ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ վերահաստատել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հնչեցրած նախապայմանները. Արտաշես Գեղամյան

05.07.2016, Aysor.am

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դրական է գնահատում Թբիլիսիում հուլիսի 1-5 ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ  25-րդ նստաշրջանի արդյունքերը և դրա ավարտին 146 կետից բաղկացած հռչակագրի ընդունումը:

«Արդյունքները և հռչակագիրը լավ ենք գնահատում: Ընդունված հռչակագրում կա 35-րդ կետը, որում ուղղակիորեն նշվում է, որ հակամարտությունները ԵԱՀԿ տարաշածրջանում պետք է լուծվեն երեք հիմնարար՝ տարածքային ամբողջականության, կոնֆլիկների խաղաղ կարգավորման և ազգերի ինքնորոշման սկզբունքների ներքո: Սրանք այն երեք մայր սկզբունքներն են, որոնք միշտ հայկական կողմը պաշտպանել է: Ճիշտ է, առանձնացվել է Ուկրաինան, բայց դա վերաբերում է մնացած բոլոր հակամարտություններին, այդ թվում՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայկական պավիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Վերջինիս խոսքով՝ հռչակագրի 47, 48, 49 կետերը ընդունելով՝  ԵԱՀԿ խորհրադարանական վեհաժողովը ամբողջությամբ վերահաստատել է  Սերժ Սարգսյանի` ապրիլյան պատերազմից հետո հնչեցրած նախապայմանները:

Նշենք, որ այս  կետերով ԵԱՀԿ ԽՎ-ն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ն նաև կոչ է արել խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը` ներդնելու լուրջ ջանքեր` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման:

«47, 48, 49 կետերում, որոնք ընդունվեցին և արդեն իսկ փաստաթուղթ են դարձել, կան ծանոթ ձևակերպումներ, որոնք արել է ՀՀ նախագահը՝ որպես նախապայման, որի կիրառաման պայմաններում հնարավոր է գնալ բանակցային գործընթացի վերսկսման և շարունակման»,-ասաց Արտաշես Գեղամյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլյան դեպքերից հետո հնչեցրել էր երեք նախապայման բանակցությունները սկսելու համար, դրանք են «առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդը՝ հասցեական հայտարարություններ և երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»:

Последние видеоматериалы

Новые книги