Ինչպես է պատրաստվում քվեարկել Արտաշես Գեղամյանը

29.04.2018, 168 ժամ

Որքան էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ եթե ԱԺ երեք քաղաքական ուժերն ունենան մեկ թեկնածու, ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա, որպեսզի Հայաստանն ունենա վարչապետ, և վաղը կայանալիք ՀՀԿ խմբակցության նիստում միասնական քվեարկության որոշում կկայացվի, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

168.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր անձնական դիրքորոշումը մայիսի 1-ին վարչապետի քվեարկության ժամանակ, Արտաշես Գեղամյանը պատասխանեց.

«Ես անձամբ, երբ Հանրապետական ֆրակցիայի համար հիմա ոչ միանշանակ օրեր են, այս պարագայում որևէ պատճառաբանություն բռնել և լքել կամ չպաշտպանել տեսակետը՝ սխալ է: Վահրամ Բաղդասարյանին ես համերաշխություն եմ հայտնում, սակայն դա չի նշանակում, որ իմ խղճի մտոք քվեարկությունը նույնն է լինելու: Խմբակցության որոշմանը ենթարկվել-չենթարկվելն ակնհայտ կդառնա մայիսի 1-ին քվեարկության պահին»:

Թե ի՞նչ ունի Նիկոլ Փաշինյանի դեմ այս պահին՝ Ա.Գեղամյանը հարցը «բարդ» որակեց և խորհուրդ տվեց կարդալ թեկուզ այս տարվա հունվարի 1-ից իր հոդվածները, որոնք, նրա բնորոշմամբ, բացարձակապես անձնավորված չեն, այլ արտահայտում են իր տեսլականը Հայաստանի զարգացման վերաբերյալ:

Հարցին` ի՞նչը հաղթեց Հայաստանում, ժողովո՞ւրդը, Ա.Գեղամյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի բան չի կարելի ասել հայաստանյան զարգացումների մասին: Ժամանակը կանցնի, մենք կտեսնենք՝ կառուցողական ինչ ծրագրով հանդես կգա ընդդիմադիր թեկնածուն, որից հետո այդ ծրագիրը կգնահատենք, թե որքանով է իրատեսական, որքանով՝ պոպուլիստական, որից հետո, եթե ռացիոնալ բաներ կան, յուրաքանչյուր հայ մարդու, առավել ևս՝ քաղաքական գործչի և պատգամավորի պարտքն է՝ իր գիտելիքների ներածին չափով առաջարկություններ անել` համոզված լինելով, որ ինչ-որ հարցում կթեթևացնեն մեր հոգսերը, օգտակար կլինեն: Խնդիրն այն չէ, թե ինչ մարդ է կատարում լավ գործը, խնդիրն այն է, որ լավ գործն ի կատար ածվի»: