Աղասի Արշակյանի ելույթը

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

30.08.2005թ.

Հարգելի գործընկերներ, հեռուստադիտողներ, հարգելի հասարակություն:

Սահմանադրական փոփոխությունները, կարծում եմ, չեն ընդունվի և ահա թե ինչու. հատուկ ուշադրություն եմ խնդրում դասատուի ոճով մեզ դիմած վենետիկցի մեր աղջկանից, ով կամովին ստանձնել է քաղաքական դատախազի դեր:

ա) Հայաստանում ներկայումս չկա, չի տիրում բարոյահոգեբանական և հասարակական համաձայնության այն մթնոլորտը, որի ժամանակ հնարավոր կլիներ 1,2 մլն մարդու ընտրատեղամասեր տանել, միևնույն ժամանակ ապահովել, որ նրանցից 800 հազարն էլ «այո» ասի հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններին: Ընդհակառակը, Հայաստանում առկա է տոտալ անվստահության մթնոլորտ և ժողովրդի ճնշող մեծամասնությունն այսօր զբաղված է օրհասական հացի խնդիր լուծելով և նրանց անիծելով, ովքեր իրեն դրեցին այդ վիճակի մեջ:

բ) Սահմանադրական փոփոխությունները չեն ընդունվի, որովհետև հասարակության աչքի առաջ 10 տարեկան Սահմանադրությանը մեր իշխանություններն առնվազն 5-6 անգամ «բռնաբարել» են, ի դեպ, քաղաքակիրթ համարվող աշխարհի հիմնականում լուռ համաձայնության պայմաններում: Ժողովուրդն իրականում ապրում է այդ գործընթացներից դուրս` հույս չկապելով իրենից օտարված ոչ իշխանությունների, ոչ էլ Սահմանադրության հետ:

գ) Հաջորդը. Սահմանադրությունը չի ընդունվի, որովհետև տեխնիկապես անհնար է, համաձայն հանրաքվեի օրենքի, 2,4 միլիոնանոց ընտրողների կեսին բերել քվեարկության, մանավանդ` դրա առնվազն 1/3-ին համոզել, որ «այո» ասեն, այն դեպքում, երբ Հայաստանում փաստացի գտնվող ընտրողների թվաքանակը չի անցնում 1,6 մլն-ից: Այս թվերն «անցողիկ» դարձնելու համար անհրաժեշտ կլիներ իրական ցուցակներ կազմել, որն էլ իր հերթին իրատեսական չէ, քանի որ ուղղակի մեկ անգամ էլ կճչան 2003թ. ընտրական կեղծիքները:

 

դ) Սահմանադրական փոփոխությունները չընդունելու գլխավոր պատճառներից մյուսն էլ այն է, որ իշխանություններն են ներկայացնում դրանք, և հենց այդ հանգամանքը, որ իշխանություններն են ներկայացնում` արդեն բավական է, որ դրանց «այո» չասվի, նամանավանդ, որ բոլորն էլ հասկանում են` ներկայացվող փոփոխությունների կողմնակիցներն իրենց հայտարարություններում անկեղծ չեն:

ե) Եվս մեկ պատճառ կա այս փոփոխությունները մերժելու համար: Դա, այսպես ասած, մեր եվրոպացի գործընկերների այս ամենի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքն է, երբ իրենց մոտեցումներում դահիճին ու զոհին նույն հարթության վրա են դնում, երկուսին էլ հավասարաչափ ու մեկտեղ են հաթաթա տալիս` թե, իբր, Հայաստանի համար ծանր հետևանքներ կլինեն, եթե չընդունվեն հիշյալ փոփոխությունները:

զ) Կարևոր մեկ փաստարկ ևս. վստահ եմ, նախագահ Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ համապետական ցանկացած քվեարկություն, լինի դա ընտրություն, թե հանրաքվե, առավել ևս կեղծված ելքով, ինչպես եղավ Վրաստանում և Ուկրաինայում` բերելու է ժողովրդական ամենալայն զանգվածների քաղաքական պահանջներով փողոց դուրս գալուն, իսկ դա ամենից քիչ հենց Ռ.Քոչարյանին է պետք: Այսինքն, ակնհայտ է, որ պրն Քոչարյանը շահագրգռված չէ այս փոփոխությունների ընդունման մեջ: Հետևաբար, երբ նա եվրոպացիների ճնշման տակ հրապարակայնորեն կողմ է արտահայտվում փոփոխություններին, մեղմ ասած, անկեղծ չէ, և որպեսզի չստացվելու դեպքում ապահովագրվի, կարդարանա ասելով` տեսեք, թե մենք ինչ վատ ընդդիմություն ունենք, լավ գործերն էլ են տապալում:

է) Եվ վերջինը. սահմանադրական փոփոխությունները չեն ընդունվի, քանի որ դժվար է, եթե չասեմ` անհնարին, համաձայնություն ձեռք բերել խաբողի և խաբվածների միջև, ավարառուի և թալանվածների միջև, ասպատակողի և կեղեքվածների միջև: Այստեղից էլ` հեղափոխության մասին չդադարող կոչեր, որի անհրաժեշտության մասին այդքան խոսում են:

Այնպես որ սահմանադրական փոփոխություններում մեր անկեղծությունն ապացուցելու մեկ իրական և ազնիվ միջոց ունենք` համաձայնվենք «Ազգային Միաբանություն» խմբակցության առաջարկների հետ, համաձայնվենք մեր լիազորությունները վայր դնելու և խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների գնալու դրույթների հետ, ինչպես նաև վերադարձնենք ժողովրդին հանրաքվե նախաձեռնելու իր բնական իրավունքը, ինչը հենց գործող Սահմանադրությամբ նրանից խլվել է: Շնորհակալություն: