«Ազգային Միաբանություն կուսակցության» տեսակետները «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ

09.09.2009

Եվ այսպես, կարելի է առանց չափազանցության ասել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ից միջազգային հանրության, համաշխարհային քաղաքականության կենտրոնների ուշադրության կիզակետում են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ նախաստորագրած և օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակված հետևյալ երկու արձանագրությունները. «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», և «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների հաստատման մասին»:

Միջազգային այն բուռն արձագանքը, ըստ որում` ճնշող մեծամասնությամբ դրական երանգներ ունեցող, որին արժանացան վերը նշված արձանագրությունները, անտարակույս, վկայում են Հարավային Կովկասում ընթացող զարգացումների բացառիկ կարևորության մասին հատկապես  ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի համար:

Ի՞նչ է սա նշանակում: Երկու երկրների նկատմամբ հոգատարության, բարի կամքի դրսևորո՞ւմ: Անշուշտ, այո: Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացի մեկնա՞րկ: Անկասկած, այո: Եվ, վերջապես, արդյոք կարելի՞ է պնդել, որ Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացումն իրենց հիմքում ենթադրում են երկու կողմերից ակնկալվող նույնաբովանդակ հեռանկարային զարգացումներ, ինչպես դա ենթադրվում է արձանագրություններում: Իհարկե, այդպես մտածելը կլիներ անհուսալի և «ոչ»  հիմնավոր լավատեսության արտահայտում, եթե չասենք` աշխարհաքաղաքական զարգացումներին պարզունակ մոտեցման դասական դրսևորում: Ներկայիս ժամանակաշրջանում Հայաստան - Թուրքիա դիվանագիտական կապերի հաստատմամբ, երկկողմ հարաբերությունների զարգացմամբ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր վերադերաբաշխումների սկիզբ է դրվում, խաղարկվում է «Շախմատային Մեծ պարտիա»  համաշխարհային քաղաքականության` կենտրոնների անմիջական մասնակցությամբ: Եվ միանգամայն բնական էր և սպասելի, որ հայ ու թուրք հասարակությանը ներկայացված նախաստորագրված արձանագրությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին երկու երկրների քաղաքական ուժերի, հանրության ամենալայն շրջաններում: Ըստ որում, երբ փոքր - ինչ խորանում ես առավել շատ քննարկվող հարցերի մեջ, ապա համոզվում ես, որ նախաստորագրված փաստաթղթերը լայն հնարավորություններ են ընձեռում այս գործընթացով շահագրգռված թե՛ Հայաստանի ու Թուրքիայի և թե՛ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության դիվանագետներին` դրանք իրենց աշխարհաքաղաքական շահերին լավագույնս ծառայեցնելու համար: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` փորձենք ավելի մանրակրկիտ վերլուծել արձանագրություններում տեղ գտած առավել վիճահարույց դրույթները:

ՀՀ գործող իշխանություններին որպես արմատական ընդդիմություն դիրքավորվող Հայ Ազգային Կոնգրեսը նախաստորագրված արձանագրությունների հրապարակման հաջորդ իսկ օրը` սեպտեմբերի 1-ին, հանդես եկավ չորս կետից բաղկացած հայտարարությամբ: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ից հաշված ժամեր պահանջվեցին, որպեսզի այդ երկու լրջագույն փաստաթղթերին` «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»  և «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին», տար շատ բարձր գնահատական: Հայտարարության մեջ, մասնավորապես, տրվում է առանցքային հետևյալ գնահատականը, որը, թերևս, դժվար է վիճարկել. «1.Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների և ժողովուրդների, ինչպես նաև` տարածաշրջանային խաղաղության և կայունության շահերից: 2.Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»: Թող ընթերցողի մոտ հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ իմ կողմից միտումնավոր անտեսվում են ՀԱԿ-ի հայտարարության 3-րդ և 4-րդ կետերը, որոնք իրենց մեջ ներառում են թվացյալ քննադատական երանգներ: Դրանց մանրամասն կանդրադառնանք և մանրամասն կվերլուծենք` ի ցույց դնելով վերջիններիս հեղեղուկ լինելու հիմնավորումները, ըստ որում, հայտարարության մեջ շարադրման ճիշտ նույն հերթականությամբ:

Եվ այսպես, ՀԱԿ հայտարարության 3-րդ կետում գրվում է. «3. Անդառնալի է հայ և թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը»: Նախ, նշեմ, դիվանագիտական փաստաթղթերում, միջազգային իրավունքի և, ընդհանրապես, իրավական ուժ ունեցող ցանկացած փաստաթղթում շատ է կարևորվում յուրաքանչյուր դրույթի ճշգրիտ ներկայացումը: Հիշո՞ւմ եք թևավոր դարձած նախադասությունը` գնդակահարել չի կարելի ներել: Ահա նրանից, թե որտեղ կդրվի ստորակետը` դրանից էլ կախված է կլինի մարդու կյանքը: Ինչևէ, հայտարարության 3-րդ կետում կոնգրեսականները, անկասկած, միտումնավոր խեղաթյուրված են ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Թուրքական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության հետևյալ դրույթը. «Իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգմանն ուղղված երկխոսություն պատմական հարթության մեջ, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: Ինչո՞ւ են կոնգրեսականներն իրենց հայտարարության տեքստում խեղաթյուրել այս չափազանց  կարևոր  դրույթը:  Միգուցե՞  նրանք  քաջ գիտակցում են, որ խեղաթյուրված դրույթը երբեք չի կարող ստվեր գցել հայտարարության մեջ արձանագրված առաջին երկու գնահատականների վրա, հետն էլ լավ հասկանում են, որ պետք է արմատական ընդդիմադիրի կեցվածքն ամեն գնով պահպանել: Էլ չասենք, որ ինչպե՞ս կարող էին նրանք հակադրվել այդ արձանագրությունների բովանդակությանը, որոնք լույս աշխարհ են եկել ԱՄՆ-ի կողմից թափված մեծ ջանքերի արդյունքում: Մինչդեռ վերը հիշատակված դրույթի բացառիկ կարևորությունը դժվար է գերագնահատել, և հիմնավորեմ, թե ինչո՞ւ: Այսպես, ժամանակակից Թուրքիայի մեծագույն գրող Օրհան Փամուկը 2005 թ. փետրվարի 6-ին հարցազրույց էր տվել Ցյուրիխի “Tages-Anzeiger” թերթին: Թղթակցի հարցերից մեկին պատասխանելիս, Փամուկն ասել էր. «Այս հողի վրա (ի նկատի ունի Թուրքիան - Ա.Գ.) սպանվել են 30 հազար քրդեր և մեկ միլիոն հայեր, բայց ինձանից բացի ոչ ոք չի համարձակվում այդ մասին խոսել»: Արդեն իսկ փետրվարի 18-ին Կայսերի քաղաքի դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասված էր` գրողին մեղադրանք կներկայացվի «թուրքական ազգին, թուրքական զինված ուժերին և Թուրքիային ամբողջությամբ անհիմն զրպարտելու համար»: Քրեական գործը հարուցվել էր 2005 թ. հունիսին` Քրեական օրենսգրքի 301 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այնտեղ գրված է, որ թուրքական ազգին, պետությանը կամ պառլամենտին հրապարակայնորեն զրպարտելը քրեական հանցագործություն է և պատժվում է կես տարուց մինչև երեք տարի ազատազրկմամբ: Նշենք, որ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը սկզբում կազմված էր երեք մասից: Առաջին մասը վերաբերում էր թուրքական ազգին պարսավելուն (դատապարտելուն) և պետությանն ամբողջությամբ, երկրորդում` ասվում էր պետական առանձին հաստատություններին և բանակին զրպարտելու, երրորդում` արտասահմանում գտնվող Թուրքիայի քաղաքացու կողմից արված զրպարտանքի մասին: Այդ ձևակերպումները Եվրամիությունում տարակուսանք էին առաջացրել: Իրավապաշտպան կազմակերպությունները հաշվարկել էին զրպարտելու հոդվածով Թուրքիայում իրականացված շուրջ 60 դատավարություններ, որոնց արդյունքում 301 հոդվածով դատապարտվել էին գրողներ, լրագրողներ, մանկավարժներ: Քրեական գործերի ճնշող մեծամասնությունը հարուցվել էր հայկական և քրդական հարցերի առնչությամբ ունեցած ելույթների համար: Այստեղ հարկ է նշել, որ Քրեական օրենսգրքի և պատիժների համակարգի փոփոխությունը եղել է Թուրքիային ներկայացվող Եվրամիության պահանջներից մեկը: Ուշագրավ է, որ 2006 թ. հունվարի 6-ին Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկը հանդես էր եկել հայտարարությամբ, որից հետևում էր, որ Փամուկը պետք է ներողություն խնդրի ժողովրդից և այդ ժամանակ նրա դեմ հարուցված քրեական գործը կկարճվի: Ըստ որում, նախարար Չիչեկը Փամուկի հայտարարությանը իրավական և ոչ մի գնահատական չէր տվել: Հենց այդ նույն օրերին թուրքական մամուլում լրատվություն սպրդեց այն մասին, որ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը դատապարտում է Փամուկի դեմ իրականացվող հետապնդումները, որպես երկրի նկարագիրն արատավորող և նրա փառքին վնաս պատճառող: Հունվարի 22-ին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Փամուկի գործը վերադարձվել է Ստամբուլի դատարան, իսկ մեկ օր անց հայտարարվեց, որ գրողի գործը փակված է: Նշեմ նաև, որ Փամուկի դեմ քրեական հետապնդումները դեռ չսկսված, գրողի պաշտպանությամբ հանդես էին եկել աշխարհի խոշորագույն ժամանակակից գրական գործիչներ Ջոն Ապդայկը, Ժոզե Սամարագոն, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Գյունթեր Գրասը, Կարլոս Ֆուէնտեսը, Ումբերտո Էկոն, Խուան Գոյթիսոլոն, որոնք թուրքական իշխանություններին ուղղված համատեղ նամակում խնդրել էին դադարեցնել Փամուկի դեմ կազմակերպված հետապնդումները: Ամենևին էլ պատահական չէ, որ այսքան մանրամասն անդրադարձա այս պատմությանը, քանզի մենք պետք է տեղեկացված լինենք, թե Թուրքիայում անգամ իսկ Հայոց Ցեղասպանության պատմական իրողությունը հիշատակելու համար ինչպիսի տխուր ոդիսական է ունեցել աշխարհահռչակ թուրք գրող Օրհան Փամուկը` Մեծ մտավորականը, որը 2006 թ. գրականության ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի:

Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժման մեկ այլ օրինակ էլ հիշատակեմ: Այսպես, 2008 թ. դեկտեմբերի 15-ին պրոֆեսորներ Ահմետ Ինսելը, Բաշկին Օրանը, լրագրողներ Չենգիզ Աքտարը, Ալի Բայրամօղլուն և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական 200 գործիչներ www.ozurdiliyourz.com ինտերնետային կայք-էջում տեղադրել էին հանրագիր, որտեղ գրված էր. «Իմ խիղճը չի կարող հաշտվել, որ Մեծ աղետը, որին 1915 թ. Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին հայերը, բախվում է անտարբերության և ժխտման: Ես չեմ կարող հաշտվել նման անարդարության հետ: Ես կարեկցում եմ իմ հայ եղբայրների և քույրերի ապրումներին ու դժբախտությանը և նրանցից էլ եմ խնդրում ներողություն»: Հանրագրի հրապարակումից հետո դեռ 24 ժամը չլրացած` դրա տակ ստորագրություններ էին դրել ավելի քան 8000 մարդ, իսկ 2009 թ. հունիսի 13-ի դրությամբ հանրագրի տակ ստորագրել էին ավելի քան 30 հազար մարդ` տաքսու վարորդներ, ուսուցիչներ, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավորներ… Այս պարագայում, եթե մենք հրաժարվում ենք «իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգմանն ուղղված երկխոսություն պատմական հարթության մեջ», արդյո՞ք դրանով չենք դավաճանում 30 հազարից ավելի Թուրքիայի այն քաղաքացիներին` մտավորականներին, մանկավարժներին, շարքային քաղաքացիներին, ովքեր, առանց չափազանցության, վտանգելով իրենց կյանքը «կարեկցում են հայ եղբայրների և քույրերի ապրումներին ու դժբախտությանը և նրանցից էլ են խնդրում ներողություն»: Արդյո՞ք մենք խոհեմություն դրսևորած կլինենք թուրք հասարակության այն ավելի քան հարյուր  հիսուն հազար ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հավաքվել էին Հրանտ Դինքի մահվան սգո արարողության ժամանակ` վեր խոյացնելով պաստառներ, որոնց վրա գրված էր` «Մենք Հրանտ Դինք ենք», «Մենք էլ ենք հայ»: Մի՞թե այդ մարդիկ, դեռ մինչև այս երկու նախաստորագրված արձանագրությունների հրապարակումը, չեն ցուցաբերել իրենց պատրաստակամությունը մեզ` հայերիս հետ արդեն իսկ հեռակա կարգով սկսել «իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգմանն ուղղված երկխոսություն պատմական հարթության մեջ»: Ի՞նչ, մերժե՞նք այդ պատրաստակամությունը, որը նրանց համար հղի է վտանգներով ժամանակակից Թուրքիայում, նետե՞նք նրանց  թուրք ազգայնականների գիրկը, ովքեր մինչև օրս յուրաքանչյուր հայի մեջ թշնամի են տեսնում: Ի՞նչ, ուրախությո՞ւն պատճառենք նրանց, որ չարախնդան, հեգնեն, ասելով` տեսեք, հայերը ձեզ հետ անգամ իսկ խորշում են խոսել, արհամարհում են ձեզ, իսկ դուք հայցում եք նրանց ներողամտությունը: Եկեք թուրքական այսօրվա իրողություններին սթափ նայենք և սուր անկյուններից դիվանագիտական շրջանցումներ չանենք: Այսպես, ճիշտ վերջերս Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ հարցվածների 70%-ը դեմ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Ուրեմն, նման իրավիճակում ո՞րն է մեր անելիքը` երկխոսությունը մերժելով մեզնից վանե՞նք հարցվածների այն 30%-ին էլ, որոնք կողմ են դիվանագիտական կապերի հաստատմանը, սահմանի բացմանը, թե՞, ընդհակառակը, օգտագործելով արձանագրության այդ դրույթը թուրք ժողովրդին  լիարժեքորեն զինենք 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը հաստատող անվիճարկելի փաստերով:

Նախաստորագրված արձանագրության այս դրույթի ընդունումը, միջազգային քաղաքականության կենտրոնների ներգրավմամբ, հայկական կողմին հնարավորություն կընձեռի թուրքական իշխանությունների առաջ հարց բարձրացնել առ այն, որ հարկ է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածում կատարել այնպիսի լրացումներ, որոնք կվերացնեն ցանկացած խոչընդոտ անկաշկանդ իրականացնելու «պատմական հարթության մեջ երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»: Կարծում եմ, բերված հիմնավորումները բավարար են եզրակացնելու համար, որ սեպտեմբերի 1-ի ՀԱԿ-ի հայտարարության 3-րդ կետը զուրկ է որևէ հիմնավորումից:

Հիմա անդրադառնանք ՀԱԿ – ի հայտարարության 4-րդ կետին, որտեղ ասվում է. «4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ ձգձգել հայ-թուրքական սահմանի բացումը»:

Այս պնդման առաջին մասը, վերը բերված հիմնավորումների լույսի ներքո, կարելի է ճիշտ հակառակ իմաստով մեկնաբանել, և դա կլինի արդարացի: Այսինքն, եթե ասենք, որ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովին մասնակից դարձնելով նախաստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացին, ըստ էության, խորհրդարանի հետ կիսում է ոչ թե պատասխանատվությունը, այլ` դափնիները: Ակնհայտ է, որ այդ դրույթի (պատմական հարթության մեջ երկխոսության) ուժի մեջ մտնելու հետ, Հայաստանի դիվանագիտության կողմից համակարգված աշխատանք կատարելու դեպքում, մենք կկարողանանք Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմնակիցների, ապաշխարհության ճանապարհն ընդունողների բանակը հազարապատկել: Չէ՞ որ հայերիս համար առավել կարևոր է, որ Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության փաստն առաջին հերթին ճանաչեն թուրքական իշխանությունները և դա անեն ոչ թե այս կամ այն երկրի ճնշումների ներքո (ճնշումներ, որոնք, ավա՜ղ, առանձին պետությունների կողմից օգտագործվում են սեփական նպատակներին հասնելու համար), «այլ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով»: Այսքանը` քաղաքական գնահատականների առումով: ՀԱԿ-ի սույն պնդմամբ հրապարակ է գալիս զավեշտալի մի իրողություն: Արդեն շուրջ երկու տարի է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները հայտարարում են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերահաստատման արդիականության մասին: Եվ հիմա պարզվում է, որ նրանք այդ Սահմանադրությունն էլ մակերեսորեն գիտեն, այլապես իրենց հայտարարության 4-րդ կետում չէին քննադատի դրույթ, որը սահմանադրական պահանջ է: Պարզեցնեմ միտքս. ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` «Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ… 2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը», այդ նույն ՀՀ Հիմնական օրենքին համաձայն: Այնտեղ նաև գրված է. «Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը` ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն»: Կարծում եմ, մարդ պետք է առնվազն հիվանդ երևակայություն ունենա, որպեսզի նախաստորագրված արձանագրություններում չնկատի, որ դրանց բովանդակությունն ունի ընդգծված քաղաքական բնույթ: Այսքանից հետո ակամայից հարց է ծագում` Հայաստանում այդ ի՞նչ սահմանադրական կարգերի վերականգման համար էին պայքարում, ժողովրդին ոտքի հանում, երբ անգամ իսկ իրենք էլ սահմանադրական նման կարևոր պահանջներից անտեղյակ են: Ինչպես կասեր իմ լատինացի հին բարեկամը` ‘‘O tempora! O mores!’’.

Շարունակելով հնչած արձագանքների վերլուծությունը, կարծում եմ, տեղին կլիներ նաև անդրադառնալ հայ - թուրքական հարաբերություններին առնչվող Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին: Այսպես, 2008 թ. սեպտեմբերի 15-ի հանրահավաքում ցեղասպանության և հայ - թուրքական հարաբերությունների մասին խոսելիս ԼՏՊ-ն ասել էր. «…Հայաստանը համարում է, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է, իսկ Թուրքիան դա չի ընդունում: Այլ կերպ ասած, համաձայնում ենք, որ տեսակետները տարբեր են, և մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս անհամաձայնության հիման վրա: Տվյալ դեպքում այս հարցը չի խանգարում հայ - թուրքական հարաբերությունների մնացյալ հարցերի կարգավորմանը»: Հիմա միասին տրամաբանենք, թե մոտեցումներից որ՞ն է Հայոց Ցեղասպանության ուրացում: Այն, ինչ տեղ է գտել Հայաստանի Հանրապետության և Թուրքիական Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունում` պայմանավորած «պատմական հարթության մեջ երկխոսության»  դրույթի հե՞տ, թե՞ ՀԱԿ-ի առաջնորդի կողմից հնչեցված մոտեցման մեջ: Արդյո՞ք ակնհայտ չէ, որ նման դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան հայ - թուրքական միջպետական հարաբերությունների հաստատումից հետո Հայոց Ցեղասպանության հարցերը մոռացության մատնելու միջոց: Չէ՞ որ ԼՏՊ-ն, կրկնեմ, պարզ և հրապարակավ հայտարարում է. «…Հայաստանը համարում է, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն  է, իսկ Թուրքիան դա չի ընդունում … և մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս անհամաձայնության հիման վրա»: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Ասել կուզի` Հայաստանի Հանրապետությունը հաշտվում է այն մտքի հետ, որ թուրքական կառավարությունը երբևէ չի ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը: Իսկ այս պարագայում ակնկալել, որ որևէ երկիր պետք է ճանաչի և դատապարտի այն, առնվազն միամտություն կլինի:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հայտարարությունում տեղ գտած այն մտահոգությանը, որ նախաստորագրված արձանագրություններն իրավական ուժ կստանան համապատասխան խորհրդարանների վավերացումից հետո, ապա, այո, այս դրույթը մեր կարծիքով էլ «հնարավորություն է տալիս… Թուրքիային` Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել հայ - թուրքական սահմանի բացումը»: Այս հարցում Հանրապետության առաջին նախագահը միանգամայն իրավացի է: Ավելին, նա երիցս ճշմարիտ էր, երբ վերը հիշատակած հանրահավաքում ասել էր. «… դժբախտաբար, հայ - թուրքական կարգավորման գլխավոր խոչընդոտը նույնիսկ Ցեղասպանության հարցը չէ, այլ Ղարաբաղյան հակամարտության առկայությունը»:

Այստեղ տեղին կլինի խնդրո առարկայի շուրջ որոշակի պարզաբանումներ տալ, որոնց հայ քաղաքական գործիչներից և ոչ ոք, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, իր կատարած վերլուծություններում այդպես էլ չի անդրադարձել: Ինչո՞ւմն է խնդիրը: Թուրքիայի և առաջին հերթին Արևմուտքի համար խիստ կարևոր է, որ լինի հայ -թուրքական բաց սահման, որ Թուրքիան կարողանա ճանապարհային ուղիղ հաղորդակցություն հաստատել մինչև Կասպից ծով: Դա նրանց հնարավորություն կընձեռի զգալիորեն ուժեղացնել ադրբեջանա - թուրքական ռազմաքաղաքական ներկայությունն այդ տարածաշրջանում: Դա էլ իր հերթին ավելի դյուրին կդարձնի Թուրքիայի տարածքով մերձկասպյան հանրապետությունների, Կասպից ծովի ընդերքի նավթագազային պաշարները Եվրամիության երկրներ, ինչպես նաև` Սիրիա և Իսրայել տեղափոխել: Այդ պարագայում, թե որքանո՞վ կբարձրանա Թուրքիայի կշիռը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինքնին հասկանալի է. “Nabucco” խողովակաշարի ճակատագիրն էլ կորոշվի հօգուտ թուրք - ադրբեջանական դաշինքի: Զարգացումների նման պայմաններում Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղն էլ վերջապես երաշխավորված կլինի տարեկան կտրվածքով 50 մլն տոննա նավթ հասցնել Միջերկրական ծովի այդ նավահանգիստ, այնտեղից էլ` դեպի Եվրոպա ու Իսրայել: Իսկ այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման պարագայում և հայ - ադրբեջանական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո` երկկողմ հարաբերությունների զարգացման համընդհանուր պայմանագրի կնքման արդյունքում: Ըստ որում, ամենևին էլ պատահական չէ, որ ուժի արևմտյան միջազգային կենտրոնների ներկայացուցիչները, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը թեպետ անմիջականորեն չկապելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, շարունակաբար նշում են, որ այդ երկու գործառույթները պետք է զուգահեռաբար ընթանան: Ավելին, շեշտում են, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը զգալիորեն կլիցքաթափի մեր տարածաշրջանում լարվածությունը, ինչն էլ իր հերթին դրականորեն կանդրադառնա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա: Իսկ Թուրքիայի ղեկավարությունը, հատկապես վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գրեթե ամեն օր իրենց հայտարարություններում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն պայմանավորում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ:

Բնականաբար, նման ճանապարհով գործառույթների զարգացումը կհանգեցնի մեր տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության, եթե ոչ դուրս մղմանը, ապա Հարավային Կովկասում նրա դերակատարության և ազդեցության զգալի անկմանը: Դա նաև կբերի Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացմանը, մեր տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում իրականացվող տնտեսական խոշոր ծրագրերից նրա դուրս մղմանը: Ծրագրեր, որոնց իրագործումն ապահովելու համար անհրաժեշտ կլինի կյանքի կոչել նաև ռազմաքաղաքական որոշակի նախագծեր: Թերևս, սրա լույսի տակ պետք է դիտարկենք այն, որ ԱՄՆ-ը և Ադրբեջանը շատ ակտիվ համագործակցում են «Կասպյան պահապան»  ծրագրի շրջանակում: Մասնավորապես, ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ղազախստանին հատկացրել էր 130 մլն դոլար, որը պետք է ուղղվեն այդ երկրների ռազմածովային ուժերի արդիականացմանը: Նաև այս իրողությամբ է պայմանավորված այն, որ վերջին շրջանում Կասպյան տարածաշրջանի խնդիրները դարձել են Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հոգածության առանցքային ուղղություններից մեկը: Ավելին, ս. թ. մայիսին ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարությունը մինչև 2020 թ.»  փաստաթղթում նշված է, որ Կասպից ծովի ավազանը և Կենտրոնական Ասիան Մոսկվայի համար գերակայություն են, քանի որ «Միջազգային քաղաքականության ուշադրությունը երկարաժամկետ հեռանկարում կենտրոնանալու է էներգապաշարների աղբյուրների տիրապետելուն»: Այստեղ հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում ՌԴ-ի ու Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների հարցում մեծապես համընկնում են, չնայած այն հանգամանքին, որ մերձկասպյան երկրների միջև Կասպից ծովի բաժանման սկզբունքները միմյանցից տարբերվում են: Իրանը պնդում է, որ ծովը բաժանվի ըստ ազգային գոտիների, իսկ ՌԴ-ն` կողմնակից է, որ ծովի բաժանումը կատարվի հատակով, իսկ ջուրը գտնվի ընդհանուր օգտագործման տիրույթում: ՌԴ-ին մտահոգել էր նաև այն, որ Ադրբեջանն ու Ղազախստանը մերժել էին Կասպից ծովում միասնական ռազմածովային կառույց` ‘‘??????’’, ստեղծելու իր գաղափարը: Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանը նախ համաձայնել էր, իսկ հետո` մերժել Ռուսաստանին: Հարկ է նաև նշել, որ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ս. թ. ապրիլին հայտարարել էր, որ Ռուսաստանն ամբողջովին հավանություն է տալիս «Կասպյան Տնտեսական Համագործակցության»  կազմակերպություն ստեղծելու գաղափարին: Ավելին, պաշտոնական Մոսկվան ու Թեհրանը հուլիսի 29-ին Կասպից ծովում ու իրանական Էենզելի նավահանգստում առաջին անգամ անցկացրին մեկօրյա ծովային ռազմավարժանքներ` «Մաքուր և անվտանգ Կասպին` տարածաշրջանային համագործակցություն»  նշանաբանով` շուրջ 30 ռազմանավերի մասնակցությամբ:

Այս հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումները ամբողջական ներկայացնելու համար հիշեցնեմ, որ վերջերս` օգոստոսի 17-ին, Աստրախանում կայացած մերձկասպյան համագործակցությանը նվիրված խորհրդակցությունում նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ներածական խոսքում ասել էր. «Կասպից ծովի հանքային պաշարների նշանակությունը ռեգիոնալ և գլոբալ էներգետիկ անվտանգության տեսակետից հնարավոր չէ գերագնահատել: Օրինաչափ է, որ դրանց յուրացումը և փոխադրումը շոշափում են ոչ միայն մերձկասպյան հինգ պետությունների, այսպես կոչված, կասպյան հնգյակի, այլև` արտատարածաշրջանային գործընկերների շահերը, նրանց, ովքեր շահագրգռված են համապատասխան տեսակի պաշարների շահագործման մեջ … ես կուզենայի հատուկ ընդգծել մեր սկզբունքային տեսակետը: Մեզ համար Կասպիայում առաջնային են Ռուսաստանի Դաշնության և մերձկասպյան մյուս պետությունների շահերը: … Դանդաղ, բայց, այնուամենայնիվ, առաջ են շարժվում Կասպից ծովում անվտանգության ապահովման բազմակողմ համագործակցության նախաձեռնությունները: … Անհրաժեշտ է անել ամեն հնարավորը Բաքվում փորձագետների հանդիպման արագ գումարման համար, որ առարկայորեն մշակվեին Կասպից ծովում անվտանգության ոլորտում համագործակցության մասին հնգակողմ պայմանագիրը»: Այսինքն, խոսքը գնում է այն մասին, որ Կասպից ծովում անվտանգության ապահովումը պետք է իրականացվի բացառապես մերձծովյան հինգ պետությունների կողմից:

Եթե վերագրյալ հարցերի տեսանկյունից ենք մոտենում խնդրո առարկային, ապա հասկանալի է, թե ինչու են մերձավոր դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան այդչափ շահագրգռված, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ամեն գնով կապեն հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Նրանք քաջ գիտակցում են, որ այդ հարաբերությունների կարգավորման օգտին իրենց հավանությունն են տվել թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը և թե՜ Եվրամիությունը: Ուստի, նրանք կարագացնեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիան ամեն կերպ փորձում է ցամաքային կայուն կապ ունենալ դեպի Կասպից ծով, Նախիջևան, Մեղրի - Ադրբեջանի տարածքով և իր այդ ձգտման մեջ նրան անվերապահորեն աջակցում է ԱՄՆ-ը: Ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին, ապա, կարծում եմ, կրկնելու անհրաժեշտության կարիքը չկա: Այնպես որ, պետք է համաձայնել ՀԱԿ-ի հայտարարության 4-րդ կետի  այն պնդման հետ, որ, այո՛, Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ կարող է Ազգային Մեծ ժողովում ձգձգել վավերացման հարցը և դրանով իսկ հետաձգել թե՛ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, թե՛ հայ - թուրքական սահմանի բացման հարցերը: Հայկական դիվանագիտությունը, կարծում եմ, հետևողական աշխատանք կծավալի շահագրգիռ այն երկրների շրջանակում, ովքեր հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը Կասպից ծովում անվտանգության ապահովության մասին:

Կարևոր եմ համարում ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա ևս: Վերն ասվածի համատեքստում առավել հետաքրքիր է դառնում վերջին շրջանում նկատվող ադրբեջանա - իսրայելական մերձեցումը: Այսպես, ս. թ. հունիսի 28-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Իլհամ Ալիև - Շիմոն Պերես բանակցությունների ժամանակ խոսքը գնում էր ոչ թե տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիների որոնման շուրջ, այլ ընդհակառակը` պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Երկու երկրների միջև համաձայնագիր է կնքվել Ադրբեջանում բարձր տեխնոլոգիական գործարանի շինարարության մասին Իսրայելի “Aeronautics LTD” կոնցեռնի կողմից, որը մասնագիտացած է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում: Պաշտոնական այցի ժամանակ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Ադրբեջանի Օտար լեզուների համալսարանում ունեցած ելույթում հայտարարել էր. «Չնայած օկուպացիային` Ադրբեջանի ժողովուրդը պահպանել է իր մշակույթը և լավատեսությունը:… Իսրայելը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել` դա ձեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»: Պաշտոնական Բաքուն իրականացնելով Իսրայելի հետ մերձեցման քաղաքականություն` ծածուկ հույսեր է փայփայում, որ ադրբեջանական կողմին կհաջողվի օգտագործել ԱՄՆ-ի Կոնգրեսի հրեական հզոր լոբբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ադրբեջանանպաստ լուծման համար: Չմոռանամ նաև հիշատակել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում 2009թ. հունիսին կայացած նախագահական ընտրությունները մեկնաբանելով, Պերեսը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայիս իշխանությունները «կանհետանան»: Ի դեպ, նշենք, որ Իսրայելը ամեն տարի Ջեյհանից գնում է շուրջ 2 մլն տոննա ադրբեջանական բարձրորակ նավթ: Նշված քանակը կազմում է Իսրայելի այդ հումքի տարեկան պահանջարկի 16%-ը:

Հարավային Կովկասում այս բոլոր զարգացումները համադրելիս` Հայաստանի համար առավել կարևոր են դառնում մեր ռազմաքաղաքական դաշնակցի և բարեկամի` Ռուսաստանի Դաշնության պաշտոնական մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այստեղ հարկ է նշել, որ թե՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թե՛ վարչապետ Վլադիմիր Պուտինը և թե՛ նախագահ Դմիտրի Մեդվեդևը խնդրո առարկայի շուրջ տված բոլոր հայտարարություններում ընդգծել են, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և ելակետ է ընդունում այն, որ խնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուները հայերն ու ադրբեջանցիներն են: Միաժամանակ քանիցս շեշտվել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է սատարել փոխզիջումային այնպիսի պայմանավորվածության, որը ընդունելի կլինի հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի համար: Ավելին, հայտարարել է, որ, կողմերի նման համաձայնության գալու դեպքում, Մոսկվան մշտապես պատրաստակամ է դառնալ դրա կատարման երաշխավորը: Սա նշանակում է` այն բոլոր շահարկումները, տրտունջները ըստ որոնց «նախաստորագրված երկու արձանագրությունների այս տեսքով վավերացումը կործանարար ազդեցություն և անդառնալի հետևանքների է հանգեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»  կամ էլ «Լավատեսութեան, ինքնիշխանութեան  այլ պետութիւններու ներքին գործերուն չմիջամտելու անխախտելիութեան սկզբունքները յարգելու իրենց երկկողմ ու բազմակողմ պարտաւորութիւններու վերաբերեալ կէտով, Հայաստան փաստօրէն կընդունի Արցախը Ատրպէյճանի կազմին ձգելու պարտաւորութիւնը», կամ նպատակ են հետապնդում միտումնավոր նսեմացնել, եթե ոչ ամբողջությամբ անտեսել ՌԴ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում, կամ էլ խնդրո առարկային չտիրապետելու հետևանք են:  Այս տեսակետից առավել կարևոր հնչեղություն է ստանում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի ս. թ. սեպտեմբերի 1-ին տարածած մեկնաբանությունները` Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների նորմալացնելու մասին: Այնտեղ ուղղակի գրված է. «Նշում ենք, որ այդ փաստաթղթերում նախատեսված քայլերից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես որևէ երրորդ կողմին վնաս հասցնող»: Տվյալ դեպքում, կարծում եմ, որ ասելով երրորդ կողմ, ի նկատի ունեն ճիշտ նույն Ռուսաստանի Դաշնությունը:

Մտորելով նախաստորագրված արձանագրություններին Հայաստանի քաղաքական ուժերի տված գնահատականների մասին, անդրադառնանք նաև «Ժառանգություն»  կուսակցության կողմից սեպտեմբերի 3-ին տարածած հայտարարության մի քանի դրույթներին: Հայաստանի իշխանություններին հայտնելով իրենց վրդովմունքը նախաստորագրված արձանագրությունների նկատմամբ` «Ժառանգությունը»  հայտարարությունում, մասնավորապես, նշում է. «Դրանց հեռահար նպատակն է պարտադրել Հայաստանին. ա) հետահայաց վավերացնել 20-րդ դարասկզբի թուրք - բոլշևիկյան համաձայնագրերը, որոնք անդառնալի հարված են հասցրել հայ ժողովրդի շահերին, բ) միակողմանի հաշտվել 1915 թ. Ցեղասպանության և Հայրենասպանության, Հայոց Մեծ Հայրենազրկման իրողությունների ու հետևանքների հետ»: Հասկանալի է, որ թուրք - բոլշևիկյան համաձայնագրեր ասելով` նկատի ունեն 1921 թ. մարտի 21-ին Մոսկվայում ստորագրված ռուս - թուրքական պայմանագիրը և նույն թվականի հոկտեմբերի 13-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ԽՍՀ-ի և Թուրքիայի միջև կնքված բարեկամության մասին մյուս պայմանագիրը` Կարսի պայմանագիրը: «Ժառանգություն»  կուսակցության կողմից այդ պայմանագրերին տրված գնահատականը միանգամայն արդարացի են: Սակայն հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարում այդ նույն «վրդովմունքը»  հայտնել, երբ 2006 թ. դեկտեմբերի 13-ին «Նոյյան տապանը»  զետեղել էր մի նյութ, որում, հղում անելով «Մարմարային», մեջբերումներ էին արվել ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի պատասխաններից` տված թուրքական «Ջումհուրիեթ»  թերթի թղթակցի հարցին` արդյոք Հայաստանում ճանաչո՞ւմ են Կարսի պայմանագիրը: Արտգործնախարար Օսկանյանը պատասխանել էր. «Հայաստանը երբեք պրոբլեմ չի դարձրել Կարսի պայմանագրի իսկության հարցը, որովհետև Հայաստանը մնում է հավատարիմ ԽՍՀՄ-ից ժառանգած բոլոր պայմանագրերին», սակայն «Հարցը նրանում է, որ ինքը` Թուրքիան, չի հետևում Կարսի պայմանագրի մի շարք հոդվածներին: Օրինակ համաձայն պայմանագրի` Թուրքիան 3 արևելյան հարևան երկրներում պարտավոր էր բացառել հյուպատոսությունները: Թուրքիան խախտեց պայմանագրի այդ հոդվածը»: Հարց է առաջանում` արդյոք ուշի մե՞ջ է Կարսի պայմանագիրը: Նշենք, անարձագանք մնաց նաև 2006 թ. հունիսի 14-ին “REGNUM”  գործակալությունում հրապարակված «Հայաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն». - համարում է հանրապետության պառլամենտի փոխխոսնակը»  վերտառությամբ նյութը, որտեղ Վահան Հովհաննիսյանը պատասխանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆրենկ Քուկի հարցին, թե այսօրվա Հայաստանին ինչպիսի՞ սպառնալի վտանգներ կան, մատնացույց էր արել Թուրքիային, որը երկար տարիներ է, ինչ Հայաստանին ենթարկում է շրջափակման, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար դնում է այնպիսի նախապայմաններ, որոնք անհնարին են դարձնում հարաբերությունների լավացումը: Խոսելով նախապայմանների մասին` Վահան Հովհաննիսյանն ասել էր. «… և, վերջապես, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման պրոբլեմը, որը Հայաստանը պաշտոնապես չի էլ վիճարկել, քանզի գոյություն ունի Կարսի պայմանագիրը, որը ոչ ոք չի վերանայել»: Հարցեր են առաջանում նաև այն կապակցությամբ, որ «1915 թ. Ցեղասպանության և Հայրենասպանության, Հայոց Մեծ Հայրենազրկման»  մասին հայտարարում է մի կուսակցություն, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 2007 թ. օգոստոսի 29-ին Թուրքիայի նորընտիր Նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած շնորհավորական ուղերձում «Մեծ Ցեղասպանություն», «Մեծ Հայրենասպանություն»  ձևակերպումները իսպառ բացակայում էին: Միաժամանակ այդ նույն ուղերձում Ր.Հովհաննիսյանը Գյուլին գրում է. «Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպես նաև մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք - հայկական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման և վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ: Այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր քաղաքագիտության և ստեղծագործական դիվանագիտության շնորհիվ, այլև ապագայի անկեղծ, երկուստեք քննարկման միջոցով` խարսխված պատմության համարձակ ու աննախադեպ ընդունման վրա: … Մեր պետությունների միջև գոյություն ունեցող խոր վիհերը` լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե` Մեծ Հայրենազրկման տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն և լուծվեն ճշմարտությամբ, շիտակությամբ, նորընտիր երկու ղեկավարների և նրանց բարյացակամության ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով»: Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն մեջբերում անում, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու մոտ, որը կընթերցի Թուրքիայի նախագահին ուղղված Ր. Հովհաննիսյանի շնորհավորական այս ուղերձը, կըմբռնի դրա տոնայնությունը, ինքն իրեն խոստովանի, որ դա իր մոտ գայթակղություն է առաջացրել առաջարկությամբ հանդես գալ, այն է` նախաստորագրված արձանագրությունները երկու կողմերի համար էլ շատ ավելի շահեկան կլինեին, եթե դրանց որպես նախաբան կցվեր Գյուլին հղած «Ժառանգության»  առաջնորդի ուղերձը: Ուղերձ, որը, անկասկած, մեծապես համահունչ է արձանագրություններում տեղ գտած գնահատականներին և դրույթներին, դրանց ոգուն:

Այս դիտարկումներից ի՞նչ հետևություններ կարելի է անել:

Առաջին. Թուրքիայի ազգայնական կուսակցությունները, լինի դա Ազգային գործողության կուսակցությունը (2007թ. հուլիսի 22-ի պառլամենտական ընտրություներում ստացել է ընտրողների 14,3% քվե, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում ներկայացված է 71 պատգամավորով), թե Մուսթաֆա Քեմալի հիմնած Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (որը 2007 թ. պառլամենտական ընտրություններում դաշինք կազմելով Դեմոկրատական ձախ կուսակցության հետ, ստացել էր ընտրողների քվեների 22% և 112 պատգամավորական մանդատ), լինելով ընդդիմադիր Էրդողանի - Գյուլի գլխավորած իշխող «Արդարություն և Զարգացում»  կուսակցությանը, արդեն իսկ հանդես են գալիս հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների սուր քննադատման դիրքերից: Արձանագրությունների մերժումը ի թիվս այլ հարցերի նրանք պայմանավորում են Լեռնային Ղարաբաղը և ազատագրված հարակից տարածքները Ադրբեջանին հանձնելու պարտադիր նախապայմանի բացակայության փաստով: Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում այդ արձանագրությունները բոլորի կողմից անխոս ընդունվում են, հավանաբար, շահագրգիռ երկրների վերլուծաբանների խորհրդով անհրաժեշտ համարվեց «հավասարակշռություն»  ապահովելու նպատակով Թուրքիայի պառլամենտի օրինակով, որտեղ պառլամենտական ընդդիմադիր ուժերը դեմ են  նախաստորագրված արձանագրություններին, նմանատիպ նախադեպ ստեղծել նաև Հայաստանի Ազգային ժողովում: Հասկանալի է, որ դա  հնարավորություն կընձեռի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրով առավել շահագրգիռ ուժի միջազգային կենտրոններին սիմետրիկ ազդեցություն ներգործելու համար` խնդիր ունենալով երկու երկրների հասարակությունների լայն շրջանակներում կարծիք ձևավորելու առ այն, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումից հավասարապես շահելու են (կամ կորցնելու) երկու կողմերը: Ինքնին հասկանալի է, ընթացող գործառույթներում որքան կրքերը շիկանան, այդքան էլ կմեծանա հաշտարար, այս գործընթացներն ուղղորդող երրորդ կողմի` ԱՄՆ-ի դերակատարությունը: Եվ ամենևին էլ պատահական չէ այս օրերին արևմտյան դրամաշնորհներից (գրանտներից) սնվող «հետազոտական», «վերլուծական»  տարբեր կենտրոնների աճող ակտիվությունը թե՛ մամուլում և թե՛ հեռուստատեսությամբ: Հետաքրքրական է այն իրողությունը, որ այդ բոլոր գրանտակեր «վերլուծաբանները»  մեկեն դարձան միակարծիք` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումից շահողը, իբր, լինելու է միայն Ռուսաստանի Դաշնությունը: Հանրությանը միամիտի տեղ դնելով, որպես փաստարկ բերվում է այն, որ ռուսներին ավելի ձեռնտու է մեր տարածաշրջանային հարցերը կարգավորելիս գործ ունենալ Թուրքիայի, քան Արևմուտքի հետ: Կարծես Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ չէ, կարծես Թուրքիան` չունի անհագուրդ ձգտում դառնալ Եվրամիության անդամ, կարծես Թուրքիան չէ Ռուսաստանին շրջանցող “Nabucco” ծրագիրը կյանքի կոչելու հիմնական շարժիչ ուժը, կարծես թե արդեն մոռացության է մատնված Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գյունելի ս. թ. հունիսի 4-ին Վաշինգտոնում գումարված ամերիկա - թուրքական խորհրդի 28-րդ նիստի ժամանակ արած այն հայտարարությունը, որ «պետք է ձգտել նրան, որպեսզի Հայաստանը մերձենա Արևմուտքին և ոչ թե Ռուսաստանին ու Իրանին»: Եվ, վերջապես, չլինի՞ թե Ռուսաստանի շահերից էր բխում թուրքական մամուլում հրապարակված խայծը` Հայաստանին ներգրավվել “Nabucco” ծրագրի մեջ, որի հրապարակումը զարմանալի զուգադիպությամբ արվեց այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: Մենք, երևում է, թե դեռ պետք է գոհ լինենք մեր «գրանտակեր»  անալիտիկներից, որ իրենց այդ պնդման օգտին որպես համոզիչ փաստարկ չեն հիշատակում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի արդեն պարբերական բնույթ կրող հեռախոսազրույցները Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ, ինչպես նաև վերջիններիս հետ նրա պարտադիր հանդիպումները միջազգային զանազան համաժողովների ժամանակ:

Ինչ վերաբերում է հաճախակի հնչող այն պնդումներին, որոնց համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց, իբր, լարվում են, ավելին, ոմանք անգամ իսկ թուրքական իշխանությունների փոխարեն տրտնջում են, որ ադրբեջանական իշխանություններն աշխատում են Թուրքիայի ընդդիմության հետ և սպառնում են տորպեդահարել “Nabucco” ծրագիրը, ապա նման մոլորությունը հիշեցնում է ռուսական հայտնի ասացվածքը` «Մոլորվել են երեք սոճիների արանքում»:

Այդ բոլորը նմանակումներ, իմիտացիաներ են, և նպատակ ունեն ապակողմնորոշել թե՛ Արևմուտքին և թե՛ Ռուսաստանի Դաշնությանը: Արևմուտքին` սպառնալով, որ ադրբեջանցիները կգնան ռուսների հետ ավելի սերտ համագործակցության և դրանով իսկ կզրկեն եվրոպացիներին իրենց էներգակիրներով մատակարարելը դիվերսիֆիկացնելու հնարավորությունից, ավելին` նրանք կլծվեն Ռուսաստանի տարածքից դեպի Եվրոպա կառուցվելիք «Հարավային հոսք»  գազատարը երկնագույն վառելիքով ապահովելու գործին: Իսկ Ռուսաստանին էլ շահագրգռելով այդ ոլորտում ավելի սերտ համագործակցության հեռանկարով, ակնկալում են, որ վերջինս ճնշումներ կգործադրի իր ռազմաքաղաքական դաշնակցի` Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում գնա միակողմանի զիջումների: Սակայն ադրբեջանական ճիզվիտական այս գործառույթները գոնե Ռուսաստանի մասով, կարծես թե, խափանվեցին: Այսպես, ս. թ. հունիսի 29-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բաքու: Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների արդյունքում ռուսաստանյան Գազպրոմը և Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը կնքել էին պայմանագիր, ըստ որի 2010 թ. հունվարի 1-ից Ադրբեջանը պարտավորվում է ՌԴ-ին տարեկան կտրվածքով ընդամենը 500 մլն խորանարդ մետր գազ մատակարարել, այն էլ` Եվրոպային վաճառվող գազի բարձր սակագնով: Այլ կերպ ասած` Ադրբեջանն իր այդ պատասխանով, ըստ էության, վիժեցրել էր ՌԴ-ի առաջարկը և պատրաստակամությունը առ այն, որ նա երաշխավորում էր Ադրբեջանի սահմանից եվրոպական սակագներով գնել այս երկրից արտահանվող գազի ամբողջ ծավալը (բացառությամբ այն ծավալը, որը մղվում է Թուրքիա` Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարով): Անտարակույս, ՌԴ-ի ղեկավարությունը հասկացավ, թե գազի արտահանման ոլորտում որոնք են Ադրբեջանի իշխանությունների իրական նպատակները, թե որ երկրների հետ է նա պայմանավորում իր հեռանկարային տնտեսական ծրագրերը, ծրագրեր, որոնք պարզորոշ բացահայտում են այդ երկրի աշխարհաքաղաքական իրական կողմնորոշումները:

Կարելի է անդրադառնալ հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների այլ դրույթներին նույնպես, վերլուծել դրանց վերաբերյալ արված տարաբնույթ մեկնաբանությունները, սակայն հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել մեկ ուշագրավ փաստի վրա: Այսպես, մեր երեք ավանդական կուսակցությունները` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ - Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը բոլորն էլ հանդես են եկել նախաստորագրված արձանագրությունների կոշտ քննադատությամբ: Հայտնի է նաև, որ նրանք բավականաչափ ներկայացված են Սփյուռքի հիմնական գաղթօջախներում, որտեղ ունեն որոշակի ազդեցություն: Հայտնի է նաև այն իրողությունը, որ Սփյուռքի և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծ հեղինակություն վայելող ԱՄՆ – ի Հայկական Համագումարը և Հայ  Ընդհանուր Բարեգործական Միությունը տարածած իրենց հայտարարություններում, ըստ էության, անուղղակիորեն հավանության են արժանացրել հայկական դիվանագիտության քայլերը խնդրո առարկայի կապակցությամբ և մասնավորապես դրանց վերջին զարգացումները: Բնավ նման տարբեր գնահատականները` կուսակցությունների կողմից  արձանագրությունների կոշտ քննադատությունը, դրանց մերժումը, մյուս կողմից հայկական ճանաչված երկու կազմակերպությունների  կողմից դրսևորած լոյալությունը տարակուսանք, թյուրըմբռնում են առաջացնում  սփյուռքահայության շրջանում: Եթե դա արագորեն չփարատվի, ապա այդ գործառույթները կարող են հանգեցնել այս բարդագույն ժամանակաշրջանումհամայն հայության պառակտմանը: Անթույլատրելի շռայլություն, որի առաջը եթե չառնենք, ապա  ընթացող հայ – թուրքական  բանակցություններում կարող է ուժգին հարված հասցվել հայկական դիվանագիտության դիրքերին, զգալիորեն թուլացնելով պաշտոնական Երևանի դիրքերը: Յուրաքանչյուր կուսակցության, հասարակական կազմակերպության, ցանկացած անհատի կողմից հայտնած տեսակետ, կարծիք նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ արժեքավոր կարող է լինել մի դիտանկյունից` եթե  դա կօգնի հայկական կողմին նախագուշակել թուրքական կողմի հնարավոր «ծուղակները»,  անցանկալի վտանգավոր դրսևորումները, բանակցային գործընթացի ստորգետնյա խութերը: Սակայն, երբ արված քննադատության օգտակարությունը աննշան է վտանգներից նախազգուշացման առումով, բայց աշխարհասփյուռ հայությանը պառակտելու մեծ լիցք է կրում, ապա դա ի սկզբանե պետք է կանխվի: Հայ – թուրքական  դիվանագիտական կապերի հաստատման, հարաբերությունների զարգացման գինը  երբեք չի կարող հայերիս պառակտումը լինի: Դա անընդունելի է, մերժելի և անթույլատրելի է, և դա պետք է գիտակցեն բոլորը, հատկապես հայկական ավանդական կուսակցությունները, որպեսզի XXI-րդ դարում չստեղծվի մի իրողություն, որի մեջ հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքելիս: Կարծում եմ վերը շարադրվածից էլ հնարավոր է եզրակացություն անել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացումներով մեծապես պայմանավորված են լինելու ինչպես Հարավային Կովկասում ուժի միջազգային կենտրոնների ազդեցության վերադերաբաշխումները, այնպես էլ Կասպից ծովում ու Կենտրոնական Ասիայում թուրքական ու արևմտյան ազդեցության աճի կամ նվազման հնարավորությունները: Բնական է, որ ոչ տարածաշրջանային երկրների դերակատարության ակտիվացումը Հարավային Կովկասում երբեք ու երբեք չի բխում մեր հարևան և բարեկամ երկրի` Իրանի Իսլամական Հանրապետության շահերից: Իրանական կողմը, անշուշտ, գիտակցում է, որ Թուրքիայից Կասպից ծով տարանցիկ ճանապարհի բացման պարագայում որոշակիորեն կմեծանա նաև ՆԱՏՕ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում ու դրա հետ միջնորդավորված կաճի նաև Իսրայելի գործոնը: Իսկ Իրան-Իսրայել լարված հարաբերությունների մասին արդեն իսկ հիշատակել ենք:

Եվ այսպես, մեր օրերում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղարկվում է գլոբալ, աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերով հղի «Շախմատային Մեծ Պարտիա»: Հաղթանակի մրցանակային շահագումարն է` Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարուստ պաշարների առավել շահավետ գնումն ու դրանց տնօրինումը: Պաշարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել ո՜չ ԱՄՆ-ին, ո՜չ Եվրամիության անդամ երկրներին, ո՜չ Ռուսաստանի Դաշնությանը և ո՜չ էլ Չինաստանին, որը, համոզված եմ, ամենայն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային գործընթացներին և իր խոսքը դեռ կասի: Իսկ շահաբաժինը, իրոք, տպավորիչ է. Կասպից ծովում բացվել է նավթի ու գազի 20 հանքավայր և հայտնաբերվել են 250-ից ավելի հեռանկարային նավթաբեր հանքավայրեր: Նավթային հանքավայրերի ենթադրվելիք նախագուշակային պաշարները մոտավորապես կազմում են 24-26 մլրդ տոննա: Եթե համեմատելու լինենք համաշխարհային հետազոտված պաշարների հետ, որը 270-ից 400 մլրդ տոննա է, ապա Կասպից ծովի նավթային պաշարները կազմում են համաշխարհայինի 6-7%-ը: Իսկ բնական գազի նախագուշակային պաշարներն այդ տարածաշրջանում կազմում է շուրջ 8300 մլրդ խորանարդ մետր:

Մնում է հուսալ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհաքաղաքական այս «Շախմատային Մեծ Պարտիայից»  կկարողանա պատվով դուրս գալ: Օգնել Նախագահին, Հայաստանի Հանրապետության դիվանագիտությանը այս գերպատասխանատու, երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում` գործելու հավասարակշռված, շրջահայաց, գիտակցումով, որ թիկունքիդ կանգնած է Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ  ողջ հայությունը, կարծում եմ, բոլորիս սրբազան պարտքն է:

Հ.Գ. 1  Ի դեպ, խորհրդանշական է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականը ամենահեղինակավոր միջազգային մրցապայքարներում հաղթող է ճանաչվել:

Հ.Գ. 2  «ՄԵՆՔ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ» ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՁԵՐ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

1965 թ. նոյեմբերի 18-ին Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովի ավարտին (1962 – 1965 թթ.) կաթոլիկ լեհ եպիսկոպոսները հանդես եկան նամակով` ուղղված գերմանացի կաթոլիկ եպիսկոպոսներին: Հաշտեցման այդ նամակում կային տողեր, որոնք, առանց չափազանցության, դարձան թևավոր. «Մենք ներում ենք, խնդրում ձեր ներողությունը»  (“?? ??????? ? ?????? ????????”): Լեհ հոգևորականները ներում էին գերմանացիներին Երկրորդ աշխարհամարտում սպանված միլիոնավոր լեհ զոհերի համար և ակնկալում, որ գերմանացի կաթոլիկ եպիսկոպոսները, գերմանացի ժողովուրդը ներողություն կխնդրեն լեհ ժողովրդից:  Եվ հետագայում այդպես էլ եղավ. գերմանացիները գործնականում ապացուցեցին, որ մեծն Գյոթեի, Շիլերի, Բեթհովենի, Վագների արժանավոր ժառանգորդներն են: Ի դեպ, ուշագրավ է, որ այդ պատմական նամակի հեղինակներից մեկը Կարոլ Վոյտիլան էր` Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, որը 1964 թ. ձեռնադրվել էր Կրակովի արքեպիսկոպոս:

Ակամայից միտք է հղանում` միգուցե՞ մեր պատվարժան Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին II Ամենայն հայոց կաթողիկոսը ևս նամակով դիմի չափավոր իսլամականի համարում ունեցող իշխող «Արդարություն և Զարգացում»  կուսակցության առաջնորդներ Էրդողան - Գյուլին, Աբրահամի ժառանգորդ իսլամ դավանող թուրք ժողովրդին (նշենք, որ հայ քրիստոնյաները նույնպես Աբրահամի ժառանգորդներն են - Ա.Գ) հայ քրիստոնյաները թուրք ժողովրդին: Չէ՞ որ հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների հաստատմամբ մենք` հայերս, ըստ էության, հայտնում ենք մեր պատրաստակամությունը` ներելու և, բնական է, որ ակնկալում ենք, որ թուրք ժողովուրդը կհետևի իր ավելի քան 30 հազար արժանավոր զավակների օրինակին, ովքեր իրենց հայ «քույրերից և եղբայրներից»  1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում կատարված Ցեղասպանության համար հայցել են մեր ներողամտությունը: Նման քայլից հետո, արդեն իսկ Թուրքիայի իշխանությունների հետագա գործողություններից աշխարհի համար պարզ կդառնա, թե որքանով են անկեղծ թուրքական իշխանությունները, երբ միջազգային հարաբերություններում դիրքավորվում են որպես երկու` քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների միջև կամուրջ հանդիսացող երկիր: Եվ, վերջապես, Եվրամիության առաջատար երկրների` Ֆրանսիայի և Գերմանիայի համար, որոնք դեմ են արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, ինչպես նաև Լեհաստանի իշխանությունների համար, որոնք ջատագովն են այդ անդամակցության, ակնհայտ կդառնա` արդյո՞ք ժամանակակից Թուրքիան համապատասխանում է Եվրամիության հիմքում դրված համամարդկային չափանիշներին, թե` ոչ:

Հ.Գ. 3  ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերի Կոմիտեն 2007 թ. հոկտեմբերի 10-ին 27 «կողմ»  և 21 «դեմ»  ձայների հարաբերակցությամբ  ընդունեց ? 106 բանաձևը, որտեղ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կործանումը որակվում էր որպես Ցեղասպանություն: Այդ բանաձևի ընդունման պարագայում, Կոնգրեսը կոչ էր անում ԱՄՆ նախագահին երկրի արտաքին քաղաքականության մեջ արտացոլել Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ կատարված ոճրագործության փաստը: Փաստաթղթում նշված էր. «Հայկական Ցեղասպանությունը մտադրվել և իրականացվել էր Օսմանյան կայսրությունում 1915 - 1923 թթ., որի արդյունքում բռնի տեղահանման (դեպորտացիայի) էին ենթարկվել գրեթե երկու միլիոն հայեր, որոնցից մեկուկես միլիոնը` տղամարդիկ, կանայք և երեխաներ, սպանվել էին, իսկ հինգ հարյուր հազար ողջ մնացածները դուրս էին շպրտվել իրենց տներից, որը հանգեցրեց իրենց պատմական հայրենիքում հայերի ապրելու դադարեցմանը, որտեղ նրանք եղել են 2500 տարի»: Շատ կարևոր է բանաձևում հիշատակված փաստը. «1915 թ. մայիսի 24-ին դաշնային ուժերը` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը»  հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անվիճարկելիորեն և պատմության մեջ առաջին անգամ մեղադրել էին այլ պետության` «մարդկության դեմ ոճիր»  իրականացնելու համար: Բանաձևի համահեղինակներ էին 226 կոնգրեսականներ (բանաձևի նախաձեռնողը հայերիս մեծ բարեկամ, ազգությամբ հրեա Ադամ Շիֆն էր): Ուշագրավ է, որ քվեարկությունից երկու ժամ առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ բանաձևի ընդունումը ամերիկա - թուրքական հարաբերություններին «մեծ վնաս»  կհասցնի: Իսկ Բուշի հայտարարությունից ոչ շատ ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություններով հանդես էին եկել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերի  Կոմիտեն չանսաց նրանց հորդորները և բանաձևն ընդունեց: Դրան հաջորդել էր Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը (Փելոսիի անունից այն տարածել էր նրա մամուլի քարտուղարը -Ա.Գ.) առ այն, որ ընդունված բանաձևը ընթացիկ նստաշրջանում կդրվի Կոնգրեսի լիագումար նիստի քվեարկությանը: Այս ամենին հետևեց ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ աննախադեպ մի գործառույթ, այն է` ԱՄՆ-ի նախկին 8 պետական քարտուղարներ` Հենրի Քիսինջերը, Ջորջ Շուլցը, Լոուրենս Իգլբերգերը, Ուորեն Քրիստոֆերը, Ալեքսանդր Հեյգը, Ջեյմս Բեյքերը, Քոլին Փաուելը, Մադլեն Օլբրայթը (ըստ որում, նրանք պաշտոնավարել են թե՜ Հանրապետական, թե՜ Դեմոկրատական վարչակարգերի օրոք) դիմել էին Կոնգրեսին` զերծ մնալ բանաձևի ընդունումից` խուսափելու համար ռազմաքաղաքական իրենց կարևորագույն դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց: Արդյունքում` 106 - րդ բանաձևը չդրվեց քվեարկության: Այստեղ, սակայն, ամենակարևորն այն է, որ հիշատակված և ոչ մի պաշտոնական ուղերձում կասկածի տակ չէր դրվել Հայոց Ցեղասպանության հարցը: Ավելին` Ջորջ Բուշը Կոնգրեսին հղած իր նամակում նշել էր. «Մենք խորը ափսոսում ենք հայ ժողովրդի ծանրագույն տանջանքների համար, որոնք սկիզբ առան 1915 թվականից»: Նրա կարծիքով, սակայն, ներկայացված բանաձևը «այդ զանգվածային սպանությունների ճիշտ պատասխանը չէ»:

Կարծում եմ, այս ամենի մասին արժե լրջորեն խորհել, առավել ևս, երբ փորձեր են արվում պարզունակացնել հայ - թուրքական հարաբերություններին վերաբերող նախաստորագրված արձանագրությունները:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության»  նախագահ