«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության

Հայտարարությունը

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունների առնչությամբ (20 օգոստոսի 2022թ.)

 

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն իր պարտքն է համարում նորից հայտարարել, որ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, որն իրականացվեց ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների անմիջական հովանու ներքո, Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները, պետության ղեկավարները (նախկին և գործող) հետևողականորեն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դաշնակցային հարաբերությունների վարկաբեկման և խափանման ուղեգիծ։

Զրպարտության և կեղծիքի, ՀՀ-ում ու Հարավկովկասյան տարածաշրջանում փաստերի և իրողությունների ուղղակի խեղաթյուրման վրա հիմնված անզուսպ հակառուսական հիստերիան հատկապես սուր դրսևորվեց 44-օրյա պատերազմից հետո, որը 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծեց Ադրբեջանը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ։ Սորոսյան գրչակների անթաքույց ցինիզմն ու ռազմատենչ լկտիությունը՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների կողմից իրենց անպատժելիության գիտակցմամբ, նրանց մղել են տասնյակ ինտերնետ-պարբերականներում և ինտերնետ-հեռուստաալիքներում արծարծել իբր Ռուսաստանի և Թուրքիայի տանդեմի մասին նենգաբարո մտավարժանքներ, Թուրքիայի, որն Ադրբեջանին (2020թ. սեպտեմբերի 27-ին) դրդեց պատերազմ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Ընդ որում՝ արևմտյան քաղտեխնոլոգները, տեղեկատվական պատերազմ սկսելով Հայաստանի դեմ, իրենց գլխավոր նպատակներից էին համարում ՀՀ վարչապետի և КО-ի՝ պատերազմը սադրելու և այն տանուլ տալու պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելը։ Ընդ որում՝ իշխանամետ մաս-մեդիաները, էլ չենք ասում անգլոսաքսերի հատուկ ծառայությունների կողմից շռայլորեն ֆինանսավորվող հայաստանյան ԶԼՄ-ների մասին, լռության էին մատնում Ն.Փաշինյանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի 2020թ. հոկտեմբերի 19-ին արված համառ կոչերը մարտական գործողությունները դադարեցնելու մասին՝ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների երաշխավորված դադարեցման պայմանով։ Ընդ որում՝ Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, ներառյալ Շուշին, որոնք ներկայում օկուպացված են  Ադրբեջանի կողմից, կմնային Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության տակ։ Եվ որ գլխավորն է՝ կփրկվեր ավելի քան երկու հազար հայ զինվորների կյանքը։

Ն.Փաշինյան և КО-ն ոչ միայն չեն կասեցնում առ այսօր շարունակվող այդ ստոր մտավարժանքները և համառորեն լռության են մատնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի (որը կանխեց Արցախի Հանրապետության ազգաբնակչության ցեղասպանությունը) բացառիկ կարևոր դերը, այլև խեղաթյուրում են ռուս խաղաղապահների գործունեությունը։ ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 4-ի նիստում Ն.Փաշինյանը հրահրիչ կերպով հայտարարել է, թե «մի շարք իրադարձություններ Ղարաբաղում հարցեր են առաջացնում հայ հասարակությունում Ռուսաստանի խաղաղապահ գործողության բովանդակության և բնույթի մասին»։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը կարևոր է համարում նշել, որ ՀՀ-ում սանձազերծված հակառուսական հիստերիան էապես ակտիվացել է Ուկրաինայում ՌԴ Հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո։ Ինտերնետ-պարբերականների հակառուսական, ռուսատյաց հոդվածների և հարցազրույցների, ինտերնետ-հեռուստատեսության ռեպորտաժների մեծ մասի հիմնական ուղղվածությունը հանգում է ստոր կեղծիքի տարածմանը, որը ոչ մի ընդհանուր բան չունի Հատուկ ռազմական գործողությունն սկսելու իրական դրդապատճառների հետ, գործողություն, որն ունի Դոնբասի բնակիչներին 2014 թվականից ուկրաինական իշխանությունների կողմից վարվող ցեղասպանության քաղաքականությունից փրկելու նպատակ։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանի սորոսյան և իշխանամետ մաս-մեդիաներում թողարկվող հրապարակումների, հեռուստառեպորտաժների քաղաքական ուղղվածությունը լիովին համահունչ է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հակառուսական տեղեկատվության հետ։ Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանում և Ադրբեջանում սանձազերծված հակառուսական տեղեկատվական պատերազմը համակարգվում է համաշխարհային քաղաքականության նույն ուժի կենտրոնից։ Ընդ որում՝ պետք է հատկապես նշել, որ այդ գործընթացին զուգահեռ միանգամայն բարյացակամորեն լուսաբանվում են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայ-թուրքական բանակցությունները։ Ընդ որում՝ լիովին լռության են մատնվում Ղարաբաղյան պատերազմի ընթացքում (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) թուրքական գլխավոր շտաբի կողմից Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների անմիջական ղեկավարման, Արցախի Հանրապետության դեմ պատերազմում թուրքական կողմից վարձված ավելի քան երկու հազար սիրիացի և լիբիացի վարձկան-ահաբեկիչների ներգրավման հարցերը։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունն արձանագրում է ՀՀ լրատվամիջոցներում հակառուսական, ռուսատյաց հիստերիային Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ համարժեք արձագանքի լիակատար բացակայության փաստը։

Հայաստանում տարատեսակ հակազգային կառույցների և քաղաքական ուժերի հակառուսական գործողությունների կասեցմանը ՀՀ իշխանությունների չմասնակցելու նոր դրսևորում էր այն, որ ՀՀ իշխանությունները չարձագանքեցին Հայաստանի տեղեկատվական տարածքում ռուսաստանյան կառույցների (որոնք, իբր, հանցակից են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ս.թ. օգոստոսի 14-ին պայթյունների հետևանքով տեղի ունեցած և 16 կյանք խլած ողբերգությանը) հասցեին հնչած կեղծ մեղադրանքներին։ Տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացված էին ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ համատեղ փրկարարական աշխատանքներին Մարդասիրական արձագանքման Ռուս-հայկական կենտրոնի մասնակցության, փրկարարական սարքավորումների և տեխնիկայի, հիդրավլիկ փրկարար սարքավորում ունեցող վթարային-փրկարարական մեքենաների մասին։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը  հատկապես ընդգծում է, որ ՀՀ-ում իրականացվող տեղեկատվական պատերազմը Ռուսաստանի Դաշնության դեմ ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերում հակառուսական, ռուսատյաց տրամադրություններ հրահրելու վերջնանպատակ, ինչը կարող է ստեղծել չափազանց անբարենպաստ պայմաններ երկրում 102-րդ ռուսական ռազմակայանի հետագա գտնվելու համար, սադրել ՀՀ-ից Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ջոկատների դուրսբերումը՝ միաժամանակ նախադրյալներ ստեղծելով Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի ԶՈւ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը երկարացնելու անիմաստության համար։ Երկրի իշխանությունների նման դավաճանական քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստին, այն բանին, որ ՀՀ-ն ուղիղ ենթարկվի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը լիովին կիսում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության անհանգստությունը, որն արտահայտվել է դեսպանության՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ուղղված նոտայում, որը մենք գնահատում ենք որպես ավելի քան չորս տարի շարունակվող և ՀՀ իշխանությունների կողմից որևէ կերպ չկասեցվող (եթե չասենք՝ նրանց հավանությամբ կատարող) հակառուսական, ուրեմն և հակահայկական սադրիչ գործողությունների բնական արձագանք։ Նրանց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ռուս և հայ ժողովուրդների եղբայրական կապերի խզումն է։

Ընդ որում՝ պետք է հատուկ ընդգծել. իշխանությունների անգործությունն ըստ էության քաջալերում է ՀՀ հակազգային ուժերին, որոնք գործում են անգլոսաքսերի և նրանց թուրք-ադրբեջանական հանցակիցների ցուցումով, որ բորբոքեն հակառուսական հիստերիան։ Սա շատ բանով պայմանավորված է բոլոր տեսակի ռուսատյացների խոր խուճապով և կենդանական վախով, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիան հաջող գործողություններ են իրականացնում Դոնբասում ՌԴ Հատուկ ռազմական  գործողության ընթացքում։

Հաշվի առնելով  վերը շարադրվածը՝ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, որոնց համար թանկ է հայոց պետականության պահպանումը, համախմբվել՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի անսասանությունը պահպանող ուժի միասնական կենտրոն ստեղծելու նպատակով, դաշինք, որը Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ, ինքնիշխան պետության պահպանման միակ հուսալի երաշխավորն է, ցեղասպանությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգաբնակչության փրկության երաշխավորը։

Մենք ավելի քան համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը, անվտանգությունը և բարգավաճումը երաշխավորված կլինեն Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունում։ Արցախի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությունը երաշխավորված կլինի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելով։

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության անունից՝

կուսակցության նախագահ

Արտաշես Գեղամյան