Կորյուն Առաքելյանի ելույթը

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

30.08.2005թ.

Սահմանադրական փոփոխությունների ներպալատական աժիոտաժի շրջանում մի շարք բնակավայրերում զրուցեցինք ամենատարբեր խավերի ու զբաղմունքների մարդկանց հետ: Նրանցից և ոչ մեկն իր անապահով ու թշվառ վիճակից դուրս գալը, բազում հոգսերի լուծումը չկապեց Սահմանադրության հետ, նույնիսկ հեգնեցին, թե ժողովուրդի հալը թողած Քոչարյանը հիմա էլ Սահմանադրություն է խաղացնում:

Թումանյանական օրերին Դսեղ գյուղում Գիքորի դերակատարին հարցրի` ո՞նց ես, պատասխանեց` ո՞նց պիտի լինեմ, Գիքոր էի, Համբո եմ դարձել: Մի տուն երեխեք ունեմ, չգիտեմ, ո՞ր Բազազ Արտեմի մոտ տանեմ, որ գոյություններս պահենք:

Սա է իրար հաջորդած նույն ռեժիմի երկու թևերի ամենամեծ ձեռքբերումը: Փաստորեն, իշխանությունը առանց ժողովրդի մասնակցության վերջինիս անունից ու նրա փոխարեն նախապատրաստել է, այսպես կոչված, բարեփոխումներ, իսկ ժողովուրդը ո՜չ տեղյակ է դրան, ո՜չ կարևորում է այն, ո՜չ էլ հավատում է, թե Քոչարյանի Սահմանադրությունը որևէ բարեփոխում կարող է մտցնել իր կյանքում:

Ակամայից հիշեցի Հարություն Ճուղուրյանի «Քահանայի ընտրությունը գյուղում» երգիծական պատմվածքը. աղոթք կարդացող մի անարժան քահանա ծիծաղելի կարող է դարձնել, վարկաբեկել աղոթքը:

Արված փոփոխություններից արդյո՞ք երևաց, թե ինչ խնդիր է լուծում Սահմանադրությունը և ինչպես: Արդյո՞ք երևում է, որ ճգնաժամի մեջ հայտնված, սակայն հարուստ մշակույթ, կրթություն ու գիտություն ունեցող ժողովրդի Սահմանադրություն է, զգո՞ւմ ես, որ կոռուպցիայի, կաշառակերության, աղքատության, անօրինականությունների մեջ թաղված կամ այս ամենի դեմ պայքարելու ցանկություն ունեցող երկրի Սահմանադրություն է. դժբախտաբար, ո՜չ: Ազնվություն ունեցեք ասել ժողովրդին, թե իշխանությունը ձեռի հետ ի՞նչ հարցեր է ուզում լուծել: Ի նկատի ունեմ ժամանակ շահելը, ապօրինի իշխանավարության հաշված օրերը երկարաձգելը, Եվրոպայի աչքին ժողովրդավար երևալն ու նրանց դժգոհությունները մեղմելը, ժողովրդի աչքին դարձյալ թոզ փչելը, կատարած մեղքերը գործող Սահմանադրության վրա բարդելը և այլն:

Իսկ ժողովուրդն այնքան միամիտ չէ չհասկանալու համար

1. որ իշխանությունն իրենից բռնազավթած, իրեն կողոպտած իշխանությունը գրչի մի հարվածով հանկարծ այնքան ժողովրդավար դառնա, որ աշխատի ինքն իր դեմ:

Մի՞թե ներկա կառավարիչները գործող արժեքային համակարգը կարող են այնպես փոխել, որ մանկավարժը, բժիշկը, արվեստագետը, գիտնականը, գրողը, ինժեները իրենց չպահանջված, չհասկացված չզգան, որ նրանք, իրոք, իրենց այս երկրի տերը զգան: Մի քանի անգամ խոշոր պլանով խաբվածը կարո՞ղ է հույս ունենալ, որ քննարկվող «բարեփոխումներ» կոչվածը լույս կսփռի մեր իրականության մութ ու անմեկնելի խութերի վրա և կբացվեն աշխարհահռչակ գիտնական Գրիգոր Գյուլզադյանի ղեկավարած ինստիտուտի դռները, որ դարերի փորձությանը դիմացած հայ մշակույթը շնչահեղձ չի լինի միջակների ներկայիս գաղջ միջավայրում, որ մի օր կփակվի ընչաքաղցության անկուշտ այն երախը, որը լափում է հայրենի ճարտարապետության ու քաղաքաշինության ավանդույթներն ու թողած ժառանգությունը, կանաչ գոտիները, անտառն ու բնությունը: Որ սոցիալապես անապահով հիվանդը, ծերը, կենսաթոշակառուն կարող են անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: Որ Դալմայի այգու տերերը, հիմա էլ Նորքի, Բերդաձորի ու Կաքավաձորի այգեգործները, Հյուսիսային պողոտայի, Օղակաձև այգու և Կոնդի հնաբնակները համոզված լինեն, որ մի օր դարձյալ մեկը չի գա ու բռնի ուժով իրենց վտարի սեփական տնից, իր ձեռքից չի խլի շալակով հող բերած, աղի քրտինքով հիմնած ու աճեցրած այգիները ու ջրի գնով որպես փոխհատուցում չի վաճառվի ճոխ դղյակներ ու ամառանոցներ ունեցողներին, փորձառու ընտրակեղծարարներին ու նրանց յուրայիններին, ովքեր կարող են ծեծուջարդի ենթարկել սեփական ժողովրդին, լրագրողներին, ովքեր կարող են ահաբեկել, շառով տալ իրենց համար անցանկալի մարդկանց:

Ո՞ւմ հայտնի չէ, թե վերջին շրջանում դրսի պարտադրանքի քողի տակ, ի՞նչ բերվեց կրթության, գիտության, մշակույթի գլխին, քանի տեղից ու քանի անգամ ծռվեց ու կոտրվեց նրանց ողնաշարը: Ինչի՞ հասցվեց բուհական համակարգը, ինչպե՞ս ծամածռվեցին դպրոցական ծրագրերն ու դասագրքերը, անհասկանալի օպտիմալացման ապազգային ծրագրի իրականացման հետևանքով ինչպե՞ս 1000-ավոր փորձառու մանկավարժներ օտարվեցին դպրոցից, որովհետև հիմնականում նրանք էին այդ ծրագրերի անաղմուկ իրագործման հիմնական խոչընդոտը: Գիտեք ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ հսկայական ներդրումների գնով, այսպես ասած, բարեփոխում ենք կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սոցիալական ծառայությունը, մյուս բնագավառները, սակայն, Պարոնյանի լեզվով ասած, «Հառաջ կպոռանք, բայց ետ-ետ կերթանք»:

Ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, չափանիշներն ու պահանջները այդպես էլ ի զորու չեղան մեզանում ճանապարհ հարթելու: Հանրապետության չընտրված Նախագահի կողմից արգելված թեմաների դաշտ չմտնելու կոալիցիայի հնազանդությունը ու անդեմությունը հասցրին նրան, որ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները դարձյալ դուրս են մնացել հիմնական օրենքից:

Բժշկին հարցնում են` ինչպե՞ս է վիրավորի վիճակը, պատասխանում է` ոչինչ, վերքերից միայն երկուսն են մահացու: Պետության համար հույժ կարևոր հարցերը հանրաքվեների միջոցով լուծելու, ինչպիսիք են իշխանության թևերի տարանջատման ու հակաշիռների մեխանիզմների իրագործման, դատական համակարգի անկախության, ազատ մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների գործընթացի բարելավման հարցերը դարձյալ մնում են չլուծված: Իշխանության թևերը դարձյալ գործելու են լղոզված համակարգով, Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էլ` ով ոնց ուզում է թող հասկանա:

Օրեր առաջ տեղի ունեցան տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը: Առաջին անգամ ընդդիմությունից և ոչ մի անդամ չընտրվեց հանձնաժողովների նախագահ, տեղակալ կամ քարտուղար: Հիմա զավեշտի մասին. Արթիկի 36 ընտրատարածքում պատահականորեն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվում «Ազգային Միաբանություն կուսակցության» անդամ Արամ Հակոբյանը: Արձանագրությունը կազմվում է, հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրում են արձանագրության տակ, բաժակ են բարձրացնում շնորհավորում միմյանց: Որոշ ժամանակ անց, սակայն, կենտրոնում խառնվում են իրար, որովհետև դրանով պայմանավորվածությունը խախտվել է: Անց է կացվում նոր ընտրություն, և «սխալն» ուղղվում է: «Ազգային Միաբանությունից» ընտրված հանձնաժողովի նախագահի տեղակալի փոխարեն նշանակվում կամ ընտրվում է նախապես պայմանավորված անձը: Մեկ այլ արտառոց երևույթ. հանձնաժողովի առաջին նիստից հետո Արագածոտնի մարզպետը հանձնաժողովի անդամներին հրավիրում է իր մոտ և ասում, որ հանձնաժողովն առանց իր գիտության տարածաշրջանում որևէ քայլ չպետք է անի:

