Ինձ անվանարկողները չհասկանալով գովազդում են ինձ. Գեղամյան

13.07.2012, slaq.am

 

Հայաստանյան լրատվամիջոցներում խոսքի ազատության դրսևորումները հաճախ անցնում են ազատ խոսք-գռեհկություն և անձնական վիրավորանքներ սահմանագիծը, ինչի արդյունքում մի շարք գործիչներ անվանարկվում են: Վերջիններիս հասցեին հնչում են նաև անձնական բնույթի վիրավորանքներ: Այս խնդրի մասին slaq.am-ի հետ զրույցի ժամանակ իր վերաբերմունքն է արտահայտել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը.

«Այս հարցը պետք է պայմանավորել մարդկանց կրթվածության և դաստիրակության աստիճանով: Իսկ անդաստիրակ մարդկանց հետ պոլեմիկայի մեջ մտնելը պարապ մարդու զբաղմունք է: Ինչ վերաբերում է լկտիությանը և գռեհկությանը, ինչպես նաև անվանարկումներին, ապա որքան էլ տարօրինակ հնչի` դրանց պատվիրատուները և ի կատար ածողները արջի ծառայություն են մատուցում իրենց տերերին, միաժամանակ իրենք էլ չհասկանալով գովազդում են ինձ:

 

Երբ հանդես ես գալիս լրջմիտ վերլուծական հոդվածներով, որոնք տեղադրվում են  բազմաթիվ ինտերնետային կայքերում և ունեն բազմահազարանոց ընթերցողներ, և նման լուրջ վերլուծություններից հետո մեկ էլ հանկարծ քեզ անվանարկում են, արդեն մարդիկ, ովքեր հետևում են քաղաքական գործիչների ով լինելուն, մտածում են` տեսեք Գեղամյանը ինչի մասին է գրում, ինչ անալիտիկ վերլուծություններ անում և դրանք ինչ մակարդակի արձագանք են ստանում: Փաստորեն ինձ անվանարկողները,  ըստ էության, ոչ մի բովանդակային քննարկում չեն անում, որովհետև խելքները չի կտրում, նրանք ընդամենը ջղաձիգ դրսևորումներ են ունենում: Այնպես որ այդ ապաշնորհ տեղեկատվական ծառայություններին, նրանց տերերին ուզում եմ հիասթափեցնել. որքան իրենք այդ մակարդակով են անդրադարձ կատարում անձիս և իմ գործունեությանը, այդքան գովազդում են ինձ, որովհետև լուրջ վերլուծաբաններն ասում են` դե բան չունեն հակադարձելու Գեղամյանին, ճարահատյալ դիմում են նման նողկալի հնարքին:

Ինչ վերաբերվում է հայաստանյան լրատվական դաշտում խոսքի ազատության դրսևորումներին` այստեղ առկա են և դրական, և բացասական երանգներ: Կան դրսևորումներ, որոնց նպատակը թերևս մեկն է` ամպագոռգոռ հայտարարություններ անելով սեփական անձերի կամ կայքերի վրա հնարավորինս մեծ ուշադրություն հրավիրել: Սակայն, միարժեքորեն մոտենալ այդ հարցին` կարծում եմ, սխալ կլինի:

Համենայն դեպս, ես ողջունում եմ խոսքի ազատության բարիքներից այն օգտվողներին, ովքեր իրենց հրապարակումներով, իրենց ընձեռնված հնարավորությունների սահմանում նպաստում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացմանը, ժողովրդավարական զարգացումներին, ովքեր նպաստում են մեր ընթերցողների մտավոր մակարդակի բարձրացմանը»: