АРАВОТ

«ԱՄ»-Ն ՉԻ ՆՇԻ ՏԱՐԵԼԻՑԸ

05.04.2005

«Առավոտի»  հարցին, թե արդյոք «Ազգային Միաբանությունը»  պատրաստվո՞ւմ է միջոցառումներ կազմակերպել 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա դեպքերի կապակցությամբ, կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը պատասխանեց. «2004 թ. ապրիլի 5-ի և ապրիլի 12-13-ի դեպքերի, դրանց ուղեկցող բռնությունների և խոշտանգումների կազմակերպիչները, այն է՝ ՀՀ իշխանությունները, այդ օրերին կնքեցին իրենց բարոյական մահկանացուն, ստորագրեցին թե իրենց, թե կոալիցիոն ուժերի «մահվան վկայականի»  տակ: «Ազգային Միաբանությունը»  անմասն չմնաց՝ վերջիններիս թաղման արարողությանն իր գործընկեր ընդդիմադիր ուժերի հետ 2004թ. ապրիլի 16-ին անցկացնելով բազմահազարանոց սգո հանրահավաք:

Ուստի «մահվան»  տարին նշողները պետք է լինեն ՀՀ իշխանությունների և կոալիցիայի (որն այդ օրերին վերջնականապես դիմազրկվեց) բարեկամներն ու հարազատները, իհարկե, եթե այդպիսիք մեր հանրապետությունում դեռ մնացել են:

«Ազգային Միաբանությունը»  այս պարագայում ձեռնպահ կմնա «հանգուցյալների»  վերակենդանացմանն ուղղված (համոզված եմ՝ անհույս) ցանկացած դրսևորումներից: Եվ, ինչպես ընդունված է նման դեպքերի առիթով ասել, «թող հայոց հողը թեթև լինի»  բարոյազրկված իշխանությունների և կոալիցիայի համար: Ամեն»:

ԳԵՂԱՄՅԱՆԻ ՎՐԱ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ

Ազգային ժողովի մարտի 22-ի նիստում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: Հայտարարությունը լայն արձագանք գտավ թե՛ ԱԺ-ում և թե՛ լայն հանրության շրջանում: Պրն Գ. Կոստանդյանը համաձայնեց պատասխանել նաև թղթակցի հարցերին:

25.03.2005

- Պրն Կոստանդյան, վերջերս Ազգային ժողովում Ձեր հայտարարությունը կարծես սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ազգությամբ հայ օտարերկրյա գործիչների և Հայաստանում նրանց հովանավորների վրա: Որո՞նք էին Ձեր հայտարարության դրդապատճառները:

- Դա պարզապես թեթև զգուշացում էր Կալմիկիայից սենատոր ընտրված ոմն Լևոն Չախմախչյանին և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Ես չէի կարևորի վերջերս մամուլում արված նրանց հայտարարությունները, եթե ակնհայտ չդառնար, որ վերջիններս պարզապես կատարում են պատվեր և բնավ էլ ոչ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, այլ ճիշտ հակառակը, առաջին դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի, երկրորդ դեպքում՝ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի: Քավ լիցի, ում ուզում են՝ թող գովեն, առավել ևս՝ դրանով նրանց արջի ծառայություն են մատուցում: Սակայն մեզ համար անընդունելի է, երբ չպահանջված սույն սազանդարները փորձում են ստվեր գցել «Ազգային Միաբանության» և նրա ղեկավար Արտաշես Գեղամյանի վրա: Ըստ որում, իրենց գործողություններն այնքան պարզունակ են, որ մնում ես զարմացած՝ մեկի նախագահ լինելու հանգամանքի վրա, մյուսի էլ՝ սենատոր:

- Իսկ ինչո՞ւ են հատկապես հիմա ակտիվացել այդ մարդիկ:

- Օրերս «Միավորված հայեր» կուսակցության «Երիտասարդ քաղաքագետների դպրոցի» և «Փակագիծ» շաբաթաթերթի կողմից Երևանում և մարզերում անցկացվել էր սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել էր 812 մարդ: Ուշագրավ է այն, որ սոցիոլոգների այն հարցին՝ եթե գործող նախագահը հրաժարական տա՝ ո՞ւմ կընտրեք նոր նախագահ, հարցման մասնակիցները տվել էին հետևյալ պատասխանը՝ 1. Արտաշես Գեղամյան- (309)- 38,05%, 2. Ստեփան Դեմիրճյան- (106)- 13,05%, 3. Ոչ ոքի, դժվարանում եմ պատասխանել կամ չեմ ցանկանում պատասխանել- (142)-17,49%, 4. Արթուր Բաղդասարյան- (65)- 8%, 5. Տիգրան Կարապետյան- (62)-7,63 %, 6. Արամ Կարապետյան- (29)- 3,57%, 7. Ռուբեն Ավագյան- (27)- 3,33%, 8. Արշակ Սադոյան (16)-1,98%, 9. Աղվան Հովսեփյան-(12)-1,48%, 10. Սերժ Սարգսյան (10)- 1,23%, 11. Լևոն Տեր-Պետրոսյան -(8)-0,99%, 12. Արամ Զավենի Սարգսյան -(6)-0,74%, 13. Հովհաննես Հովհաննիսյան -(5)- 0,62%, 14. Րաֆֆի Հովհաննիսյան-(5)-0,62%, 15. Անդրանիկ Մարգարյան- (4)- 0,49%: Ի դեպ, չմոռանամ ասել, որ հարցման հեղինակները՝ թե՛ «Միավորված հայեր» կուսակցությունը, թե՛ «Փակագիծ» շաբաթաթերթը «Ազգային Միաբանության» հետ որևէ առնչություն չունեն:

Подробнее...

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԼՂ-Ի»

24.03.2005

«Արդարության» և «Ազգային միաբանության» գործիչները շարունակում են բանավեճը մարտի 29-30-ին անցկացվելիք «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով ԱԺ լսումների շուրջ: Նախօրեին «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանն ԱԺ-ում հայտարարություն էր արել, որի հասցեատերն ակնհայտորեն «Ազգային միաբանությունն էր», և հիշեցրել, թե ԼՂ հարցով լսումները նախաձեռնողը նաև «Արդարությունն» է. «Եվ եթե Ղարաբաղի հարցում նույնիսկ այս իշխանությունները մեր օգնությամբ ճիշտ քայլեր կատարեն՝ ի՞նչ վատ բան կա դրանում: Իսկապես տխուր է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնց համար իշխանությունն ավելի թանկ է, քան Ղարաբաղը»:

«Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ արձագանքեց այս հայտարարությանը. «Եթե ուշադիր վերլուծենք այն պնդումները, որոնցով հանդես եկավ Ստեփան Զաքարյանը՝ կգանք շատ հետաքրքիր եզրահանգումների: Ստացվում է, որ պրն Զաքարյանը միտումնավոր չի հիշատակել «Ազգային միաբանության» հայտարարության առանցքը կազմող եզրակացությունը: Այն է՝ ապօրինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը բերել-հասցրել են չափազանց վտանգավոր զարգացումների նախաշեմին, և խնդրի հայանպաստ լուծման եզակի ճանապարհը Հայաստանում ժողովրդավարություն հաստատելն է, ազատ-արդար ընտրություններով նոր նախագահ և կառավարություն ձևավորելը, որոնք ի զորու և ժողովրդի կողմից լիազորված կլինեն բանակցային գործընթացը վարել ողջ հայության անունից, ինչն այսօր առկա չէ: Եվ բնականաբար, այո՛, ստեղծված իրավիճակում հանուն Լեռնային Ղարաբաղի իշխանություն վերցնելը դարձել է առանցքային հարց, քանի որ այն նոր հնարավորություն կընձեռի բանակցությունների ակնհայտ ձախողումները շտկելու և գործընթացը տանելու մեզ համար ավելի բարենպաստ հունով:

Հետաքրքրականն այն է, որ Ստեփան Զաքարյանը հակասել է ինքն իրեն՝ հայտարարելով, թե նաև «իշխանության մեջ կան ուժեր, որոնց համար իշխանությունը պահելը նույնքան թանկ է, որքան Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Բա հենց ա՛յդ մարդկանց դեմ է ուղղված մեր հայտարարությունը, քանի որ գիտենք, թե Հայաստանում Քոչարյան-Սերժ Սարգսյան երկյակն է հարց լուծում: Իսկ մնացածը թող ձև չանեն, թե իրենք մաս են կազմում իշխանության. նրանք պարզապես հիշատակածս անձանց կամակատարներն են: Ուստի, երբ համադրում ես Զաքարյանի ասածները՝ կամա-ակամա համոզվում ես, թե ակնհայտորեն երևում են «հում ականջները»: Իսկ թե ո՛ր մարմնից են աճում այդ ականջները՝ հետևություն արեք ինքներդ»:

Подробнее...

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԳՐԵՍՈ՞Ր Է

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին»  օրինագծի շրջանակներում իսլամական պետությունների այս մեղադրանքին է անդրադառնում «Ազգային միաբանության»  նախագահ Արտաշես Գեղամյանը:

«Հոկտեմբերի 16-ին Մալազիայում տեղի ունեցավ Իսլամական երկրների համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էին 50 երկրների նախագահներ, վարչապետներ և այլ ղեկավարներ,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այդ վեհաժողովում հիմնական զեկուցողը՝ Մալազիայի վարչապետ Մահաթհիր Մոհամմադը քանիցս հիշատակեց իսլամական աշխարհին ապառնացող վտանգների, ինչպես նաև՝ թշնամիների մասին: Դրան հաջորդեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդել Վահիդ Բելկազիզի զեկուցումը, որն առավել կոռեկտորեն բնութագրելով իսլամական երկրներին սպառնացող վտանգները և դրանց ետևում կանգնած երկրներին՝ բավական կոշտ հիշատակեց Հայաստանի Հանրապետությունը՝ վերջինիս մեղադրելով ագրեսիայի մեջ: Իսկ քանի որ բոլոր քննարկումներն ընթանում էին հակաահաբեկչության խորագրի ներքո, փաստորեն՝ Հայաստանը ներկայացվեց իբրև իսլամական աշխարհի համար վտանգավոր այնպիսի երկիր, որն ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 1 մլն ադրբեջանցիներ, ըստ Բելկազիզի՝ ենթարկվել են հարկադրված տեղաշարժի և ներկայումս կրում են լուրջ դժվարություններ: Եվ այս պարագայում ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը և բացարձակապես անտեսում աշխարհաքաղաքական զարգացումները և նման լուրջ մեղադրանքները, որոնք այդպես էլ մնացել են անարձագանք թե՛ ԱԳ նախարարության, թե՛ նախագահի կողմից: Օրինագծի քննարկումների ժամանակ փորձում էինք ինքնամեկուսանալ և երկրի ներսում սկսել վհուկների հերթական որսը, մոռանալով, թե Հայաստանի պետականությանը հիմնական վտանգները սպառնում են դրսից»:

Մեր համոզմամբ, անարդար են պրն Գեղամյանի մեղադրանքների այն մասը, թե այդ քննարկումների ժամանակ անտեսվել էին աշխարհաքաղաքական իրողությունները: Ընդհակառակը՝ նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե օրենքը կարևորում են արտաքին ագրեսիայի վտանգի առնչությամբ, և հրատապությունը բացատրեց այն հանգամանքով, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է իբրև ահաբեկիչ: Թեև հարց է՝ ինչպես էլ մեր օրենսդրությամբ սահմանենք «ահաբեկիչ»  կամ «ահաբեկչություն»  հասկացությունները՝ որևէ ազդեցություն կարո՞ղ են ունենալ Ադրբեջանի կամ իսլամական այլ պետությունների համար: «Կարևորն այն է, որ մեր օրենքները համահունչ լինեն այն ոգուն, որը ձևավորվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այն սկզբունքները և չափանիշները, որոնք միավորել են ԱՄՆ-ին Ռուսաստանի և Եվրամիության, ինչո՞ւ չէ՝ նաև նույն իսլամական աշխարհի շատ երկրների հետ՝ պետք է պարտադիր արծարծվեն նաև մեր «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»  օրենքի մեջ: (Նշենք, որ մեր օրինագծի համար հիմք է ծառայել ԱՊՀ մոդելային օրենքը.- Ա. Ի.): Միայն այս պարագայում կկարողանանք ասել, թե մաս ենք կազմում հակաահաբեկչական այդ հզորագույն դաշինքին և առաջնորդվում վերջինիս որդեգրած սկզբունքներով: Եվ այդ պարագայում՝ ինչ ամբիոնից էլ հնչի ցանկացած հերյուրանք՝ չի գտնի պարարտ հող գոնե երկրի բախտը որոշող հզորագույն պետությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության երկրների կողմից: Մինչդեռ քննարկումների ժամանակ այս ամենի մասին բացարձակ ակնարկ իսկ անգամ չեղավ: Ավելի՛ն: Շատ վտանգավոր զուգահեռներ անցկացվեցին, որոնք կարող են զենք դառնալ մեր հակառակորդների ձեռքերում»:

Подробнее...

Последние видеоматериалы

Новые книги