АЙОЦ АШХАР

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԹԵ՞Ժ ՓՈՒԼ

14.01.2011, Հայոց աշխհար

Ավելի քան մեկ ամիս է անցել դեկտեմբերյան այն տագնապալի օրերից, որ ցնցեցին Մոսկվան եւ, ընդհանրապես, ողջ Ռուսաստանը։ Խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք հաջորդեցին 2010թ. դեկտեմբերի 6-ին «Սպարտակի» մոլի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությանը։ Այն անկարգությունների, որ տեղի ունեցան դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում, Կիեւյան կայարանի մոտ դեկտեմբերի 15-ին չարտոնված հանրահավաքը ցրելու, Ռուսաստանի այլ քաղաքներում քաղաքացիների ելույթների մասին։ Անցած ժամանակաշրջանում կատարվածի վերաբերյալ իմ զգացումների եւ անհանգստությունների մասին, կարծում եմ, կարիք կա արտահայտվելու:

Կասկածից վեր է, որ առաջին, բնական զգացողությունը, որ ունեցա, ցավն էր մարդկանց մահվան, ծեծկռտուքի համար, որին ենթարկվեցին Ռուսաստանի քաղաքացիները դեկտեմբերի 6-ին, 11-ին եւ 15-ին Մոսկվայում տեղի ունեցած միջադեպերի ընթացքում։ Ափսոսանք, որ ջարդուխուրդ արվեցին զանազան տեսակի առեւտրային կետերը, որոնք գոյության աղբյուր են Ռուսաստանի շատ քաղաքացիների, ինչպես նաեւ այնտեղ աշխատող բազմաթիվ լեգալ ներգաղթյալների համար։ Այնուհետեւ եկավ այդ բախումները իմաստավորելու ժամանակը։ Եվ ահա հենց այդ ժամանակ մեջս ձեւավորվեց կատարվածի երկակի ընկալում. նախ՝ տագնապ Մեծ Ռուսաստանի, ասել է թե՝ նաեւ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաեւ ցասումով համակվեցի այն գիտակցությունից, որ թվում է, թե պատմության աղբանոցը նետված, Արեւմուտքի կողմից մշակված՝ Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մեր օրերում ոչ միայն վերակենդանանում, այլեւ ասես թե թեժ փուլ է մտնում։ Եվ նման իրողությունների գիտակցումն ինձ մղեց ներկայացնել մտորումներս եւ տագնապս այս ամենի շուրջ։

Եվ այսպես. վերադառնանք պատմական չափորոշիչներով ոչ հեռավոր անցյալին՝ սառը պատերազմի տխրահռչակ տարիներին՝ 1959թ. հուլիսի 17-ին։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Public Law 86-90 (P.L.86-90)՝ «Ստրկացված ազգերի մասին» օրենքը։ Դրա երկրորդ անվանումն է՝ Օրենք Ռուսաստանի մասնատման մասին։ Այդ օրենքի տեքստից հետեւում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քաղաքականությունը հանգեցրել է, իբր, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հայաստանի, Վրաստանի... մի խոսքով՝ միութենական բոլոր հանրապետությունների ստրկացմանը եւ ազգային անկախությունից զրկելուն։

Подробнее...

2010Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ. ԱՍՏԱՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

08-09.12.2010

Դեկտեմբերի 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «Անվտանգության հանրությանն ընդառաջ» հռչակագրի ընդունմամբ ավարտվեց ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը։
Անցած մեկ շաբաթվա ընթացքում հայկական եւ համաշխարհային լրատվամիջոցներում քիչ չեղան հրապարակումներ, զանազան վերլուծություններ, սկսած իր՝ ԵԱՀԿ-ի «մահվան ելքի» կամ էլ իբր Աստանայի գագաթաժողովում նեղը գցված հայկական պատվիրակության (նմանատիպ դատողությունները տերպետրոսյանական լրատվամիջոցների հրապարակումների հիմնական բովանդակությունն էին) մասին պնդումներից։ Քիչ չէին հոդվածները, որոնք մատնանշում էին Ղազախստանում տեղի ունեցած գագաթաժողովում հայ դիվանագիտության լուրջ հաջողության մասին։
Իհարկե եղան նաեւ զուսպ, հավասարակշռված գնահատականներ, որոնցում խոսվում էր սկզբունքային, օբյեկտիվ այն գնահատականների մասին, որ գագաթաժողովում ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանը։
Սույն հոդվածի նպատակն ամենեւին էլ այն չէ, որ հանգամանորեն վերլուծվի վերոնշյալ դատողություններից յուրաքանչյուրի հիմնավորվածությունը կամ սխալականությունը, այլ հնարավորին չափ կանխատեսել, թե Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածքում ի՞նչ ճանապարհներով կարելի կլինի ապահովել անվտանգությունը, ի՞նչ ձեւով կհաստատվի համագործակցությունը ԵԱՀԿ 56 անդամ-երկրների միջեւ եւ, առաջին հերթին, ինչպե՞ս կծավալվեն իրադարձությունները Հարավկովկասյան տարածաշրջանում։
Ռուսաստանի, Ղազախստանի, Եվրամիության նախագահների միջեւ Աստանայում տեղի ունեցած բանավեճերի ընթացքում ընդգծվեց ԵԱՀԿ-ի արդիականացման, նրա գործունեության ոճի ու ձեւերի կատարելագործման անհրաժեշտությունը։ Այս առումով մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի ելույթը Աստանայի գագաթաժողովում. «Գուցե ամենակարեւորը հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքների մշակումն է, եւ դրանց հարկավոր է հետեւել ճգնաժամային բոլոր իրավիճակներում, այլ ոչ թե ինչ-որ ընտրովի դեպքերում։ Դրանք են` ուժի չկիրառումը, իրենց իսկ` կողմերի միջեւ համաձայնության կայացումը, համաձայնեցված բանակցային եւ խաղաղարար ձեւաչափերի հարգումը, հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության իրավունքների ապահովումը... Ռազմական ուժի կիրառումը, ինչպես դա փորձեց անել Վրաստանի ղեկավարությունը Հարավային Օսիայի նկատմամբ 2008թ. օգոստոսին, միանգամայն անթույլատրելի է»,- նշեց նա։

Подробнее...

ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՎ

23.11.2010

«Իրավամբ մեր երկիրը կանգնած է բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին: Այսօր լուրջ քննություն պետք է բռնի ՀՀ քաղաքական դասը, ներկա ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել Ազգային միաբանության` վաղուց ի վեր պահանջած ճանապարհին:

Կարծում եմ, առանձին բացառություններով հանդերձ, մեր երկրի բոլոր կուսակցությունները` լինեն իշխանական, թե ընդդիմադիր, հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, հատկապես արեւմտյան երկրների եւ միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող (որպեսզի թոթափեն դրսի թելադրանքով գործելու մեղադրանքը), մեր մտավորականությունը պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող համազգային հռչակագրով:

Կարծում եմ, այդ փաստաթուղթը կստորագրեն նաեւ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում ազատազրկված Արցախյան ազատամարտի մասնակիցները, բոլոր նրանք, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե աշխարհագրական անվանումներ են, այլ հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենամեծ ու նշանակալի ձեռքբերումը»,- համոզված է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

07.12.2010

Ըստ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ մեզանում միասնական դիրքորոշման մշակման ընթացքում հարկավոր է ավելի զարգացնել նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աստանայում արտահայտած միտքն այն մասին, որ «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին»:

Իսկ նախագահի այն հայտարարությունը, թե՝ «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների առաջնորդներին հիանալի հնարավորություն կտան դատելու Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հասունության աստիճանի, ոչ թե խոսքով, այլ գործով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրանց պատրաստակամության մասին»:

Արտաշես Գեղամյանի հոդվածը կարդացեք մեր վաղվա համարում:

Последние видеоматериалы

Новые книги