Երբ դեռ թանաքը չչորացած Ընտրական օրենսգիրքն են փորձում դարձնել թղթի կտոր, պարզ չէ, թե իշխանության ձեռքով գրված Սահմանադրությունն իրենց իշխանավարությամբ ինչպես է ծառայելու ժողովրդին, նամանավանդ, որ ինչպես գործող, այնպես էլ բարեփոխումների տարբերակն այնքան մութ ու գաղտնի լաբիրինթներ ունի, իշխանություններին այնքան մանևրելու, օրենքը շրջանցելու հնարավորություններ է տրված, որ կբավարարի ներկա իշխանությունների գործելակերպի մի քանի սերունդների:

Իսկ ազատ ու անկախ մամուլ ունենալու գործում մեր ձեռքբերումները հասել են ֆանտաստիկ չափերի: Եթե Եվրոպայում գործողության մեջ է դրվում «Հեռուստատեսություն` առանց սահմանների» դիրեկտիվը, ապա մեզ մոտ հեռուստատեսություններ են փակվում, 2 տարուց ավելի է արգելք է դրված Արտաշես Գեղամյանի հեռուստաելույթների վրա: Կամայականությունը հասել է այնտեղ, որ Եվրոպային ինտեգրվող Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությունը ոչ միայն չի ցուցադրում Եվրոպայի ամենաբարձր ամբիոններից Արտաշես Գեղամյանի հնչեցրած ամենաարդիական ու հայանպաստ ելույթները, այլև նույնիսկ հաղորդագրություն չեն տալիս այդ մասին: Այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե ինչ Սահմանադրություն է գործում Հայաստանում: Հիմա էլ հույսներն ինչի՞ վրա են դրել. ուզում են Սահմանադրության հանրաքվեի օրը համաժողովրդական տոնի պատրանք ստեղծել, շուրջպարի օրինակով ոչխար ու եզ մորթել, զուռնա փչել: Պարզապես ամոթ է: Աղքատության ճիրաններում տառապող շուրջ 500.000 կենսաթոշակառունե՞րն են ոգևորված ընտրությունների գնալու, երիցս խաբված ավանդատունե՞րը, հոգսի մեջ թաղված գյուղացինե՞րը, թե տներից, հողերից վտարվածնե՞րը:

Ինչևէ, ներկա փոփոխություններով հանդերձ` այս Սահմանադրությունն ինձ հիշեցնում է եվրոռեմոնտի ենթարկված մի ամառանոցի, որտեղ շարքային մարդիկ անելիք չունեն և որի իրական տերն ինքը պետք է որոշի նրա ծառայություններից օգտվելու պայմաններն ու ռեժիմը:

Պարոնայք իշխանավորնե՜ր, եթե դարձյալ չեք խաբում ու մոլորեցնում ժողովրդին, եթե ամեն ինչ, իրոք, արվում է հանուն ժողովրդի, հանուն պետականության, պարտավոր եք ընդունել «Ազգային Միաբանության» առաջարկությունը: Ո՞րն է այն:

Բոլորս վայր ենք դնում մեր պատգամավորական մանդատները, արդար ընտրությունների արդյունքում ընտրվում է նոր Ազգային ժողով, որը ձևավորում է Կառավարություն, նրա կազմավորումից հետո 50-րդ օրը Հանրապետության Նախագահի լիազորությունները համարվում են ավարտված, և Սահմանադրությամբ նախատեսված կարգով անց է կացվում ՀՀ Նախագահի արտահերթ ընտրություններ: Սահմանադրության մեջ պարտադիր պետք է ամրագրվի, որ գործող Նախագահը 3-րդ անգամ առաջադրվելու իրավունք չունի: Արդյունքում ժողովրդի կողմից ձևավորվում են օրինական իշխանություններ, ընտրվում է Հանրապետության նոր Նախագահ: Անցումային դրույթներում այս սկզբունքներն ամրագրելու դեպքում նոր միայն «Ազգային Միաբանությունը» ժողովրդին կոչ կանի քվեարկել Սահմանադրության փոփոխությունների օգտին: Հայաստանի Հանրապետության համար այսօր սա է ամենահիմնարար ու կենսական օրենքը, առանց որի հենց այս գլխից որոշված է Հիմնական օրենքի, և որ ամենակարևորն է` երկրի ճակատագիրը: