրա հետ միաժամանակ, նրանց ենթագիտակցության մեջ ներարկում են իրենց գլխավոր միտքը, արմատավորում քաղաքացիների գիտակցության մեջ այն կանխադրույթը, որ բոլոր դժվարությունների և աղետների, փորձանքների մեղավորը նախապես նշանակված ծախու և կոռումպացված պաշտոնյաներն են, նախկին իշխանությունների մնացուկները։ Ընդ որում՝ որպես կանոն, շրջանցում են այսօրվա Հայաստանի գլխավոր փորձանքը՝ «ժողվարչապետի» ու նրա թիմի լիակատար անհամարժեքությունն իրենց զբաղեցրած պաշտոններին, պետական կառավարման տարրական հիմունքների չիմացությունը։ Եվ այս փաստը պարարտ հող է ստեղծում տարատեսակ կոռումպացված չինովնիկների համար, որոնց համար իրենց ոչ բանիմաց ղեկավարներին խաբելը մեկից մեկ է։ Ընթանալով այս տրորված արահետով՝ Կարանսանը Հայաստանի բնակչությանը նախազգուշացնում է պաշտոնյաների նենգության մասին՝ արտահայտելով իր խոր մտահոգությունը. «Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի դիլեման. անհնար է իրականացնել անցումային արդարադատություն (այսինքն՝ անցումային արդարադատության իրականացումն սկսելու մեկնարկը նախապես պայմանավորված և կատարված փաստ է – Ա.Գ.)՝ խուսափելով նրանց դիմադրությունից, ովքեր մեղավոր են հանցագործություններ կատարելու մեջ (այսինքն՝ պարոն Կարանսանի կողմից մեղավորներն արդեն նշանակված են, իսկ քաղաքացիական իրավունքի հիմնարար դրույթի՝ անմեղության կանխավարկածի վրա նա թքած ունի – Ա.Գ.)։ Նրանք հուսահատ կդիմադրեն, կօգտագործեն իրենց ունեցած փողը, նրանք կօգտագործեն այն հաստատությունները, որոնք գտնվում են նրանց ազդեցության տակ՝ պայքարելու համար մեղադրողների և քննիչների դեմ (ահա թե որտեղից է իր կանխադրույթները վերցնում Նիկոլ Վովաևիչը, իհարկե, ամեն անգամ կրկնվող բոցավառ ելույթների համար – Ա.Գ.)։ Հայաստանի պարագայում կարող է տեղի ունենալ նաև «պետության զավթման» փաստ, այսինքն՝ պետության օկուպացիայի փաստ նախկին իշխանությունների կողմից (այս ուղերձը՝ ի հաստատումն Ն.Փաշինյանի «երկյուղների» Ղարաբաղի շուրջ դավադրության և պետական դավաճանության մասին – Ա.Գ.)։ Սա եզակի դեպք չէ, նման դեպքեր տեղի են ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես համագործակցում ենք»։

Ցանկանում եմ, որպեսզի հարգելի ընթերցողն ինձ ճիշտ հասկանա։ Ես լիովին կողմնակից եմ կոռուպցիայի և օրենքի ցանկացած խախտման դեմ հետևողական և անհաշտ պայքարին, բայց չեմ ընդունում այն մարտավարությունը, երբ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են որպես կոռումպացված մի ինչ-որ երկիր, ստեղծում են իզգոյ երկրի չարաբաստիկ կերպար, նախապես նշանակում են մեղավորներ։ Ընդ որում՝ անգամ չեն էլ մոտենում երկրում արդիական, իրենց արդարացրած տեխնոլոգիաները ներդնելուն, որոնք օբյեկտիվորեն նվազագույնի կհասցնեին կոռուպցիոն ռիսկերը պետական կառավարման համակարգում։ Վերցնենք, թեկուզ «Smart» տեխնոլոգիաները, որոնց մասին ավելի վաղ գրել եմ։ Չէ՛, Նիկոլ Վովաևիչին նման մոտեցումը պետք չէ, չէ՞ որ նրա գլխավոր նպատակը քաղաքական վենդետայի իրականացման համար «օրինական» հիմքեր ստեղծելն է՝ իր անսասան ավտորիտար իշխանության հաստատման նպատակով։ Սակայն սա ևս առանձին վերլուծության թեմա է։

Կարծում եմ, որ Պ.Սվիտալսկու, Աննա Միրիամ Ռոկատելոյի և ԵՄ գործընկեր երկրների, ԱՄՆ-ի և մյուս ներկայացուցիչների անհապաղ արձագանքը պերճախոս վկայում է այն մասին, որ նրանք Ն.Փաշինյանից շատ ավելի առաջ տեղեկացված էին Հայաստանում իրադարձությունների ապագա զարգացման մասին, որոնք Արևմուտքի տիկնիկավարներն իրականացնում են Նիկոլ Վովաևիչի օգնությամբ։ Ուստի, նախապես գործել են իրենց «տեխնիկական», «ֆինանսական», «փորձագիտական» և այլ բարեհունչ գործողությունների ձևերը։ Իսկ մենք պետք է փաստենք անհերքելի ճշմարտությունը. «Գունավոր հեղափոխություններն» Ուկրաինայում, Ղրղզստանում և Վրաստանում, որոնք «Կոսովոյից մինչև Սինցզյան գլոբալ Բալկանների կառուցման» ամերիկյան պետական ռազմավարության գումարելիներն են, այժմ ոչ անհաջող իրենց զարգացումն են ստանում Հայաստանում։ Ընդ որում՝ նշվում է, որ Հայաստանում պետական հեղաշրջման պարագլուխների ուղեվարները հանգամանալիորեն հաշվի են առել բոլոր թերությունները, որոնք եղել են «վարդերի հեղափոխության» ժամանակ Վրաստանում 2003-ին, «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Ուկրաինայում 2004-ին և Եվրամայդանում (2013-ի նոյեմբեր-2014-ի փետրվար), «կակաչների հեղափոխության» ժամանակ Ղրղզստանում 2005-ին։ Բավական է հիշել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլու հոգեցունց հայտնությունները «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, որոնք նա հնչեցրել է 2018թ. օգոտսոսի 8-ին։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհի վրա է։ Միակ բանը, որ նա պետք է անի, համակարգը փոխելն է։ Այսօր նրա հրամանները կատարվում են իրավապահ մարմինների նախկին ղեկավարների կողմից, բայց ով երաշխիք կտա, որ նրանք նրա դեմ խռովություն չեն բարձրացնի»։ Այնուհետև, ըստ Սաակաշվիլու, Փաշինյանը պետք է անմիջապես ցրեր գործող խորհրդարանը (թող ների բատոնո Միխեիլը, որ Նիկոլ Վովաևիչը փոքր-ինչ ուշացավ դա անել – Ա.Գ.)։ Դեռ ոչինչ կորած չէ։ Ամեն բան ուժի մեջ է։ Փաշինյանը պետք է փոխի իրավապահ համակարգը, քանի որ Հայաստանի նորընտիր վարչապետի հաջողությունը շատ կարևոր է մեզ համար (հատկանշական է, որ Սաակաշվիլին իր սեփական՝ սիրելի անձի մասին խոսում է հոգնակի թվով, ինչը միանգամայն օրինաչափ է Վրաստանի քաղաքացիությունից զրկված մարդու համար, որը 2018թ. հունիսի 28-ին հեռակա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման 2005թ. Վրաստանի պատգամավոր Գեգաշվիլուն ծեծելու համար, էլ չեմ ասում նրա Տիեզերքի քաղաքացի լինելու մասին, որին արգելված է մուտքն Ուկրաինա մինչև 2021թ. – Ա.Գ.)։ Իմ անձնական խորհուրդն է Փաշինյանին՝ սովորել մեր սխալներից (պետք է պատշաճը մատուցել Հայաստանում պետական հեղաշրջման տիկնիկավարներին, որոնք, անկասկած, դասեր քաղել են Սաակաշվիլու «սխալներից» - Ա.Գ.), այլ ոչ թե սեփականներից, որովհետև հետո վատ կլինի (պետք է ենթադրել, որ Սաակաշվիլին վերջապես գիտակցում է իր անձնական պատասխանատվությունն այն պայմանների ստեղծման համար, որոնց արդյունքում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակումը դարձավ օբյեկտիվ անհրաժեշտություն – Ա.Գ.)։ Փաշինյանի հաջողությունից այսօր կախված է մեր հաջողությունը (կարող ենք ենթադրել, որ խոսքը Սորոսի ֆոնդերի կողմից դիվերսիոն խմբերի հետագա ֆինանսավորումը շարունակելու մասին է Ռուսաստանի Դաշնության սահմանների պարագծի երկրներում – Ա.Գ.)»։

Իհարկե, այս հարցազրույցը առանց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին ուղղված հարձակման չի անցել. «Ես միանգամայն համզոված եմ, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է առաջիկայում հանել Փաշինյանին վարչապետի պաշտոնից»,- ասել է մեր օրերի դելփյան գուշակը, նույն ինքը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահի հնարավոր գործողությունների մասին զազրախոսելիս բատոնո Միխեիլը հերթական անգամ վրիպել է, ավելի պարզ ասած՝ սայթաքել է։ Եվ դա՝ նրանից, որ չգիտի նախագահ Վ.Վ. Պուտինի վարած մարտավարությունը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցների հանդեպ։ Լավ է, որ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը քանիցս հայտարարել է իր անկեղծ սիրո և բարյացակամության մասին Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։ Նա նաև ազնվորեն նշել է իր վերաբերմունքի չափորոշիչները Հայաստանի՝ միմյանց հաջորդող իշխանությունների, նրանց ղեկավարների հանդեպ։ Այն բավական ազնիվ է, և որ գլխավորն է՝ բխում է Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության, ինչպես նաև Ռուսաստանի երկու և կես միլիոն հայ սփյուռքի շահերից։ Դրա էությունն, ըստ իս, բավական ազնիվ է և օբյեկտիվ, այն է. Ռուսաստանը հայկական ղեկավարությանն ընկալում է այն չափով, որ չափով որ նրա քաղաքականությունն արտացոլում է ողջ հայության ակնկալիքները և, միանգամայն հասկանալի է, չի հակասում Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության շահերին, այսինքն՝ հակասության մեջ չէ Հայաստանի պարտավորությունների հետ, որոնք ընդունվել են ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության պայմանագրերի շրջանակում։

Ամփոփելով՝ կցանկանայի ընթերցողներին ներկայացնել տագնապալի եզրահանգումներս առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ։ Այսպես, իմ համոզմամբ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական փոքրիշատե խելամիտ ծրագրի բացակայությունը՝ գոնե առաջիկա հինգ տարիների համար, Հաաստանի իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը հայկական երկու պետությունների գոյության համար, հայ ժողովրդին «երկու հայ ժողովրդի» բաժանելը, ՀՀ իշխանությունների կողմից «Ղարաբաղի շուրջ դավադրության և պետական դավաճանության» սադրիչ որոնումները, որոնք, ըստ «ժողվարչապետի», հանգեցվում են այն բանին, որ «այդ կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերը կառավարության և վարչապետի դեմ քարոզչության համար», տանում են դեպի հայոց պետականության հիմքերի փլուզում, Ադրբեջանին անխուսափելիորեն մղում են «Ղարաբաղի ազատագրման ակնթարթային գործողության՝ թե՛ լեռնային, թե՛ դաշտավայրային Ղարաբաղի»։

Չէի ցանկանա, որպեսզի մեր հարգելի ընթերցողը տպավորություն ստանա, որ մեր արևմտյան գործընկերները՝ հանձինս քաղաքական գործիչների, փորձագետների, որոնք «real politics»-ի շրջանակում կամ իրենց դիտարկումներից ու վերլուծություններից ելնելով անխտիր հիացած են Նիկոլ Վովաևիչով: Կարիքից կամազրկված Հայաստանի քաղաքացիները կամ հեղափոխական ավյունով համակված բարձրդասարանցիները, բուհերի ուսանողները, ինչպես նաև պարզ ու ազնիվ հայաստանցիները, Արևմուտքի ստրատեգների մանրակրկիտ մտածված ու լայնորեն կիրառվող գունավոր հեղափոխությունների դրույթներով ու տեսություններով խաբվածներ են: Ուստի, բերեմ բավական հետաքրքիր մի արտահայտություն, որն արել է  Freedom Hause ոչ անհայտ իրավապաշտպան կազմակերպության տնօրեն ամերիկացի Նեյթ Շենքկանը։ Նա Twitter-ում գրել է. «Հետհեղափոխական Հայաստանում միշտ գոյություն է ունեցել վտանգ, որ Փաշինյանը, ի զորու չլինելով հասնել արագ և կայուն վերափոխման երկրում, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության»։ Այդպես էլ եղավ։ Խոստովանենք, որ, բարեբախտաբար, արևմտյան փորձագիտական միջավայրում դեռևս մնացել են ազնիվ մարդիկ։

Իմ կողմից ավելացնեմ, որ Փաշինյանն արդեն գլորվել է դեպի վտանգավոր պոպուլիզմ, որը հղի է հայոց պետականության կորստի սպառնալիքով, ինչպես նաև մեծ արյունահեղությամբ անխուսափելի պատերազմում, որը կսանձազերծի Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ։ Ավաղ, Հայաստանի նախկին իշխանությունների հանդեպ ատելությունից կուրացած՝ ՀՀ ներկա իշխանությունները՝ նորահայտ «իշխանազավթ» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չհասկացան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի նախազգուշացման իմաստը, որը նա հնչեցրեց 2019թ. մայիսի 9-ին Արցախի հեռուստատեսության հարցազրույցում։ Մտածենք այն մասին, թե մասնավորապես ինչ ասաց իր հարցազրույցում Հայաստանի երրորդ նախագահ Ս.Ա. Սարգսյանը՝ խոսելով 1992թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրման մարտերում տարած հաղթանակի գումարելիների մասին. «Թեև դրա ժամանակ (նկատի ունի Շուշիի ազատագրման մարտերում – Ա.Գ.) մեր տղաներից շատերը զոհվեցին, ավելի քան տասնյակ, բայց լիովին ոչնչացվեց ամենամարտունակ գումարտակը (խոսքը ադրբեջանական գումարտակի մասին է – Ա.Գ.)։ Երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ պարզապես ընթանում էր ներքաղաքական գզվռտոց, խառնաշփոթություն, և դա նույնպես այնտեղ մեզ օգնեց» (ընդգծումն իմն է – Ա.Գ.)։

Ակամա հարց եմ տալիս. մեր օրերում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գզվռտոցը՝ նախաձեռնված Նիկոլ Փաշինյանի կողմից, խառնաշփոթությունը, անհամարժեքության հետևա՞նք են, թե՞ ուղղակի քաղաքական դիվերսիա։

Հետգրության փոխարեն. Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով, և հուրախություն ինձ՝ ձեռքս անցավ պերճաշուք հրապարակված գրքույկ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 10 տարին» վերնագրով։ Ընթերցելով ՀԿԵՈւ ՓԲԸ տասնամյա անվիճելի ձեռքբերումների մասին, որը ՌԵՈւ ԲԲԸ 100 տոկոսանոց «դուստրն» է, ոգեշնչվեցի երկաթուղայինների փառապանծ կոլեկտիվի նվաճումներով վերջին 10 տարիներին։ Գուցե դա պայմանավորված էր իմ բավական սերտ գործնական փոխհարաբերություններով Հայկական երկաթուղու պետ (1972-1991թթ.), ԽՍՀՄ մեծ հայրենասեր Համբարձում Աղասիի Ղանդիլյանի հետ, կամ էլ ընկերությունն անվանի ազատամարտիկ Արարատ Խրիմյանի հետ, որը 2000-2008թթ. «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։ Ցավոք, անձամբ ծանոթ չեմ Ա.Բ. Կուզնեցովի և Շ.Ն. Շայդուլինի հետ, բայց գիտեմ նրանց բարի ավանդի մասին ՀԿԵՈւ զարգացման գործում։ Եվ վերջապես, ուրախությունս շատ բանով կապված է բարեկամական հարաբերությունների հետ, որոնք ստեղծվել են ՀԿԵՈւ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Իվանովիչ Ռեբեցի և Սերգեյ Գենադևիչ Վալկոյի՝ երկաթուղային տրանսպորտի բարձրակարգ մասնագետների հետ։ Հենց նրանց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է վերջին 10 տարիներին տրանսպորտային պատահարների դինամիկան նվազել 6 անգամ, ենթակառուցվածքի զարգացման և շարժակազմի զարգացմանը ներդրվել է 110 մլրդ դրամ, գնացքների միջին քաշը ավելացել է 490 տոննայով, գնացքների բարձումը ավելացել է 30%, սահմանված արագությունը – 2,3 անգամ, աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 41%-ով։ Մի խոսքով՝ ՀԿԵՈւ ՓԲԸ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ամենավառ օրինակն է։ Ավաղ, Հայաստանի իշխանությունները հնարավոր չհամարեցին պետական մակարդակով նշելու ՀԿԵՈւ ՓԲԸ մի քանի հազար երկաթուղայինների տոնը։ Նրանց խելքը հազիվ բավականացրեց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներով, ուժային հատուկջոկատայինների ուղեկցությամբ, «Դիմակ շոու» կազմակերպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գրասենյակում։ Ցավով ու դառնությամբ ստիպված եմ բացականչել. «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր» (O temporas!, O mores!) եւ հույս, ո՛չ, վստահություն հայտնել, որ այդ արատավոր բարքերը շուտով կմնան անցյալում։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