Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը դեմ չէ Բաքվին ռուսական զենքի վաճառքի քննարկմանը

26.01.2018, Azatutyun.am

Գեղամյանի հավաստմամբ՝ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեմ չէ, որպեսզի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը քննարկվի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Նշենք, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել էր միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտաշես Գեղամյանին՝ գրելով. - «Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների, Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին: Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»։

Արտաշես Գեղամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեմ չէ հարցի քննարկմանը և չի կարծում, որ հանձնաժողովի որևէ անդամ դեմ արտահայտվի:

Հարցին, թե ռուսական կողմը նո՞ւյնպես կհամաձայնի օրակարգային դարձնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը, Գեղամյանը պատասխանեց, թե չի կարող նրանց փոխարեն պատասխանել, ամեն դեպքում վստահեցրեց՝ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ, և չի եղել որևէ դեպք, երբ որևէ կենսահույզ հարց բարձրացվի և թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմից չքննարկվի:

Ի դեպ, նկատենք, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը դեռևս հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում չի ընդգրկվել:

Ինչպես տեղեկացրեց Գեղամյանը, հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան երկու անգամ, այս տարվա առաջին նիստն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 6-8-ը՝ նախ Մոսկվայում, ապա՝ Մուրմանսկում:

Հանձնաժողովի օրակարգը կձևավորվի մարտ-ապրիլ ամիսներին՝ համատեղ կարգով: Եվ եթե ռուսները հայկական կողմի առաջարկը չմերժեն, ապա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցն առաջին անգամ կընդգրկվի Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում:

Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրել էր, որ հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Ըստ այդ հաղորդագրության, զենքի այդ տեսակը «հաջողությամբ կիրառվել է» 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ, և նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։