ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

Կոնսպիրոլոգիայի այբուբենը

09.10.2018, Իրավունք

Մինչ անցնող շաբաթվա իրադարձությունների մասին խորհրդածություններս ներկայացնելը՝ ցանկանում եմ նշել, որ երբեք երկրպագու չեմ եղել դավադրության տեսության, որը հայտնի է նաև որպես կոնսպիրոլոգիա, ինչը նշանակում է «ուսմունք (գիտություն) դավադրության մասին»։ Սակայն, վերլուծելով վերջին հինգ ամիսների իրադարձությունները, դրանց զարգացման դինամիկան, ինչպես նաև վերջին օրերին Երևանում տեղի ունեցող ամեն բան, ակամա հակվում եմ այն մտքին, որ Հայաստանում իրականացվում է Վրաստանում 2003թ. նոյեմբերին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» նոր տարբերակ։ Բնականաբար, այն ծավալվում է այդ հեղափոխության հեգեմոն Միխայիլ Սաակաշվիլու կողմից իր հայ քաղաքական նմանակին՝ Նիկոլ Փաշինյանին տված խորհուրդների և զգուշացումների հաշվառմամբ։

Ընթերցողներին հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 8-ին Վրաստանի նախկին նախագահը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերից հայտարարել էր. «Ես շատ եմ ցավում Փաշինյանի համար և կարծում եմ, որ նա ամեն բան ճիշտ է անում։ Միակ բանը. նա պետք է փոխեր համակարգը։ Քանի դեռ նրա հրամանները կատարելու են հին իրավապահները, նրանք անպայման պատերազմ են պատրաստելու նրա դեմ։ Նա պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը (ուշադրություն դարձրեք՝ ցրեր խորհրդարանը- Ա.Գ.) և լիովին փոխեր իրավապահ համակարգը, որովհետև նրա հաջողությունը շատ կարևոր է մեզ բոլորիս համար»։

Ըստ երևույթին, ասելով «շատ կարևոր է մեզ բոլորիս համար»՝ նա նկատի ունի ինչպես իր սեփական սիրելի անձը (2014թ. օգոստոսին Մ.Սաակաշվիլին ներառվել է Ինտերպոլի Կարմիր շրջաբերականում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված), այնպես էլ Արևմուտքի հայտնի հատուկ ծառայությունների և տարատեսակ սորոսյան ֆոնդերի սաներին։ Ասվեց, ուրեմն՝ պետք է արվի։ Բոլոր պաշտոնատար անձինք, հատկապես իրավապահ մարմիններից, որոնց նշանակումն ու ազատումը վարչապետի իրավասության ներքո էին, փոխվեցին։ Իսկ նրանցից այն պաշտոնյաների, որոնք պաշտոնին հաստատվում են Ազգային ժողովի կողմից, ազատման հարցը կլուծվի խորհրդարանը ցրելուց հետո։ Այնպես որ, Ն.Փաշինյանը, Միշիկո Սաակաշվիլու ցուցումներին հետևելով, շուտով նրանց էլ կհասնի։

Եվ ահա, Հայաստանում ստեղծված իրողությունների վերլուծությունը որոշակի եզրակացության է մղում, այն է. չի լինում ամենատարբեր իրադարձությունների այնպիսի բազմություն, որոնք որևէ կերպ կապ չունեն միմյանց հետ, բայց որոնք իրենց ամբողջության մեջ, վերջնարդյունքում ծառայում են միևնույն նպատակի իրագործմանը։ Չեմ ձանձրացնի ընթերցողին այդ նպատակը նշելու հարցում, մանավանդ որ այն մեկն է՝ իրավիճակի ապակայունացում ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ Հարավկովկասյան տարածաշրջանում, այսինքն՝ Ռուսաստանի հարավային սահմաններին և, իհարկե, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- խմբ.) հետ Իրանի Իսլամական Հանրապետության 135 կիլոմետրանոց սահմանի պարագծով։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Եվ այսպես, ս.թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ ՀՀ ԱԺ) հերթական նստաշրջանի օրակարգում ներառվել էր «Ազգային ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխությունների մասին» օրինագիծը։ Սույն օրինագծի, ինչպես և օրակարգի մյուս հարցերի քննարկումը անցնում էր սովորական ընթացքով, և արդեն առավոտյան նիստի ժամանակ հասկանալի դարձավ, որ կեսօրից հետո նստաշրջանի օրակարգը պետք է սպառվի և կարելի կլինի անցկացնել քվեարկություն քննարկված օրինագծերի վերաբերյալ, ինչի մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ, անբասիր համբավի տեր պետական գործիչ Արա Սաենի Բաբլոյանը։ Դե, ի՛նչ արտասովոր բան կա սրանում, որ հատկապես հիշատակվում է իմ կողմից։ Միանգամայն հասկանալի է, որ հենց այս հարցը կարող է տալ ընթերցողը։ Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան սրանում չէր լինի, եթե չհետևեր շարունակությունը։ Պարզվում է՝ ՀՀ ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի գործնական, աշխատանքային քննարկման փաստն է հենց խիստ խանգարել Մ.Սաակաշվիլու հայ համախոհների նախապես պատրաստված սցենարներին։ Չէ՞ որ, հետևելով «Վարդերի հեղափոխության» պարագլխի պատգամներին՝ Ն.Փաշինյանը ավելի լավ կիրառության արժանի համառությամբ ցանկանում է Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ մտցնել այն միտքը, որ ՀՀ գործող ԱԺ-ն Հայաստանի կառավարության հեղափոխական վերափոխումների արգելակողն է։ Հավանաբար, հենց փաստը, որ ՀՀ ԱԺ առանց բացառության՝ բոլոր խմբակցությունների պատգամավորները միահամուռ կողմ են քվեարկում ՀՀ կառավարության մտցրած ցանկացած օրինագծին, նրա կողմից ընկալվում է որպես սաբոտաժի մի ինչ-որ ծածուկ ձև։ Կասկած չի հարուցում, որ նա հոգու խորքում հիանալի գիտակցում է արդեն ոչ մեկի համար գաղտնիք չհանդիսացող այն իրողությունը, որ իշխանությունում նրա գտնվելու հինգ ամիսներին իր գլխավորած կառավարությունը ՀՀ ԱԺ քննարկմանը չի ներկայացրել գոնե մեկ օրինագիծ, որը շոշափելի չափով դրականորեն կանդրադառնար երկրում առկա սուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա։ Նրա կողմից այդ իրողությունը ընդունելը կնշանակի՝ ստորագրել սեփական անձեռնհասության տակ, ավելին, եթե իրերն անվանենք իրենց անուններով՝ ՀՀ վարչապետի պաշտոնին նրա գտնվելու հակացուցվածության և Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգավորության փաստի տակ։ Ուստի, Ն.Փաշինյանի խիստ անհրաժեշտ է ուրիշ տեղ մեղավորներ փնտրել, որքան էլ որ անհեթեթ թվան նրա փաստարկները, մասնավորապես՝ մեղադրանքները ՀՀ ԱԺ «հակահեղափոխական» գործունեության, հետևաբար՝ հօգուտ խորհրդարանը ցրելու պահանջվածության վերաբերյալ։ Եվ ահա, Ն.Փաշինյանի և ընկերակիցների կարծիքով, լավ առիթ է ներկայացել. նրանց պատկերացմամբ՝ խորհրդարանականներն այնքան են «հանդգնել», որ ՀՀ ԱԺ հաստատմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կդժվարացնի ՀՀ ԱԺ կաթվածի շանսերը, այո, այո՝ աշխատանքը կաթվածի ենթարկելու շանսերը, իսկ դա հեղափոխականներին կզրկի ՀՀ ԱԺ-ն ցրելու ընթացակարգ նախաձեռնելու հնարավորությունից՝ այդ գործընթացին որպես հիմնավորում հարմարեցնելով «նրա լիակատար անգործունակության հետևանքով» ձևակերպումը։ Ինչպես արդեն ավելի ուշ պարզվեց հենց Ն.Փաշինյանի անկեղծ խոստովանություններից հոկտեմբերի 2-ի գիշերային հանրահավաքում, այդ նույն օրը ցերեկը նա զանգել էր ՀՀ ԱԺ նախագահին՝ համառորեն հորդորելով քվեարկության չդնել այդ օրինագիծը, քանի որ դրանով իսկ կխախտվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետական կուսակցության (այսուհետ՝ ՀՀԿ) խմբակցության հետ։ Նշենք, որ հիմա էլ ՀՀԿ-ն խորհրդարանում ամենամեծ թվով ձայներն ունի։ Խորհրդարանի նախագահ Արա Սաենովիչը, քանի որ շատ բարեկիրթ մտավորական մարդ է, բնականաբար, հավատացել էր վարչապետի խոսքերի անկեղծությանը և ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց այն մասին, որ քննարկված բոլոր օրինագծերի քվեարկությունը կանցկացվի հոկտեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ առավոտյան նիստի ժամանակ։ Ես հատուկ եմ այսքան մանրամասն տեղեկացնում ընթերցողներին այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին, որպեսզի հասկանալի լինի վարչապետի հետագա գործողությունների ուխտադրուժ բնույթը։ Խորհրդարանի նախագահի կողմից քվեարկության օրը տեղափոխելու մասին հայտարարությունից հետո Հայաստանի բոլոր հնարավոր էլեկտրոնային ԶԼՄ-ները, տարատեսակ ակտիվիստներն ու բլոգերները խոսքները մեկ արած սկսեցին ինտերնետը հեղեղել ՀՀ Ազգային ժողովի կողմից սպառնալիքի մասին տեղեկություններով, որը կախվել է «թավշյա հեղափոխության» նվաճումների վրա («թավշյա հեղափոխության» տակ նկատի է առնվում ս.թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած հակապետական հեղաշրջումը)։ Թե Հայաստանի քաղաքացիներին անհայտ այդ ինչ նվաճումների մասին էր խոսքը՝ անգամ հիվանդ երևակայության առկայության պարագայում միայն կարելի է կռահել։ Մեր քաղաքացիների վրա Ն.Փաշինյանի կիբեռզորքի տեղեկատվական այս գրոհի հետապնդած նպատակը հեղափոխականները չէին էլ թաքցնում՝ բարոյական և հոգեբանական ճնշում գործադրել, ավելին՝ ուղղակի սպառնալիքներով խափանել ՀՀ ԱԺ Կանոնակարգի մասին օրինագծի քվեարկությունը, որը, կրկնում եմ, պետք է տեղի ունենար ս.թ. հոկտեմբերի 3-ին, խորհրդարանի առավոտյան նիստում։ Էլ չեմ ասում Facebook-ում և տարատեսակ ինտերնետ-պորտալներում ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը փակելու բազմաթիվ կոչերի մասին։ Հենց այս հարցում էլ հեղափոխականների խրատատուները վրիպեցին։ ՀՀ ԱԺ պատգամավորները, ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք» և Հայ Հեղափոխական Դաշնակցություն (այսուհետ՝ ՀՅԴ) խմբակցության անդամները սեփական արժանապատվության բարձր զգացում, պետական պատասխանատվություն և քաղաքացիական արիություն ցուցաբերեցին և չենթարկվեցին «ժողվարչապետի» ու նրա տարբեր տրամաչափի սխրակիցների շանտաժին։ ՀՀ ԱԺ վերոնշյալ խմբակցությունները որոշում ընդունեցին հոկտեմբերի 2-ին, ժամը 19։30-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու մասին՝ «Ազգային ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքն ընդունելու նպատակով։ Ժամը 20։00-ին ՀՀ ԱԺ-ը պատգամավորների 67 «կողմ» ձայնով ընդունեց այդ օրենքը։ Իսկ այդ ընթացքում մարշալ Բաղրամյան պողոտայում, ՀՀ ԱԺ շենքի դիմաց, տառացիորեն դեպի Գիտությունների Ազգային ակադեմիայի շենք տանող աստիճաններին, հավաքվել էր պատվելի ժողովուրդը՝ արձագանքելով Ն.Փաշինյանի կոչին։ Այնուհետև, փակելով փողոցը՝ «թավշյա հեղափոխության» մի քանի հազար հեղափոխական-«խանդավառներ» հանրահավաքի հավաքվեցին։ Հավաքվածների զմայլված բացականչությունների ներքո ՀՀ վարչապետը արդարացրեց հանրահավաքի եկած քաղաքացիների վստահությունը. նա տղամարդավարի ստորագրեց ՀՀ նախարարների («Ծառուկյան դաշինքից» և ՀՅԴ-ից) ազատման հրամանները, որոնք չէին հասցրել անգամ 5 ամիս աշխատել իրենց պաշտոններում։ Հանրահավաքի մասնակիցների ցնծությանը չափ չկար (ինչը բավական տարողունակ է բնութագրում նրանց քաղաքացիական հասունությունն ու մտավոր մակարդակը). չէ՞ որ նրանք, ըստ էության, դարձան «Նոր Հայաստանի» պատմությունն արարողներն ու կերտողները, որը, ըստ էության, XXI դարում Հայաստանը հետ նետեց անտիկ դեմոկրատիայի (որը սկիզբ է առել մեր քաղաքակրթության օրրան Հին Հունաստանում) վիրտուալ տարածք։ Ինչպես կասեր հայ հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանը. «Չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ»։

Այսքան հերոսական արարքից հետո «ժողվարչապետը» շարունակեց իր բոցավառ հեղափոխական ճառը։ Չէ՛, հարգելի ընթերցող, հռետորը չխոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների, «Նոր Հայաստանի» տնտեսությունում իր իսկ լայնորեն գովազդած բազմամիլիոնանոց ներդրումների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բեկման հասնելու մասին։ Ավաղ, այստեղ ակնհայտ է Ն.Փաշինյանի կառավարության լիակատար ձախողումը։ Վերցնենք թեկուզ ամիսներ առաջ նրա հնչեցրած խրոխտ հայտարարությունները, թե Արցախի Հանրապետությունն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն- խմբ.) այսուհետ լինելու է բանակցային գործընթացի գլխավոր կողմը։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ իրականում։ Ահա թե ինչ։ «Բայց ես, որքան էլ ցանկանամ, չեմ կարող ինձ վերագրել նման իրավասություններ (բանակցություններ վարել Արցախի Հանրապետության անունից- Ա.Գ.)։ Դրա համար չկան ոչ իրավական, ոչ բարոյական հիմքեր։ Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը։ Այն ունի իր կառավարությունն ու իր նախագահը», – ամիսներ առաջ հայտարարեց Ն.Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս և այնուհետև շարունակեց, – և ուրեմն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում նաև նրանց անունից, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին։ Իսկ Ղարաբաղի բնակիչները չեն ընտրել իշխանությունը Հայաստանում, և Հայաստանի իշխանությունը չի կարող նրանց ներկայացնել։ Նրանք պետք է սեփական ձայն ունենան»։ Հավանաբար, Ն.Փաշինյանի հինգ ամիսների աշխատանքը ՀՀ վարչապետի պաշտոնում և մի քանի այցելությունները Լեռնային Ղարաբաղ նրան համոզել են այն բանում, որ այսուհետ նա ունի «և՛ իրավական, և՛ բարոյական հիմքեր»՝ բանակցություններ վարելու արցախցիների անունից, և որ գլխավորն է՝ նա հասկացավ, որ թեև Ղարաբաղի ժողովուրդը «չի մասնակցել Հայաստանում իշխանության ձևավորմանը», չնայած «այն ունի իր կառավարությունն ու իր նախագահը», ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ Հայաստանի «ժողվարչապետը» պետք է ներկայացնի Արցախի Հանրապետությունը։ Ադրբեջանի լրատվամիջոցները սարկազմով լի ուրախությամբ, արդեն Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթաժողովի արդյունքների հիման վրա, հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Ն.Փաշինյանը պատմում իր տպավորությունների մասին, այսպես ասենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած զրույցից։ «Նա դրական տպավորություն թողեց։ Մենք նորմալ, քաղաքակիրթ խոսակցություն ունեցանք։ Կրթված մարդու տպավորություն թողեց» (ըստ երևույթին, Ն.Փաշինյանի համար ենթագիտակցական մակարդակում նման եզրակացություն անելու առիթ են հանդիսացել Ի.Ալիևի ոչ վաղ անցյալի գործողությունները, երբ նա հերոսացնում էր Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած Ռամիլ Սաֆարովին- Ա.Գ.), – նշել է «ժողվարչապետը»։ Այնուհետև նա ասել է, որ նրանք (Ալիևը, Փաշինյանը) ծրագրում են տեղեկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին (և սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը «չունի ոչ իրավական, ոչ բարոյական հիմքեր»՝ բանակցություններ վարելու Արցախի Հանրապետության անունից) Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև՝ կողմերի միջև մշտական շփում պահելու մասին։ Ահա այսպիսի բաներ։ Հետո ավելի հետաքրքիր է։ Հանրահավաքի սկսվելուց որոշ ժամանակ անց, երբ «ժողվարչապետը» հասկացավ, որ էլ ասելու բան չունի հավաքված լսարանին (հանրահավաքի սկզբից ևեթ հասկանալի դարձավ, որ էական որևէ բան չուներ էլ ասելու), Ն.Փաշինյանը անկեղծ պոռթկմամբ տեղեկացրեց Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքի մոտ հավաքվածներին որոշ ժամանակով, անհետաձգելի գործերով ՀՀ վարչապետի նստավայր մտնելու անհրաժեշտության մասին, որը տեղակայված է հարևանությամբ գտնվող շենքում։ Ես ինտերնետով ուշադիր հետևում էի «Ազատություն» ռադիոյի (“Радио Свобода” հայկական բաժին) ուղիղ հեռարձակվող տեսառեպորտաժին և հուրախություն ինձ՝ կրկնում եմ, ուղիղ տեսահեռարձակման մեջ նկատեցի, որ նստավայրից վերադառնալուց հետո «ժողվարչապետի» դեմքը ասես պայծառացել էր (գուցե նստավայրում «հոգին» թեթևացե՞լ էր ինչ-որ խանգարող բանից և դրանով իսկ իսպառ հօդս էր ցնդել համապատասխան ներքին օրգանների վրա հնարավոր ճնշումը, իսկ գուցե «ժողվարչապետը» նոր արժեքավոր հրահանգնե՞ր էր ստացել գունավոր հեղափոխությունների (որոնք չգիտես ինչու Հայաստանի պարագայում կնքվեցին «թավշյա հեղափոխություն» անվամբ) հրաշագործներից՝ համառ պահանջով. անշեղորեն առաջ տանել կախված սպառնալիքի՝ հակահեղափոխության վտանգի մասին գիծը)։ Ավելի շուտ՝ Ն.Փաշինյանի պայծառացման վերոնշյալ երկու գործոններն էլ առկա էին եղել։ Դատելով հավաքվածների հետագա գործողություններից՝ անվիճելի է, որ ստացած կարգադրությունների թվում առաջինը ցանկացած պատրվակով (ընդ որում՝ ցանկալի է խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների պատրվակով) Ազգային ժողովի տարածքում հանրահավաքը շարունակելն էր։ Ն.Փաշինյանի կոչով, ինչպես պատկերավոր կերպով կնշեր ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմի ակտիվ մասնակից Առաքել Մովսիսյանը (նույն ինքը՝ Շմայս), հավաքվածները շատ շնորհքով, կուլտուրական ներխուժեցին ՀՀ ԱԺ տարածք՝ վարչապետին ՀՀ ԱԺ շենք ուղեկցելու համար։ Վերջինի վճռականությունը՝ կոշտ բանակցություններ վարել «հակահեղափոխականների» հետ, հավաքվածների կասկածը չէր հարուցում։ Չէ՞ որ մինչ այդ հանրահավաքում նա արդեն հասցրել էր հայտարարել, որ խորհրդարանի ընդունած «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքում ուղղակի հարված է նկատվում «Նոր Հայաստանը» կերտողների դեմ, հակահեղափոխություն, ասել է թե՝ խորհրդարանական խմբակցությունների կողմից։ Անշուշտ, այս պարագայում մենք գործ ունենք քաղաքագիտությունում նոր խոսքի հետ, երբ օրենքը, որն ուղղված է ՀՀ Ազգային ժողովի գործառնության նորմալ պայմանների ապահովմանը, որը երաշխավորում է պատգամավորների անվտանգությունը, տեղաշարժի ազատությունը և իրենց լիազորությունների կատարման անխոչընդոտ կատարումը, վարչապետի կողմից որակվում է ոչ այլ կերպ, քան հակահեղափոխական և հակասահմանադրական։ Այս հաշվով, թերևս, շատ դիպուկ է արտահայտվել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը հայտարարել է, որ եթե ՀՀ Սահմանադրության պահանջներին հետևելը և պատգամավորների վրա ճնշում չգործադրելը համարվում են հակահեղափոխական, այդ դեպքում ինքը հակահեղափոխական է։

Իսկ այս պարագայում իրավիճակը փրկեց ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունների անդամների բարձր պատասխանատվության հերթական դրսևորումը, որոնք Ն.Փաշինյանին հրավիրեցին ՀՀ ԱԺ շենք բանակցությունների համար՝ ստեղծված լարված իրադրության լիցքաթափման նպատակով։ Ն.Փաշինյանը, բնականաբար, ընդունեց խորհրդարանական խմբակցությունների առաջարկը և հաղթական հայտարարեց, որ գնում է բանակցությունների՝ «հակահեղափոխականների» չար մտադրությունները խափանելու նպատակով։ Այստեղ լուրջ անհանգստություն է առաջացնում այն գիտակցումը, որ Ն.Փաշինյանի անզուսպ ձգտումը՝ բացահայտ ստի միջոցով գրգռել իր կողմնակիցներին (մասնավորապես, տոտալիտար աղանդների թվից, ինչպիսին է «Կյանքի խոսքը», ԼԳՏԲ հանրույթից, որը հանրահավաքում ներկայացված էր անհայտ սեռի ոչ սակավաթիվ, հետևում կարճ հյուսիկներ ունեցող պերսոնաժներով, էլեկտրականացված, սխրանքի տենչով վառվող երիտասարդությունից, այդ թվում և բարձրդասարանցիներից և Երևանի սովորական քաղաքացիներից, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չափազանց դժգոհ էին նախկին իշխանությունների աշխատանքից), կարող էր նրանց տրանսի մեջ գցել։ Ընդ որում՝ նրանք, իրենց ճանապարհին ամեն ինչ հողին հավասարեցնելով, կարող էին բանը հասցնել արյունահեղության։ Բնականաբար, ընթերցողը կարող է միանգամայն արդարացի հարց տալ. իսկ ի՞նչ է, Երևանում ոստիկանությունը մի՞թե հակաիրավական գործողություններ չտեսավ «ժողվարչապետի» բացահայտ սադրիչ կոչերին հետևողների արարքներում։

Որպես տեղեկանք նշենք, որ դեռևս 2011թ. ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ը ընդունել է օրենք «Հավաքների ազատության» մասին, ընդ որում, այդ օրենքի՝ 2014թ. մայիսի 19-ին և 2017թ. հոկտեմբերի 25-ին ընդունված լրացումները չէին վերաբերում այն հոդվածներին, որոնց ես հղում կկատարեմ։ Այսպես, այդ գիշեր տեղի ունեցող իրադարձություններին բավական ինքնատիպ է արձագանքել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Ես մտահոգված էի, շատ մարդ էր հավաքվել։ Բայց իրավիճակը հանգիստ է, ժողովուրդն արտահայտում է իր կամքը, ոստիկանները հետևում են իրավիճակին։ Ներկայում բացատրական աշխատանքներ են վարվում, քաղաքացիները կարգը չեն խախտում, տարերային հանրահավաք են անցկացնում՝ «Հավաքների ազատության մասին» օրենքին համապատասխան»։ Հավանաբար, պրն Օսիպյանը նկատի ունի լոկ Հոդված 9-ի 1-ին կետը, որն ասում է. 1. Հանրային հավաքի (այսուհետ՝ հավաք) անցկացման համար կազմակերպիչը տեղեկացնում է իրավասու մարմնին գրավոր, բացառությամբ շտապ և տարերային հավաքների»։ Համարենք, թե հավաքը տարերային էր, և նրա կազմակերպիչը՝ ՀՀ վարչապետը, չէր հասցրել տեղեկացնել դրա մասին իրավասու մունիցիպալ մարմնին։ Բայց չէ՞ որ խոսքն այլ բանի մասին է։ Ավաղ, լրջորեն տագնապալի է, երբ ՀՀ ոստիկանապետը, որի հայացքն անգամ անզիջում է և խիստ, երբ բարևում է ՀՀ խորհրդարանի պատգամավորներին, բնականաբար՝ ոչ Նիկոլ Փաշինյանի «Ելք» խմբակցությունից, ըստ երևույթին կյանքում շատ փափուկ մարդ է և այդ իսկ պատճառով բավական ներողամիտ «Հավաքների ազատության մասին» օրենքի կոպտագույն խախտումների հանդեպ։ Մանավանդ երբ խախտումներ նախաձեռնողը հենց «ժողվարչապետն» է։ Որպեսզի սույն օրենքի կոպիտ խախտումների մասին պնդումներս մերկապարանոց չհնչեն, ընդամենը մեկ մեջբերում կատարեմ այդ օրենքից՝ մատնանշելով դրա խախտման փաստի մասին։ Այսպես, Հոդված 19-ի 1.3 կետում՝ «Հավաքն արգելելը» վերնագրով, ասվում է. «Հավաքն արգելվում է, եթե. 3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»։ Այնինչ, հավանաբար այն փաստը, որ հավաքվածները՝ «ժողվարչապետի» գլխավորությամբ, շնորհքով ներխուժեցին ՀՀ ԱԺ տարածք, իսկ նրանցից առավել ագրեսիվները այնուհետ ևս հետևեցին Ն.Փաշինյանին ՀՀ ԱԺ շենքում՝ միաժամանակ իրենց մուտքը շենք ուղեկցելով հայհոյանքների վանկարկմամբ Ազգային ժողովի, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների ղեկավարների հասցեին, Վ.Օսիպյանի կարծիքով՝ ոչ թե «սպառնում էր նրանց գործունեությանը», այլ, ընդհակառակը, նրա կողմից որակվել է միանգամայն որոշակի. «քաղաքացիները կարգը չեն խախտում»։ Դե, համաձայնեք, ինչպե՞ս չհասկանալ միտինգավորների խուլիգանություն անող հատվածի, «Հավաքների ազատության մասին» օրենքը կոպիտ խախտողների էմոցիաները, երբ այդ ապօրինի հանրահավաքի ամենասկզբից մինչև վերջ նրանք արժանացան իրենց հակաօրինական գործողությունների նման գովասանական գնահատականի երկրի իրավակարգի առաջին պահապանի կողմից։ Ինչպե՞ս դրանից հետո իրենց հույզերը զսպեին վճռականորեն տրամադրված միտինգավորները և չծափահարեին անձամբ ՀՀ ոստիկանապետին ու նրա ենթականերին։ Իսկ որ նրանք ԱԺ տարածքում իրենց անպատկառ էին պահում պատգամավորների, այդ թվում և կին պատգամավորների հանդեպ, ավտոմեքենաներով փակել էին ՀՀ ԱԺ տարածքի բոլոր մուտքերն ու ելքերը, ապա դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նրանք միանգամայն ինքնատիպ ձևով և, դատելով ըստ ամենայնի, բավական ճիշտ էին հասկացել ոստիկանապետի բարձր գնահատականը իրենց կատարած անօրինական գործին՝ բնութագրված որպես՝ «բայց իրավիճակը հանգիստ է, ժողովուրդը արտահայտում է իր կամքը, ոստիկանները հետևում են իրավիճակին։ Ներկայում բացատրական աշխատանքներ են վարվում, քաղաքացիները կարգը չեն խախտում»։ Կարծում եմ, որ ամենամոտ ժամանակներս Ն.Փաշինյանը ըստ արժանվույն կգնահատի Վ.Օսիպյանի աշխատանքը։ Դեռ ինչե՜ր են լինելու՝ անօրինական հանրահավաքների անցկացման, պատգամավորներին վախեցնելու առումով... Եվ ոստիկանապետի ծառայությունը հարկ է խրախուսել, թե չէ նրա մեջ կարող են արթնանալ սպայի պատիվը և երդման ոգին, ինչի հետևանքով մեղադրյալների աթոռին մեկ էլ տեսար կհայտնվեն Ն.Փաշինյանի կառավարության անդամներից շատերը։

Հարգելի ընթերցող, ինչպես և պետք էր սպասել, այդ գիշերային հանրահավաքը Երևանում անտարբեր չթողեց նաև Ադրբեջանի շատ էլեկտրոնային ԶԼՄ-ների, որոնք փաստորեն «Ազատություն» ռադիոյի հետ միաժամանակ էին հետևում Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ հետո այդ իրադարձությունների մասին ինֆորմացիան իրենց հարմար դիտանկյունով մատուցեցին իրենց երկրի և դրանից դուրս գտնվող լսարանին։ Միևնույն ժամանակ, նշենք, որ հրապարակումների ընդհանուր ուղղվածությունը մեկն էր՝ այսուհետ Հայաստանը Ռուսաստանի համար անհուսալի գործընկեր է։ Ինչպես և պետք էր սպասել, այս քարոզչությանը նոր տոն հաղորդեց, ինչպես նրան Ադրբեջանում քնքշորեն անվանում են, «Կրեմլի գաղափարախոս» Ալեքսանդր Դուգինը, որը հանրահավաքի հենց հաջորդ օրը հարցազրույց տվեց media.az պորտալին՝ աչք ծակող վերնագրով. «Ալեքսանդր Դուգին. Բաքուն տարածաշրջանում Ռուսաստանի համար առաջին տեղում է։ Հայաստանը հետևում է մնացել – Հարցազրույց»։ Պատասխանելով թղթակցի՝ «Ստացվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խելքի՞ բերել Նիկոլ Փաշինյանին» հարցին Ա.Դուգինը ներողամտաբար պատասխանել է. «Ես այդպես ուղղակի չէի ասի։ Հասկանում եք, չէ՞ որ Հայաստանը մեր դաշնակիցն է։ Երբ Փաշինյանը իշխանության եկավ, նա փորձեց հարցականի տակ դնել դաշնակցայնությունը։ Եվ ոչ մի լավ բանով (Երևանի համար- խմբ.) դա ավարտվել չէր կարող։ Եվ ահա տեսնում եք, թե ինչպես է մեր աչքերի առջև ամրապնդվում Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշինքը։ Բաքուն Մոսկվայի համար առաջին դիրք է դուրս գալիս տարածաշրջանում՝ հետևում թողնելով Հայաստանը»։ Հենց այդ նույն ժամանակ, Վ.Վ. Պուտինի Բաքու այցելությունից մեկ շաբաթ հետո, հիմա արդեն haqqin. az-ը հոկտեմբերի 4-ին հրապարակեց հոդված՝ «Նախագահի աշխատակազմը Ալիևի և Պուտինի հանդիպման արդյունքների մասին» վերնագրով։ Ըստ երևույթին շատ կարևոր էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետի տեղակալ Հիմքեթ Հաջիևի միջոցով արդեն որերորդ անգամ այցելությունից հետո անցած 7 օրերի ընթացքում նորից հայտարարել, որ «մեր երկրների (Ադրբեջանի և Ռուսաստանի- Ա.Գ.) վստահության բարձր մակարդակի և փոխշահավետ համագործակցության վկայությունն է նաև այն, որ երկկողմանի կապերը հաջողությամբ զարգանում են միջտարածաշրջանային հարաբերությունների ձևաչափով... Միևնույն ժամանակ, համագործակցությունը մեր երկրների միջև՝ հիմնված ավանդական հարաբերությունների վրա, շարունակվում է նաև բազմակողմանի հարթությունում»։

Այս և նման բովանդակությամբ բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ ադրբեջանական ագիտպրոպի գաղափարախոսների գլխավոր մտադրությանը զուգահեռ։ Իսկ գլխավոր մտադրությունն այն է, որպեսզի ադրբեջանական ղեկավարության մտադրությունը՝ ռազմական ագրեսիա սկսել Արցախի Հանրապետության դեմ, իր քաղաքացիներին և միջազգային ակտորներին մատուցվի այն բանաձևի տեսքով, թե իբր «Երևանն է պատերազմի առիթ ստեղծում»։ Հենց այս վերնագրով 2018թ. հոկտեմբերի 3-ին https://haqqin.az/analytics/137140 պորտալում հրապարակվեց Ռասիմ Աղաևի հոդվածը։ Ահա թե, մասնավորապես, ինչ է գրում նա. «...ոմն մեկը հակված է եզրակացնելու, որ եկել է հակամարտության ռազմական լուծման ժամանակը (նկատի ունի Ղարաբաղյան հակամարտությունը- Ա.Գ.)։ Իբր, բավական է մեկ հզոր հարված (իսկ ադրբեջանական բանակն այժմ նման հզորության տիրապետում է), որպեսզի լուծվի հակամարտությունն իրենց օգտին... Պատերազմը ձեռնտու կլիներ Հայաստանի կառավարող դասին՝ որպես կորսված ժողովրդական վստահությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև ազգային միասնությունը վերադարձնելու միջոց, շեղել բնակչության ուշադրությունն իր գլխին կուտակված սոցիալական փորձանքներից և նորից համոզել աշխարհին և սեփական հոտին, որ բոլոր դժբախտությունների մեջ, հասկանալի է, մեղավոր են անիծյալ ադրբեջանցիները։ Կարելի է չկասկածել, այս խորամանկ քարոզչահնարքին հաճույքով կհավատան ոչ միայն հայտնի ուժերը Մոսկվայում, այլև եվրոպական մայրաքաղաքներում և, ինքնըստինքյան, ԱՄՆ-ում»։

Մի կողմ թողնելով մանրակրկիտ թաքցվող, բայց չափից ավելի բազմաշերտ ստի հրաշագործությունները՝ կարելի է պնդել, որ ադրբեջանական քարոզչությունը պատրաստում է Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու ժամանակին ակնարկած ամենահարմար պահը՝ պատերազմն սկսելու պատասխանատվությունը դնելով Հայաստանի և Արցախի Հանրապետության վրա։ Նման սցենարը նոր չէ, այս մասին դեռևս ս.թ. հունիսի 20-ին ադրբեջանական բանակի կազմավորման 100-ամյակին նվիրված ճեպազրույցում ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ «Ադրբեջանական բանակը պատրաստ է ցանկացած պահի կատարել այդ խնդիրը (զավթել Արցախի Հանրապետությունը- Ա.Գ.)։ Այս խնդրի կատարման հրամանը քաղաքական հարց է, և նման հրաման կտրվի ամենահարմար պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը»,- այն ժամանակ հայտարարել էր Զաքիր Հասանովը։

Վերլուծելով Հայաստանի վարչապետի բավական վտանգավոր գործողությունները, ով տարածաշրջանում և ողջ աշխարհում տիրող միջազգային այս բարդ իրադրությունում ձեռնարկել է Ազգային ժողովը ցրելու չափազանց ժամանակավրեպ գործողություններ, ապշում ես նրա քաղաքական կարճատեսությունից և Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները համարժեք գնահատելու անկարողությունից։ Չէ՞ որ իր գործողություններով նա հրահրում է հայ հասարակության, նրա քաղաքական դասի պառակտում։ Ավաղ, սա ոչ միայն տարակուսանք է առաջացնում, այլև ստիպում է նորից ու նորից խորհել այն բանի շուրջ, որ այս ամենն արվում է կամ «ժողվարչապետի» անհասկացողության պատճառով, կամ նրա գործողությունները հմտորեն ղեկավարվում են կուլիսների հետևից։ Արդյո՞ք սա «Վարդերի հեղափոխության» նոր, ավելի արդիականացված հայկական տարբերակը չէ՝ Մ.Սաակաշվիլու սխալների հաշվառմամբ։ Եթե Վրաստանում հեղափոխության արդյունքը դարձավ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հռչակումը, ապա Հայաստանի համար այլ ճակատագիր է պատրաստված՝ Արցախի Հանրապետության կորուստ և իրավիճակի լիակատար ապակայունացում Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու և Իրանի Իսլամական Հանրապետության 100 կիլոմետրանոց սահմանին։ Թե ինչով է սա հղի Հայաստանի, հայոց պետականության գոյության համար՝ դժվար չէ կռահել։

Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից ռազմական լարվածության անխուսափելի թեժացումը, այն անպայման լայնածավալ պատերազմի վերածելու ձգտումը հնարավոր է կանգնեցնել լոկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելով։ Ավելի վաղ արդեն գրել եմ այս մասին, բայց վերջին շաբաթվա իրադարձությունները պահանջում են որոշ ճշտումներ մտցնել. Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է, ընդ որում՝ պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ դրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հնարավոր ներգրավմամբ։ Չէ՞ որ հայտնի ուժերի համար թանկ արժե Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ստեղծված գործընկերային հարաբերությունների խզումը։ Եվ, դատելով ըստ ամենայնի, դրան խիստ հետևողականորեն ձգտում է հասնել համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններից մեկը՝ ցինիկաբար հաշվարկելով, որ անգամ մեծ արյան գնով Հայաստանը երբեք չի զիջի Լեռնային Ղարաբաղը և հերոսաբար կպաշտպանի Արցախի Հանրապետության անկախությունը։ Անգամ իշխանության ղեկին գտնվողների անբանիմացության և նրանց կողմից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության սպառնալիքների գիտակցումը կորցնելու պարագայում։

 

Արտաշես Գեղամյան

Ազգային Ժողովի  պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ,

Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ խորհրդարանի պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

Последние видеоматериалы

Новые книги