ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՆԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

12.08.2017, Հայոց աշխարհ

Եվ այսպես. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ռուսաստանյան եւ հայկական կողմերը համաձայնեցրել են Հանձնաժողովի 30-րդ նիստի թեման. «Փոխշահավետ ինտեգրացիոն ծրագրերի զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի Ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի Ուղերձի»։

 Այն, որ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելիք թեման բացառիկ կարեւոր նշանակություն ունի, անվիճելի է։

   Չեմ թաքցնի, որ Հանձնաժողովի նիստի նախօրեին մեծ ցանկություն կար գտնել մեր երկրների տնտեսությունների ինտեգրման կոնկրետ ոլորտները, նշել տնտեսական աճի նոր գործոնները։ Դրա համար, բնականաբար, հարկ էր վերլուծության ենթարկել Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության որոշ ասպեկտները, վեր հանել մեր ջանքերի միավորման հնարավոր ուղիները՝ այն նպատակով, որպեսզի արտաքին տնտեսական գործունեությունը ենթարկեցվի մեր երկրների տնտեսությունների արդիականացման գերակա խնդիրների լուծմանը։

   Այս հարցերի պատասխանների որոնմանը նպաստեց վիճակագրությունը։ Այսպես, Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության «Արտաքին առեւտրի վիճակի մասին 2016թ.» եւ «Արտաքին առեւտրի վիճակի մասին 2017թ. առաջին կիսամյակում» հրապարակումներին համապատասխան՝ հետեւյալ պատկերն ունենք։ 2016թ. կարեւոր ապրանքների ներմուծումը Ռուսաստան կազմել է 182 մլրդ 262 մլն դոլար, որից 33 մլրդ 785 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը, կաուչուկին։ 2017թ. առաջին կիսամյակում կարեւոր ապրանքների՝ Ռուսաստան ներմուծման ծավալը կազմել է 101 մլրդ 69 մլն դոլար, որից 18 մլրդ 538 մլն դոլարը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը, կաուչուկին։

   Վերլուծելով այս ցուցանիշները՝ չի կարելի չհիշատակել, որ Հայաստանի քիմիական հսկան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որը մինչեւ XX դարի 80-ական թթ. վերջը զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը, ահա արդեն 7 տարի է, ինչ դադարեցրել է աշխատանքը։

   Նշենք, որ 2006թ. Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառեց բրիտանական «Rhainoville Property Limited» կոնսորցիումին։ Հետո ավելի հետաքրքիր է։ ԱՊՀ Միջպետբանկը (ԾպՋչՏրոՈվՍ) 5 տարի ժամկետով՝ մինչեւ 2011թ. դեկտեմբերի վերջ, տարեկան 12,5% տոկոսադրույքով 70 մլն դոլարի վարկային գիծ բացեց «Rhainoville»-ի համար։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերը դրվեցին Միջպետբանկի վարկի տակ, որն ընկերությունը չմարեց։

   2014թ. հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը բավարարեց Միջպետբանկի հայցը՝ պարտքի դիմաց բաժնետոմսերի վերոնշյալ 90%-ը բռնագանձելու մասին։ Արդյունքում՝ գործարանի 2400 աշխատակից կրճատվեց, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում աշխատելու մնաց 480 մարդ, որոնք զբաղված են ձեռնարկության պահպանմամբ եւ անվտանգության հարցերի ապահովմամբ։

   Հանձն չեմ առնում պնդել, որ բրիտանական «Rhainoville» ընկերությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի բաժնետոմսերը ջրի գնով ձեռք բերեց բնավ ոչ արտադրության արդիականացման, արտադրանքի իրացման նոր շուկաների յուրացման նպատակով։ Գուցե բրիտանական ընկերությունը միանգամայն այլ նպատակ էր հետապնդում. ազատել համաշխարհային շուկան քլորոպրենային կաուչուկի արտադրության գծով հզոր մրցակցից, որը, կրկնում եմ, համաշխարհային շուկայի 10-12%-ն էր զբաղեցնում։ Համաձայնեք, որ այս վարկածը գոյության իրավունք ունի։

   Բնավ պատահական չէ, որ մի փոքր հանգամանալի կանգ առա այս օրինակի վրա։ Համոզված եմ, որ ներդրումները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերականգնման համար, նախ, զգալիորեն կկրճատեն Ռուսաստանի կախվածությունը Արեւմուտքի երկրների կողմից քիմիական արտադրանքի եւ կաուչուկի մատակարարներից, որոնք հաճախ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, միշտ չէ, որ կոռեկտ են ստանձնած պարտավորությունները կատարելիս։

   Երկրորդ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման եւ արդիականացման ծրագրի իրագործումը թույլ կտա վերականգնել բութադիենից քլորոպրենային կաուչուկի, մոնոկարբոնային թթուների եւ հարակից այլ արտադրանքի արտադրությունը, որը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում։

   Երրորդ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկումից հետո, համոզված եմ, կարճ ժամկետում գործարանը կվերականգնի իր դիրքերը քլորոպրենային կաուչուկի իրացման շուկաներում։ Բավական է ասել, որ 2006-2009թթ. «Նաիրիտ գործարանի» արտադրած կաուչուկները վաճառվել են Եվրոպայում (40%), Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում (35%), ԱՄՆ-ում (14%), ասիական երկրներում (11%)։ Ընդ որում՝ նշենք, որ «Նաիրիտ գործարանը» հաջողությամբ մրցակցում էր հայտնի այնպիսի անդրազգային ընկերությունների հետ, ինչպիսին են Bayer-ը, Du Pont-ը, Denka-ն։

   Բնականաբար հարց է առաջանում. կա՞ն այդ նախագծի ֆինանսավորման համապատասխան աղբյուրներ։ Ներկայացնենք լոկ մի քանի վիճակագրական տվյալ։

   Այսպես, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-փետրվարին» տեղեկագրի (էջ 76)՝ ներդրումների զուտ հոսքերը (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների մուտքերի եւ մարումների տարբերությունն է հաշվետու ժամանակաշրջանում) 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից կազմել են մինուս -52010,2 մլն դրամ կամ 108 մլն 242 հազ. դոլար, որոնցից ուղղակի ներդրումները կազմել են մինուս -26290,5 մլն դրամ կամ 54 մլն 772 հազ. դոլար։

   Այսինքն՝ մենք պետք է փաստենք, որ մեր ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ստեղծված տնտեսական հարաբերություններում ընթանում է ներդրումային շրջանառությունից շահույթի հանման գործընթաց ավելի վաղ ներդրված կապիտալից՝ առանց դրա հաջորդ օգտագործման ներդրումային նպատակի։

   Կարծում եմ, որ այստեղ մտածելու բան կա ինչպես մեզ՝ խորհրդարանականներիս, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների համար։ Իհարկե, համատեղ քննարկումների ամենահարմար հարթակը հենց ՌԴ Դաշնային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստն է։ Կարծում եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի մշակել այս հարցի լուծման օպտիմալ տարբերակը։

   Հանձնաժողովի հերթական՝ 30-րդ նիստը տեղի է ունենալու բացառիկ բարդ ժամանակ, որը բնութագրվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթի սուր հակասությունների միահյուսմամբ։ Արդեն ակնհայտ է, որ էլ ավելի համառորեն են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններն անթաքույց փորձում խոչընդոտել ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, որոնք հատկապես իրականացվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

   Միաժամանակ, օրինակ՝ Եվրոպական միության հետ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ դիրքերն ինչ-որ կերպ մերձեցնելու ցանկացած փորձ ակնթարթորեն ենթարկվում է երկու կողմից հնչող անմիտ, երբեմն՝ գռեհիկ քննադատության։ Ընդ որում՝ քննադատողներին դրդող մոտիվները բավական տարբեր են, բայց սա առանձին վերլուծության թեմա է։ Այստեղ կարեւոր է այլ բան. մեր կոնկրետ գործողություններով չխաղալ մեր բարին չկամեցողների կողմից վաղօրոք պատրաստված սցենարներով։

   Ավելին, կոնկրետ օրինակներով ցույց տալ տնտեսական ինտեգրման փոխշահավետությունը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշինքի անայլընտրանքայնությունը։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր, ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ

 

 

Последние видеоматериалы

Новые книги