ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ

ելույթը Հանրային հեռուստատեսությամբ

«Խորհրդարանական ժամ» հաղորդաշարով

28.05.2006թ.

Սիրելի ժողովուրդ, երիցս համոզվեցինք, որ ճշմարտությունը հաղթանակում է: Ուրբաթ օրվա «Առավոտ»  թերթում վերջնականպես պարզվեց այն, ինչ երկու տարի շարունակ ասում էինք մենք: Այն է, որ 2003 թ. փետրվարի 19-ին ժամը 1700-ին նախագահական ընտրությունները, երբ դեռ շարունակվում էին, ընդդիմադիր 6 թեկնածուները ստորագրեցին մի փաստաթուղթ, որով այդ ընտրությունները համարվում էին անօրինական: Հիմա ինձ մեղադրում են, որ դա հրապարակվեց` մինչդեռ այն չհրապարակելու պայմանավորվածություն կար:

Հարգելի ժողովուրդ, եկեք ձեզ հետ տրամաբանենք: Իսկ ի՞նչ, փետրվարի 19-ի ժամը 17-ից հետո ընտրություններն սկսեցին արդար, ազնիվ, թափանցիկ լինել: Իհարկե, ո՜չ: Էլ ավելի խայտառակ գործընթացների ականատեսը եղավ այդ օրը մեր ժողովուրդը, ընտրողները: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր դրանից հետո նախագահի առանձին թեկնածուների դրդեցին ճանաչել կեղծված ընտրությունների այդ արդյունքները: Ինչպե՞ս կարելի է բացատրել նրանց գործողությունները, որոնք այսօր մեղք են համարում այն, որ ինչի տակ իրենք ստորագրել են` հրապարակվել է: Խելքի աշեցեք: Ես պարտավոր եմ եղել փաստաթուղթը հրապարակել, հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի խայտառակ ընտրություններ են ընթանում և այդ ընտրություններին նախագահի թեկնածուները ինչպիսի գնահատական են տվել:

Իսկ ինչո՞ւ հենց հիմա այսքան մեծ իրարանցում հրահրեցին: Դա պայմանավորվում է նրանով, որ մարդիկ վախեցան բուն ճշմարտության ի հայտ գալուց: Մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում աշխատել են նախագահ Քոչարյանի աշխատակազմում, հիմա դարձյալ անում են այն, ինչ արեցին 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ովքեր Քոչարյանի կողքը կանգնած կուրծք էին ծեծում ի պաշտպանություն վերջինիս, ավա՜ղ, դուրս գալով Կարեն Դեմիրճյանի դեմ, այդ մարդիկ հիմա էլ ստանձնել են Ստեփան Դեմիրճյանի պաշտպանությունը: Ցանկացած հարցի վերաբերյալ, այո, ճշմարտությունը վաղ, թե ուշ բացահայտվում է: Իսկ ինչո՞ւ այլևս չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ: Պատճառը մեկն է` հասկանում եմ, որ դա ժողովրդի կողմից ակնկալվող և սպասված մտավոր բանավեճը չէ: Հայաստանի Հանրապետության հեռանկարային զարգացման տեսլականից, դրա բովանդակային քննարկումներից Արտաշես Գեղամյանին փորձում են իջեցնել իրենց համար հոգեհարազատ ճղճիմ բանսարկությունների ոլորտ, որտեղ, ավա՜ղ, բոլորս էլ հասկանում ենք, որ հաղթող չի լինում: Սիրելի ժողովուրդ, այլևս ճշմարտության գիտակցումը վերստին ինձ ուժ է տալիս, վստահություն է ներշնչում, որ մեր արդար պայքարում միևնույն է հաղթելու ենք: