ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

հայտարությունը Ազգային ժողովում

28.02.2006թ.

Սիրելի հայրենակիցներ, վերջերս իշխանությունները շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտության մասին:

«Ազգային Միաբանությունը» և Արտաշես Գեղամյանը միշտ մատնանշել են կոռուպցիայի հասցեատերերին, որոնք ծաղկում և բարգավաճում են, բնավ ոչ ընդդիմության, այլ իշխանական բուրգը ներկայացնող ամենաբարձր շրջաններում:

Կոռուպցիայի դեմ պայքարողները, չտեսնելու տալով «շնաձկներին», այսինքն իրենց մերձավորներին ու յուրայիններին, պայքարի պատրանք են ստեղծում, ընկել են ուսուցիչների ու բժիշկների ետևից: Անպաշտպան մարդկանց քավության նոխազ են դարձնում, ազգիս աչքերին թոզ են փչում: Կոռուպցիայի փաստ եք ուզում, բերեմ, դեռ ձեր շեֆին էլ ցիտեմ:

Քոչարյանն ճառում էր. «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է, և համոզված եմ, այսուհետ ևս ունենալու է իր առանցքային դերը մեր երկրի տնտեսական կյանքում»:

Այո, Հանրապետությունում է կենտրոնացված մոլիբդենի համաշխարհային հաշվարկված պաշարների շուրջ 6 տոկոսը: Բա որ սա գիտեիք, ձեռքներդ ոնց գնաց, որ 2004 թ. դեկտեմբերի 14-ին կառավարության որոշմամբ կոմբինատի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը` 60 տոկոսը, 132 մլն դոլարով, նվիրեցիք` միայն թղթի վրա գոյություն ունեցող, գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը: Պայմանագիրն էլ, իրականում, ընդամենը կոմբինատի հայաստանյան իրական տերերին քողարկելու շղարշ էր: Պարզապես, Հայաստանում թալանված «կեղտոտ» գումարները, մեր ջոջերը, ձևակերպում են դրածո արտասահմանյան ընկերության վրա: Տղերքը փողերը «լվանում» են հետն էլ ներկայացնում, թե իբր օտարերկրյա ներդրումներ են կատարվում: Տնաքանդները այն աստիճան անկուշտ են, որ դեռ մի բան էլ, դիմել են, որ 5 տարով Շահութահարկի գծով հարկային արտոնություն ստանան: Սա էլ այն դեպքում, երբ 2004 թ. կոմբինատի շահույթը կազմել է մոտ 115 մլն դոլար, շահութահարկը` 23 մլն դոլար: Այսինքն կոմբինատի 14 ամսվա շահույթը հավասար է վաճառքի գնին: Կոռուպցիա չի բա ինչ է, պայքարեք, կարող է «Ազգային Միաբանությունն» է խանգարում: Տարեկան առնվազն 120 մլն դոլարի պետությանը վնաս եք հասցնում: Ներդրումներից են խոսում, ճառեր ասում: Սխրանք են որպես մատուցում, որ գնորդը, այսինքն իրենք` իշախանավորները, 4 տարում 157 մլն դոլարի ներդրում են իրականացնելու: Մինչդեռ կոմբինատի սեփական եկամուտները չփոշիացնելու դեպքում այդ ծավալի ներդրում հնարավոր էր 2 տարում իրականացնել:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն, Քաջարանի և Ագարակի հանքավայրերով, դա էլ մեր «նավթն» ու «գազն» են: Դրա շնորհիվ հնարավոր է ոտքի կանգնեցնել երկրի տնտեսությունը, և որոշ չափով, հակակշռել Բաքու-Ջեյհան նավթամուղից Ադրբեջանի հզորացմանը:

Հիմա այս Ձեր հանցավոր աչքակապությանը նայենք, թե ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ճառերը լսենք «Ազգային անվտանգության հայեցակարգ» մշակելու մասին:

Հիմա հասկացաք, որ այս կոմբինատը ոչ թե Հայրենիքի և ժողովրդի շահերին է ծառայում, այլ «ղարաբաղյան կլանի»:

Էլ չհամարձակվեք հայրենասիրությունից խոսել: Ձեր հայրենիքը փողն է, որը, միևնույնն է, չեք վայելի …