Գեղամյանին զարմացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումը

01.10.2012, Lragir.am


ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն այսօր խորհրդարանում ասել է. «Ես ըմբռնումով եմ մոտենում ԲՀԿ դիրքորոշմանը, սակայն ինձ զարմացնում է նրա տարածած հայտարարության այն դարձվածքը, թե ԲՀԿ-ն պատգամավորներին կներկայացնի փաթեթ, որով կներկայացվի դատախազի մեղադրանքի սին լինելը: Ինչ է ստացվում, Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ նախաքննության մարմնին, իսկ հիմա ցուցմունքների գործի մեջ է ներքաշում մի ամբողջ կուսակցության: Դրանով նա եւ նրա ցուցարարները փորձում են տարրական տնտեսական հանցագործության համար մեղադրող կողմ ճանաչվի կուսակցությունը: Պատկերացնում եք, թե դատարանում մեղադրանքը հաստատվելու դեպքում ինչ տհաճ վիճակում կհայտնվի Բարգավաճ Հայաստանը»:

Գեղամյանը հայտարարել է, թե խնդրո առարկա գործի իրավական բացասական հետեւանքը կարող է լինել այն, որ իրավապահ համակարգի ազնիվ աշխատակիցները տեսնելով, որ պաշտոնյաների դեմ նման գործերը պետք է արգելափակվեն ԱԺ-ում, կմտածեն, թե ինչու այդ դեպքում իրենք պետք է հանդես գան նման նախաձեռնություններով եւ վատամարդ դառնան ուժեղների մոտ: