ՄԻՍԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ելույթը

ընտրողների հետ ՀՀ ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության

պատգամավորների հանդիպման ժամանակ

28.10.2004, Կինոյի տուն

Միջազգային ասպարեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական խորը տեղաշարժեր, որոնք, անկասկած, անդրադառնում են նաև մեր հանրապետության բոլոր գործընթացների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունի կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը միլիարդների օգուտներ է բերելու ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին, Թուրքիային և արևմտյան մի շարք պետությունների: Այդ նավթամուղի անվտանգ շահագործման մեջ շահագրգռված երկրների կողմից մեր տարածաշրջանը հատուկ ուշադրության է արժանանում: Նշվում է, որ այստեղ կա ահաբեկչական ակտերի, զենքի վաճառքի և թմրանյութերի տարածման վտանգ: Այս հարցերում շահագրգիռ երկրների խնդիրները համընկնում կամ հակասում են և, ուստի, մեր հանրապետության համար անբարենպաստ և նույնիսկ վտանգավոր վիճակների առաջացման հնարավորություններ կան: Մենք կարող ենք ուշադրություն չդարձնել ԱՄՆ-ի զինվորական սահմանափակ կոնտինգենտ Իրանի հետ Ադրբեջանի սահմանամերձ գոտի մտցնելու պատրաստությունների վրա, թեկուզ այն առումով, որ այդ գոտին ազատագրված է մեր ազատամարտիկների արյան գնով և գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հսկողության ներքո: Առանց այս և աշխարհաքաղաքական մի շարք այլ տեղաշարժերի առումով մեծ կարևորություն ունեցող փաստերի խորը վերլուծության և համապատասխան եզրահանգումների՝ հնարավոր չէ ապահովել մեր երկիրը ամեն տեսակի անակնկալներից, որոնք կարող են լինել անգամ խիստ ծանր: Ճիշտ է, պրոբլեմն անչափ բարդ է, բայց, այնուամենայնիվ, պետք է այս հարցերում ունենալ հստակ պատկերացում և գործողությունների ծրագիր: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այս հարցում ևս իշխանությունները, մեղմ ասած, ցուցաբերում են դանդաղկոտություն: Մյուս կողմից «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի այս ուղղությամբ կատարած վերլուծական խորը աշխատանքը հայտնի է լայն հասարակությանը մի շարք հրապարակումներով և ելույթներով: Առանձնահատուկ պետք է նշել Ա.Գեղամյանի ելույթը ս/թ հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում, որը, ինչպես և սպասվում էր, գտավ լայն արձագանք: Ելույթը մեր ժամանակների մարդկության ամենաահավոր չարիքի՝ ահաբեկչությունը ծնող բուն պատճառների և այն կանխելու իրատեսական միջոցների մասին էր: Ելույթը հիմնված էր փաստերի խորը վերլուծության վրա և արվող հետևություններն անչափ հավասարակշռված էին: Այն հիմնականում երկու քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտության մասին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջարկության նկատմամբ մեծ տերությունների ղեկավարների կողմից պատշաճ ուշադրության բացակայության և նույնիսկ անտարբեր վերաբերմունքի դատապարտումն է: Նման երկխոսության ճանապարհին մեծ խոչընդոտ են փաստերի կեղծումը, սուտը և երեսպաշտությունը: Եվ այդ դիրքերից Ա.Գեղամյանն ոչնչացնող քննադատության ենթարկեց Ադրբեջանի պատվիրակին, որը Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու և մյուս կողմից արցունքներ հոսեցնել ֆաշիզմի կողմից հրյաների նկատմամբ իրականացված ցեղասպանության կապակցությամբ: Ինչպիսի՞ երեսպաշտություն: Մինչդեռ երկխոսության գնալու արդյունավետ առաջին քայլը կարող է լինել պատմական այն փաստի ընդունումը, որ Ղարաբաղը տասնյակ հարյուրամյակների ընթացքում եղել է և կա հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը ներկայացնող հայ ժողովրդի պատմական հայրենիքի մեկ մասը:

Ա.Գեղամյանն իր այդ ելույթով և դրան հաջորդած մի քանի հրապարակումներով ապացուցեց, որ հայրենիքին վերաբերող հիմնահարցերում մենք միասնական ենք և անզիջում, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» համար խորթ և անթույլատրելի են քաղաքական շահարկումները: Ուրեմն, ինքնանպատակ չէ իշխանափոխության անհրաժեշտության պահանջը, որը բխում է մեր ժողովրդի առջև ծառացած նոր խնդիրները լուծել կարողացող իշխանություն ունենալու կենսական անհրաժեշտությունից: Իսկ իշխանությունները կարող են այդպիսին լինել միմիայն ժողովրդավարական սկզբունքներով, առանց ընտրակեղծիքների և արդարացի ընտրություններով կազմավորված լինելու դեպքում: Հենց դա էլ հնարավորություն կտա հաղթահարել հանրապետությունում խոշոր չափերի հասած կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը: Բարձր ամբիոններից անընդհատ խոսվում է աշխատանքային տեղերի շատացման և ընդհանրապես ժողովրդի բարեկեցության բարձրացման վերաբերյալ: Սակայն ինչպե՞ս է լինում, որ այդ ամենը չի անդրադառնում մարդկանց բարեկեցության վրա: Ավելին, օրեցօր նրանց ապրուստը դժվարանում է սննդամթերքի, ամենաանհրաժեշտ ապրանքների և ծառայությունների սակագների անընդհատ բարձրացմանը զուգահեռ: Եթե իշխանություններն «աներևույթ բարեկեցության բարձրացման» մասին հայտարարություններ են անում, նշանակում է նրանք չեն տեսնում ժողովրդի վիճակը ռեալ բարելավելու ճանապարհներ, նշանակում է նրանք սպառել են իրենց: Միգուցե, նոր կառուցված ռեստորանների, սրճարանների և խաղատների արտաքին փայլն է կուրացրել և զրկել մեզ զգալու, որ այդ կառույցներն անմատչելի են ժողովրդի գերակշռող մասի համար: Չէ՞ որ ժողովրդին են պատկանել, նրան են ծառայել այդ կառույցների համար հատված հազարավոր ծառերն ու ոչնչացված մարգագետինները: Ո՞վ է, ի վերջո, պատասխան տալու երկրի բնապահպանությանը հասցվող կործանարար վերաբերմունքի համար: Ամենաթողության տիրող իրավիճակը հուսահատեցնում և թևաթափ է անում մարդկանց: «Աներևույթ հաջողությունների» փոխարեն անհրաժեշտ է ժողովրդին ասել ճշմարտությունը և նրա ուժերը նպատակուղել կարևորագույն խնդիրների լուծման համար: Մեր ժողովուրդն ունակ է մեծ զոհողությունների, եթե հավատա այդ մեծ գործերին, ժողովրդին կոչ անող և առաջնորդող իշխանություններին: Այդպիսին կարող է լինել, կրկնում եմ, միմիայն ժողովրդավարական սկզբունքներով ընտրված և ժողովրդի սերն ու վստահությունը վայելող իշխանությունը: Միայն այդպիսի իշխանությունը կարող է կոնսոլիդացնել և նպատակամղել ժողովրդի առաջադիմական ուժերը մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ուղղությամբ: