ՄԱՐԻԵՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» Նաիրիի տարածքային կազմակերպության նախագահ

Եթե տարվա մեջ մեկ-երկու օր կանանց մեծարման օրեր են, ապա եկեք անկեղծորեն քննարկենք, թե մնացած 364 օրերին ինչ վերաբերմունքի է արժանանում մարդկության գեղեցիկ կեսը: Եթե կանանց օրեր նվիրելը տուրք է ֆեմինիզմին, ապա դա անցած էտապ է, քանզի նշված շարժումը հանգեցրեց տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը աշխարհի մեծ մասում: Խորհրդային ժամանակաշրջանում կանայք լայնորեն ընդգրկվեցին հասարակական կյանքի մեջ, բարձրացավ նրանց կրթական մակարդակը: Վերևից իջեցված քվոտաների միջոցով կանայք ընդգրկվեցին իշխանության տեղական և բարձրագույն մարմիններում, սակայն դրանով հանդերձ կանանց ու տղամարդկանց հավասարությունն իրական չէր, քանի որ գենդերային կարծրատիպերի գոյության պայմաններում, տղամարդկանց հետ հավասար աշխատելով հանդերձ, կանայք շարունակում էին կրել տնային տնտեսության, երեխաների խնամքի և դաստիարակության հոգսը: Ստացվում է, որ մենք անցյալին նայում ենք կարոտախտով, իսկ աշխարհը գնում է առաջ, հիմա էլ Արևմուտքում պայքարում են գենդերային հավասարության հաստատման համար:

Գլոբալիզացման պայմաններում օտար տերմիններից մոլորված մեր հայրենակիցներին ասենք, որ դրա հիմնական խնդիրը տղամարդկանց և կանանց միջև փաստացի հավասարության հաստատելն է: Դա, իհարկե, չի նշանակում, որ կանայք պետք է նմանվեն տղամարդկանց: Այդ պարզեցված գռեհիկ մոդելից մեզ զգուշացնում էր Լև Տոլստոյը՝ գրելով. «Այն կինը, որը ջանում է նմանվել տղամարդուն, նույնքան այլանդակ է, որքան կանացի տղամարդը» (հանկարծ ու Տոլստոյ կարդային մեր բարձրաստիճան որոշ գունավոր պաշտոնյաներ): Գենդերային հավասարությունը պահանջում է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ տեսնել անհատի, որն իր մեջ կրում է ոչ միայն սեռի կենսաբանական, այլ նաև անհատական, սոցիալ-մշակութային և էթնիկ հատկանիշները: Այս գաղափարում պիտի ներծծվի հասարակական ողջ համակարգը, ընտանեկան, տնտեսական և քաղաքական հարաբերությունները: Առանց գենդերային հավասարության չի կարող կառուցվել քաղաքացիական, ժողովրդավարական հասարակություն: Տեղին է հիշել Մաձինիի խոսքերը. տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ: Եթե մի կողմ դնենք ցանկալին, ապա մեր իրականությունն այն է, որ մեր իշխանությունների հանցավոր քաղաքականությունն տղամարդուն և կնոջը դրել է կենսաբանական գոյությունը պահպանել-չպահպանելու նախնադարյան երկընտրանքի առաջ: Հավասարությունը պահպանվում է միայն մի հարցում. երկու սեռն էլ աղքատ են: Հանգիստ խղճով կարող ենք արձանագրել. Հայաստանում վտանգված է և՛ մայրությունը, և՛ գեղեցկությունը, քանզի ասում են՝ եթե ցանկանում ես, որ կինդ հրեշտակ լինի, դրախտ դարձրու տունդ, բայց մենք ուր, դրախտը՝ ո՞ւր: Գոնե թղթի վրա մեր իշխանությունները բարեհաճորեն ընդունում են հասարակական կյանքում հայ կնոջ դերի բարձրացման և տղամարդկանց հետ փաստացի հավասարության հաստատման անհրաժեշտությունը: Դա է վկայում Սահմանադրությունը: Եվ եթե Հայաստանը միացել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային, կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիային և այլ փաստաթղթերի, ապա միայն այդքանը, այն էլ միայն Արևմուտքի աչքին թոզ փչելու համար: Իրականությունը, սակայն, կանանց ծանր վիճակն է, որը հատկապես արտացոլում է մեր իրականության այլանդակ կողմերը և սպառնում ազգային անվտանգությանը: Այո, այո, կանանց խնդիրներն ազգային անվտանգության խնդիր են, քանի որ կինը մայր է, որը պիտի առողջ լինի ու զինվոր տա բանակին, այն բանակին, որը Քոչարյանը հոխորտալով սպառնում էր հանել ժողովրդի դեմ, մոռանալով, որ բանակ են գնում հանուն Հայրենիքի և ոչ իր համար:

Հանրապետության կին բնակչությունը չի ստանում անհրաժեշտ բուժսպասարկում, մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք գերադասում են տանը մեռնել՝ հիվանդանոցում բուժվելու հնարավորություն չունենալու պատճառով: Կարելի է ասել, որ աղքատությունը մեզ մոտ կանացի դեմք ունի: Գործազրկությունը հատկապես մեծ է շրջաններում, աշխատողներն էլ այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որը չի հատուցում նրանց ծախսած ֆիզիկական և մտավոր էներգիան: Քոչարյանական վարչախմբի ստեղծած պայմաններում մեզ մոտ տղամարդիկ անգամ չեն կարող զբաղվել ձեռներեցությամբ, ուր մնաց կանայք, որոնց համար դժվար է հաղթահարել գենդերային կարծրատիպերը հենց հայ չինովնիկների շրջանում:

Մեր հասարակությունը, ցավոք, շուտ համակերպվեց մի այնպիսի արտառոց երևույթի, ինչպիսին կանանց արտագնա աշխատանքն է, այսպես կոչված, աշխատանքային և առևտրական միգրացիան: Հայաստանի այդ դժբախտ քաղաքացիները, ընտանիքից կտրված, հաճախ առանց լեզվի իմացության, շրջում են երկրից երկիր՝ երեխաների մի կտոր հացը վաստակելու համար: Նույն ժամանակ մեր նախագահը և նախարարներն էլ ժամանակ են անցկացնում ծովափերում և խաղատներում: Իսկ որքան ընտանիքներ են քայքայվել տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով: Եվ, վերջապես, բարոյական ինչպիսի դեգրադացիա է ապրել մեր հասարակությունը, որ անտարբեր է ընդունում մարմնավաճառության երևույթը, որն արդեն հանդես է գալիս ոչ թե որպես անհատական բարոյական անկման արդյունք, այլ որպես սոցիալական չարիք: Ցեղասպանության ժամանակ արատավորվելուց ինքնասպանությամբ փրկվող հայուհիների արյունակիցներն այսօր հազարներով մեկնում են Թուրքիա՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Հենց միայն այդ փաստով մեր իշխանությունները կորցրել են ղեկավար կոչվելու իրավունքը: Արևմուտքի աչքին ժողովրդավար երևալու և հայ կանանց ձայները ստանալու ակնկալիքով՝ Քոչարյանը նախընտրական ծրագրերում խոստանում էր նպաստել հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանը և իրական հավասարության հաստատմանը: Նրա պատկերացրած հավասարության շրջանակներում 2004 թ. ապրիլի 5-ին և 12-ի լույս 13-ի գիշերը նրա ենիչերները դաժան բռնություններ կիրառեցին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց նկատմամբ: Իսկ մարտի 8-ին էլ իրենց իրավունքները պաշտպանող կանանց նրա տված որակումները դուրս չէին գալիս քաղքենիական պատկերացումների շրջանակներից: Իսկապես, ճիշտ է ասվել, որ մարդու կուլտուրան որոշվում է կնոջ նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այսօր առնվազն տարօրինակ է, երբ մեր իրականության մեջ մարդիկ գիտնականի լուրջ կեցվածքով քննարկում են, թե արդյոք հայ կինը պիտի հետաքրքրվի՞, առավել ևս զբաղվի՞ քաղաքականությամբ: Դա նույնն է, ինչ ջուրն ընկածի հարցը քննարկեն, թե արդյոք նա պիտի լողա ու փրկվի, քանի որ հագուստը հարմար չէ: Հայ կինը, այո, ապաշնորհ իշխանությունների հանցավոր քաղաքականության առաջին զոհն է և պարզապես դատապարտված է մտնելու քաղաքականության մեջ իր ընտանիքը, իր սերունդներին, Հայրենիքը փրկելու համար: Դրա ներուժը, անհրաժեշտ կրթվածությունը և կամքի ամրությունը մենք ունենք: Մեր կամքը թրծվել է հազարամյակների դաժան գոյապայքարի մեջ: Նժդեհն էր ասում, որ հայ կինն ավելի շատ հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Մեր պատմությունը տվել է պետական մտածողությամբ օժտված և ազգապահպանմանն նվիրված բազմաթիվ հայուհիներ: Ղարաբաղյան պատերազմում կանայք ավելի շատ են կռվել, քան իրենց վոյին հռչակածները: Եթե կռվելը նրանց միակ արգումենտն էր իշխանության գալու համար, ապա Ղարաբաղի համար կռված յուրաքանչյուր անձ, հատկապես կանայք նույն հաջողությամբ կարող էին ՀՀ նախագահ դառնալ: Հիշեցնենք Քոչարյանին, որ կռվելը տղամարդու բարոյական պարտականությունն է, իսկ կնոջ համար հերոսություն: Երբ ոչ լեգիտիմ նախագահը միտինգի դուրս եկած հազարավոր կանանց հրապարակավ վիրավորեց, նրանց անվանեց ընտանեկան ջերմությունից զուրկ, կանայք լռեցին, լռեցին նաև Հայաստանի Հանրապետությունում գործող կանանց կազմակերպությունները: Իսկ ի՞նչ ասեին, ըմբոստանայի՞ն, ասեի՞ն, որ նման մտածելակերպ ունեցողն իրավունք չունի՞ նախագահ կոչվելու: Դա առանց ասելու էլ հասկանալի է:

Կանայք դրան պատասխանեցին ընդդիմադիր կուսակցություններ մտնելով, կանգնելով տղամարդկանց կողքին՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու համար, որը, թերևս, միակ ճիշտ ճանապարհն է Հայաստան աշխարհը ամոթից փրկելու համար:

Պարոն Գեղամյան, իմացեք, որ հարյուր հազարավոր կանայք կանգնած են ձեր կողքին: Վստահեք մեզ ու հենվեք մեզ վրա, համոզված եղեք, որ հաղթանակը մերը կլինի: