Արտաշես Գեղամյան. ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպացիների վարժապետական խրատների քաղաքականությունը ձախողվեց

23.10.2013, Armenpress

24.10-26.10.2013, Հայոց աշխարհ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ԵԱՀԿ ԽՎ) հերթական նիստից (Բուդվա, Չեռնոգորիա, 2013 թ. հոկտեմբերի 13–15) հազիվ մեկ շաբաթ է անցել։ Նիստի ծրագրով նախատեսված էր հրատապ այնպիսի հարցերի քննարկումը, ինչպիսիք են՝ իրավիճակը Սիրիայում, ԵԱՀԿ տարածքում հակազդեցությունն ահաբեկչությանը և անդրազգային սպառնալիքներին, մարդու իրավունքների պաշտպանությունը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն անվտանգության ոլորտում և տարբեր հասարակությունների ինտեգրացիան։ Առաջին հայացքից զանազանվող այս հարցերի քննարկումներն ի հայտ բերեցին դրանց խոր փոխկապվածությունը՝ պայմանավորված, առաջին հերթին, գլոբալացմամբ։ Որպեսզի այս եզրահանգումը լոկ հռետորական պնդում չթվա, մի փոքր ավելի հանգամանորեն կանգ առնեմ այդ քննարկումների բովանդակության վրա։

Եվ այսպես, ավելի քան մեկ տարի առաջ Տիրանայում՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում, վերջին նիստի ժամանակ թուրքական պատվիրակությունը հապճեպ օրակարգ մտցրեց հայտարարության նախագիծ, որում միակողմանիորեն էին գնահատվում իրադարձությունները Սիրիայում. խիստ քննադատվում էին Բաշար Ասադի կառավարության գործողությունները, միաժամանակ իդեալականացվում էին սիրիացի փախստականներին ընդունելու և իր տարածքում տեղավորելու Թուրքիայի ջանքերը։ Զեկուցողին՝  թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենին, ուղղված իմ հարցին, թե՝ եթե հռչակագիրն ընդունվի, թուրքական կողմը երաշխիքներ ունի՞, որ Թուրքիայի կողմից զինյալներին մատակարարվող զենքով Սիրիայի խաղաղ քաղաքացիների, այդ թվում և սիրիահայերի չեն սպանի, ինչը տեղի էր ունեցել սույն քննարկումից մեկ շաբաթ առաջ։ Ինչպեսև պետք էր սպասել, հարցիս ըմբռնելի պատասխան այդպես էլ չտրվեց։ Ավելին, որևէ դատապարտող գնահատական կառավարական զորքերին դիմակայող մարդակեր-զինյալների հասցեին չհնչեց։ Սիրիայի վերաբերյալ այս Հայտարարությունն ընդունելու անհրաժեշտության առնչությամբ լուրջ կասկածներ ուներ նաև ռուսաստանյան պատվիրակությունը, որը քվեարկության ժամանակ ձեռնպահ մնաց։ Հայտարարության ընդունման դեմ քվեարկեց միայն հայկական պատվիրակությունը։ Հատկանշական է, որ հինգ ամիս անց Սիրիայում տիրող իրավիճակի մասին խոսվեց նաև ԵԱՀԿ ԽՎ Վիեննայում կայացած նիստում (2013 թ. փետրվար), ընդ որում՝ թուրքական պատվիրակությունն ամեն կերպ ընդգծում էր իր երկրի կառուցողական դերը, իսկ արևմտյան երկրների առանձին հռետորներ, անդրադառնալով սիրիական կարգավորման հարցերին, ոչ երկիմաստորեն, երբեմն նույնիսկ բացահայտորեն քննադատում էին Ռուսաստանի, իբր, ապակառուցողական դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնման հարցում։

Եվ ահա, ԵԱՀԿ ԽՎ՝ Բուդվայում ավարտված նիստի ընթացքում, Սիրիայի իրավիճակին վերաբերող քննարկումների ժամանակ, տպավորությունն այնպիսին էր, որ վերջապես բավական մեծաթիվ խորհրդարանականների «գլխում տիրող խառնաշփոթը պարզվել է»։ Հստակ երևում էր, որ Ռուսաստանի նախագահին, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման բանալին, ընդ որում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Հատկանշական է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների համատեղ ջանքերն այս բարդ գործընթացում բարձր են գնահատվել տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից։ Հիացական արձագանքներ եղան նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը 2013 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգևատրելու առիթով: Բնականաբար, ԵԱՀԿ ԽՎ գծով իմ գործընկերների ուղեղներում նման էվոլյուցիայի ականատեսը լինելով՝ Ձեր խոնարհ ծառան չէր կարող ելույթ չունենալ։ Որպեսզի ընթերցողին իմ ելույթների մանրամասն շարադրանքով չհոգնեցնեմ, ներկայացնեմ միայն դրանց բովանդակությունը։ Ես փաստեցի. անցած տարին ցույց տվեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ընդունված Հայտարարության մեջ պարունակվող գնահատականները, ինչպես նաև խորհրդարանականների ելույթները բնավ չեն արտացոլել իրականությունը, ավելին՝ միակողմանի գնահատական է տրվել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Միևնույն ժամանակ,  ընդդիմությանը տրամադրվող սպառազինությունը, ինչպես վկայում են բազմաթիվ փաստերը, հաճախ հայտնվել է «Ալ-Քաիդայի» մաս հանդիսացող զինյալ ահաբեկիչների ձեռքում։ Արդյունքում՝ անցած տարի Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ զոհվել են նրանց ձեռքով, հարյուր հազարավոր սիրիացիներ դարձել են փախստական։ Միայն Հայաստանում ապաստան են գտել ավելի քան տասը հազար սիրիահայեր։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անձնական կարգադրությամբ մեր երկրում արդեն գործում են դպրոցներ սիրիահայ փախստականների երեխաների համար, որոնցում ուսուցումը տարվում է հայերեն և արաբերեն լեզուներով։ Ես ստիպված եղա պատասխանել նաև թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենի ելույթին, որում նա ասում էր, թե Սիրիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ զոհվել են ոչ թե քիմիական զենքի կիրառումից, այլ կառավարական զորքերի գործողությունների հետևանքով։ Ես նշեցի, որ, ցավոք, թուրք խորհրդարանականը լռության է մատնել հարցն այն մասին, թե քանի խաղաղ քաղաքացի է սպանվել զինյալների կողմից, որոնց զինում է Թուրքիան։ Միևնույն ժամանակ,  ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականներին առաջարկվեց գոնե հիմա, երբ դրական տեղաշարժեր են նկատվում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման մեջ, ձեռնպահ մնալ Սիրիայի իրավիճակի միակողմանի մեկնաբանություններից։

Գտնում եմ, որ սկզբունքային էր ԵԱՀԿ ԽՎ գծով իմ գործընկերներին ուղղված դիտողությունս այն մասին, որ մեր աշխատանքում դեռևս շարունակում են կիրառվել երկակի չափորոշիչները նույնիսկ միանգամայն որոշակի իրադարձությունների գնահատման ժամանակ։ Իմ պնդումը ես հիմնավորեցի այն անվիճելի փաստի արձանագրմամբ, որ բացառիկ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անձնական դերն այն հարցում, որ Սիրիայի ղեկավարությանը համոզի միանալ Քիմիական զենքի մշակման, արտադրման, կուտակման և գործադրման արգելքի  ու վերացման մասին ՄԱԿ - ի 1997թ. ապրիլի 29-ի կոնվենցիային։ Ավելին, փաստեցի, որ Ռուսաստանի ղեկավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ չեղյալացվել է Արևմուտքի մի շարք երկրների ղեկավարների՝ Սիրիայի կառավարական ուժերին ռազմական հարված հասցնելու մտադրությունը։ Այնուհետև ես արդարության և այն պարզ ճշմարտությունն ընդունելու կոչ արեցի, որ եթե անկեղծորեն, ապա խաղաղության Նոբելյան մրցանակն արժեր շնորհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի կողմից քիմիական զինանոցները զինաթափելու նախաձեռնողին, այլ ոչ թե այդ զինաթափման մշտադիտարկումն իրականացնող «գործիք»-կազմակերպությանը։ Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ իմ դիտողությունը, եթե ոչ համընդհանուր հավանությամբ, ապա ըմբռնումով և առանց որևէ առարկության ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակությունների կողմից։ Ընդ որում՝ ես նշեցի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից բարի կամքի դրսևորման փաստի մասին, որը պաշտպանել էր իր ռուս պաշտոնակցի նախաձեռնությունը։ Հատուկ նշեցի, որ ներսիրիական դիմակայության առաջին իսկ օրվանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամենաբարձր միջազգային ամբիոններից քանիցս նշել է, որ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ես շատ կարևոր համարեցի փոքր-ինչ ավելի հանգամանալի կանգ առնել այն առանձին երանգավորումների վրա, որոնք ի հայտ եկան Սիրիայի իրավիճակի քննարկման ժամանակ՝ մի նպատակով։ Անցած տարվա ընթացքում Ռուսաստանի ղեկավարության հետևողական և սկզբունքային դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում ոչ միայն դրականորեն է ընկալվել ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների մեծ մասի կողմից, այլև առհասարակ, ուզում եմ հավատալ, ներկա խիստ անհանգիստ աշխարհում դարձել է նեցուկ Ռուսաստանի Դաշնության նոր, ծանրակշիռ դերի ավելի խոր իմաստավորման համար։

ԵԱՀԿ ԽՎ-ում բուռն քննարկումներ ծավալվեցին նաև «Հակազդեցություն ահաբեկչությանը և անդրազգային սպառնալիքներին ԵԱՀԿ տարածքում և մարդու իրավունքների պաշտպանությունը» հարցի շուրջ։ Այս հարցի համակողմանի քննարկումը կանխորոշված էր ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դմիտրիևիչ Կովալյովի հարակից զեկուցմամբ։ Համազեկուցողի կողմից խնդրի էության պրոֆեսիոնալ  և խոր ներկայացումը, թվում է, թե պարզ հարցերի առաջադրումը, որոնք, սակայն, չգիտես ինչու, դուրս են մնում տեսադաշտից, թե՛ գլոբալ մասշտաբով, թե՛ ԵԱՀԿ տարածքում ի հայտ բերեցին ահաբեկչության հակազդեցության հարցում առկա լուրջ հիմնախնդիրները։ Նիկոլայ Կովալյովի զեկուցման մեջ բերված փաստարկների հավաստիության համոզիչ վկայությունն է վերջին ահաբեկչական հարձակումը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում։ Հատկանշական է, որ այս հարցի վերաբերյալ ելույթ ունեցող պատվիրակներից շատերը, փաստորեն, համամիտ էին Ռուսաստանի նախագահի վերջերս արտահայտած այն դիրքորոշման հետ, որ ահաբեկչության պատճառներից մեկն աղքատությունն է, գլոբալ համախառն ներքին արտադրանքի խիստ անհավասարաչափ բաշխումն ինչպես  առանձին պետությունների միջև, այնպես էլ երկրների ներսում։ Ես անհրաժեշտ համարեցի հարցի վերաբերյալ իմ ելույթում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունն ահա արդեն գրեթե 19 տարի համարյա ամեն շաբաթ ենթարկվում է ահաբեկչական հարձակումների Ադրբեջանի կողմից, երբ դիպուկահարները կրակում են Ադրբեջանին սահմանակից գյուղերի խաղաղ բնակիչների վրա, գյուղեր, որոնք հարյուրավոր կիլոմետրերով հեռու են Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծից։ Ավելին՝ լսելով բանակի գեներալ Նիկոլայ Կովալյովի զեկուցումը՝ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներից ոչ մեկի մեջ կասկած չմնաց, որ աշխարհը բախվել է միավորված ահաբեկչական «ինտերնացիոնալի» հետ, որի դեմ դեռևս չի ձևավորվել հակաահաբեկչության միասնական ճակատ։ Իմ ելույթում ստիպված եղա բերել մի օրինակ ոչ հեռավոր անցյալից, երբ 1992 թ. Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դեմ մարտնչում էին նաև հայտնի ահաբեկիչներ, մասնավորապես՝ «Միջազգային իսլամական խաղաղարար բրիգադ» ահաբեկչական կազմակերպության տխրահռչակ ղեկավար Ամիր իբն ալ-Խաթաբը։ Ամենևին պատահական չէ, որ բերեցի այդ օրինակը։ Քանի որ 90-ական թվականներին չեչեն գրոհայինների ջոկատները ոչ պակաս չափով կազմավորվել էին հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններից, որոնց, չգիտես ինչու, ԵԱՀԿ ԽՎ-ն այդ տարիներին բնութագրում էր որպես Իչկերիայի ազատության և անկախության մարտիկներ։ Անվիճելի է, որ Ռուսաստանը, ինչու չէ, նաև Հայաստանը 90-ական թվականներին ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի կազմակերպման մեծ փորձ են ամբարել։ Այն ժամանակ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ջանքերի համախմբման դրական փորձ էր կուտակվել։ Այսքան կարևոր հարցի քննարկումը բացահայտեց, որ մեր օրերում ևս ԵԱՀԿ անդամ պետությունների ջանքերի համախմբման ու կանոնակարգման սուր անհրաժեշտություն է զգացվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու և համակարգելու ուղղությամբ։ Այն տարիներին Նիկոլայ Կովալյովի և Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ռուսաստանյան ու հայկական հատուկ ծառայությունների ջանքերի շնորհիվ է, որ կանխվեցին բազմաթիվ ահաբեկչական սպառնալիքներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, դրանով իսկ փրկվեց հազարավոր մարդկանց կյանքը։ Հայ ժողովրդի համար պայքարը միջազգային ահաբեկչության դեմ բացառիկ նշանակություն ունի, քանի որ մեր օրերում ևս ահաբեկիչների ձեռքից զոհվում են մեր տասնյակ հայրենակիցներն Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում... Մտովի ամփոփելով այս հարցի քննարկումները՝ կարելի է անել հետևյալ եզրահանգումը, որ ներկայումս ԵԱՀԿ ԽՎ շատուշատ պատվիրակություններ հակված են միանգամայն այլ կերպ գնահատել ռուսաստանյան իշխանությունների գործողությունները հատկապես Հյուսիսային Կովկասում։ Էլ չեն հեկեկում, թե, իբր, ճնշվում է ազգային-ազատագրական շարժումը Ռուսաստանի այս տարածաշրջանում, պակասել է մարդու, այս պարագայում՝ հայտնի ահաբեկիչների իրավունքների առանձին «թունդ» պաշտպանների եռանդը, ահաբեկիչներ, որոնք քողարկվում են ժողովրդավարության, ազգային ինքնավարություններում ճնշումների ու ազատությունը «խեղդելու» դեմ պայքարի մասին անգիր արած կարգախոսներով։ ԵԱՀԿ ԽՎ պատգամավորների տրամադրությունների նման փոփոխությունը Ռուսաստանի ղեկավարության՝ ահաբեկչության դեմ հետևողական պայքարին, ահաբեկչություն ծնող պատճառների վերացմանն ուղղված գծի ճշմարտացիության նոր վկայությունն է։

ԵԱՀԿ ԽՎ-ում հետաքրքիր քննարկում ծավալվեց նաև «Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն անվտանգության ոլորտում» հարցի շուրջ։ Հատկանշական է, որ չնայած բազմաթիվ այն գործոններին, որոնք հաստատում են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս չի հաղթահարված, ԵԱՀԿ ԽՎ-ն հակված էր վերլուծելու ոչ թե շարունակվող ճգնաժամի պատճառները, այլ ուշադրությունը սևեռելու դրա հետևանքների հաղթահարման վրա։ Հարկ եղավ ելույթ ունենալ նաև այս հարցի վերաբերյալ և հայտնել համաշխարհային ֆինանսական համակարգի ու գլոբալ տնտեսության ընթացիկ իրադրության վերաբերյալ իմ տեսլականը։ Նախևառաջ ստիպված եղա ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին հիշեցնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, սկսվելուց դեռ երկու տարի առաջ՝ 2006 թ. փետրվարին, հիմնավորել էր ներկայում Տնտեսության գծով Նոբելյան մրցանակակիր Նուրիել Ռուբինին։ Հատկանշական է, որ ամերիկացի գիտնականի կանխատեսումից երեք տարի առաջ լույս էր տեսել ռուս հայտնի տնտեսագետներ Միխայիլ Խազինի և Անդրեյ Կոբյակովի գիրքը՝ բավական խորհրդանշական վերնագրով՝ «Դոլարի կայսրության մայրամուտը և “Рах Americana”-ի վախճանը», որում հեղինակներն ամենայն համոզչությամբ հիմնավորել են վերահաս ֆինանսատնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը։ Ամերիկացի և ռուս տնտեսագետների կանխատեսումները, ավա՜ղ, իրականություն դարձան։ Հատկանշական է, որ ճգնաժամի գլխավոր պատճառների թվում նշվում էր բնակչության իրական եկամուտների և դրանց սպառման խիստ անհամապատասխանությունը զարգացած երկրներում։ Օրինակ, տնտեսագետների գնահատումներով, մասնավորապես տնային տնտեսությունների սպառումը ԱՄՆ-ում 25–30%-ով գերազանցում է նրանց ունեցած իրական եկամուտները։ Տարեցտարի այդ տարբերության ծածկումն իրականացվել է սպառողների վարկավորմամբ, ինչի արդյունքում հսկայական պարտքեր են կուտակվել։ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով (https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2079rank.html)՝ ԱՄՆ կառավարության պարտքը 2012 թ. վերջին կազմել է 15.9 տրլն դոլար, իսկ ներկայում կազմում է ավելի քան 16.7 տրլն դոլար։ Ուստի, ես նշեցի, որ հիմա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թախանձագին խնդրում է ամերիկյան կոնգրեսականներին բարձրացնել պետական պարտքի շեմը 1 տրլն դոլարով, որպեսզի երկիրը կարողանա խուսափել տեխնիկական դեֆոլտի վտանգից։ Քաղաքացիների բավական բարձր կենսամակարդակի պահպանման նպատակով սպառողական ընդհանուր պահանջարկի խթանման գործելակերպը մեծ տարածում է գտել նաև Եվրամիության երկրներում։ Արդյունքում՝ Եվրամիության արտաքին պարտքը 2012 թ. տվյալներով կազմել է 15.5 տրլն դոլար, Մեծ Բրիտանիայինը՝ 10 տրլն, ԳԴՀ-ինը՝ 5.7 տրլն, Ֆրանսիայինը՝ 5.1 տրլն, Ճապոնիայինը՝ 3 տրլն դոլար։ Արդյունքում՝ գլոբալ ֆինանսական համակարգը հայտնվել է բավական խոցելի իրավիճակում, որը հաղթահարելու երկու ելք կա։ Դրանցից մեկը ենթադրում է բոլոր պարտքերի միաժամանակյա չեղյալացում, ինչը, անշուշտ, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների համաշխարհային ֆինանսական համակարգի համար։ Եվ դա շատ բաներով պայմանավորված կլինի նրանով, որ դեռևս ձևավորված և ինստիտուցիոնալացված չեն սկզբունքորեն նոր գլոբալ ֆինանսական համակարգի հիմքերը, որտեղ դոլարից ու եվրոյից բացի կլինեն նաև պահուստային այլ արժույթներ, որոնք կապահովեն նոր գլոբալ տնտեսական միավորումների (օրինակ՝ ՉԺՀ-ի և սահմանակից պետությունների, Լատինական Ամերիկայի երկրների և ՀԱՀ-ի, Հնդկաստանի ու սահմանակից պետությունների, Եվրասիական միության երկրների) բնականոն գործունեությունը։ Ավելին՝ պարտքերի ջնջումը, առանց դրան հաջորդող՝ սպառողական պահանջարկը բնակչության իրական եկամուտների հետ համապատասխանեցնելու, կարող է փոքր-ինչ հետաձգել նոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, քանի որ նման սցենարի իրագործումն ամենևին էլ չի վերացնում ճգնաժամը ծնող պատճառները, միաժամանակ դրա անխուսափելի հետևանքը կդառնա ԱՄՆ-ի, Եվրամիության, Ճապոնիայի քաղաքացիների կենսամակարդակի էական անկումը։ Աշխարհի առաջատար տնտեսությունների քաղաքական էլիտաները թույլ չեն տա, որ իրադարձությունները նման սցենարով զարգանան։ Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու երկրորդ հնարավոր ուղին նոր համաշխարհային պահուստային արժույթների ստեղծումն է, որոնք, ինչպես վերը նշվեց, կսպասարկեն միավորված գլոբալ տնտեսական գոտիները։ Այսինքն՝ այս դեպքում ևս մենք իրավունք ունենք հիշելու անվտանգության քաղաքականության հարցերին նվիրված Մյունխենյան կոնֆերանսում (2007 թ. հունվարի 11–12) Ռուսաստանի նախագահի ելույթի այն դրույթները, որոնցում հիմնավորվել է բազմաբևեռ աշխարհի կայացման անխուսափելիությունը, քանի որ միաբևեռության վրա հիմնված աշխարհակարգն արդեն սպառել է իրեն ինչպես գլոբալ անվտանգության ապահովման, այնպես էլ գլոբալ տնտեսության անճգնաժամ գործունեության տեսակետներից։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ այս հարցի վերաբերյալ իմ ելույթում ներկայացված գլոբալ խնդիրների սոսկ առանձին կողմերը, որոնք առաջադրել էր Ռուսաստանի ղեկավարությունը դեռ 2007 թ., և որոնք հետագայում ամրագրվեցին նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների ու կառավարությունների ղեկավարների՝ վերջերս Բալի կղզում կայացած գագաթաժողովի ընթացքում, արդեն սկսել են լայնորեն ընկալվել ԵԱՀԿ ԽՎ՝ առաջատար համաշխարհային տնտեսությունները ներկայացնող պատգամավորների կողմից։ Այսպիսով, ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ նիստում «Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներն անվտանգության ոլորտում» հարցի քննարկման նախնական արդյունքները՝ կարելի է այս դեպքում ևս արձանագրել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված ազգային պատվիրակությունների կողմից էլ ավելի մեծ ըմբռնման են արժանանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառները և դրանից դուրս գալու համար առաջարկվող ուղիները, որոնց մասին խոսել են ոչ միայն Ռուսաստանի տնտեսական դպրոցի հայտնի ներկայացուցիչները (ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազև, Միխայիլ Խազին, Անդրեյ Կոբյակով և այլք), այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեղինակավոր տարբեր միջազգային համաժողովներում։

Գոհունակությամբ կուզենայի նշել, որ ազգային պատվիրակությունները համաձայնել, երբեմն էլ՝ հավանություն են տվել (օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Կանադայի պատվիրակությունը) իմ այն պնդմանը, որ գլոբալացման պայմաններում, երբ դառնում ենք աշխատանքի գլոբալ բաժանման ականատեսը, երբ ակնհայտ է առկա արտադրահզորությունների թերօգտագործումը՝ ընդհանուր վճարունակ սպառողական պահանջարկի կրճատման հետևանքով, աշխարհում  տագնապալի միտումներ են նկատվում։ Մենք դառնում ենք վկան այն բանի, որ Արևմուտքի տնտեսության հիմնական լոկոմոտիվները՝ ԱՄՆ-ը, ԳԴՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, լուծելով իրենց արտադրությունների լիակատար բեռնվածությունը պահելու խնդիրը, փաստորեն, աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Եվրամիության անդամ երկրներում պատճառ են դառնում արտադրությունների փակման։ Դա, իր հերթին, հանգեցնելու է գործազրկության զգալի աճին։ Գործազուրկների բանակը պարարտ հող է դառնում պոտենցիալ ահաբեկիչների հավաքագրման համար, որոնք ականջ են կախում տարբեր տեսակի հարստահարիչների դեմ ահաբեկչական հարձակումներ կատարելու միջոցով արդար աշխարհակարգ հաստատելու կրքոտ կոչերին։ Միևնույն ժամանակ, գործազուրկների բանակը համալրածներից շատերը՝ զրկված գոյությունը պաշտպանելու միջոցներից, ստիպված են սնունդ ապահովել իրենց համար և մտնում են, իբր, արդարության մարտիկների ջոկատներ, որոնք իրականում տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպություններ են։ Մի խոսքով՝ այս հարցի քննարկումը ևս պարզ ցույց տվեց, որ ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականները պատրաստ են ավելի ուշադիր, հաճախ՝ պատրաստակամությամբ ընկալել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման այն մոտեցումները, որոնք ահա արդեն քանի տարի հնչեցնում են ոչ թե իրենք, այլ ռուսական կողմը։ Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի, քանզի համոզիչ վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում մենք ավելի ու ավելի հազվադեպ ենք վկան դառնում առանձին պատվիրակությունների վարժապետական տոնին։ Տոն, որն առարկություններ չի հանդուրժում։ Եվ, իհարկե, արևմտյան մեր գործընկերների մոտեցումներում նկատվող այս բեկումը պետք է ամրագրել՝ միատեղելով գոնե ՀԱՊԿ անդամ երկրների ազգային պատվիրակությունների աշխատանքը՝ այս գործընթացն անշրջելի դարձնելու նպատակով։

Պակաս հետաքրքիր չէին նաև քննարկումները «Տարբեր հասարակությունների ինտեգրացիայի» հարցի շուրջ։   Հատկանշական է հենց այս հարցի քննարկման փաստը ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում։ Գլոբալացման և դեռևս չհաղթահարված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տարբեր հասարակությունների միգրացիայի և ինտեգրացիայի խնդիրները դառնում են խիստ հրատապ, քանի որ դրանք անդրադառնում են ԵԱՀԿ տարածքի գրեթե բոլոր պետությունների վրա։ Այդ խնդիրները հրատապ են նաև Հայաստանի Հանրապետության համար, ինչով էլ պայմանավորված էր իմ ելույթը սույն հարցի քննարկումների ընթացքում։ Ես այս խնդիրը երկակի եմ տեսնում։ Մի կողմից՝ մենք գործ ունենք առանձին վերցրած պետությունում պետականակերտ ազգի հետ ազգային փոքրամասնությունների ինտեգրման հարցի հետ, մյուս կողմից՝ տարբեր հասարակությունների ինտեգրացիան կարող է իրականացվել նաև միջպետական միավորումների ձևաչափով, օրինակ՝ ինչպես Եվրամիությունն է։ Պատվիրակներին ստիպված եղա հիշեցնել սույն խնդրի վերաբերյալ Եվրամիության առաջատար երկրների ղեկավարների արտահայտած որոշակի մտքերը։ Այսպես, 2010 թ. սեպտեմբերի 16-ին Պոտսդամում, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպության կոնֆերանսի ժամանակ, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիա աշխատանքի եկող միգրանտները պետք է խոսեն գերմաներեն, քանի որ միայն այդ դեպքում նրանք կկարողանան դառնալ աշխատանքի շուկայի լիարժեք մասնակիցներ։ «1960-ական թթ. սկզբներին ԳՖՀ-ն Գերմանիա հրավիրեց արտասահմանցի աշխատողների, և նրանք այժմ ապրում են այստեղ,– նշել է Ա.Մերկելը,– որոշ ժամանակ մենք ինքներս մեզ խաբում և ասում էինք. նրանք մեզ մոտ չեն մնա, երբևէ կհեռանան։ Բայց այդպես չեղավ։ Եվ, իհարկե, մեր մոտեցումը բազմամշակութայնությունն էր, այն, որ մենք կողք կողքի ենք ապրելու և արժևորելու ենք մեկս մյուսին։ Այդ մոտեցումը ձախողվեց, լիովին ձախողվեց»։ Գրեթե երեք ամիս անց՝ 2011 թ. փետրվարի 6-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով Մյունխենում, խոստովանեց, որ մեկ պետության ներսում տարբեր մշակույթների գոյությունը Մեծ Բրիտանիայում նույնպես ձախողվել է։ Հատկանշական է նաև այս հարցին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի տված գնահատականը։ 2011 թ. փետրվարի 11-ին ելույթ ունենալով ֆրանսիական TF-1 հեռուստաալիքով՝ Նիկոլա Սարկոզին ասել էր, որ Եվրոպայի բազմամշակութային մոդելը «ձախողում» է։ Այս հայտարարությունը հնչել էր ԳԴՀ կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի համանման հայտարարություններից հետո, Եվրոպայում այս հարցի շուրջ մեծ վեճերի համատեքստում։ «Այո, սա ձախողում է։ Ճշմարտությունն այն է, որ մեր բոլոր դեմոկրատիաներում չափից ավելի շատ են հոգում նրանց ինքնության մասին, ովքեր եկվոր են, և չափից ավելի քիչ են հոգում ընդունող կողմի ինքնության մասին»,– հայտարարել էր Նիկոլա Սարկոզին։

Հարկ է ասել, որ այս ֆոնին լուրջ ուսումնասիրման է արժանի Ռուսաստանի Դաշնության փորձը, որը մեկ պետության ներսում տարբեր հասարակությունների ինտեգրման բազմաթիվ հիանալի օրինակներ ունի։ Սա ժխտելը նշանակում է շարունակել մնալ սառը պատերազմի ծնած հին կարծրատիպերի գերին։

Փաստը, որ Եվրամիության առաջատար երկրների ղեկավարները խոսում են տարբեր հասարակությունների ինտեգրման խնդրի բացառիկ բարդության մասին, անգամ զարգացած դեմոկրատիայի և առաջավոր տնտեսության պայմաններում, ստիպում է մեզ խորանալ այս հիմնախնդրի էության մեջ։ Ես, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ,  ԵԱՀԿ ԽՎ-ում ունեցած իմ ելույթում ներկայացրի մեր երկրում տարբեր հասարակությունների ինտեգրման դրական փորձը։ Հայաստանում իրենց ազգային ինքնությունը ոչ միայն պահպանել, այլև զարգացրել են մեզ մոտ ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հույները, ասորիները, քրդերը, եզիդները, ռուսները, հրեաները... Տարբեր հասարակությունների ինտեգրման հարցում Հայաստանի հաջողությունները շատ բանով պայմանավորված են նրանով, որ երկրի ղեկավարությունը (առանձին երկրներում գործադրվող խտրականության, ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականության փոխարեն) հայրենակցական միությունների գործունեության լայն հնարավորություն է ստեղծում, ամեն կերպ խրախուսում է  նրանց ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային պատկանելության համար հպարտության զգացման դաստիարակությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն։ Եվ պետության նման վերաբերմունքը բարերար ազդեցություն է գործել Հայաստանի բոլոր քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության վրա։ Ասվածի վառ վկայությունն է այն, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող տարբեր ազգային հանրությունների ներկայացուցիչներն աջակցեցին հանուն անկախության Արցախի ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարին։ Այլ ազգությունների ներկայացուցիչների հանդեպ հայկական պետության ցուցաբերած ջերմ ու կարեկից վերաբերմունքը ներհատուկ է 1915–1923 թթ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն ապրած մեր ժողովրդին։ Անցած դարում թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերն իրենց փրկությունն են գտել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Իրանում, Իրաքում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և, իհարկե, Ռուսաստանում։ Իսկ այժմ, գլոբալացվող աշխարհի պայմաններում, նկատի ունենալով միգրացիոն մեծ գործընթացները, Հայաստանի համար առանձնակի հրատապություն են ձեռք բերում տարբեր հասարակությունների ինտեգրման հարցերը ոչ միայն առանձին վերցրած հայկական պետության շրջանակներում, այլև տարբեր պետություններում։ Հենց այս նկատառումներով առաջնորդվելով էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռատեսություն ցուցաբերեց, երբ ս.թ. սեպտեմբերի 3-ին հնչեցրեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին որոշումը։ Նշենք, որ միայն Ռուսաստանի Դաշնությունում ապրում է ազգությամբ հայ մոտ 2,5 մլն քաղաքացի։ Եվ միանգամայն օրինաչափ ու սպասելի էր, որ արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, Հայաստանի ղեկավարությունը հայտնեց Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Ասոցիատիվ համաձայնագիր կնքելու սկզբունքային մտադրության մասին։ Ավա՜ղ, Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագիր կնքելու Հայաստանի պատրաստակամության հանդեպ առանձին եվրապաշտոնյաների բացասական վերաբերմունքը ոչ միայն հիասթափեցրեց մեր ժողովրդի զգալի մասին, այլև տագնապալի խորհրդածությունների տեղիք տվեց։ Չէ՞ որ, ըստ էության, ստացվում է, որ Հայաստանը, ԵՄ-ի հետ Ազատ առևտրի խոր ու համապարփակ գոտու համաձայնագիրը չստորագրելով, քանի որ դրա դրույթները հակասում են Մաքսային միության Մաքսային օրենսգրքի պահանջներին, զրկվում է երկրում ժողովրդավարական վերափոխումների խորացման գործընթացը հետագայում ևս շարունակելու, դատական և իրավապահ մարմինների կատարելագործման, մարդու իրավունքների պահպանման ու պաշտպանության իրավունքից։ Տարօրինակ տրամաբանություն է, չէ՞։ Էլ չեմ ասում տարբեր հասարակությունների ինտեգրման խնդիրների հրատապության մասին, որի շուրջ թեժ բանակռիվներ ընթացան ԵԱՀԿ ԽՎ վերջերս ավարտված նիստում։ Չէ՞ որ Հայաստանի նախագահի հեռատես որոշումը Մաքսային միություն մտնելու և Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագիր ստորագրելու մասին հետապնդում էր նաև հետևյալ նպատակը. մեր երկրի օրինակով ցույց տալ Եվրոպական և Եվրասիական միությունների միավորման ոչ միայն հնարավորությունը, այլև պահանջվածությունն այն ընդհանուր արժեքների հիման վրա, որոնք դրված են միջազգային այդ կազմակերպությունների անդամ պետությունների սահմանադրությունների հիմքում։ Եթե առանձին եվրապաշտոնյաներ այսուհետ ևս արգելակեն Հայոց պետության բնական ու ժամանակով պահանջված ցանկությունը՝ Մաքսային միությունում լինելով Ասոցիատիվ համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, դա կլինի երկակի չափորոշիչների կիրառման հերթական դրսևորում մեր եվրոպացի գործընկերների կողմից։

ԵԱՀԿ ԽՎ վերջին՝ Չեռնոգորիայում տեղի ունեցած նիստի ընթացքում շոշափված խնդիրների վերաբերյալ մտորումներս ամփոփելով՝ կարելի է անել հետևյալ եզրահանգումը. Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների դիրքորոշումը արդիականության հրատապ հարցերի վերաբերյալ ավելի ու ավելի հրատապ է դառնում ԵԱՀԿ գծով եվրոպացի, ամերիկացի ու կանադացի մեր գործընկերների համար։ Արևմուտքի մեր գործընկերների վարժապետական խրատների քաղաքականությունը ձախողվեց։                   

Արտաշես Գեղամյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Последние видеоматериалы

Новые книги