Արտաշես Գեղամյանը վստահ է` թուրք-ադրբեջանական կողմի նյարդերը տեղի են տալիս

10.06.2014, Mediamall.am

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը ԱԺ հարթակից ներկայացրեց օրերս Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպի դասերը: «Ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան ձախողվեց Աստանայում, քանի որ, եթե չլիներ ՀՀ Նախագահի հաշվենկատ, զուսպ գործելաոճը, մենք կհայտնվեինք շատ ծանր վիճակում»,- հայտնեց Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով' ցանկացած հակադարձում Նազարբաևին, նշանակում էր, որ հետագայում Ադրբեջանն ասելու էր, որ Հայաստանի Հանրապետությունն իր փաստացի գործողություններով վիժեցնում է Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացը: «Երկրորդ' մենք ինքներս մեզ կհակասեինք առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան է և ԼՂՀ-ի անունից միայն ԼՂ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները կարող են հայտարարություն անել»,- շեշտեց Արտաշես Գեղամյանը:

Եզրափակելով' պատգամավորը նշեց. «Երբ այդ բոլորը համադրում ենք այն սրիկայական գործողությունների հետ, որ կատարվեցին Նախիջևանի հետ սահմանին, վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական կողմի նյարդերը տեղի են տալիս, նրանց դարավոր երազանքը' բարդել Հայաստանի վրա Մինսկի խմբի համանախագահների գործընթացի վիժեցումը, տապալվեց»: