Գեղամյանը թուրքերին ու ադրբեջանցիներին սատարող պատվիրակների համար սցենար է մշակել

11.02.2016, Asekose.am

«Ազգային միաբանություն»  կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվել է միջազգային ասպարեզում հանդես եկող լավագույն հայ պատգամավոր:

«Անցած 3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլև Ստամբուլում, Բաքվում՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ և  ունենալ կիրթ, անգամ վտանգավոր ելույթներ, որոնք  եղել են դրսի ուժերի կողմից ցանկացած ոտնձգության դեմ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտաշես Գեղամյանը՝ շարունակելով.

«Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ես հանդես եմ եկել հոդվածներով, որոնք հետո գրքերի են վերածվել ու թարգմանվել 7 լեզուներով: Եվ միշտ նստաշրջաններից առաջ համապատասխան գրքույկը տարել եմ ու նվիրել 56 պատվիրակության ղեկավարներին: Ասել է թե՝ արդեն տեսակետներս բարձրացված են եղել, և դա արվում է նրա համար, որ եթե հանկարծ թուրքերին ու ադրբեջանցիներին սատարող պատվիրակներն ինչ-որ դավեր են նյութած լինում, ապա դա դնում են մի կողմ ու սկսում են արդարանալ, խոսել գրքերի շուրջ: Այսինքն՝ մտնում են իմ սցենարի մեջ: Լավից-վատից հաջողվում է թույլ չտալ, որ որևէ հակահայկական բանաձև կամ ձևակերպում փաստաթղթերում տեղ գտնի»:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ ավագ գործընկերոջից օրինակ չեն վերցնում ԵԽԽՎ պատվիրակության անդամներն ու իրենք էլ նախօրոք սցենար չեն մշակում, որպեսզի հակահայկական բանաձևերն առաջ չքաշվեին, Արտաշես Գեղամյանը պատասխանեց.

«Յուրաքանչյուր մարդ հաշվետու է իր գործունեության համար»:

ՀՀԿ խմբակցության պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը՝ ողջունելով այն

«Այս փոթորկահույզ աշխարհում և ծանր իրավիճակում, որում հայտնվել է մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները հնարավորինս պետք է օգտագործվեն:  Իսկ ՀՅԴ-ն բացի փորձառություն ունենալուց՝ կադրային մեծ ռեսուրս ունի, և ճիշտ է նրանց ներգրավելը երկրի կառավարման գործում: Ես դրական եմ վերաբերվում: Այս միությունը կրկնակի պարտավորեցնող կլինի թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի համար»:

Անի Կարապետյան

 


 

Последние видеоматериалы

Новые книги